Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Թվեր և փաստեր

Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս ԿԱՌԼԵՆ ԱԴԱՄՅԱՆԻ ծննդյան 70-ամյակը

Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս ԿԱՌԼԵՆ ԱԴԱՄՅԱՆԻ ծննդյան 70-ամյակը

2007 թ. հունվարի 19-ին հանդիսավոր կերպով նշվեց Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի նախագահ, ՀՀ Սրտաբանության ԳՀԻ տնօրեն, ՀՀ գլխավոր սրտաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Կառլեն Գրիգորի Ադամյանի ծննդյան 70-ամյակը։ Փորձենք ավելի մանրամասն ներկայացնել Ադամյան մարդուն և գիտնականին։

 

1962 թ. ռազմական բժիշկ Կառլեն Ադամյանի Սրտաբանության և սրտային վիրաբուժության ԳՀԻ ասպիրանտուրա ընդունվելը մեկընդմիշտ կանխորոշեց նրա հետագա ճակատագիրը` բուժել մարդկանց սրտերը։ Ամբողջովին նվիրվելով ընտրված մասնագիտությանը` Կառլեն Ադամյանը զարգացնում է իր ստեղծագործական հնարավորությունները և անցնում է փայլուն ճանապարհ` կրտսեր գիտաշխատողից մինչև ինստիտուտի տնօրեն (1979 թ.)։ Եվ մինչ օրս ֆունդամենտալ և գործնական սրտաբանության ասպարեզի ակնառու մասնագետ, փայլուն կլինիցիստ, առողջապահության փորձառու կազմակերպիչ Կառլեն Ադամյանը մշտապես զբաղվում է սրտաբանության կարևորագույն հարցերով։

 

Տարիների հեռվից նրան են ուղղված հազարավոր փրկված մարդկանց շնորհակալական հայացքները։ Այդ մարդկանցից յուրաքանչյուրին փրկելու համար տրվել է եռանդ, գիտելիք և մի մաս սեփական սրտի ջերմությունից։

 

Նշանավոր բժշկի մասնագիտական հետաքրքրասիրությունների շրջանակը լայն է։ Դրանք սկսվել են սրտի բնածին արատների հետ կապված հետազոտման ու բուժման մի շարք խնդիրների լուծմամբ, ինչը 1971 թ. ավարտվել է «Սրտամկանի  ֆունկցիոնալ վիճակը գունատ տիպի բնածին արատների ժամանակ վիրահատության ցուցումների և հակցուցումների լույսի ներքո» դոկտորական թեզի պաշտպանությամբ։ Լայն է ակնառու գիտնականի հետազոտությունների ոլորտը` սրտի իշեմիկ հիվանդության ախտորոշում և բուժում, սրտամկանի սուր ինֆարկտի կանխարգելում, սրտաբանության մեջ կլինիկոֆունկցիոնալ ուղղության զարգացում, սրտի ֆունկցիոնալ հարմարվողականությանը, անբավարարության զարգացմանը, սրտի արատների և իշեմիկ հիվանդության ժամանակ կլինիկական սրտաբանության մեջ կենսառիթմաբանական և իմունաբանական ուղղություններին նվիրված հետազոտություններ և այլն։

 

Հանդիսանալով հանրապետությունում սրտաբանության կանխարգելիչ ուղղության նախաձեռնողն ու կազմակերպիչը` հատուկ վաստակ ունի Հայաստանում բազմօղակ սրտաբանական ծառայության ստեղծման գործում։ Ադամյանի կողմից ստեղծված դիստանցիոն ախտորոշիչ կենտրոնի աշխատանքային փորձը ներդրվել է Խորհրդային Միության մի շարք հանրապետություններում։ Սրտանոթային հիվանդությունների ժամանակ ռադիոնուկլիդ հետազոտությունների եղանակների մշակման և ներդրման համար Կառլեն Ադամյանը իր գործընկերների հետ 1988 թ. արժանացել է Հայկական ԽՍՀ Պետական մրցանակի։

 

Հետազոտությունների արդյունքները ամփոփված են ավելի քան 350 գիտական աշխատություններում, 7 մենագրություններում, 6 գյուտերում, ավելի քան 50 զեկույցներում, որոնք ներկայացվել են Սրտաբանների համաշխարհային և եվրոպական գիտաժողովներում։ 1979 թ. մինչ օրս նա ղեկավարում է Հայաստանի սրտաբանների ընկերությունը, որը 1996 թ. ձևափոխվեց Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի։

 

Բեղմանվոր գիտնականի գործունեության բարձրագույն գնահատականն է 1996 թ. Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս ընտրվելը։

 

Կառլեն Ադամյանը աշխատանքային եռանդով լի, մշտապես որոնող և գործունյա անձնավորություն է։ Նա Հայաստանի խոշորագույն սրտաբանական գիտական հիմնարկության տնօրենն է, ՀՀ ԱՆ Առողջապահության Ազգային ինստիտուտի սրտաբանության ամբիոնի վարիչը, գլխավորում է նաև Առողջապահության նախարարության էթիկայի կոմիտեն և թերապիայի մասնագիտացված խորհրդի նախագահն է։

 

Ադամյան գիտնականը ակտիվորեն մասնակցում է նաև մասնագիտական պարբերականների խմբագրական աշխատանքներին։ Նա «Հայաստանի բժշկագիտություն» տեղեկագրի գլխավոր խմբագրի տեղակալն է, «Սրտաբանություն», «ԱՊՀ սրտաբանություն», «Ռուսաստանի սրտաբանական տեղեկագիր», «Հայկական բժշկական ռեֆերատիվ տեղեկագիր», «Արյուն» և այլ պարբերականների խմբագրական կոլեգիաների անդամ։

 

Այս տաղանդավոր, ճշմարիտ, հմայիչ մարդու համար բնորոշ են ոգևորությունը և պարզությունը, գերազանց պրոֆեսիոնալ կանխազգացումը, անմնացորդ նվիրումը գիտությանն ու մարդկանց։

 

Դժվար է թվարկել այն բոլոր պարգևներն ու կոչումները, որոնց արժանացել է հռչակավոր սրտաբանը` «Ժողովուրդների բարեկամության» և «Մխիթար Հերացու» շքանշաններ, բազմաթիվ պատվոգրեր, Սրտաբանների եվրոպական ընկերության պատվավոր անդամի  կոչման։

 

Ազատ ժամանակը Ադամյանը սիրում է անցկացնել իր ընկերների հետ` շախմատ խաղալով։ Ինչպես մեր զրույցի ժամանակ նշեց նրա սրտակից ընկերներից մեկը և շախմատային մշտական հակառակորդը` ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը, այդ մեծ սրտով մեծ մարդը կարող է հանձնվել խաղում, բայց երբեք` կյանքում։ Երևի դա նրա կարևորագույն հատկանիշն է, մինչև վերջ պայքարելու հատկությունը, որն օգնել է մեծ բշժկին և գիտնականին մասնագիտական 45 տարիների ընթացքում փրկել հազարավոր կյանքեր` թույլ չտալով, որ կանգ առնեն մարդկանց սրտերը...

Հեղինակ. Վահե Տեր-Մինասյան
Սկզբնաղբյուր. ՀՀ - Ամսագիր ''Ֆարմացևտ պրակտիկ'' 2-2007 (2)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ