Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ախտորոշում

Արտաքին շնչառության ֆունկցիա․ հարցազրույց թոքաբան, բրոնխոսկոպիստ Նարինե Մադունցի հետ. armeniamedicalcenter.am

Արտաքին շնչառության ֆունկցիա․ հարցազրույց թոքաբան, բրոնխոսկոպիստ Նարինե Մադունցի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ  ԱՇՖ (արտաքին շնչառության ֆունկցիա) հետազոտությունը։

ԱՇՖ-հետազոտությամբ որոշվում է արտաքին շնչառության վենտիլիացիոն գործունեությունը համակարգչային սպիրոգրաֆի միջոցով:

Ո՞ր հիվանդությունների ժամանակ է նշանակվում։

Հետազոտությունն իրականացվում է տարբեր հիվանդությունների ժամանակ, երբ հարկ է որոշել բրոնխների օբստրուկցիան՝ բրոնխոսպազմը, թոքերի հյուսվածքային փոփոխությունները, երբ սահմանափակված է թոքերի առաձգականությունը: Իհարկե, մեծավ մասամբ այն իրականացվում է բրոնխաթոքային համակարգի հիվանդությունների ժամանակ, սակայն երբեմն անհրաժեշտ է նաև  սիրտ-անոթային հիվանդությունների, ճարպակալման, կրծքավանդակի դեֆորմացիաների ժամանակ արտաքին շնչառության փոփոխություններն ուսումնասիրելու համար:

Ինչպե՞ս է իրականացվում հետազոտությունը։

Հետազոտության ժամանակ ներբեռնվում են բուժառուի տվյալները՝ տարիքը, սեռը, հասակը, քաշը, ուստի նորման անհատական է որոշվում: Շնչառական հրահանգների արդյունքում ստացված ցուցանիշների և բուժառուի նորմայի տոկոսային հարաբերությամբ էլ որոշվում է հետազոտության արդյունքը:

Հետազոտության ընթացքում բուժառուն կատարում է բժշկի կողմից տրվող շնչական հրահանգները՝ համակարգչային սպիրոգրաֆի պնևմոտապոգրաֆի միջով շնչելով (ներշնչում, կտրուկ արտաշնչում և այլն): Դիտվում է ստացված գրաֆիկ պատկերը, կորը, որն արտացոլում է ցուցանիշների փոփոխությունները:

Առաջնորդվելով այդ փոփոխություններով և հիվանդության կլինիկայով, որոշվում է արտաքին շնչառության խանգարման տեսակը՝ օբստրուկտիվ, ռեստրիկտիվ կամ խառը:

Օբստրուկտիվ ախտահարումն արտահայտվում է բրոնխների սպազմով և լուսանցքի նեղացումով, ռեստրիկտիվը՝ թոքերի հյուսվածքի փոփոխություններին է վերաբերում՝ թոքերի առաձգականության սահմանափակում, բորբոքային գործընթացներ՝ (թոքաբորբեր, բրոնխոէկտազներ), նաև խնդիրներ, որոնք կապված չեն բրոնխաթոքային համակարգի հիվանդությունների հետ, օրինակ՝ կրծքավանդակի դեֆորմացիաներ:

Հետազոտության ժամանակ կորի ձևից արտացոլվում են տեղի ունեցած փոփոխությունները: Եթե առկա է օբստրուկցիայի ակնհայտ պատկեր, նշանակվում է բրոնխալայնիչ փորձ, որը կատարվում է կարճատև ազդեցությամբ բրոնխոդիլատատորների ինհալյացիայով, օրինակ՝ սալբուտամոլի օգտագործմամբ։  Ինհալյացիայից 15-20 րոպե անց բուժառուն նորից է կատարում շնչառական հրահանգները։ Եվ եթե ցուցանիշները փոխվում են՝ աճում են, դա նշանակում է, որ օբստրուկցիան դարձելի է: Դարձելի օբստրուկցիան ավելի բնորոշ է բրոնխիալ ասթմա հիվանդությանը՝ հատկապես սկզբնական փուլում։ Եթե  օբստրուկցիան ոչ դարձելի է, այն առավել բնորոշ է թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությանը։

Դա փաստորեն նաև ախտորոշիչ լրացուցիչ թեստ է՝ տարբերակելու առկա հիվանդությունը:

Հետազոտության համար անհրաժե՞շտ է նախապատրաստվել։

Հետազոտությունը ցանկալի է կատարել օրվա առաջին կեսին և սոված վիճակում, կամ 1-1,5 ժամ ուտելուց հետո, որպեսզի բուժառուն կարողանա հանգիստ, ամբողջ ծավալով շնչել: Հետազոտության համար կարևոր պայման է նաև նախապես կատարված կրծքավանդակի ռենտգեն հետազոտությունը:

Որքա՞ն է տևում հետազոտությունը։

Եթե բուժառուն հրահանգները ճիշտ է կատարում, հետազոտությունը տևում է մոտավորապես 5 րոպե, իսկ եթե հուզվում է, միանգամից ճիշտ չի կատարում հրահանգները, հարկ է նորից կրկնել:

Ի՞նչ հակացուցումներ կան։

Եթե կրծքավանդակի ռենտգեն քննությամբ կամ համակարգչային տոմոգրաֆիայով հայտնաբերվում են սուբպլևրալ օդակիր մեծ բուլաներ, ապա հետազոտությունն իրականացվում է միայն անհրաժեշտության դեպքում, որովհետև այն կարող է բարդանալ պնևմաթորաքսի զարգացումով՝ բուլայի պատի պատռման հետևանքով։

Մանր բուլաների առկայությունը թոքի հյուսվածքում հակացուցման պատճառ չէ:

Հետազոտության սարքը որքանո՞վ է բավարարում ժամանակակից պահանջները։

Հետազոտությունը նախկինում կատարվում էր այլ սարքերով: Ներկայում դա համակարգչային սպիրոգրաֆ է, որը շատ առավելություններ ունի հին սարքի նկատմամբ:

Ի՞նչ ախտորոշիչ նշանակություն ունի ԱՇՖ-ն։

Ի դեպ, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության նորագույն  դասակարգումը հիմնվում է նաև այդ հետազոտության արդյունքների վրա:

Արտաքին շնչառության ֆունկցիան՝ համակարգչային սպիրոմետրիան, նաև արտացոլում է բուժառուի մոտ առկա հիվանդության ծանրությունը, որովհետև ստացված ցուցանիշներից որոշվում է առաջին, երկրորդ, երրորդ աստիճանի խանգարումը: Այդ տվյալներից և բրոնխադիլատացիոն փորձի արդյունքներից հաստատվում է ախտորոշումը:

Հետազոտության կրկնություններով վերահսկվում են նաև բուժման արդյունավետությունը և հիվանդության ընթացքը:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ