Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առաջին նախաբժշկական օգնություն

Ծննդաբերություն

Հղիությունը և ծննդաբերությունն ինքնին արտակարգ իրավիճակ չեն հանդիսանում։ Հազարավոր մանկիկներ ծնվում են առանց որևէ բարդությունների, նույնիսկ այն տեղերում, որտեղ բժշկական օգնությունն անհասանելի է։ Խոսքը նորմալ ընթացող հղիության ու ծննդաբերության մասին է։ Եթե հղիությունն ընդհատվի կամ ծննդաբերությունն ինչ-ինչ պատճառով տեղի ունենա բժշկական հիմնարկից դուրս, ապա անհրաժեշտ է առաջին օգնություն ցուցաբերել։ Հազիվ թե ձեզ հանդիպեն բարդություններով ընթացող դեպքեր, որովհետև նման վիճակներում, որպես կանոն, հղի կինը լինում է մասնագետների մշտական հսկողության տակ։ Իմանալով հղիության և ծննդաբերության ընթացքը՝ դուք կկարողանաք յուրաքանչյուր դեպքում ճիշտ կողմնորոշվել և համապատասխան օգնություն ցուցաբերել։

 

ՀՂԻՈՒԹՅՈՒՆ


Հղիությունը բեղմնավորումից հետո պտղի ներարգանդային զարգացումն է (նկ.  22.1): Ձվաբջջի՝ սերմնաբջջով բեղմնավորումից, ձևավորվում է սաղմը: Սաղմն ընկղմվում է արգանդի պատի լորձաթաղանթի մեջ։ Սաղմի շուրջը գոյանում է պտղապարկը։ Պտղապարկը պտղաջրերով լցված փակ պարկ է, որը շրջապատում և պաշտպանում է պտուղը։ Պտղաջրերն օգնում են պահպանել պտուղը վարակից և վնասվածքներից։ Արգանդի պատին սաղմի ընկղման տեղում հղիության 3-րդ ամսում գոյանում է ընկերքը (պլացենտան)։ Ընկերքը սկավառակաձև օրգան է, որը կպած է արգանդի ներքին պատին և պորտալարով միացած է պտղին։ Նրա միջոցով պտուղը մոր արյունից ստանում է սննդանյութեր և թթվածին, ազատվում է ածխաթթու գազից և նյութափոխանակության արգասիքներից։ Պորտալարն արյունատար անոթներից կազմված ճկուն պարանի նման գոյացություն է, որով արյունը գնում է պտղից դեպի ընկերք և հակառակը։ Ընկերքի առաջացումից հետո սաղմն անվանում են պտուղ։ Ընկերքի կառուցվածքային առանձնահատկությունները կանխում են մոր և պտղի արյան միախառնումը։
Հղիությունը տևում է 38-40 շաբաթ և ավարտվում է ծննդաբերությամբ։

 

ԾՆՆԴԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ


Ծննդաբերությունը գործընթաց է, որի ընթացքում արգանդից ծննդաբերական ուղիներով արտաքսվում են պտուղն իր թաղանթներով, պտղաջրերը և ընկերքը։ Ծննդաբերությունն ընթանում է չորս փուլով: Դրանք են.

 

  • բացման փուլ,
  • արտաքսման փուլ,
  • ընկերքային փուլ,
  • վերականգնման փուլ։

 

ԲԱՑՄԱՆ ՓՈՒԼ


Բացման փուլը ծննդաբերության առաջին փուլն է, որի ժամանակ կծկանքների ազդեցության տակ տեղի է ունենում արգանդի վզիկի բացումը։ Կծկանքը արգանդի պատի մկանաթելերի ինքնաբերական, կնոջ կողմից չկառավարվող միահամուռ և փոխհամաձայնեցված կծկումն է։ Առաջնածինների՝ առաջին անգամ ծննդաբերողների մոտ, արգանդի վզիկի բացումը կարող է տևել 12-18 ժամ, իսկ կրկնածինների՝ արդեն ծննդաբերած կանանց մոտ, 8 ժամ և պակաս։ Այդ փուլը տևում է առաջին կծկանքից մինչև արգանդի վզիկի լրիվ բացումը։ Կծկանքները ցավոտ են։ Սկզբում դրանք լինում են անկանոն և կարճատև, ապա հետզհետե հաճախանում, երկարում, ուժեղանում և կանոնավորվում են՝ կրկնվելով ամեն երեք րոպեն մեկ։ Կծկանքների նման հաճախությունը նշանակում է, որ ծննդաբերության աոաջին՝ բացման փուլը մոտենում է ավարտին։ Այս փուլի ընթացքում տեղի է ունենում հեշտոցից վարդագույն կամ բաց կարմիր արտադրություն։ Դա լորձային խցանն է, որը դուրս է գալիս, երբ բացվում է արգանդի վզիկը։ Բացման փուլի վերջում, որպես կանոն, պատռվում է պտղապարկը, և տեղի է ունենում պտղաջրերի արտահոսք (մոտ 200-250 մլ ծավալով)։

 

ԱՐՏԱՔՍՄԱՆ ՓՈՒԼ


Ծննդաբերության երկրորդ փուլն արտաքսման փուլն է, որի ընթացքում ծնվում է պտուղը։ Այս փուլը սկսվում է արգանդի վզիկի լրիվ բացումով և ավարտվում է երեխայի ծննդով։ Այս ընթացքում կծկանքների հետ համատեղ սկսվում են ճիգերը։ Դրանք կծկանքների հետ միաժամանակ ստոծանու և որովայնի պատի մկանների միահամուռ և փոխհամաձայնեցված կծկումներն են։ Ճիգերը նույնպես ինքնաբերական են, սակայն, ի տարբերություն կծկանքների, ծննդկանը կարող է վերահսկել դրանց ուժը։
Այն պահին, երբ երեխայի գլուխը դառնում է տեսանելի, նրա ծնվելու պահը շատ մոտ է, և դուք պետք է պատրաստ լինեք ընդունել նրան (նկ. 22.2); Առաջնածինների մոտ արտաքսման փուլը տևում է 1-2 ժամ, կրկնածինների մոտ՝ 30-60 րոպե կամ պակաս։

 

ԸՆԿԵՐՔԱՅԻՆ ՓՈՒԼ


Ծննդաբերության երրորդ փուլն ընկերքային փուլն է, որի ընթացքում արգանդի պատից անջատվում և դուրս է գալիս ընկերքը։ Այս փուլը տևում է մոտավորապես 30 րոպե, և դուք ունեք ժամանակ երեխային խնամելու համար։

 

ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՓՈՒԼ


Մոր ու մանկան վիճակի կայունացումը տևում է մի քանի ժամ։ Այս ընթացքում արգանդը կծկվում է, արյունահոսությունը՝ նվազում, իսկ մայրն աստիճանաբար ապաքինվում է ֆիզիկական ու հուզական լարումից։ Ձեր միջամտության կարիքն այս փուլում չի զգացվում։ Երեխան, եթե նա նորմալ շնչում է և ապահովված է ջերմությամբ, նույնպես օգնության կարիք չունի։

 

ԾՆՆԴԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ


Եթե դուք ստիպված եք օգնություն ցուցաբերել հղի կնոջը, անհրաժեշտ է առաջին հերթին գնահատել նրա վիճակը։ Եթե նա արդեն ծննդաբերում է, պետք է ճշտել, թե ծննդաբերության որ փուլում է գտնվում, և ինչ բարդություններ են սպասվում: Դուք այս ամենը կարող եք պարզել՝ մի քանի հարց տալով նրան։

 

  • Ահազանգե՞լ է արդյոք որևէ մեկը շտապ օգնություն։ Եթե այո, ապա որքա՞ն ժամանակ է անցել դրանից հետո։
  • Եղե՞լ է արդյոք կնոջ մոտ արյունախառն արտադրություն։ Վարդագույն կամ բաց կարմիր այս արտադրությունը լորձային խցանն է, որը դուրս է գալիս հեշտոցից, երբ բացվում է արգանդի վզիկը։ Դա սկսվող ծննդաբերության նշանն է։
  • Պտղապարկը պատռվե՞լ է, թե ոչ։ Երբ պտղապարկը պատռվում է, հեշտոցից հեղուկ է արտազատվում։ Նման դեպքում որոշ կանայք կարծում են, թե կորցրել են միզարձակման վերահսկումը։ Պատռված պտղապարկը սովորաբար (բայց ոչ միշտ) սկսվող ծննդաբերության նշանն է։
  • Ո՞ր հղիությունն է դա։ Առաջնածիների մոտ ծննդաբերությունն ավելի երկար է տևում:
  • Ինչպիսի՞ն է կծկանքների բնույթը։ Երբ ծննդաբերությունը մոտ է, կծկանքներն ավելի ուժեղ են, երկար են տևում և հաճախ են։ Կծկանքները, որոնք տեղի են ունենում ամեն 2-5 րոպեն մեկ և տևում են 45-60 վայրկյան, հուշում են, որ երեխան արդեն արգանդից դուրս է գալիս ծննդաբերական ուղիներ։ Այս պահից սկսած ծննդաբերությունը կարող է տևել 15 րոպեից մինչև 3 ժամ:
  • Ի՞նչ բարդություններ է նա սպասում։
  • Նա ճիգեր գգու՞մ է, թե ոչ։ Եթե այո, ապա երեխայի ծնվելու պահը շատ մոտ է։

 

ԾՆՈՒՆԴ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ


Հիշե՛ք, որ ծննդաբերությունները մեծամասամբ նորմալ են ընթանում և արտակարգ իրավիճակ չեն հանդիսանում։ Սակայն նույնիսկ նորմալ ծննդաբերությունը կապված է արյան կորստի և ուժեղ զգացմունքային լարվածության (ապրումների, ցավերի, վախի) հետ։ Հիշե՛ք, որ դուք միայն օգնում եք, իսկ ծննդկանը տանելու է ցավերը և կատարելու է ամբողջ աշխատանքը։ Բացատրեք ծննդկանին, որ երեխան շուտով կծնվի և փորձեք հանգստացնել ու քաջալերել նրան։ Հնարավորության դեպքում հանգիստ բացատրեք, թե ինչ է նրան սպասում ծննդաբերության ժամանակ, և որ փուլում նա ինչ պիտի անի։ Զանգահարեք շտապ օգնություն։

Նախօրոք պատրաստեք այն ամենը, ինչի կարիքը կարող եք ունենալ ծնունդ ընդունելու ընթացքում.

 

  • եռացրած, վարակազերծած մկրատ՝ պորտալարը հատելու համար,
  • տաք արդուկով արդուկած մաքուր թելեր՝ պորտալարը կապելու համար,
  • եռացրած, վարակազերծած ռետինե տանձիկ՝ նորածնի բերանի հեղուկը արտածծելու համար,
  • ստերիլ՝ չոր անձեռոցիկներ՝ պորտալարը հատելիս ծայրատներին դնելու համար,
  • տաք արդուկով արդուկած մաքուր փափուկ սավաններ կամ սրբիչներ,
  • ստերիլ բժշկական ձեռնոցներ։

 

Պատրաստեք նաև բարուրման պարագաները, քանի որ նորածնին անմիջապես պետք է չորացնել և փաթաթել՝ մարմնի ջերմությունը ապահովելու համար։ Ձեռքի տակ ունեցեք տաք ծածկոց ծննդկանի համար, քանի որ նա էներգիա է կորցնում և կարող է ծննդաբերությունից հետո հեշտությամբ մրսել։

Շատ կարևոր է ծննդաբերության ընթացքում կանխել վարակի ներթափանցումը։ Օճառով լավ լվացեք ձեր ձեռքերը և հնարավորության դեպքում մշակեք որևէ ախտահանիչ լուծույթով։ Հագեք բժշկական ձեռնոցներ։ Օգտագործվելիք իրերը նույնպես պետք է լինեն մաքուր։ Արգելեք կողմնակի անձանց մուտքն ու ելքը։

 

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ


Ծննդաբերության յուրաքանչյուր փուլում առաջին օգնության քայլերը յուրահատուկ են։

 

Բացման փուլ


Այս փուլում օգնության դիրքորոշումը հիմնականում սպասողական է։

 

  • Հետևեք ծննդկանի վիճակին, հանգստացրեք և քաջալերեք նրան։
  • Խորհուրդ տվեք ծննդկանին կծկանքների ընթացքում շնչել հաճախ և մակերեսային, իսկ նրանց միջև ընկած ժամանակահատվածում՝ խորը և դանդաղ։ Ճիշտ շնչառությունը նպաստում է մկանների լարվածության նվազեցմանը, կծկանքների ժամանակ շեղում է ուշադրությունը ցավից և ապահովում է ծննդկանին ու պտղին անհրաժեշտ թթվածնով։
  • Շեղեք ծննդկանի ուշադրությունը ցավերից, քանի որ ցավի վրա կենտրոնանալով, նա կարող է խուճապի մատնվել։ Խորհուրդ տվեք նրան հայացքը բևեռել սենյակի պատին գտնվող որևէ կետի։
  • Հետևեք, որ ծննդկանը յուրաքանչյուր 2-3 ժամը մեկ դատարկի միզապարկը։ Հնարավորության դեպքում, եթե ունեք համապատասխան հմտություններ՝ կատարեք հոգնա։ Գերլցված միզապարկն ու
    աղիները խանգարում են ծննդաբերական ուղիների բացմանը, պտղի ու ընկերքի արտաքսմանը։
  • Խորհուրդ տվեք ծննդկանին ամեն անգամ զուգարան գնալուց հետո կատարել լվացումներ։
  • Եթե կծկանքները նոր են սկսվել, այսինքն ծննդաբերությունը դեռ շուտ չի ավարտվի, ծննդկանին կերակրեք։ Տվեք նրան թեթև, դյուրամարս կերակուր։ Ուտելուց հրաժարվելու դեպքում կնոջը բացատրեք, որ բարեհաջող ծննդաբերության համար նրան էներգիա է անհրաժեշտ։

 

Արտաքսման փուլ


Ծննդկանին պառկեցրեք մեջքի վրա, գլուխն ու ուսերը փոքր ինչ բարձր ոտքերը ծալած կոնքազդրային ու ծնկային հոդերում (նկ. 22,3)։ Հնարավորության դեպքում ծննդկանի տակ փռեք մաքուր սրբիչ կամ մեկ այլ շոր։ Ծածկեք նաև հետանցքի շրջանը։ Աշխատեք ծննդկանի ոտքերի և ձեռքերի համար հենարան ապահովել։ Որոշ կանայք կարող են գերադասել այլ դիրք, օրինակ՝ կողքի վրա պառկած (այսպես ավելի հեշտ է ծննդաբերել բազմապտուղ հղիության դեպքում) կամ կքանիստ դիրք։ Խորհուրդ տվեք ծննդկանին ամեն կծկանքի հետ միաժամանակ լարել որովայնի պատի մկանները՝ նպաստելով պտղի դուրս մղմանը։ Ծննդաբերական ուժերի՝ կծկանքների և ճիգերի ազդեցության տակ պտուղը «արտաքսվում» է ծննդաբերական խողովակից։ Գալիս է մի պահ, երբ սեռական ճեղքից սկսում է երևալ ծնվող երեխայի գլխի վերին մասը։ Գլուխը ծոծրակով հենվելով կոնքի ոսկրին՝ ապախոնարհվում է և ծնվում (նկ. 22.4)։ Ապախոնարհումը երեխայի գլխի՝ հենման կետի (ցայլոսկրի կամ սրբոսկրի) շուրջը կատարվող պտույտն է, որի շնորհիվ սեռական ճեղքից դուրս են գալիս ճակատը, դեմքը և կզակը, այսինքն՝ ծնվում է գլուխը։ Գլուխը ժամանակից շուտ ապախոնարհվելով՝ դուրս է գալիս ավելի մեծ տրամագիծ ունեցող մասով՝ դեմքով և մեծացնում շեքի մկանային օղի լարումն ու պատռվելու հավանականությունը։ Սա շատ պատասխանատու պահ է։ Եթե մինչ այդ ամեն կծկանքի հետ դուք ծննդկանին խնդրում էիք ճիգ գործադրել, ապա այս պահին նրա կողմից ուժի գործադրումը կբերի շեքի փափուկ հյուսվածքների պատռմանը։ Խորհուրդ տվեք նրան հևիհև շնչել, ինչը նպաստում է որովայնի մկանների թուլացմանը և թույլ չի տալիս ճիգ գործադրել: Կանգնեք ծննդկանի աջ կողմում, ձախ ձեռքը դրեք նրա շեքին և կասեցրեք պտղի գլխի շատ արագ առաջխաղացումը (նկ. 22.5), իսկ մյուս ձեռքով հեռացրեք շեքի փափուկ հյուսվածքները գլխի վրայից։ Գլխի առաջխաղացումը պետք է կանխեք այնքան ժամանակ, մինչև գլուխը հերթական կծկանքից հետո այլևս ետ չգնա։ Դա նշանակում է, որ գլուխը հաջորդ կծկանքի հետ կծնվի։ Գլխի ծնվելուց հետո երեխան դեմքով շրջվում է դեպի մոր որևէ ազդրը։ Բռնեք երեխայի գլուխն այնպես, որ ափերն ընկնեն ականջների վրա, բայց մատները չհպվեն պարանոցին (նկ.22.6)։ Խորհուրդ տվեք ծննդկանին ճիգեր գործադրել: Զգուշորեն վեր բարձրացրեք երեխայի գլուխն՝ ազատելով ուսագոտին։ Այնուհետև պատրաստ եղեք ընդունել նորածնին ձեր ձեռքերի վրա։ Մի քաշեք նրան, փորձելով արագացնել ծննդի ընթացքը։ Երեխային ընդունելու համար օգտագործեք մաքուր սրբիչ։ Եթե հնարավոր է, նշեք երեխայի ծնվելու ժամը։ Երեխայի ծնվելով ավարտվում է արտաքսման փուլը և սկսվում ընկերքայինը։

 

Օգնություն նորածնին


Անմիջապես բացեք երեխայի բերանը և մաքրեք լորձը։ Հարմար է օգտագործել ռետինե տանձիկը։ Պահեք նորածնի երեսը դեպի ներքև, որպեսզի բերանի և քթանցքների մեջ լցված հեղուկը.դուրս գա։ Ծնվելուց հետո երեխան ճչում է։ Դա երեխայի ինքնուրույն շնչառության նշանն է։ Սրբեք նորածնին, փաթաթեք սրբիչով կամ վերմակով և զբաղվեք պորտալարի հատումով։ Եթե նորածինը չի ճչում, ապա՝

 

  • Շփեք ոտքերի ներբանները, կատարեք մերսում ողնաշարի ուղղությամբ։
  • Պատրաստ եղեք կատարել արհեստական շնչառություն և սրտի աշխատանքի վերականգնում, եթե նա չշնչի առաջին րոպեի ընթացքում։

 

Պորտալարի հատումը


Երեխայի ծնվելուց հետո պորտալարը բաբախում է, քանի որ արյունն ընկերքից մղվում է նորածնի մարմին։ Բաբախումը ավարտվելուց հետո, եթե շտապ օգնությունն ուշանում է, անհրաժեշտ է հատել պորտալարը։ Նախօրոք պատրաստած թելերով երեք ամուր հանգույց դրեք պորտալարի վրա՝ երեխայի մարմնից 10, 15 և 20 սմ հեռավորության վրա (նկ. 22.7ա)։ Ստերիլ մկրատով հատեք պորտալարը երկրորդ և երրորդ հանգույցների միջև (նկ. 22.7բ)։ Երեխայի կողմի ծայրատին դրեք ստերիլ անձեռոցիկ (նկ.22.7գ)։ Տաս րոպե անց ստուգեք երեխայի պորտալարի հատման եզրը և, եթե այն արյունահոսում է, տեղադրեք ես մի կապ երկու հանգույցների միջև։

 

Ընկերքային փուլ


Մշտական հսկողության տակ պահեք և' նորածնին, և' մորը։

Ապահովեք նորածնին և մորը ջերմությամբ։ Նորածնին դրեք մոր որովայնին և ծածկեք նրանց։ Դա կհանգստացնի երեխային և հոգեբանական նեցուկ կլինի մորը։ Այդ ժամանակ մայրը կարող Է նույնիսկ կերակրել երեխային։ Դա նպաստում է արգանդի կծկմանը և ընկերքի անջատմանը։ Հավաստիանալով, որ երեխայի վիճակը բավարար է (նա շնչում Է և ապահովված Է ջերմությամբ), ուշադրություն դարձրեք նաև մորը։ Սովորաբար արյունահոսությունը շարունակվում Է որոշ քանակությամբ մինչև ընկերքի դուրս գալը։ Արգանդի կծկումների հետևանքով ընկերքը մոտավորապես 30 րոպեի ընթացքում դուրս Է գալիս։ Երբեք չփորձեք արագացնել ընկերքի դուրս գալը՝ քաշելով պորտալարից։ Կատարեք ծննդկանի որովայնի պատի թեթև մերսում (մատների ծայրերով «կսմթող» շարժումներ) և որովայնի ստորին մասին դրեք սառույց։ Այս գործողությունները կնպաստեն արգանդի ավելի արագ կծկմանը և արյունահոսության նվազեցմանը։ Սակայն անընդմեջ սառնությունը կարող է հանգեցնել մկանաթելերի թուլացման, որը կտա հակառակ արդյունք։ Դրանից խուսափելու համար սառույցն ամեն 20 րոպեն մեկ 5 րոպեով հեռացրեք։ Ընկերքը դուրս գալուց հետո տեղադրեք այն պլաստիկ պարկի կամ սրբիչի մեջ՝ ժամանող բժիշկներին ցույց տալու համար։ Ընկերքի դուրս գալուց հետո հնարավոր է լրացուցիչ արյունահոսություն։ Սրբեք մորը սրբիչով և ծածկեք շեքի շրջանը մաքուր սրբիչով կամ այլ գործվածքով։ Կատարեք ծննդկանի որովայնի պատի թեթև մերսում։

 

ՀՂԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԾՆՆԴԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Հղիությունն ու ծննդաբերությունը մեծամասամբ ընթանում են առանց բարդությունների և բարեհաջող ավարտ են ունենում: Որոշ դեպքերում հղիության կամ ծննդաբերության ընթացքում կարող են առաջանալ բարդություններ։

 

ՎԻԺՈՒՄ


Վիժումը հղիության ընդհատումն է, որը տեղի է ունենում առաջին շաբաթից մինչև 28-րդ շաբաթն ընկած ժամանակահատվածում։

 

ՆՇԱՆՆԵՐԸ

  • Ցավ, որը տարածվում է դեպի սրբոսկր, շեքի շրջան ու ազդրերի ներսային մակերես։
  • Արյունախառն արտադրություն հեշտոցից, հնարավոր է՝ պտղի մասնիկների հետ։

 

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈԻԹՅՈԻՆԸ

  • Ահազանգեք շտապ օգնություն։
  • Օգնեք տուժածին ընդունել հարմար դիրք։
  • Մի՛ փորձեք դադարեցնել արյունահոսությունը՝ որովայնին ճնշում գործադրելով կամ այլ կերպ։
  • Ծածկեք տուժածին։
  • Վերահսկեք կնոջ վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան աոաջին օգնություն։

 

ՊՈՐՏԱԼԱՐԻ ԱՐՏԱՆԿՈՒՄ

Պորտալարի արտանկումը պտղի՝ ծննդաբերական ուղիներից դուրս գալուց առաջ հեշտոցից պորտալարի հատվածի դուրս գալն է (նկ. 22.8): Այս վիճակը շատ վտանգավոր է և րոպեների ընթացքում կարող է հանգեցնել պտղի մահվան: Երբեմն կարող է տեղի ունենալ պտղի վերջույթի արտանկում:  

 

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈԻԹՅՈԻՆԸ

  • Անհապաղ ահազանգեք շտապ օգնություն։
  • Մի՛ փորձեք ներս գցել պորտալարը։
  • Խորհուրդ տվեք կնոջն ընդունել ծունկ-արմնկային դիրք՝ կանգնելով ծնկների վրա և հենվելով արմունկներին (նկ. 22.9)։ Այս դիրքում նվազում է ճնշումը պորտալարի վրա, և դուք ժամանակ եք շահում։
  • Եթե երեխայի գլուխն արդեն երևում է, ապա բերեք ծննդկանին սովորական դիրքի և փորձեք ծնունդ ընդունել։
  • Պատրաստ եղեք երեխային արհեստական շնչառություն կատարելու։
  • Հնարավոր է պտղի որևէ վերջույթի արտանկում, օրինակ՝ ձեռքի։ Այս դեպքում ևս ծունկ-արմնկային դիրքի բերեք կնոջը, իսկ արտանկած մասը զգուշորեն փաթաթեք մաքուր գործվածքով։ Ահազանգեք շտապ օգնություն։

 

ԱՌԱՏ ԱՐՅՈՒՆԱՀՈՍՈՒԹՅՈՒՆ


Ծննդաբերության ընթացքում առաջացող ուժեղ արյունահոսությունը հիմնականում արտաքսման փուլից հետո արգանդի մկանների կծկողական հատկության թուլացման հետևանք է։ Այս բարդությունը շատ վտանգավոր է։ Առատ արյունահոսության հետ կապված հիմնական վտանգը շոկն է։

 

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈԻԹՅՈԻՆԸ

  • Ահագանգեք շտապ օգնություն։
  • Մի՛ փորձեք դադարեցնել արյունահոսությունը՝ որովայնին ճնշում գործադրելով։
  • Սառցապարկ դրեք որովայնի ստորին մասում։
  • Վերահսկեք կնոջ վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան առաջին օգնություն։

 

ԾՆՆԴԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՊՏՂԻ ՇՐՋՎԱԾ ԴԻՐՔԻ ԴԵՊՔՈՒՄ


Պտղի նորմալ դիրք համարվում է արգանդի առանցքով պտղի ուղղահայաց դիրքը՝ գլխովդեպի ներքև (նկ. 22.10ա)։ Մեծամասամբ երեխան ծնվում է նորմալ դիրքով։ Պտղի շրջված դիրքը այն է, երբ ծննդաբերությանժամանակ պտուղը դուրս է գալիսհետույքով կամ ոտքերով (նկ. 22.10բ)։ Պտղի շրջվածդիրքի դեպքում՝

 

  • ծննդաբերության ժամանակ երեխան կարող է խեղդվել պորտալարի՝ պարանոցի շուրջը փաթաթվելու հետևանքով,
  • մեծ է նորածինների գլխի վնասվածքներ
  • ի հավանականությունը,
  • պորտալարի արտանկումն ավելի հաճախ է հանդիպում։

 

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈԻՆԸ


  • Ծննդկանին բերեք հարմար դիրքի (նկ. 22.3)։
  • Պատրաստ եղեք նորածնին ընդունել ձեր ձեռքերին։ Տաքացրեք ձեր ձեռքերը։ Հիշեք, որ սառը ձեռքերը կարող են գրգռել պտղի շնչառական կենտրոնը (նախքան ծննդաբերական ուղիներից գլխի դուրս գալը), պտուղը ժամանակից շուտ կկատարի ներշնչում, որի հետևանքով նրա շնչուղիները կարող են խցանվել և նա շնչահեղձ կլինի։ Նույն պատճառով աշխատեք չդիպչել նորածնի ներբաններին։
  • Եթե սեռական ճեղքից երևում են պտղի ոտքերը, ձեռքով պահեք ոտքերը և կանխեք պտղի առաջխաղացումն այնքան, մինչև ոտքերի կողքին երևա հետույքը։ Այնուհետև երեխայի ոտքերը և իրանի ստորին մասն ընդունեք ձեր ձեռքերի վրա։ Մի՛ փորձեք արագացնել ծնունդը՝ քաշելով պտղի ոտքերից, քանի որ կարող եք խեղդել       նորածնին (նկ.22.11)։
  • Եթե ծննդաբերական ուղիներից նորածնի ուսերի դուրս գալուց հետո երեք րոպեի ընթացքում գլուխը դուրս չի գալիս, պետք է աջակցել նրա բերանի և քթի ազատվելուն։ Այս նպատակով բռնեք նորածնի ոտնաթաթերից ու վեր բարձրացրեք նրա ամբողջ մարմինը։ Ձեր այս գործողության շնորհիվ գլուխը պտույտ կգործի ծննդաբերական ուղիներում, որի հետևանքով բերանը և քիթը դուրս կգան սեռական ճեղքից (նկ. 22.12)։

 

ԱՄՓՈՓՈՒՄ


Հղիությունն ու ծննդաբերությունը բնական երևույթներ են և արտակարգ իրավիճակ չեն հանդիսանում։ Բացման փուլի ընթացքում ծննդկանի համար ապահովեք հանգիստ միջավայր։ Արտաքսման փուլի ընթացքում պատրաստ եղեք ծնունդ ընդունելու, օգնեք ծննդկանին ձեր խորհուրդներով։ Պահպանեք ծննդկանի և նորածնի մարմնի ջերմությունը: Ընկերքային փուլի ընթացքում ձեր միջամտությունը նվազագույն է: Սառը թրջոց (սառցապարկ) դրեք կնոջ որովայնի ստորին մասում, կատարեք որովայնի պատի թեթև մերսում, ծածկեք կնոջը։ Երբեք մի' ձգեք պորտալարից։

Հղիության ընթացքում հանդիպող հիմնական բարդությունը վիժումն է։ Այդ դեպքում հանգստացրեք կնոջը, բերեք նրան հարմար դիրքի, քայլեր ձեռնարկեք շոկի կանխարգելման նպատակով, ահազանգեք շտապ օգնություն։

Պտղի շրջված դիրքի դեպքում պատրաստ եղեք դուրս բերել նորածնի քիթն ու բերանը ծննդաբերական ուղիներից։

Պորտալարի կամ պտղի վերջույթների արտանկման և առատ արյունահոսության դեպքում բերեք կնոջը ծունկ-արմնկային դիրքի։

 

Սկզբնաղբյուր. ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Աղբյուր. Առաջին օգնության հիմունքներ (Ինչպես գործել արտակարգ իրաիճակներում)
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Առաջին օգնությունը արյունահոսությունների ժամանակ. Ալեքսանդր Արզումանյան. izmirlianmedicalcenter.com
Առաջին օգնությունը արյունահոսությունների ժամանակ. Ալեքսանդր Արզումանյան. izmirlianmedicalcenter.com

Անոթային վնասվածքների պատճառները

Յուրաքանյուր վնասվածք և կոտրվածք ունի արյունահոսության մեծ վտանգ: Անոթները կարող են վնասվել...

Առաջին օգնությունը կոտրվածքների ժամանակ. Ալեքսանդր Արզումանյան. izmirlianmedicalcenter.com
Առաջին օգնությունը կոտրվածքների ժամանակ. Ալեքսանդր Արզումանյան. izmirlianmedicalcenter.com

Կոտրվածքը ոսկրի ամբողջության խախտումն է: Ելնելով քաղաքակրթության ընթացքից, կոտրվածքների առաջացման մեխանիզմները փոխվել են: Հիմա մենք գործ ունենք ավելի մեծ էնեգիայով հարուստ վնասվածք...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Առաջին օգնությունը սննդային թունավորումների ժամանակ. izmirlianmedicalcenter.com
Առաջին օգնությունը սննդային թունավորումների ժամանակ. izmirlianmedicalcenter.com

Մոտենում են տոնական օրերը: Կարծում ենք սննդային թունավորումներին վերաբերող տեղեկատվությունն օգտակար կլինի` այդ օրերին խուսափելու սննդային թունավորումիներից, կամ,  հակառակ դեպքում, պատրաստ լինելու...

Սնունդը և առողջությունը
Առաջին օգնությունը ստենոկարդիայի ժամանակ. armeniamedicalcenter.am
Առաջին օգնությունը ստենոկարդիայի ժամանակ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ անել, եթե ստենոկարդիայի նոպա է սկսել

Եթե կրծոսկրի հետևում ցավը սկսվում է ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, անհրաժեշտ է այն անմիջապես...

Սրտանոթաբանություն
Առաջին բուժօգնությունը ծննդաբերության ժամանակ. Արմենուհի Ավետյան. armeniamedicalcenter.am
Առաջին բուժօգնությունը ծննդաբերության ժամանակ. Արմենուհի Ավետյան. armeniamedicalcenter.am

Կանանց կոնսուլտացիայում բոլոր հղիներին հաշվառում են, հաշվարկվում է նրանց հղիության ժամկետը և զգուշացնում ծննդաբերության մոտավոր ժամկետի մասին: Հղիները տեղեկացվում են, թե ինչ կլինիկական վիճակի...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Առաջին օգնությունը ստենոկարդիայի ժամանակ. armeniamedicalcenter.am
Առաջին օգնությունը ստենոկարդիայի ժամանակ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ անել, եթե ստենոկարդիայի նոպա է սկսել

Եթե կրծոսկրի հետևում ցավը սկսվում է ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, անհրաժեշտ է այն անմիջապես...

Սրտանոթաբանություն
Առաջին օգնությունը անոթային վնասվածքների ժամանակ. Վիրաբ Աղաբեկյան. armeniamedicalcenter.am
Առաջին օգնությունը անոթային վնասվածքների ժամանակ. Վիրաբ Աղաբեկյան. armeniamedicalcenter.am

Արտաքին արյունահոսության ժամանակ առաջին օգնությունը պետք է լինի արյունահոսող վերքի շրջանում նախ` սեղմող վիրակապ  դնելը:

Մեծ անոթի դեպքում, եթե ձեռքի տակ կան ստերիլ վիրախծուծներ,  վերքի մեջ կարելի է տամպոնադա անել ու հենց...

Կարիճ. խայթոցի հետևանքները
Կարիճ. խայթոցի հետևանքները

Հին հունական լեգենդի համաձայն, Պոսեյդոնի որդին` որսորդ Օրիոնը գոռոզանալով հայտարարեց, որ այս աշխարհում իրեն հավասարը չկա ու, ինքը կսպանի իր ճանապարհին հանդիպած ցանկացած կենդանի արարածի...

ՀՀ ԱՆ. Ինչպե՞ս խուսափել ցրտահարումից
ՀՀ ԱՆ. Ինչպե՞ս խուսափել ցրտահարումից

Այս տարվա ձմեռը բավական ցրտաշունչ է: Տարբեր վերլուծությունների համաձայն՝ ձմռան սկզբից ի վեր եղան օրեր, երբ օդի սառնությունն առավելագույնն էր՝ վերջին մի քանի տասնամյակում: Եղանակային ցուրտ պայմաններն...

Թերապիա
3 սխալ, որ թույլ են տալիս առաջին օգնություն ցուցաբերելիս. news.am
3 սխալ, որ թույլ են տալիս առաջին օգնություն ցուցաբերելիս. news.am

Շատերը պատկերացում չունեն, թե մինչեւ շտապ օգնության ժամանելը ինչպես պետք է ճիշտ առաջին օգնություն ցուցաբերել: Հաճախ նախքան բժիշկների գալը տուժողների վիճակը վատանում է մարդկանց սխալ...

Ինչո՞ւ չի կարելի վերքերը ջրածնի պերօքսիդով կամ սպիրտով մշակել. news.am
Ինչո՞ւ չի կարելի վերքերը ջրածնի պերօքսիդով կամ սպիրտով մշակել. news.am

Մարդկանցից շատերը վերքերը մշակում են ջրածնի պերօքսիդով կամ սպիրտ պարունակող լուծույթներով: Մինչդեռ շատ բժիշկներ կարծում են, որ այդպես վարվելու հարկ չկա, քանի որ սպիրտն իրականում կարող է...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ինչպե՞ս կանգնեցնել ուժեղ արյունահոսությունը. news.am
Ինչպե՞ս կանգնեցնել ուժեղ արյունահոսությունը. news.am

Ի՞նչ է պետք անել, եթե մարդու մոտ ուժեղ արյունահոսություն է: Ջոնս Հոփկինսի համալսարանի պրոֆեսոր, վերարտադրողական բժշկության ոլորտի խոշորագույն մասնագետ, դոկտոր Մեթյու Լեւին մի քանի խորհուրդ է տվել...

Երկու խորհուրդ՝ ինչպես պաշտպանվել շների հարձակումների ժամանակ. news.am
Երկու խորհուրդ՝ ինչպես պաշտպանվել շների հարձակումների ժամանակ. news.am

Կատաղած շան հարձակումը դժվար թե լավ ավարտ ունենա՝ եթե ոչ մահը, ապա վնասվածքն ու վարակը ապահովված են: Ինչպես պաշտպանվել շներից: Այս մասին օգտակար խորհուրդներ է ներկայացրել անվտանգության ոլորտի...

Ինչպե՞ս իջեցնել փոքրիկի ջերմությունը առանց դեղահաբերի. openblog.am
Ինչպե՞ս իջեցնել փոքրիկի ջերմությունը առանց դեղահաբերի. openblog.am

Ըստ որոշ ուսումնասիրություններրի, եթե փոքրիկն առողջ է, ապա կարիք չկա անհանգստանալու, երբ  նրա մոտ նկատվում է ուղղակի մրսածություն։ Ներկայացնում ենք մի քանի եղանակ, որոնց միջոցով կարող եք իջեցնել երեխայի...

Մանկական հիվանդություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ