Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ախտորոշում

Բերանի լորձաթաղանթի փոփոխությունները տարբեր հիվանդությունների ժամանակ

Բերանի լորձաթաղանթի փոփոխությունները տարբեր հիվանդությունների ժամանակ

«Առողջ մարմնում՝ առողջ հոգի»: Այս խոսքերը բազմիցս կրկնված, և նկատված, և անտարբերության մատնված խոսքեր են: Սերնդափոխության հետ փոխվում է նաև վերաբերմունքը բերանի խոռոչի և ատամների նկատմամբ: Գեղեցիկ ժպիտը և առողջ ատամները այսօր այցեքարտ են շատերի համար: Առողջ բերանի խոռոչ ունենալը առողջ օրգանիզմի գրավականն է:

 

Բերանի խոռոչը հանդիսանում է մեր օրգանիզմի հայելին: Ասենք, որ շատ հիվանդությունների մասին մենք կարող ենք իմանալ բերանի խոռոչի լորձաթաղանթի և ատամների վիճակից: Ատամների մասսայական քայքայումը մեզ կարող է զգուշացնել վահանաձև գեղձի հիվանդությունների մասին, լորձաթաղանթի գույնը և տարբեր փոփոխություններ մեզ զգուշացնում են սիրտ-անոթային, աղեստամոքսային  և մի շարք այլ հիվանդությունների մասին, որ դեռ մենք չգիտենք: Այցելելով ատամնաբույժի՝ դուք ոչ միայն պահպանում եք ձեր գեղեցիկ և առողջ ատամնաշարը, այլև կարող եք հայտնաբերել մի շարք հիվանդություններ:


Աղեստամոքսային տրակտի հիվանդություններ


Հիպերացիդ գաստրիտ, լեզուն պատված է հաստ փառով, մեծացած է այտուցի հաշվին:  Սնունդ ընդունելիս՝ լեզուն ցավոտ է, լինում է այրոցի զգացողություն:


Հիպոացիդ գաստրիտի ժամանակ լեզուն փոքրացած է, թելանման պտկիկները ապաճած, լեզվի մեջքի հատվածում փառը բացակայում է: Լեզվի մակերեսը փայլուն է, համային զգացողությունը խանգարված, լորձաթաղանթը չոր է:


Ստամոքսի և 12մատնյա աղիքի խոցային հիվանդությունների ժամանակ լեզուն պատված է մոխրագույն փառով, նկատվում է սնկանման պտկիկների գերաճ (հիպերտրոֆիա), թքարտադրությունը բարձր է , քաղցրի նկատմամբ զգացողությունը նվազած:


 Կոլիտի և էնտերիտի ժամանակ համի զգացողությունը խանգարված է: Լորձաթաղանթի վրա հաճախակի առաջանում են աֆտաներ:
 Ստամոքսի քաղցկեղի ժամանակ նվազում է քաղցրի և դառի նկատմամբ զգացողությունը, ամբողջ լեզուն պատված է հաստ սպիտակ փառով:


Խրոնիկ հեպատիտի ժամանակ նկատվում է լեզվի և բերանի խոռոչի լորձաթաղանթի պարեսթեզիա, այրոց բերանում: Քիմքի լորձաթաղանթը ունի  դեղնավուն երանգավորում :


Լյարդի ցեռոզի ժամանակ լեզուն այտուցված է, կողմնային և ստորին մակերեսները ցիանոտիկ, թելանման պտկիկները ապաճած, լնդերն արյունահոսում են, փափուկ քիմքը դեղնավուն է , հիվանդները գանգատվում են բերանի դառը համից և տհաճ հոտից:


Վիրուսային հեպատիտի ժամանակ բերանի խոռոչի լորձաթաղանթը չոր է,  երբեմն այտուցված, լեզվի մակերեսը վառ կարմիր գույնի, փայլուն է, թելանման պտկիկները ապաճած են: Հիվանդները գանգատվում են լեզվի այրոցից:

Ենթաստամոքսային գեղձի հիվանդություններ


Սուր պանկրեատիտի ժամանակ բերանի լորձաթաղանթը արյունալցված է, լավ արտահայտված է անոթային պատկերը: Լեզուն պատված է դեղնասպիտակավուն փառով, թելանման և սնկանման պտկիկները մեծացած են, հաճախ հանդիպում է էպիթելային շերտի շերտազատում լեզվի մեջքային հատվածում, աֆտոզ ստոմատիտ: Հիվանդը  գանգատվում է բերանի խոռոչի չորությունից և համի զգացողության խանգարումից:


Խրոնիկ պանկրիատիտի ժամանակ թելանման պտկիկները ապաճած են: Երբեմն զարգանում է բերանի խոռոչի կանդիդոզ: Դրա պատճառով շրթունքի կարմիր եզրագիծը ընդհատված է և բերանի անկյուններում առկա են խրոնիկ ճաքեր:


Շաքարային դիաբետով հիվանդների մաշկային ծածկույթը և լորձաթաղանթը չոր է , լնդերը գերաճած, լորձաթաղանթը և լեզուն մեծամասամբ բորբոքված: Հիվանդները գանգատվում են քորից՝ մարմնի տարբեր հատվածներում: Բթանում է համի զգացողությունը քաղցրի, աղի և թթվի նկատմամբ: Նրանք, ովքեր ունեն շաքարային դիաբետ ,հնարավոր է լորձաթաղանթի բորբոքում, իսկ բարձր ցուցանիշների ժամանակ՝ նույնիսկ նեխանեկրոտիկ խոցերի առաջացում և սպեցիֆիկ տհաճ հոտի առկայություն բերանի խոռոչից, որի պատճառ է հանդիսանում լորձաթաղանթի ծալքերում տեղակայված սնկային օջախները:


Վահանաձև գեղձի հիվանդություններ


Թիրեոտոքսիկոզ հիվանդների մոտ նկատվում են բազմաթիվ կարիոզ խոռոչներ հիմնականում տեղակայված հարվզիկային շրջանում: Թելանման պտկիկները հարթված են, կարող է հանդիպել էպիթելային շերտի անհավասարաչափ շերտազատում: Լեզուն  և թշի լորձաթաղանթը , այն հատվածում, որտեղ հպվում է ատամներին, մթագնած է:                                  

 

Հիպոթիրոզ  հիվանդների դեմքը, քիթը, շրթունքները այտուցված են, կոպերը գրեթե ծածկում են ակնային ճեղքը: Դեմքի արտահայտությունը անտարբեր է, դանդաղկոտ, լեզուն մեծացած է (մակրոգլոսիա), մաշկը և լորձաթաղանթը այտուցի հաշվին չոր է: Ատամների վրա բազմաթիվ կարիոզ խոռոչներ են տեղակայված հարվզիկային շրջանում: Մանկական hասակում կարող է ուշանալ ատամների  ծկթումը և քմային կարի ոսկրացումը:


Սիրտ-անոթային հիվանդություններ


Սրտի դեկոմպենսացված արատի ժամանակ լորձաթաղանթը այտուցված է, չոր, գունատ, քմային շրջանում և լնդեզրերին նկատվում է ցիանոտիկ երանգավորում, շրթունքները և շրջապատող հյուսվածքները ցիանոզ է: Հնարավոր է կատառալ ստոմատիտ: Լեզվի եզրերը անհավասարաչափ են , իսկ հատակը պատված է մոխրասպիտակավուն փառով, թուքը կպչուն է, լորձոտ է, բնորոշ է տհաճ հոտի առկայություն բերանի խոռոչից: Կարող է լինել մեծ մակերեսներով նեկրոտիկ վնասվածքներ, հեշտ արյունահոսում են:
Միոկարդի ինֆարկտ լորձաթաղանթը ցիանոտիկէ, վառ կարմիր երանգավորմամբ, լեզվի վրա առաջանում է ճաք, որը ցավոտ է, որը դժվարեցնում է խոսքը և սնունդ ընդունելը: Ստոմատոլոգի հետազոտման ժամանակ  հայտանաբերվում է ճաքեր, էռոզիաներ, արյունալցված պտկիկներ և ճաքեր միջպտկիկային հյուսվածքներում:


Հիպերտոնիկ հիվանդություն: Հաճախ առաջանում է բշտիկային սինդրոմը: Տարբեր մեծության արյունալցված բշտիկներ առաջանում են փափուկ քիմքի լորձաթաղանթին, լեզվի կողմնային հատվածում, թշերի լորձաթաղանթին, ատամների հպման երկայնքով:Բշտիկներն առաջանում են աննկատ, երբեմն ուտելու ընթացքում, մեծանալով պայթում ՝առաջացնելով էռոզիաներ: Պետք է կարողանալ տարբերակել բշտիկները անգիոմաներից: Երբեմն ենթալեզվային երակները լայնանում են:


Երիկամային հիվանդություններ


Սուր երիկամային անբավարարության ժամանակ լեզուն պատված է հաստ փառով: Հակում ունեն արագ ատամնաքարերի ձևավորման, որը ունի հատուկ շագանակագույն երանգավորում: Բերանի լորձաթաղանթը բորբոքված է, ընկճված է թքարտադրությունը:


Խրոնիկ երիկամային անբավարարության ժամանակ լորձաթաղանթը գունատ է, չոր, փխրուն, արագ վնասվում է խոզանակից կամ կոշտ սննդից: Երբեմն ամբողջ բերանի խոռոչի լորձաթաղանթը ունի դեղնավուն երանգավորում: Լեզուն չոր է, պատված է սպիտակ փառով:Հիվանդը նշում է տհաճ հոտի առկայություն բերանի խոռոչից: Կարող է գոյանալ բազմաթիվ հեմոռագիկ օջախներ լորձաթաղանթի վրա: Երբեմն կարող ենք հանդիպել կանդիդոզ օջախներ և հերպետիկ ցանավորում լորձաթաղանթի և շրթունքի վրա:

 

Հեղինակ՝ ստոմատոլոգ Ղ, Ալեքսանյան


ՄԵԴԼՅՈՒՔՍ առողջության կենտրոն

Լուսանկարը. dolgo-zivi.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ