Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առաջին նախաբժշկական օգնություն

Կարիճ. խայթոցի հետևանքները. ankakh.com

Կարիճ. խայթոցի հետևանքները. ankakh.com

Հին հունական լեգենդի համաձայն, Պոսեյդոնի որդին` որսորդ Օրիոնը գոռոզանալով հայտարարեց, որ այս աշխարհում իրեն հավասարը չկա ու, ինքը կսպանի իր ճանապարհին հանդիպած ցանկացած կենդանի արարածի: Չէր հասցրել նա ավարտել իր խոսքը, երբ նրան աննկատ մոտեցավ կարիճն ու խայթեց քաջին, թունավորելով իր թույնով:

 

Օլիմպոսի աստվածները վախեցած էին Օրիոնի խոսքերից, ուստի ուրախացան, նրա մահով: Ու, կարիճին որպես երախտագիտության նշան, տեղափոխեցին երկինք ու տեղադրեցին Զոդիակի համաստեղությունների կողքին: Այդ օրից մինչ օրս, Օրիոնը թաքնվում է իրեն սպանողից: Երբ երկնքում հայտնվում է Կարիճի համաստեղությունը, Օրիոնը թաքնվում է հորիզոնի ետևում:

 

Երկրագնդի վրա հաշվվում է կարիճների 1500 տեսակ, որոնք մեր մոլորակի ողջ տարածքի 45%-ի վրա են տարածված: Կարիճի խայթոցը կարող է առողջ մարդու մահվան պատճառ դառնալ:

 

Վիճակագրությունն ասում է, որ Երևանում կարիճների ակտիվացում կա, ուստի տեղեկացված լինելը կօգնի խուսափելու վտանգից ու խուճապի չմատնվելու:

 

Կարիճները պատկանում են հոդվածոտանիների ընտանիքին, ունեն 8 վերջույթ: Մարմնի տերմինալային հատվածում տեղակայված գեղձերը թույն են արտադրում, որը զոհի մեջ է ներցայտում պոչի ծայրին գտնվող խայթի միջոցով: Կարիճները հաճախ են տներ թափանցում: Ցերեկը թաքնվում են ճեղքերում, իսկ գիշերը դուրս են գալիս, մտնում կոշիկի, հագուստի ու նույնիսկ անկողնային պարագաների մեջ: Նրանք միտումնավոր, նպատակային չեն գրոհում մարդու վրա, սակայն պատահական շփումը կարող է խայթոցով ավարտվել:

 

Ինչպե՞ս կարելի է հասկանալ, որ տուժել եք

 

Կարիճների մեծ մասի խայթոցի դեպքում միայն թույլ ռեակցիա է առաջանում, ինչպիսին մեղվի խայթոցի ժամանակ է լինում: Սակայն որոշ տեսակների խայթոցից այրող ցավ է առաջանում ու տեղային այտուց , երբեմն էլ` բշտեր:

 

Այնինչ մահվան ելքով խայթոցների դեպքում ռեակցիան աննշան է: Խայթոցին հաջորդում է այրոցքի զգացումը, որից հետո զարգանում է տեղային պարեստենզիա (ասեղների ծակծկոցի զգացում) կամ անզգայացում: Այդ զգացումն ամբողջ վերջույթի վրա է տարածվում ու 1-2 րոպե անց տկարություն է առաջանում, տագնապ, նյարդաբանական գրգռվածություն, արցունքահոսություն, քթից է սկսում ակամայից հոսել, թքարտադրություն, սրտխառնուք ու փսխում է սկսվում:

 

Գերգրգռվածությունը վերածվում է կոմայի, ապա զարգանում են ցնցումները: Դրանից հետո հավանական է տարբեր առիթմիաների, տախիկարդիայի ու պանկրեատիտի առաջացումը: Մահը վրա է հասնում 12 ժամ անց, երբեմն էլ` խայթոցից 2 օր հետո:

Կարիճի թույնը նեյրոտոքսին է պարունակում, որը նյարդային համակարգի ախտահարում ու կաթված է առաջացնում: Դա իր հերթին վտանգավոր է սրտամկանի ու շնչառական մկանների համար:

 

Սակայն ասվածը չի նշանակում, որ կարիճի հետ շփումը միշտ էլ ճակատագրական ելք է ունենում:

 

Կանխարգելման միջոցները

 

Կանխարգելման հաջողությունը պայմանավորված է որոշ նախապատրաստական կանոններին հետևելով: Կարիճի հետ շփումից խուսափելու նպատակով հարկավոր է առավոտյան թափ տալ այն կոշիկն ու հագուստը, որը պատրաստվում եք հագնել: Զննել սրբիչներն ու անկողնային պարագաները: Տունը, որտեղ կարիճներ են նկատվել, պետք է հնարավորության դեպքում նորոգել, փակել բոլոր ճեղքերը, կարիճների ներթափանցման բոլոր ուղիները, բակից հավաքել, վերացնել աղբը, քարը, ցախն ու փայտը:

 

Երբեմն տուժածները չգիտեն, թե ինչ բժշկի դիմեն օգնության համար: Կարիճի, ինչպես և օձի խայթոցի դեպքում պետք է դիմել տրավմատոլոգի կամ վիրաբույժի օգնության:

 

Երևանում նույնպես կարիճ շատ կա, շատերին է «բախտ վիճակվել» կարիճ տեսնել բակում, տանը, իսկ բազմահարկ շենքերի բնակիչները` նաև տանիքում: Բայց քիչ չեն նրանք, ովքեր տեսնելու դեպքում անգամ չեն կարող պատկերացնել, որ հենց դա է կարիճը: Տեսքից այն փոքր խեցգետնի նման է, երկարությունը 12-18 սմ է: Ունի 8 ոտք, զույգ աքցան ու ճկուն պոչ, որը մեջքի վրա է բարձրանում: Իսկ պոչի ծայրին խայթն է:

 

Խայթոցի դեպքում ցավը մեղմելու նպատակով սառույցի կտոր են դնում վերքին կամ էլ ցավազրկող քսուք օգտագործում, որը հակահիստամինային, ցավազրկող ու կորտիկոստերոիդային նյութեր է պարունակում: Մկանային ցնցումների ու բարձր զարկերակային ճնշման դեպքում նաև այլ դեղամիջոցներ պետք է կիրառել:Տուժածն անկողնային ռեժիմ պետք է պահպանի ու առաջին 8-12 ժամը ոչինչ չուտի: Հակաթույն ներարկվում է միայն ծանր թունավորումների դեպքում:

 

Կարիճները տարածված են ամենուր, հանդիպում են անտառներում, լեռներում, անապատներում ու անգամ 4000 մ բարձրության վրա:

 

Կարիճները բոլոր սարդանմանների պես վատ տեսողություն ունեն: Գիշերային գիշատիչներ են, որոնք իրենց բները կառուցում են ավազի մեջ, թափված տերևների, քարերի ու տապալված ծառերի տակ:

 

Կարիճի խայթոցի դեպքում թույլ ցավով ծակոցի զգացում է լինում: Մի քանի ժամ անց կծածի տեղում այտուց է առաջանում: Արյան մեջ ներթափանցելով` թույնը երկար ժամանակ նյարդային համակարգը գերգրգռված վիճակում է պահում, ինչի դեպքում տուժածը անհանգստություն է ունենում: Հնարավոր են ուժեղ գլխացավեր, սրտխառնուք, ցավ ստամոքսի ու որովայնի առաջնային պատի շրջանում, գլխապտույտ, մկանային որոշ խմբերի սպազմ:

 

Եթե տուժողը երեխա է, ապա հնարավոր է, որ շնչառական խանգարում առաջանա, շնչահեղձության նոպաներ լինեն ու ցնցումներ: Եթե ժամանակին օգնություն չցուցաբերվի, հավանական է, որ շոկ առաջա` բոլոր հետևանքներով հանդերձ:

 

Կարիճները լինում են կարմիր, դեղին ու սև: Առաջին երկուսի թույնը վտանգավոր չէ կյանքի համար: Դրանց խայթոցից օրեր անց ցավը մեղմանում է, ու միայն թեթևակի այտուց է լինում: Իսկ սև կարիճի խայթոցն ամենավտանգավորն է: Տուժածի մոտ շատ արագ այրող ցավեր են առաջանում, որոնք ժամանակ առ ժամանակ հանդարտվում են, ապա դառնում անտանելի: Տուժածը ցավից տեղը չի գտնում: Խայթոցից 20-30 րոպե հետո ցավ է առաջանում լեզվի ու լնդերի շրջանում: Հիվանդի շնչառությունը դժվարանում է, շնչահեղձությունն ուժգնանում է: Հիվանդի դեմքը ծածկվում է քրտինքով, նա գունատվում է, իսկ ճնշումը` իջնում:

 

Սև կարիճի խայթոցի հետևանքներից է դեմքի և ուսագոտու մկանի ջղակծկումը (մյուս տեսակների խայթոցի դեպքում նման ախտանշաններ չեն լինում), որը ժամանակ առ ժամանակ կրկնվում է: Դա հատկապես զգալի, նկատելի է արտահայտվում այն ժամանակ, երբ հիվանդը սկսում է ծամելու կամ էլ կլլման շարժումներ կատարել: Ուստի մինչ շտապօգնության գալը պետք է հիվանդին զգուշացնել, որ փորձի նման շարժումներ չկատարել ու հնարավորինս հանգիստ վիճակ պահպանել:

 

Եթե համոզված եք, որ ձեր տկարությունն ու թուլությունը կարիճի խայթոցի հետևանք են ու չգիտեք, թե երբ պետք է բժիշկ կանչել, ապա հիշեք` անհետաձգելի բուժօգնության կարիք է զգացվում, եթե

 

  • բարձր ջերմություն ունեք ու սրտխառնուք է առաջացել, քնատություն ու ցնցումներ կան,
  • դժվարացել է շնչառությունը,
  • կաթվածահարության նշաններ կան,
  • զարկերակային ճնշումն ընկել է, թուլություն ու շնչահեղձություն ունեք:

 

Ուրեմն մեկ անգամ էլ վերհիշենք բոլոր ախտանշանները

 

Գլխացավ, սրտխփոց, ցնցումներ, գլխապտույտ, շնչահեղձություն, արցունքոտություն, աչքերի ակամա շարժում, գիտակցության մակարդակի անկում, մթագնում, մկանային թուլություն, շփման դեպքում` կտրուկ ցավ, դժվարացած շնչառություն, հաճախասրտություն, հիվանդագին կարմիր մաշկ խայթոցի տեղում, բշտի առաջացում, թքահոսություն:

 

Առաջին բուժօգնություն

 

1.Ավանդաբար խորհուրդ է տրվում խայթոցից հետո 5-10 րոպեում թույնն արտածծելով հեռացնել: Սակայն դժվար թե գտնվի մեկը, որի բերանի խոռոչում ոչ մի խնդիր չլինի: Ուստի բերանով թույնն արտածծելն օգնություն ցուցաբերողի համար մեծ ռիսկի հետ է կապված. օգնությունը կվերածվի մեծ գլխացավանքի ու ողբերգության: Արտածծվող թույնը օգնություն ցուցաբերողի արյունատար համակարգում կհայտնվի:

 

Այսօր գոյություն ունեն հատուկ սարքավորումներ, որոնց միջոցով հնարավոր է թույնն ինչ-որ չափով դուրս բերել մաշկից:

 

  1. Դրանից հետո հարկավոր է վնասված հատվածը շփել սպիրտով ու հակասեպտիկ վիրակապ դնել` վտանգավոր մանրէների ներթափանցումը վերքի մեջ կանխելու նպատակով:
  2. Ցավը մեղմելու և այտուցը վերացնելու համար պետք է սառույց դնել վրան:
  3. Հարկավոր է տուժածին պառկեցնել ու ապահովել վնասված վերջույթի անշարժությունը:
  4. Մոտակա բուժկայան հասցնել հետագա մասնագիտական օգնություն ստանալու համար:

 

Հետաքրքիր փաստեր

 

Խիստ թունավոր կարիճների ճանկերը շատ փոքր են, իսկ խայթը հսկայական է: Եվ հակառակը` նվազ թունավոր հոդվածոտանիների ճանկերը խայթի համեմատ հսկայական են թվում:

 

Կարիճների թույնը եզակի է նրանով, որ մի քանի թույներ կան դրա բաղադրության մեջ, որոնք ընտրովի են ազդում անողնաշարավորների, սառնարյունների, տաքարյունների վրա: Կարիճների տարբեր տեսակների մոտ այդ թույների հարաբերակցությունը նույնպես տարբեր է:

Կարիճների խայթոցից թունավորումների բոլոր դեպքերի 80%-ը բաժին է ընկնում Աֆրիկայի հյուսիսում բնակվող հաստապոչ անդրոկոտոնուս կարիճներին:

 

Դեղին պաղեստինյան կարիճի թույնն իր ուժով նման է կոբրայի թույնին: Սակայն կարիճն այն ավելի նվազ քանակությամբ է արտազատում:

Ուլտրամանուշակագույն ճառագայթների ներքո կարիճները լուսարձակում են կանաչ գույնով: Պայծառ արևի լույսի տակ էլ են ներկվում կանաչ գույնով: Այդ երևույթի պատճառը օրգանական խիալին նյութն է, որի քիմիական բաղադրությունն առայժմ չեն պարզել:

 

Մաշկափոխությունից հետո կարիճը չի լուսարձակում, սակայն դրա կարծրացման հետ ֆլյուորեսենցիայի հատկությունը վերականգնվում է: Հնարավոր է, որ այդ երևույթն առաջանում է ներզատիչ գեղձերի ֆունկցիայի արդյունքում:

 

Սպիրտը, որի մեջ պահում են կարիճը, նույնպես ֆլյուորեսցենտային հատկություն է ստանում:

 

Որոշ գիտնականներ կարծում են, որ լուսարձակման հատկությունն այդ գիշերային հոդվածոտանիների մոտ փարոսի դեր է կատարում միմյանց գտնելու համար:

 

Ձյունակարիճների արյան մեջ անտիֆրիզ կա, ինչի շնորհիվ էլ այդ կարիճները դիմանում են մինչև -6 աստիճան ցրտի պայմաններում: Բայց եթե այդ կարիճը ձեռքդ վերցնես, կսատկի:

Սկզբնաղբյուր. ankakh.com
Լուսանկարը. ikapa.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ