Իրադարձություններ Հայաստանում
Միջազգային խորհրդակցություն : Օրակարգում՝ մանկական հիվանդանոցային բուժօգնության բարելավումը
Երեկ Երեւանում մեկնարկեց «Մանկական հիվանդանոցային բուժօգնության բարելավում»՝ քաղված դասեր» Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային եռօրյա խորհրդակցությունը։
Մանկական հիվանդանոցային բուժօգնության բարելավումը համարելով առողջապահության համակարգի առաջընթացի ապահովման կարեւորագույն բաղադրիչը, ԱՀԿ–ի եվրոպական տարածաշրջանի գրասենյակը դրան աջակցում է 2002 թվականից։ ԱՀԿ–ի կողմից մշակվել են մանկական բուժօգնության հիվանդանոցային սպասարկման հզորացմանը միտված ռազմավարական սկզբունքներ, կլինիկական ուղեցույցներ, ուսուցման եւ գնահատման մեթոդաբանություն։ Հենց այդ փաստաթղթերը հիմք ընդունելով, երկրները մշակել են ազգային ռազմավարություններ եւ մանկական հիվանդանոցային բուժօգնության բարելավմանը միտված ծրագրեր, այլ միջոցառումներ՝ այդ թվում՝ կադրային ներուժի զարգացում։
Տարածաշրջանային խորհրդակցությանը մասնակցում են եվրոպական տարածաշրջանի անդամ 12 պետությունների, ԱՀԿ կենտրոնական գրասենյակի, ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի, ԱՀԿ տեղական գրասենյակների, ՄԱԿ—ի հաստատությունների, միջազգային կազմակերպությունների, ինչպես նաեւ գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Ողջունելով համաժողովի աշխատանքը, ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը նշեց, որ մանուկներն ուրույն եւ կարեւոր տեղ են զբաղեցնում հայ հասարակության մեջ, պետական ու ընտանեկան արժեքային համակարգում։
«Ազգաբնակչության առողջության պահպանումն ու բարելավումը յուրաքանչյուր երկրի ռազմավարական կարեւորագույն խնդիրներից են։ Երեխաները համարվում են երկրի ապագան, ուստի նրանց առողջության պահպանումն առաջնահերթ խնդիր է բոլորիս համար։ Մոր եւ մանկան առողջության պահպանման հիմնախնդիրը որպես հատուկ ծրագրային ոլորտ կարեւորված է երկրի հիմնական ռազմավարական փաստաթղթում՝ Կայուն զարգացման ծրագրում։ Երեխաների հիմնախնդիրները լայնորեն ներառված են նաեւ «Մոր եւ մանկան առողջության պահպանման ռազմավարությունում», «Երեխաների եւ դեռահասների առողջության եւ զարգացման ռազմավարության եւ գործողությունների ծրագրում»։
Այս փաստաթղթերն անդրադառնում են մանկական հիվանդանոցային ծառայության բարելավման հիմնախնդրին, միտված են մանկական մահացության կրճատմանը։
Մոր եւ մանկան հիմնախնդիրների գերակայությունն արտացոլված է նաեւ երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթերում։ Չնայած ֆինանսական ճգնաժամին, բյուջետային հատկացումներն այդ ուղղությամբ ոչ միայն չեն կրճատվել, այլեւ վերջին տարիների ընթացքում ֆինանսական հատկացումների հետեւողական աճ է ապահովվել։ Դրա շնորհիվ ծննդօգնության ոլորտում հնարավոր եղավ ներդնել «Ծննդօգնության պետական հավաստագրի» համակարգը։ Ծրագրի դրական արդյունքներն ակնհայտ են եւ արտացոլված են այդ ծառայության որակն արտացոլող ցուցանիշներում։ Որպես այդ դրական փորձի տրամաբանական շարունակություն՝ նախարարությունը նախատեսում է 2011թ. ներդնել «Երեխայի առողջության պետական հավաստագիրը», որը նպատակ ունի բարելավել մանկական հիվանդանոցային օգնության մատչելիությունը եւ որակը»,–ասաց նախարարը։
Ազգային ժողովի առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը հատուկ շեշտեց, որ ՀՀ առողջապահության նախարարի հիմնավորումների շնորհիվ այսօրվանից Ազգային ժողովում քննարկվող Հայաստանի Հանրապետության 2011 թվականի բյուջեի նախագծով երեխաների հիվանդանոցային բուժօգնության համար կրկնակի անգամ ավելի միջոցներ են նախատեսվել, քան ոլորտի մյուս բոլոր ճյուղերի համար։ Մշտապես դժվարություններ ապրող Հայաստանում երեխաների հիվանդանոցային բուժման որակի բարելավման ուղղությամբ դա լուրջ նվաճում համարվեց։
Այդ ծառայության բարելավման՝ ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակված ռազմավարության նախագիծը երեկ ներկայացվեց խորհրդակցության մասնակիցներին՝ տարբեր երկրներից ժամանած մասնագետներին, ԱՀԿ–ի փորձագետներին։ Հարություն Քուշկյանի գնահատմամբ՝ մանկաբուժության ոլորտը Հայաստանում բավարար մակարդակի վրա է, սակայն անելիքները դեռ շատ են։ Նա հայտնեց, որ 2011 թվականի բյուջեի հաստատումից հետո նախարարությունը կհայտարարի մանկաբուժության ոլորտում բարեփոխման ներդրման մասին։ Լուրջ հատկացումներ կուղղվեն ծննդօգնության հավաստագրի շարունակականությունն ապահովելու, այն է՝ մանուկների անվճար բուժօգնությունը լիարժեք եւ քաղաքակիրթ երկրների չափանիշներին համապատասխան կազմակերպելու համար։
ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի ավագ համակարգող Այգյուլ Կուտամարատովան բարձր գնահատեց Հայաստանում երեխաների հիվանդանոցային բուժսպասարկման որակի բարելավմանն ուղղված ջանքերը։
Նա չափազանց կարեւորեց հիվանդանոցային առաջին մակարդակի բուժօնությունը, որովհետեւ հենց այդտեղ է ցուցաբերվում մասնագիտական բուժօգնությունը, այդտեղ է ապահովվում ապագա սերնդի առողջությունը, որը Հազարամյակի կարեւոր նպատակներից մեկին հասնելու գրավականն է։ Նա հույս հայտնեց, որ եռօրյա այս խորհրդակցությունը ռազմավարական նոր փաստաթղթերի մշակման, երաշխավորությունների ձեւավորման եւ փորձի փոխանակման լավ դաշտ կդառնա։
Երեք օրերի աշխատանքային հագեցած ծրագիրը հուշում է, որ այս խորհրդակցությունը կնպաստի երեխաների հիվանդանոցային բուժօգնության որակի բարելավման հաջողված փորձի տարածմանը, կքննարկվեն ոլորտում առկա դժվարությունները, ձեռքբերումները, ինչպես նաեւ հիվանդ երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը։
21.10.2010 Կարդացեք նաև
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ