Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առաջին նախաբժշկական օգնություն

Շաքարախտ

Մարմնի նորմալ գործունեության համար բջիջներին հարկավոր է էներգիա, որի աղբյուրը շաքարն է: Սակայն շաքարն ինքնուրույն չի կարող արյունից անցնել բջիջներ։ Շաքարի ներթափանցմանը բջիջների մեջ նպաստում է ինսուլին հորմոնը, որն արտադրվում է ենթաստամոքսային գեղձում։

Շաքարախտը հիվանդություն է, որի ժամանակ բջիջները չեն կարողանում յուրացնել արյան մեջ առկա շաքարը։ Շաքարախտով հիվանդները պետք է խիստ հետևեն իրենց սննդակարգին։ Նրանցից շատերն ինսուլինի ամենօրյա ներարկման կարիք ունեն և պետք է պահպանեն բժշկի կողմից նշանակված ինսուլինի դեղաչափն ու սննդակարգը։ Երբ հիվանդը խախտում է այս պայմանները, զարգանում է հետևյալ երկու բարդություններից մեկը՝ շաքարի քանակը արյան մեջ կտրուկ բարձրանում է կամ կտրուկ իջնում։

 

Գերշաքարարյունությունը վիճակ է, որի ժամանակ արյան մեջ շաքարի քանակը նորմայից բարձր է։ Այս վիճակը դանդաղ է զարգանում։ Սովորաբար տուժածի մաշկը լինում է չոր, շնչառությունը՝ անկանոն ու խորը, նա ունենում է ծարավի զգացում, սրտխառնոց, փսխում և լինում է ընկճված։

 

Թերշաքարարյունությունը վիճակ է, որի ժամանակ արյան մեջ շաքարի քանակը նորմայից ցածր է։ Շաքարի մակարդակը կարող է չափից ավելի իջնել, եթե շաքարախտով հիվանդը չարաշահի ներարկվող ինսուլինի դեղաչափը, դադարի սնվել ինսուլինի դեղաչափին համապատասխան, ֆիզիկապես գերլարվի, ունենա լուծ կամ փսխում, հուզական ուժեղ սթրես ապրի։ Թերշաքարարյունություն կարող է զարգանալ նաև առողջ մարդու մոտ՝ երկար ժամանակ քաղցած մնալուց կամ ֆիզիկական ու մտավոր գերլարվածությունից։ Նման դեպքերում արյան մեջ եղած շաքարի չնչին քանակն արագ օգտագործվում է, և ուղեղը մնում է առանց էներգիայի աղբյուրի։ Այս վիճակը շատ արագ է զարգանում։ Տուժածը սովորաբար լինում է գրգռված, ունենում է ուժեղ քաղցի զգացում, վերջույթների դող, մաշկը լինում է գունատ և խոնավ, շնչառությունը՝ մակերեսային։

 

Երբեմն վերոհիշյալ նշանները պարզ չեն դրսևորվում՝ դժվարացնելով այս վիճակների տարբերակումը, առավել ևս, որ կան նաև ընդհանուր նշաններ։

 

Նշանները


  • գիտակցության խանգարումներ՝ շշմածություն, քնկոտություն, շփոթվածություն,
  • արագացած անոթազարկ,
  • հիվանդագին տեսք;

 

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ


  • Գիտակցության առկայության դեպքում խոսեք տուժածի հետ: Փորձեք պարզել՝ տուժածը շաքարախտով հիվանդ է, թե՝ ոչ և երբ է վերջին անգամ կերել։ Հարցրեք տուժածին, թե ինչ աշխատանք է նա կատարել, ունեցել է արդյոք զգացմունքային լարվածություն
  • Տվեք տուժածին որևէ քաղցրավենիք կամ լեզվի տակ մի փոքր շաքար դրեք։ Թերշաքարարյունության դեպքում քաղցրն արագ օգնում է, և տուժածի վիճակը շատ շուտ բարելավվում է։ Գերշաքարարյունության դեպքում տրված փոքր քանակով շաքարը զգալի ազդեցություն չի ունենում և չի վատթարացնում տուժածի վիճակը
  • Ահազանգեք շտապ օգնություն, եթե չնայած ձեր ձեռնարկած միջոցառումներին, տուժածի վիճակը մի քանի րոպեից չի բարելավվում։ Ամեն դեպքում հետագա բարդություններից խուսափելու համար ցանկալի է, որ նման վիճակից հետո տուժածը դիմի բժշկի։
  • Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան օգնություն։

 

Սկզբնաղբյուր. ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Աղբյուր. Առաջին օգնության հիմունքներ (Ինչպես գործել արտակարգ իրաիճակներում)
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ