Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առաջին նախաբժշկական օգնություն

Պատահարներ ջրում

Ջրում պատահարներ կարող են տեղի ունենալ լողալիս, նավակով զբոսնելիս, ձկնորսության ժամանակ, նույնիսկ լոգանք ընդունելիս: Մարդը կարող է ջրահեղձ լինել՝ ակամա ջրի մեջ ընկնելով։ Օրինակ՝ ջրին մոտ գտնվելով, նա կարող է սայթաքել, ընկնել ջրի մեջ և չիմանալ ինչ անել։ Այս գլխում դուք կսովորեք որոշ տարրական հմտություններ, որոնք օգտակար կլինեն ջրում տեղի ունեցող դժբախտ պատահարների դեպքում։

 

ՋՐՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑՈՂ ՊԱՏԱՀԱՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ


Ջրում դժբախտ պատահար կարող է տեղի ունենալ յուրաքանչյուրի հետ, անկախ այն բանից, թե որքան լավ լողորդ է նա։ Լավ լողորդը կարող է ջրահեղձ լինել հանկարծահաս հիվանդության կամ հոգնածության պատճառով։ Լողալ չիմացողը կարող է ջուրն ընկնել կամ հանկարծ հայտնվել խորը ջրում: Պատահարը գնահատելու համար անհրաժեշտ է զգաստ լինել և գիտենալ այն նշանները, որոնք վկայում են տեղի ունեցած դժբախտ պատահարի մասին։ Ուշադրություն դարձրեք այն ամենին, ինչը արտասովոր է թվում։ Դուք կարող եք նկատել լողորդի տարօրինակ վարքագիծը, լսել նրա ճիչը կամ ջրի հանկարծակի ճողփյուն։
Ճիշտ գնահատելով ստեղծված իրավիճակը որպես դժբախտ պատահար՝ հնարավոր է փրկել տուժածի կյանքը։ Ջրում խեղդվող մարդկանց մեծ մասը օգնություն կանչել չի կարողանում։ Նրանք ամեն ինչ անում են գլուխը ջրի մակերեսին պահելու համար։ Ջրում խեղդվողներին կարելի է դասել երկու խմբի՝ հյուծված լողորդների և ջրահեղձվող տուժածների։

Յուրաքանչյուր խումբ բնորոշվում է տուժածի վարքագծով, նրան և օգնության հասնող փրկարարին սպառնացող վտանգի աստիճանով և այլն։

Հյուծված լողորդը կարող է չափազանց հոգնած լինել և չհասնել ափին կամ լողավազանի եզրին, սակայն նա ի վիճակի է մնալ ջրի մակերեսին, շնչում է և կարող է օգնություն կանչել կամ կառչել մեկնած առարկայից։ Եթե տեսնում եք որևէ մեկին, որը փորձում է լողալ, սակայն առաջ չի շարժվում կամ շարժվում է աննշան, հնարավոր է, որ նա հոգնած և հյուծված է։ Օգնության չհասնելու դեպքում հյուծված լողորդը կարող է կորցնել լողալու ունակությունը և դառնալ ջրահեղձված տուժած։ Ջրահեղձվող տուժածը ջրում ուղղահայաց դիրք է ընդունում, սակայն հենման կետ չունենալով՝ անկարող է առաջ շարժվել կամ մնալ ջրի մակերեսին։ Տուժածի ձեռքերն ուղղված են դեպի կողքերը, նա «հրում է» ջուրը դեպի ներքև՝ բնազդաբար փորձելով պահել գլուխը ջրի մակերեսին։ Նա ջանքեր է գործադրում գլուխը ջրի մակերեսին պահելու և շնչելու համար և չի կարողանում օգնություն կանչել։ Ջրահեղձված տուժածը չի շարժվում, երեսնիվայր լողում է ջրի հատակին կամ մակերեսին մոտ։

Պատահարը ճանաչելուց և գնահատելուց հետո դուք պետք է գործելու որոշում ընդունեք։ Ինչպես յուրաքանչյուր դժբախտ պատահարի դեպքում, այնպես էլ այստեղ, եթե որոշել եք գործել, ապա գործեք զգուշորեն։ Համոզվեք, որ դեպքի վայրն անվտանգ է։ Պարզեք, թե ներկա գտնվողներից ովքե՞ր կարող են ձեզ օգնել։ Եթե տուժածը գտնվում է ջրում, ձեր առաջնահերթ խնդիրն անվտանգ տեղում մնալն է։ Տուժածին օգնելու նպատակով ջուրը նետվելով՝ դուք նույնպես կարող եք տուժած դառնալ։Համոզվելուց հետո, որ իրավիճակը ձեզ համար անվտանգ է, օգնեք տուժածին ջրից դուրս գալ:

 

ՋՐԱՀԵՂՁՈՒՄ


Ջրահեղձումը հեղուկներով շնչառական ուղիների փակման հետևանքով զարգացող թթվածնային անբավարարությունն է։ Ներշնչած ջուրը գրգռում է կոկորդի ձայնաճեղքի մկանները, որոնք կծկվում են և փակում շնչուղիները: Դա մարմնի պաշտպանական ռեակցիան է, որը կանխում է ջրի նոր բաժինների ներթափանցումը թոքեր։ Քանի որ շնչուղիների փակումը կանխում է ոչ միայն ջրի, այլև օդի մուտքը թոքեր, որպես արդյունք տուժածը կարճ ժամանակում կորցնում է գիտակցությունը։ Նրա մարմնի մկանները սկսում են թուլանալ, ձայնաճեղքը բացվում է, և տուժածն ինքնաբերաբար շնչառական շարժում է կատարում։ Դրա հետևանքով ջուրն արագ լցվում է թոքեր։ Տուժածը ոչ միայն ներշնչում է ջուրը, այլև կուլ է տալիս, և այն լցվում է ստամոքս։ Դրա հետևանքով մեծանում է նման տուժածի ստամոքսի պարունակության բերանի խոռոչ հետհոսքի և շնչուղիների խցանման հավանականությունը արհեստական շնչառության կամ սրտի աշխատանքի և շնչառության վերականգնման ժամանակ։

 

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ


  • Որքան հնարավոր է արագ ջրից ափ հանեք տուժածին։
  • Շրջեք տուժածին երեսնիվայր, հնարավորություն տալով, որ ջուրը և փսխման զանգվածները դուրս թափվեն բերանից։
  • Կատարեք տուժածի առաջնային զննում և գործեք իրավիճակին համապատասխան։

 

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՑ ՋՈՒՐԸ ՄՏՆԵԼՈՒ

Ջրում դժբախտ պատահարի դեպքում դուք կարող եք օգնել տուժածին՝ որևէ իր (պարան, փրկարար օղակ կամ ջրի մակերեսին լողացող այլ առարկա) նրան մեկնելով կամ ջրի մեջ նետելով։ Հնարավորության դեպքում խոսեք հետը և քաջալերեք նրան։ Բացատրեք, թե նա ինչ պետք է անի օգնության համար ձեռնարկվող միջոցառումներին նպաստելու համար։ Օրինակ՝ պինդ բռնվի պարանից, փրկարար օղակից կամ ջրի մակերեսին լողացող ցանկացած այլ առարկայից։ Խնդրեք տուժածին շարժվել դեպի ձեզ՝ ոտքերով հրելով, ձեռքերով թիավարելով։ Երբեմն տուժածը, հետևելով որևէ մեկի հանգիստ և քաջալերող խորհուրդներին, ինքնուրույն կարող է հասնել ապահով տեղ։ Եթե աղմուկը խանգարում է, կամ տուժածը բավական հեռու է գտնվում և չի կարող ձեզ լսել, փորձեք հասկացնել նրան ձեռքի շարժումներով։

 

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՈՐԵՎԷ ԻՐ ՄԵԿՆԵԼՈՎ

Երբ տուժածը բավական մոտ է ձեզ, դուք կարող եք օգնել նրան ջրից դուրս գալ որևէ իր մեկնելով։ Ամուր բռնած՝ մեկնեք ցանկացած առարկա, որը կհասնի տուժածին, օրինակ՝ ձող, թիակ, ծառի ճյուղ, վերնաշապիկ, գոտի կամ սրբիչ։ Որպեսզի տուժածը ձեզ չքաշի և չգցի ջրի մեջ, նրան քաշելիս կռացեք և մարմնով հետ ընկեք կամ ամուր բռնվեք որևէ առարկայից։ Երբ տուժածն ամուր բռնի ձեր մեկնած առարկան, դանդաղ և զգուշորեն քաշեք նրան դեպի ապահով տեղ։ Եթե ձեռքի տակ կարթաձող կա, կարող եք նրա կարթով օղակել տուժածին։ Ձեզ ապահովելով՝ կարթով բռնեք տուժածի թևատակերից և զգուշորեն քաշեք նրան դեպի ապահով տեղ (նկ. 20.1)։ Այս ամենը կատարելիս՝ աշխատեք չվնասել տուժածին կարթի ծայրով։ Լողավազանի հատակին գտնվող ջրահեղձված տուժածին փորձեք հանել կարթաձողի օգնությամբ։ Աշխատեք օղակել նրա մարմինը և բարձրացնել ջրի մակերես։ Այնուհետև դուրս քաշեք տուժածին դեպի լողավազանի եզրը և շրջեք դեմքով դեպի վեր։ Եթե ձեռքի տակ չկա ոչ մի առարկա տուժածին մեկնելու՝ պառկեք ջրավազանի եզրին կամ պատնեշին և մեկնեք ձեր ձեռքը (նկ. 20.2)։

 

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՈՐԵՎԷ ՓՐԿԱՐԱՐ ՄԻՋՈՑ ՆԵՏԵԼՈՎ

Ձեզանից հեռու գտնվող տուժածին փրկելու համար կարելի է նրան նետել պարանով կապած, ջրի մակերեսին լողացող որևէ առարկա: Դուք կարող եք նետել պարանի ծայրին կապած որևէ չսուզվող առարկա՝ փրկարար օղակ, կիսով չափ ջրով լցված պլաստմասե տարողություն, անվադող և այլն (նկ. 20.3)։ Փրկարարական միջոցը նետեք տուժածից մի փոքր հեռու, սակայն նրա համար հասանելի սահմաններում, և ասեք տուժածին, որ ամուր բռնվի դրանից։

Ցանկալի է օգտագործել լողունակ պարաններ, սպիտակ, դեղին կամ այլ լավ տեսանելի գույնի: Պարանի մոտավորապես կեսն օղակաձև փաթաթված վիճակում պահեք ձեր մի ձեռքում, մյուս ձեռքով նետեք առարկան՝ ներքևից դեպի վեր ուղղված շարժումով։ Պարանի մյուս ծայրը հանգուցեք կամ ծայրին որևէ աոարկա կապեք։ Սա արվում է, որպեսզի նետելիս պարանը ձեռքից դուրս չպրծնի: Օգնության այս ձևն ընտրելիս գործեք հետևյալ ցուցումների համաձայն.

  1. Ընդունեք հարմար և կայուն դիրք՝ նետող ձեռքի հակառակ ոտքը մեկ քայլ առաջ դրած։ Այդ դիրքը թույլ կտա ձեզ փրկարարական միջոցներ նետելիս պահպանել հավասարակշռությունը։
  2. Մի փոքր կքանստեք։
  3. Հնարավորության դեպքում (եթե պարանը բավականաչափ երկար է), առջևում դրված ոտքով կանգնեք պարանի ծայրին:
  4. Աշխատեք փրկարարական միջոցը նետել տուժածին հնարավորինս մոտ, սակայն զգույշ եղեք, որպեսզի այն չդիպչի նրան։
  5. Նետեք փրկարար հարմարանքն այնպես, որ քամին կամ հոսանքը այն հետ բերեն դեպի տուժածը, այլ ոչ թե հեռացնեն նրանից։
  6. Երբ տուժածն ամուր կառչում է նետված առարկայից, դանդաղ քաշեք նրան դեպի ապահով տեղ; Տուժածին քաշելիս մարմնով մի փոքր հետ ընկեք։

 

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՋՐԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՎ

Երբ համոզված եք, որ ջուրը ծանծաղ է և կանգնած վիճակում չի ծածկում ձեր գլուխը՝ տուժածին փրկելու համար կարող եք մտնել ջուրը։ Եթե ծանծաղուտում գտնվելով դուք միևնույն է չեք կարող հասնել տուժածին, ապա մեկնեք նրան որևէ առարկա (նկ. 20.4)։ Դա կարող է լինել փրկարար օղակ, ծառի ճյուղ, ձող, փչովի ներքնակ, պենոպլաստ, թիակ և այլն։ Եթե ջրի ուժեղ հոսանքը կամ տղմոտ հատակը ծանծաղուտը դարձնում են վտանգավոր, մի՛ մտեք ջրի մեջ։
Երբ տուժածը պինդ բռնվում է առարկայից, քաշեք նրան դեպի ապահով տեղ։ Միշտ պահեք առարկան ձեր և տուժածի միջև, որպեսզի տուժածը չկառչի ձեզանից և չվտանգի ձեր կյանքը։ Եթե տուժածը մի քանի վայրկյան երեսնիվայր անշարժ պառկած է ջրում, հավանական է, որ նա անգիտակից վիճակում լինի։ Եթե ջրի մակարդակը ձեր գլխից բարձր չէ, որևէ լողունակ փրկարարական հարմարանք վերցնելով զգուշորեն մտեք ջրի մեջ, մոտեցեք տուժածին և շրջեք նրան երեսնիվեր։ Բերեք նրան դեպի լողավազանի եզրը կամ առափնյա գիծը և հետո դուրս հանեք ջրից։

 

Ծանծաղ ջրերում դուք կարող եք տուժածին քարշ տալով տանել դեպի լողափ։

 

  1. Կանգնեք տուժածի հետևում և բռնեք թևատակերից՝ պահելով նրա գլուխը ձեր նախաբազուկներով։
  2. Դանդաղ հետ-հետ քայլելով` տուժածին քաշեք դեպի ափ։
  3. Տուժածին ամբողջովին դուրս բերեք ջրից կամ տեղափոխեք առնվազն այնքան, մինչև նրա գլուխը և ուսերը հայտնվեն ջրից դուրս։

 

Եթե ներկաներից որևէ մեկը կարող է օգնել ձեզ, տեղափոխեք տուժածին երկուսով։

 

ՈՂՆԱՇԱՐԻ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՏՈՒԺԱԾԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱԲԵՐՈՒՄԸ


Հնարավոր է, որ ջրի մեջ գտնվող տուժածը ողնաշարի լուրջ վնասվածք ունենա։ Ջրում այսպիսի վնասվածքներ կարող են առաջանալ լողավազաններում կամ բնական ջրավազանների ծանծաղ մասերում անհաջող սուզվելու կամ որևէ առարկայի բախվելու հետևանքով։ Նման դեպքերում ձեր հիմնական խնդիրը տուժածի դեմքը ջրից դուրս պահելն ու նրա գլխի և ողնաշարի հետագա շարժումները կանխելն է։ Եթե կասկածում եք, որ տուժածը կարող է ողնաշարի վնասվածք ունենալ, օգնություն ցուցաբերեք՝ ելնելով սույն ենթադրությունից։

 

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈԻԹՅՈԻՆԸ

  1. Ահազանգեք շտապ օգնություն։
  2. Նվազեցրեք տուժածի գլխի, պարանոցի և մեջքի շարժումները։ Մի՛ քաշեք նրա գլխից։ Դուք պետք է անշարժացնեք տուժածի ողնաշարը, քանի դեռ նա գտնվում է ջրում։ Աշխատեք ապահովել տուժածի մարմնի մեկ առանցքով անշարժացումը։

 

ՄԵԿ ԱՌԱՆՑՔՈՎ ԱՆՇԱՐԺԱՑՄԱՆ ՏԵԽՆԻԿԱ ԱԶԴՐԻՑ ԵՎ ՈՒՍԻՑ ԲՌՆԱԾ ԱՆՇԱՐԺԱՑՈՒՄ

Ազդրից և ուսից բռնած անշարժացումը կիրառվում է, երբ տուժածը ջրում գտնվում է երեսնիվեր դիրքում: Պահեք տուժածին ազդրերի և ուսերի տակից այնպես, որպեսզի նրա դեմքը լինի ջրից դուրս։ Դրա համար.

  1. Մոտեցեք տուժածին կողքից և մինչև կզակն ընկղմվեք ջրի մեջ։
  2. Սահեցրեք ձեր մի ձեռքը տուժածի ուսերի տակ, իսկ մյուսը՝ ազդրերի։ Պահեք տուժածի մարմինը հորիզոնական դիրքում, դեմքը ջրից դուրս:
  3. Մինչև օգնության ժամանումը տուժածի մարմինն առանց բարձրացնելու պահեք ջրի մեջ։

 

ԳԼԽԻՑ ԲՌՆԱԾ ԱՆՇԱՐԺԱՑՈՒՄ

Գլխից բռնած անշարժացումը կիրառվում է ջրի մակերեսին մոտ, երեսնիվայր դիրքում գտնվող տուժածի ողնաշարն անշարժացնելու նպատակով։ Այս դեպքում տուժածին պետք է շրջել դեմքով վեր, որպեսզի նա կարողանա շնչել։ Այդ անելու համար՝

  • Մոտեցեք տուժածին կողքից։
  • Զգուշորեն վեր բարձրացրեք տուժածի ձեռքերը նրա գլխի երկայնքով՝ բռնելով բազուկներից: Բռնեք տուժածի աջ բազուկը ձեր աջ ձեռքով, իսկ ձախը՝ ձախով։
  • Տուժածի ձեռքերը սեղմեք գլխին։ Այս հնարքը կօգնի ձեզ պահել տուժածի գլուխը մարմնի հետ մեկ առանցքով (նկ. 20.5ա)։
  • Ձեր մարմինը մոտավորապես մինչև ուսերը ջրի մեջ ընկղմելով՝ տուժածի մարմինը դանդաղ դեպի առաջ հրեք։
  • Շարունակելով դանդաղ հրել՝ պտտեք տուժածին դեպի ձեզ, մինչև նա ընդունի երեսնիվեր դիրք: Այդ պտույտը կատարվում է՝ հրելով տուժածի՝ ձեզ ավելի, մոտ գտնվող բազուկը ջրի մեջ, միաժամանակ՝ մյուսը քաշելով դեպի ձեզ (նկ. 20.5բ)։
  • Այս ձևով տուժածին շրջելիս տուժածի գլուխը պահեք ձեր ձեռքի արմնկափոսով նրա մարմնի հետ մեկ առանցքով (նկ. 20.5գ)։
  • Մինչև օգնության ժամանումը պահեք տուժածին ջրի մեջ այս դիրքում։

 

ԻՆՔՈՒՐՈՒՅՆ ՓՐԿՎԵԼՈՒ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ջրում տեղի ունեցած պատահարի դեպքում որևէ մեկին փրկելու համար անհրաժեշտ հմտություններից բացի, դուք պետք է տիրապետեք նաև որոշ հմտությունների՝ ջրում ձեզ հետ պատահած որևէ դժբախտ պատահարի դեպքում ինքնուրույն փրկվելու համար։ Քանի դեռ դուք օգնության ազդանշան եք տալիս կամ սպասում եք փրկարարներին, արտահրվեք ջրից նրա մեջ ուղղահայաց դիրքում մնալու համար (շարժվեք, «քայլեք» ջրում ): Ջրից արտահրվելու համար ընդունեք ուղղահայաց դիրք և սուզվեք մինչև կզակը։ Շարժեք ձեր ձեռքերը հետ ու առաջ և ոտքերով կատարեք ներքև ուղղված հարվածներ (նկ. 20.6)։

Եթե դուք անսպասելիորեն ջուրն եք ընկել, ջրի վրա լողալու կամ ջրի մակերեսին մնալու համար հնարավոր է, որ հագուստը ձեզ խանգարի և այն հանելու կարիք լինի: Սակայն որոշ դեպքերում դուք կարող եք օգտագործել ձեր հագուստն ի օգուտ ձեզ։ Եթե ձեզ հաջողվի օդ հավաքել վերնաշապիկի ուսերի մասում, ապա փրկվելն ավելի հեշտ կլինի (նկ. 20.7)։ Ձեր վերնաշապկում օդ հավաքելու համար վերնաշապիկը դրեք անդրավարտիքի գոտու տակ կամ հանգուցեք ստորին եզրերը։ Կոճկեք վերնաշապկի վերին կոճակներն ընդհուպ մինչև պարանոց։ Արձակեք մեջտեղի կոճակներից որևէ մեկը։ Խորը շունչ քաշեք, գլուխը թեքեք առաջ, քաշեք վերնաշապիկը դեպի վեր, դեպի դեմքը և փչեք վերնաշապիկի բացվածքի մեջ։ Վերնաշապիկի առջևի մասը պետք է լինի ջրի տակ։ Ներփչած օդը բարձրանում և վերնաշապիկի ուսերի հատվածում բուշտ է առաջացնում, որն օգնում է ձեզ մնալ ջրի մակերեսին։ Եթե ձեր մի ձեռքն անհրաժեշտ է վերնաշապիկը փակ վիճակում պահելու համար, լողացեք մյուսով։ Մարդիկ հաճախ կարող են բավական հեշտությամբ լողալ մեջքի վրա։ Ջրի երեսին մնալու համար հանդարտ մեկնեք ձեր ձեռքերը։ Այնուհետև տարածեք դեպի կողք և հրեք ջրի մեջ՝ ձեր ոտքերի ուղղությամբ։ Կրկնեք այս շարժումը։ Ոտքերով հարվածեք միայն անհրաժեշտության դեպքում։ Եթե դուք հայտնվել եք ջրում, կարող եք կիրառել նաև երեսնիվայր լողալու տեխնիկան, որը կոչվում է փրկվելու լող։ Գլուխը ջրից դուրս հանելով՝ շունչ քաշեք, պահեք շունչը, իջեցրեք դեմքը ջրի մեջ և ագատ կախ գցեք ձեռքերը։ Մնացեք այս դիրքում մի քանի վայրկյան։ Այնուհետև գլուխը բարձրացրեք, բայց միայն այնքան, որ բերանը հայտնվի ջրից դուրս: Գլուխը բարձրացնելիս արտաշնչեք։ Երբ բերանը ջրից դուրս է, մեղմորեն ձեռքերով «հրեք» ջուրը և իրար մոտեցրեք ոտքերը։ Դա կօգնի ձեզ գլուխը ջրից դուրս պահել։ Նորից շունչ քաշեք և վերադարձեք հանգստի դիրքի։ Կրկնեք այս ամենը՝ պարբերաբար հանգստանալով և ուժերը խնայելով։

 

ՍԱՌՑԱՋՐՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ ՏՈՒԺԱԾԻՆ ՓՐԿԵԼԸ


ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

Եթե որևէ մեկը սառույցի վրա քայլելով ընկել է սառցաջրի մեջ, երբեք մի՛ փորձեք փրկել նրան՝ մոտենալով սառույցի վրայով։ Դա շատ վտանգավոր է։ Հնարավոր է, որ սառույցը ձեր տակ ևս կոտրվի: Դրանից խուսափելու համար հետևեք այս սկզբունքներին՝

 

  • Անհապաղ ուղարկեք որևէ մեկին ահազանգելու։ Կարող է առաջանալ փորձառու մասնագետների անհրաժեշտություն՝ տուժածին ջրից դուրս բերելու համար և, եթե նույնիսկ ձեզ հաջողվի նրան հանել ջրից, հավանական է, որ նա բժշկական օգնության կարիք ունենա։
  • Ցամաքի վրա, ապահով տեղում կանգնած, փորձեք օգնել տուժածին՝ նրան որևէ փրկարարական միջոց մեկնելով կամ նետելով։ Օգտագործեք ձեռքի տակ եղած ցանկացած առարկա, որից տուժածը կարող է բռնվել՝ իրեն ջրի մակերեսին պահելու համար, օրինակ՝ ծառի ճյուղ, ձող, փրկարարական բաճկոն, ծայրին որևէ առարկա կապած պարան, թիակ և այլն։ Գործեք արագ, որովհետև հաշված րոպեների ընթացքում տուժածի ձեռքերը կարող են ընդարմանալ, և նա չի կարողանա բռնել մեկնած առարկան։
  • Քաշեք տուժածին դեպի ափ, եթե կարող եք հաջողությամբ անել այդ։ Հակառակ դեպքում, խոսեք տուժածի հետ և հավաստիացրեք, որ մինչև օգնության ժամանելը նրա վիճակը հնարավորինս ապահով է։
  • Եթե ձեզ հաջողվեց տուժածին դուրս բերել ափ մինչև շտապ օգնության անձնակազմի ժամանելը՝ նրան օգնություն ցուցաբերեք այնպես, ինչպես մարմնի ընդհանուր սառեցման ժամանակ։
  • Ջրից դուրս բերելուց հետո կատարեք տուժածի զննում և գործեք իրավիճակին համապատասխան։ Տուժածի շնչուղիներից ջրի հեռացման գործողություններն անիմաստ են, քանի որ այդ ժամանակ դուրս է գալիս ստամոքս լցված ջուրը։

 

ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ


Ջրահեղձվողների մեծ մասը բոլորովին ջուրը մտնելու մտադրություն չի ունենում։ Լճակներում կամ գետակներում ձուկ բռնող, ջրավազանների մոտ տեղակայված արդյունաբերական գործարաններում աշխատող բանվորները կամ մակույկով զբոսնող մարդիկ հանկարծ կարող են հայտնվել ջրում։ Նույնիսկ ծանծաղ ջուրը կարող է վտանգավոր լինել։ Երեխաները հաճախ խեղդվում են տանը կամ մոտակայքի ծանծաղ ջրերում, նույնիսկ տաշտի մեջ։ Սառը ջրի մեջ ընկնելը և հատկապես սառը ջրում երկար մնալը կարող է խիստ վտանգավոր լինել։ Ջրում խեղդվածների մեծ մասը, որոնք առաջին հայացքից թվում է, թե ջրահեղձվել են, իրականում մահանում են գերսառեցումից։ Ջրի մոտ գտնվելիս միշտ պահպանեք հետևյալ կանոնները՝

 

  • Հեռու մնացեք հնարավոր վտանգներից։ Պարտադրեք ձեր ընկերներին զգույշ լինել և ինքներդ լավ օրինակ ծառայեք։
  • Անընդհատ հետևեք երեխաներին։ Թույլ մի՛ տվեք նրանց առանց մեծահասակների հսկողության մոտենալ ջրին։
  • Ձեր վրա կրեք փրկարար ծառայությունների կողմից հավանություն ստացած լողունակ միջոցներ կամ գոնե պահեք դրանք ձեռքի տակ՝ ջրի մեջ ընկած տուժածին նետելու համար։
  • Երբեք մենակ ջրին մի՛ մոտեցեք և միայնակ մի՛ լողացեք՝ անկախ այն բանից, թե որքան լավ լողորդ եք։
  • Ջրին մոտ գտնվելիս կամ մակույկով զբոսնելհս՝ հագեք չսահող ռետինե կոշիկներ։
  • Ջրին մոտ գտնվելիս՝ մի՛ օգտագործեք ոգելից խմիչքներ կամ այլ նյութեր, որոնք թուլացնում են զգոնությունը կամ ֆիզիկական հնարավորությունները։
  • Մի՛ քայլեք սայթաքուն քարերի վրայով։
  • Մի՛ գերագնահատեք լողացող հարմարանքների ապահովությունը։ Եթե լողալ չգիտեք, դրանցով ափից մի՛ հեռացեք։
  • Անծանոթ լողափին առավել զգույշ եղեք, նույնիսկ եթե լավ լողորդ եք։
  • Երեխաներին փոքր տարիքից սովորեցրեք լողալ և ծանոթացրեք ջրում ինքնուրույն փրկվելու հմտություններին։
  • Ալեկոծության ժամանակ ջուրը մի՛ մտեք։

 

ԱՄՓՈՓՈՒՄ


Ջրում տեղի ունեցած դժբախտ պատահարների դեպքում, որպեսզի օգնություն ցուցաբերեք առանց ձեզ վնաս պատճառելու, օգտագործեք որևէ առարկա տուժածին մեկնելու կամ նետելու համար։ Միշտ հիշեք սեփական անվտանգության մասին։ Եթե առկա է ձեր կյանքին սպառնացող վտանգ, և դժբախտ պատահարի դեպքում դուք չեք կարող օգնել տուժածին, չվտանգելով ձեր կյանքը, շտապ ահազանգեք մասնագիտացված փրկարար ծառայություն։
Ջրում տեղի ունեցող դժբախտ պատահարների մեծ մասը կարելի է կանխարգելել՝ հետևելով ջրում և նրա մոտակայքում ճիշտ վարքագծի պարզ կանոններին։

 

Սկզբնաղբյուր. ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Աղբյուր. Առաջին օգնության հիմունքներ (Ինչպես գործել արտակարգ իրաիճակներում)
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Առաջին օգնությունը արյունահոսությունների ժամանակ. Ալեքսանդր Արզումանյան. izmirlianmedicalcenter.com
Առաջին օգնությունը արյունահոսությունների ժամանակ. Ալեքսանդր Արզումանյան. izmirlianmedicalcenter.com

Անոթային վնասվածքների պատճառները

Յուրաքանյուր վնասվածք և կոտրվածք ունի արյունահոսության մեծ վտանգ: Անոթները կարող են վնասվել...

Առաջին օգնությունը կոտրվածքների ժամանակ. Ալեքսանդր Արզումանյան. izmirlianmedicalcenter.com
Առաջին օգնությունը կոտրվածքների ժամանակ. Ալեքսանդր Արզումանյան. izmirlianmedicalcenter.com

Կոտրվածքը ոսկրի ամբողջության խախտումն է: Ելնելով քաղաքակրթության ընթացքից, կոտրվածքների առաջացման մեխանիզմները փոխվել են: Հիմա մենք գործ ունենք ավելի մեծ էնեգիայով հարուստ վնասվածք...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Առաջին օգնությունը սննդային թունավորումների ժամանակ. izmirlianmedicalcenter.com
Առաջին օգնությունը սննդային թունավորումների ժամանակ. izmirlianmedicalcenter.com

Մոտենում են տոնական օրերը: Կարծում ենք սննդային թունավորումներին վերաբերող տեղեկատվությունն օգտակար կլինի` այդ օրերին խուսափելու սննդային թունավորումիներից, կամ,  հակառակ դեպքում, պատրաստ լինելու...

Սնունդը և առողջությունը
Առաջին օգնությունը ստենոկարդիայի ժամանակ. armeniamedicalcenter.am
Առաջին օգնությունը ստենոկարդիայի ժամանակ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ անել, եթե ստենոկարդիայի նոպա է սկսել

Եթե կրծոսկրի հետևում ցավը սկսվում է ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, անհրաժեշտ է այն անմիջապես...

Սրտանոթաբանություն
Առաջին բուժօգնությունը ծննդաբերության ժամանակ. Արմենուհի Ավետյան. armeniamedicalcenter.am
Առաջին բուժօգնությունը ծննդաբերության ժամանակ. Արմենուհի Ավետյան. armeniamedicalcenter.am

Կանանց կոնսուլտացիայում բոլոր հղիներին հաշվառում են, հաշվարկվում է նրանց հղիության ժամկետը և զգուշացնում ծննդաբերության մոտավոր ժամկետի մասին: Հղիները տեղեկացվում են, թե ինչ կլինիկական վիճակի...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Առաջին օգնությունը ստենոկարդիայի ժամանակ. armeniamedicalcenter.am
Առաջին օգնությունը ստենոկարդիայի ժամանակ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ անել, եթե ստենոկարդիայի նոպա է սկսել

Եթե կրծոսկրի հետևում ցավը սկսվում է ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, անհրաժեշտ է այն անմիջապես...

Սրտանոթաբանություն
Առաջին օգնությունը անոթային վնասվածքների ժամանակ. Վիրաբ Աղաբեկյան. armeniamedicalcenter.am
Առաջին օգնությունը անոթային վնասվածքների ժամանակ. Վիրաբ Աղաբեկյան. armeniamedicalcenter.am

Արտաքին արյունահոսության ժամանակ առաջին օգնությունը պետք է լինի արյունահոսող վերքի շրջանում նախ` սեղմող վիրակապ  դնելը:

Մեծ անոթի դեպքում, եթե ձեռքի տակ կան ստերիլ վիրախծուծներ,  վերքի մեջ կարելի է տամպոնադա անել ու հենց...

Կարիճ. խայթոցի հետևանքները
Կարիճ. խայթոցի հետևանքները

Հին հունական լեգենդի համաձայն, Պոսեյդոնի որդին` որսորդ Օրիոնը գոռոզանալով հայտարարեց, որ այս աշխարհում իրեն հավասարը չկա ու, ինքը կսպանի իր ճանապարհին հանդիպած ցանկացած կենդանի արարածի...

ՀՀ ԱՆ. Ինչպե՞ս խուսափել ցրտահարումից
ՀՀ ԱՆ. Ինչպե՞ս խուսափել ցրտահարումից

Այս տարվա ձմեռը բավական ցրտաշունչ է: Տարբեր վերլուծությունների համաձայն՝ ձմռան սկզբից ի վեր եղան օրեր, երբ օդի սառնությունն առավելագույնն էր՝ վերջին մի քանի տասնամյակում: Եղանակային ցուրտ պայմաններն...

Թերապիա
3 սխալ, որ թույլ են տալիս առաջին օգնություն ցուցաբերելիս. news.am
3 սխալ, որ թույլ են տալիս առաջին օգնություն ցուցաբերելիս. news.am

Շատերը պատկերացում չունեն, թե մինչեւ շտապ օգնության ժամանելը ինչպես պետք է ճիշտ առաջին օգնություն ցուցաբերել: Հաճախ նախքան բժիշկների գալը տուժողների վիճակը վատանում է մարդկանց սխալ...

Ինչո՞ւ չի կարելի վերքերը ջրածնի պերօքսիդով կամ սպիրտով մշակել. news.am
Ինչո՞ւ չի կարելի վերքերը ջրածնի պերօքսիդով կամ սպիրտով մշակել. news.am

Մարդկանցից շատերը վերքերը մշակում են ջրածնի պերօքսիդով կամ սպիրտ պարունակող լուծույթներով: Մինչդեռ շատ բժիշկներ կարծում են, որ այդպես վարվելու հարկ չկա, քանի որ սպիրտն իրականում կարող է...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ինչպե՞ս կանգնեցնել ուժեղ արյունահոսությունը. news.am
Ինչպե՞ս կանգնեցնել ուժեղ արյունահոսությունը. news.am

Ի՞նչ է պետք անել, եթե մարդու մոտ ուժեղ արյունահոսություն է: Ջոնս Հոփկինսի համալսարանի պրոֆեսոր, վերարտադրողական բժշկության ոլորտի խոշորագույն մասնագետ, դոկտոր Մեթյու Լեւին մի քանի խորհուրդ է տվել...

Երկու խորհուրդ՝ ինչպես պաշտպանվել շների հարձակումների ժամանակ. news.am
Երկու խորհուրդ՝ ինչպես պաշտպանվել շների հարձակումների ժամանակ. news.am

Կատաղած շան հարձակումը դժվար թե լավ ավարտ ունենա՝ եթե ոչ մահը, ապա վնասվածքն ու վարակը ապահովված են: Ինչպես պաշտպանվել շներից: Այս մասին օգտակար խորհուրդներ է ներկայացրել անվտանգության ոլորտի...

Ինչպե՞ս իջեցնել փոքրիկի ջերմությունը առանց դեղահաբերի. openblog.am
Ինչպե՞ս իջեցնել փոքրիկի ջերմությունը առանց դեղահաբերի. openblog.am

Ըստ որոշ ուսումնասիրություններրի, եթե փոքրիկն առողջ է, ապա կարիք չկա անհանգստանալու, երբ  նրա մոտ նկատվում է ուղղակի մրսածություն։ Ներկայացնում ենք մի քանի եղանակ, որոնց միջոցով կարող եք իջեցնել երեխայի...

Մանկական հիվանդություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ