Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առաջին նախաբժշկական օգնություն

Առաջին բուժօգնությունը միջատների խայթոցի ժամանակ. Սալուտեմ ամսագիր №3

Առաջին բուժօգնությունը միջատների խայթոցի ժամանակ. Սալուտեմ ամսագիր №3

Միջատների խայթոցը շատ ցավոտ է և ուղեկցվում է  կծած տեղում կարմրության և այտուցի առաջացմամբ։ Մեղուների, կրետների, իշամեղուների և բոռերի խայթոցը վտանգավոր է ուժեղ ալերգիկ ռեակցիայի զարգացման պատճառով։


Միջատների կծածի դեպքում առաջին բուժօգնությունը ներառում է խայթի հեռացում վերքի միջից, կծած շրջանի լվացում սառը հոսող ջրի շիթով, հակահիստամինային պատրաստուկների ընդունում։ Եթե նախկինում տուժածի մոտ միջատի խայթոցից զարգացել է ալերգիա կամ ալերգիկ ռեակցիայի նշաններ են դրսևորվել, պետք է հնարավորին արագ շտապօգնություն կանչել։


Բոլոր խայթող միջատները (մեղու, կրետ, իշամեղու, բոռ) ունեն սուր խայթ, որը տեղակայված է փորիկի հետին մասում։

 

Միջատները խայթն օգտագործում են «թշնամու» վրա հարձակվելիս։ Հիմնականում խայթող միջատների խայթը սնամեջ է, ինչպես ներարկիչի ասեղը։ Միջատը սուր խայթում է մարդու մաշկը և թույն ներարկում։ Միջատի կծած մասում ցավը և բորբոքումն առաջանում են թույնի հետևանքով։ Միջատների թույնի հետ է կապված նաև ծանր ալերգիկ ռեակցիաների զարգացման ռիսկը։ Որոշ խայթող միջատներ (օրինակ, մեղուները) խայթը թողնում են վերքի մեջ։ Մեղվի խայթը կարող է ինքնուրույն խորանալ վերքի մեջ և շարունակել թույն ներարկել նույնիսկ միջատից պոկվելուց հետո, հենց այդ պատճառով խայթը պետք է հնարավորինս արագ հեռացնել։


Խայթող միջատների կծածը հատկապես վտանգավոր է խայթոցի նկատմամբ գերզգայուն մարդկանց համար։ Վտանգավոր է ոչ թե խայթոցը, այլ խայթի միջոցով մարդու մարմնի մեջ միջատի ներարկած թույնը։ Միջատների թույնը սպիտակուցների խառնուրդ է, և որոշ մարդիկ դրան արձագանքում են ալերգիկ ռեակցիայի զարգացմամբ (անաֆիլակտիկ շոկ, Կվինկեի այտուց), որը դրսևորվում է հետևյալ նշաններով՝ եղնջացան (ամբողջ մարմնով՝ կարմիր քորվող ցան), սրտխփոց, գլխացավ, ցավ գոտկային շրջանում և հոդերում, դեմքի արտահայտված այտուց, մարմնի ջերմության բարձրացում և սարսուռ, սրտխառնոց, փսխում, հևոց՝ դժվարացած արտաշնչմամբ, ցնցումներ և գիտակցության կորուստ։ Ալերգիկ ռեակցիա կարող է զարգանալ նույնիսկ մեկ միջատի խայթոցին ի պատասխան։

 

Առաջին բուժօգնությունը միջատների խայթոցի ժամանակ


Վտանգավոր են հատկապես մեղուների, կրետների և իշամեղուների բազմաթիվ խայթոցները։ Եթե մարդուն միաժամանակ խայթում են տասնյակ կամ հարյուրավոր մեղուներ, զարգանում է ընդհանուր տոքսիկ ռեակցիա։ Բազմաթիվ խայթոցներն առաջացնում են ընդհանուր թուլություն, գլխապտույտ, գլխացավ, սարսուռ, սըրտխառնոց, փսխում, ջերմության բարձրացում։ Որոշ դեպքերում բազմաթիվ խայթոցները կարող են հանգեցնել տուժածի մահվան։


Խայթող միջատի մեկ խայթոցից առաջանում է կարճատև ցավ և այրոց, այնուհետև կծածի տեղում` կարմրություն և այտուց։ Այտուցը և կարմրածությունը, սովորաբար, անցնում են 1-5 օրվա ընթացքում։ Դեմքին, աչքերի շուրջը այտուցը կարող է պահպանվել մինչև 8 օր։


Խայթոցի շրջանում հայտնաբերեք խայթը և զգուշությամբ հեռացրեք վերքի միջից։ Խորհուրդ չի տրվում խայթը սեղմել մատներով, քանի որ թույնը կարող է տարածվել։


Խայթածի շրջանում դրեք թանզիֆե անձեռոցիկ կամ բամբակե վիրախծուծ՝ թրջված ջրածնի պերօքսիդի, անուշադրի սպիրտի, կալիումի պերմանգանատի բաց վարդագույն լուծույթով կամ աղաջրով (մեկ բաժակին` մեկ թեյի գդալ)։


Խայթածի շրջանում սառը դրեք։ Այդ նպատակով կարելի է սառը ջրով ջեռակ կամ սառը ջրով թրջված սրբիչ օգտագործել, ինչը նվազեցնում է ցավը և այտուցը։

 

Առաջին բուժօգնությունը միջատների խայթոցի ժամանակ


Միջատի խայթոցից տուժածին մեծ քանակությամբ հեղուկներ տվեք։


Ալերգիկ նախատրամադրվածություն ունեցող տուժածներին կարելի է հակահիստամինային դեղորայք տալ (սուպրաստին, տավեգիլ, կլարիտին և այլն)։


Ծանր ալերգիկ ռեակցիաների ախտանիշների առաջացման դեպքում պետք է տուժածին ծածկել, շրջապատել տաք ջեռակներով, տալ հակահիստամինային պատրաստուկ, 25-30 կաթիլ կորդիամին և արագ շտապօգնություն կանչել կամ տեղափոխել մոտակա բժշկական հաստատություն։


Ծանր դեպքերում, երբ տուժածի մոտ սրտի կանգ և շնչառության ընդհատում է տեղի ունեցել, մինչև շտապօգնության հասնելը պետք է սիրտ-թոքային վերակենդանացում անել՝ արհեստական շնչառություն և սրտի փակ մերսում։


Անհրաժեշտ է դիմել բուժօգնության, եթե.

 

  • տուժածի մոտ դրսևորվում են ծանր ալերգիկ ռեակցիային բնորոշ նշաններ (եղնջացան, կարմրություն, այտուց, շնչարգելություն և այլն),
  • ի հայտ են եկել այլ ախտանշաններ` սրտխփոց, գլխացավ, սրտխառնոց, փսխում, հևոց՝ դժվարացած արտաշնչումով, ցնցումներ և գիտակցության կորուստ,
  • խայթոցի շրջանում զարգանում են վարակի նշաններ (ուժգնացող ցավ),
  • բարձրանում է մարմնի ջերմաստիճանը,
  • տուժածի մարմնին կան միջատի 10-20 խայթոցներ,
  • միջատը խայթել է բերանի ներքին մասը, կոկորդը, ակնագունդը,
  • միջատի նախորդ խայթոցների ժամանակ ալերգիկ ռեակցիա է եղել։


https://www.biysk22.ru

 

«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր
Պետական գրանցման համար․ 211․200․00969
[email protected]
+(374) 91 64 10 15
+(374) 98 79 15 15

Սկզբնաղբյուր. «Սալուտեմ» առողջ ապրելակերպի ամսագիր, N3
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ