Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ախտորոշում

Համակարգչային տոմոգրաֆիա. հարցազույց «Արմենիա» ԲԿ ռադիոլոգ Ելենա Բաղդասարյանի հետ. armeniamedicalcenter.am

Համակարգչային տոմոգրաֆիա. հարցազույց «Արմենիա» ԲԿ ռադիոլոգ Ելենա Բաղդասարյանի հետ. armeniamedicalcenter.am

Խոսենք համակարգչային տոմոգրաֆիա հետազոտության մասին:

 

Համակարգչային տոմոգրաֆիան (ՀՏ) ժամանակակից հետազոտության մեթոդ է, որը հնարավորություն է տալիս հետազոտել ամբողջ օրգանիզմի օրգան-համակարգերը: Այն ճառագայթային հետազոտություն է, այսինքն, հիմնված է ռենտգենյան ճառագայթների վրա: Արմենիա բժշկական կենտրոնում ՀՏ-ն ներդրվել է 2005 թվականից, իսկ 2015-ին հիվանդանոցը համալրվեց նոր սերնդի երկու համակարգչային տոմոգրաֆով: Դրանք մուլտիսպիրալային համակարգչային տոմոգրաֆներն են:

Ի՞նչ է իրենից ներկայացնում համակարգչային տոմոգրաֆը:

ՀՏ-ն իր մեջ ներառում է Գենտրի, որի մեջ տեղակայված է ռենտգենյան խողովակը: Հենց այդ խողովակում են գեներացվում ռենտգենյան ճառագայթները: Հաջորդ բաղկացուցիչ մասը հատուկ սեղանն է, որի վրա պառկում է պացիենտը և անցնում Գենտրիի միջով: Տոմոգրաֆն ունի նաև համակարգչային համալրում, որտեղ ամբողջ տեղեկատվությունը թվայնացվում է և արտացոլում հետազոտման պատկերը:


Սենյակները պարտադիր կերպով մեկուսացված և առանձնացված են, քանի որ հետազոտման սենյակում հետազոտության պահին առկա է ճառագայթում: Բժիշկների սենյակը միանգամայն պաշտպանված է ճառագայթումից:

Ինչո՞վ են տարբերվում նոր սերնդի տոմոգրաֆները նախկիններից:

Ժամանակակից սարքերը բավականին հզոր են, թույլ են տալիս ավելի մանր շերտերով ուսումնասիրել հետաքրքրող հատվածը և հնարավորություն են տալիս նաև երեխաների հետազոտությունն իրականացնել նվազագույն ճառագայթային դոզայով:

Նախկինում տոմոգրաֆային հետազոտությունն իրենից ներկայացնում էր միաշերտ հետազոտություն, և այն կոչվում էր քայլային ՀՏ: Դրա ընթացքում յուրաքանչյուր սքանավորման համար հիվանդը պետք է պահեր շունչը, ապա կատարվեր սեղանի տեղաշարժ, և ամեն 5-8 մմ-ի համար պահանջվում էր առանձին նկար:

Հետո ստեղծվեցին պարույրային խողովակով սարքեր, այսինքն, մեկ անգամ շունչը պահելով կարելի էր հետազոտել բավականին մեծ տարածք: Իսկ ներկայում մի քանի պարույրային սարքերը (2-4-6-16 և ավելի) թույլ են տալիս ավելի մանր շերտերի ռեկոնստրուկցիաներ, և առավել կարճանում է հետազոտության ժամանակը:

Որքան սարքը հզոր և զարգացած է, այնքան ավելի շատ է ճառագայթումը, սակայն նոր սարքերն ունեն ճառագայթը առավելագույն ցածր դոզայի սահմանների նվազեցնելու հնարավորություն, իհարկե, ոչ որակի հաշվին:

Ո՞ր հիվանդությունների և իրավիճակների դեպքում է նշանակվում ՀՏ հետազոտություն:

Հիմնականում նշանակվում է բազմաօրգանային հետազոտությունների ժամանակ: ՀՏ հետազոտությամբ ուսումնասիրվում են գլխուղեղի, կրծքավանդակի, որովայնի օրգանների, փոքր կոնքի և ոսկրային համակարգի ախտահարումները: Այն թույլ է տալիս հայտնաբերել տարբեր ախտաբանական պրոցեսներ, որոնցից հատուկ տեղ է տրվում  ուռուցքային հիվանդություններին:

Բժշկության զարգացման հետ մեկտեղ, մեծանում են այս հետազոտության ցուցումները: Եթե նախկինում կարելի էր սահմանափակվել ռենտգեն հետազոտմամբ, ՈՒՁՀ-ով, ապա ներկայում ավելի հաճախ ենք դիմում նորագույն հետազոտության մեթոդներին, որոնցից է ՀՏ-ն:

 



Որքանո՞վ է համակարգչային տոմոգրաֆիան արդյունավետ խոռոչային օրգանների հետազոտման համար:

Խոռոչային և պարենխիմատոզ օրգանների հետազոտման միջև տարբերություն և սահմանափակումներ չկան:

Խոռոչավոր օրգանների համար օգտագործվում է ո՛չ միայն ներերակային ներարկումը, այլ նաև խոռոչի կոնտրաստավորումը:

Հնարավո՞ր է ՀՏ հետազոտությամբ պարզել նորագոյացության բնույթը:

Ուռուցքների բարորակ կամ չարորակ բնույթը պարզելու համար ամենակարևորը հյուսվածաբանական հետազոտությունն է, բայց կան ցուցոնիշներ, որոնք համադրելով հնարավոր է լինում շատ դեպքերում որոշել ուռուցքի բնույթը:

Ինչպե՞ս պետք է նախապատրաստվել ՀՏ հետազոտությանը:

Հետազոտությունը որևէ լուրջ նախապատրաստում չի պահանջում:  Եթե հետազոտությունը պետք է կատարվի ներերակային կոնտրաստավորմամբ, ապա անհրաժեշտ է ունենալ կրեատինինի ցուցանիշը արյան մեջ: Դա պարտադիր է 60-նն անց անձանց և երիկամային խնդիրներ ունեցող պացիենտների դեպքում, անկախ տարիքից:

Որովայնի օրգանների հետազոտման ժամանակ պացիենտը պետք է լինի քաղցած:

Կա՞  տարբերություն երեխաների հետազոտության դեպքում:

ՀՏ սարքերը ներառում են ծրագիր, որը թույլ է տալիս երեխաներին հետազոտել ըստ քաշի և տարիքի` սկսած նորածնային տարիքից: Եթե երեխան անհանգիստ է, նրան պետք է հանգստացնել, ծայրահեղ դեպքում կատարվում է անզգայացում:

Ինչպիսի՞ հակացուցումներ կան:

Հակացուցումները կապված են կոնտրաստային նյութի օգտագործման հետ: Ներկայում այդ ցանկը բավականին կրճատվել է, քանի որ կիրառվում են առավել որակյալ կոնտրաստային նյութեր:

ՀՏ հետազոտության հակացուցումներին են դասվում կրեատինինի բարձր ցուցանիշներն արյան մեջ:

Հակացուցում է յոդի նկատմամբ ալերգիան, քանի որ կոնտրաստային նյութի հիմքում յոդն է: Այլ ալերգիաների ժամանակ հակացուցում չկա:


Հակացուցում է վահանաձև գեղձի տոքսիկ հիվանդությունների առկայությունը, որոնց ժամանակ արգելված է յոդի ներարկումը:
Ալերգիկ հակացուցումներից բացի բոլոր այլ հակացուցումները հարաբերական են:

Հարաբերական հակացուցում է պացիենտի անհանգիստ պահվածքը, կլաուստրոֆոբիան (վախ փակ տարածքների նկատմամբ): Չնայած ՀՏ ժամանակակից ապարատները բաց են, բայց միևնույն է, կան մարդիկ, ովքեր վախենում են նույնիսկ այդ դեպքում:

Ի՞նչ տարբերություն կա ՀՏ և ՄՌՏ հետազոտությունների միջև:

Տարբերությունն, առաջին հերթին,ճառագայթներն են: ՄՌՏ-ի դեպքում կիրառվում են մագնիսառեզոնանսային ալիքներ, իսկ ՀՏ-ի ժամանակ`ռենտգենյան:

Որքա՞ն ժամանակից է պատրաստ լինում պատասխանը:

Քանի որ հետազոտման զննությունն ու եզրահանգումը երկար ժամանակ են պահանջում, պատասխանը պացիենտին տրվում է պլանային դեպքում  1-2 աշխատանքային օրվա ընթացքում: Հիմնականում դա հետազոտության հաջորդ օրն է: Եթե դեպքը շտապ է, և դա հետազոտության ժամանակ տեսնում է նաև բժիշկ ռադիոլոգը, պատասխանը տրվում է մոտ մեկ ժամվա ընթացքում:

Հիվանդանոցում առկա՞ է ՀՏ հետազոտության իրականացում պետպատվերի շրջանակներում:

Կան պետպատվերի շրջանակներում իրականացվող հետազոտություններ: Նման դեպքերում պացիենտները նախապես հերթագրվում են, ներկայացնում համապատասխան փաստաթղթեր:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ