Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Թվեր և փաստեր

Տեսողությունը, ժամանակակից աշխարհն ու կուրությունը. ankakh.com

Տեսողությունը, ժամանակակից աշխարհն ու կուրությունը. ankakh.com

Մենք ապրում ենք հարմարավետության ու տեխնիկական առաջընթացի ժամանակներում: Ամեն օր նոր սարքավորումեր են հայտնվում, որոնք ստեղծվում են մարդու կյանքը թեթևացնելու նպատակով: Ամեն ինչ ասես ստեղծված է միայն նրա համար, որ մարդն աշխատի առանց տնից դուրս գալու, երբեմն էլ` առանց տեղից շարժվելու: Յուրաքանչյուրը գոհ կլինի նման դասավորվածությունից, սակայն ոչ առողջությունը: Նման կենսակերպից առաջինը տուժում է առողջությունը, սակայն ամենաուժգին հարվածն աչքերին է բաժին հասնում:

 

Ի բնե աչքերը նման ճնշման սովոր չեն: Ի սկզբանե այդ օրգանը նախատեսված էր որսին հեռվից հեռու հետևելու համար: Իսկ ներկայում մարդն իր ժամանակի մեծ մասն անց է կացնում համակարգչի առջև, իսկ մնացածը` հեռուստացույցի մոտ:

 

Այսօր այլևս դժվար է կյանքն առանց այդ տեխնոլոգիաների պատկերացնել, ու մեզ մնում է միայն տեսողությունը բարելավող վարժություններ անել ու ճիշտ սնվել:

 

Մասնագետների առաջարկած ամենահասարակ ու ամենատրամաբանական խորհուրդը մի լավ քնելն է (առնվազն 8 ժամ): Յուրաքանչյուր մարդ նորմալ քնի պահանջ ու անհրաժեշտություն ունի:

 

Հաջորդը համակարգչի առջև աշխատելու պայմաններն են: Պետք է մոնիտորը տեղադրել լուսամուտի մոտ` ցերեկային ժամերին բնական լուսավորվածություն ունենալու համար, իսկ երեկոյան ժամերին անպատճառ լամպի լույսի առկայություն է անհրաժեշտ աչքերի վրա ճնշումը թուլացնելու համար: Գիշերը մթության մեջ աշխատելով՝ աչքերին հարկադրում եք դիմանալ մոնիտորի պայծառ լույսի ու շրջապատող մթության հակադրությանը: Նույնը վերաբերում է հեռուստացույց դիտելուն:

 

Որքան էլ տարօրինակ հնչի, շատ անհրաժեշտ է աչքերը հաճախակի թարթելը, քանի որ այդ կերպ աչքերը խոնավանում են, սակայն մոնիտորի առջև նստած, խոստովանենք, հաճախ ենք մոռանում դրա մասին, ուստի աչքերն ավելի սակավ են խոնավանում` հանգեցնելով գերլարվածության:

 

Համակարգչի առջև աշխատելիս մի մոռացեք գոնե 5-10 րոպե հանգստանալու մասին: Ցանկալի է, որ նման հանգիստը ժամը մեկ ունենաք:

 

Կան վարժություններ, որոնք օգնում են աչքերին.

 

-աչքերն արագ-արագ թարթել, ապա ուժեղ կկոցել ու հետո լայն բանալ: Օգնում է թուլացնելու լարվածությունը: Մի պայման էլ պետք է հիշել, այս վարժություններն իրար հետևից պետք է առնվազն 6 անգամ կատարել:

 

-Երկրորդ` թուլանում ենք ու փակում աչքերը, այնպես, որ լույս չթափանցի ու ափերով ծածկում կոպերը: Այդպես պետք է առնվազն 2 րոպե նստել:

 

-Հաջորդ վարժությունը աչքերի մկանների ամրացմանն է միտված: Նստում ենք ուղիղ ու նայում աջ, ապա` ձախ, հետո վերև, ապա` ներքև: Ապա ուղղահայած ու շրջանաձև: Մարզված մկանները կանխում են տեսողության հետ կապված հիվանդությունները:

 

-Կարող է տարօրինակ թվալ, սակայն երբ հոգնում են աչքերը, պետք է մարզել պարանոցը: Ընդարմացած պարանոցի պարագայում արյունը դանդաղ է ուղեղին մատակարարվում: Դրանով է պայմանավորված աչքերի շուտ հոգնելը. ուստի ժամանակ առ ժամանակ վեր կենալն ու քայլելը, աջ ու ձախ թեքվելը նպաստում է, որ արյունը մղվի դեպի վեր:

 

Սակայն վարժանքներից բացի, կան մթերքներ, որոնք նպաստում են աչքերի առողջությանը: Հաճախ են ասում, որ ամենալավը հապալասն է. այդ անտառային հատապտուղը սուր տեսողություն է ապահովում: Հապալասից մուրաբան նույնպես կարող է օգնել ձմռան սեզոնին, քանի որ մուրաբայի տեսքով էլ այն չի կորցնում իր զորությունը:

 

Այս ցուցակում երկրորդ մթերքը գազարն է, որն օգնում է մթության մեջ կամ էլ վատ լուսավորության պայմաններում տեսնել: Համեղ է աղցանի տեսքով կամ էլ ձեթով: Երկրորդ տարբերակով ավելի հեշտ է յուրացվում օրգանիզմում: Մեծ օգուտ է տալիս գազարի պարունակած B2 վիտամինը:

 

Ընկույզների օգնությամբ կարելի է խուսափել կատարակտից:

 

Նվազ օգուտ չի տալիս նաև բոլոր ցիտրուսայինների С վիտամինը:

 

Կան մթերքներ էլ, որոնք փչացնում են տեսողությունը. դրանցից են սուրճը` մեծ քանակության դեպքում ու էներգետիկ ըմպելիքները: Սուրճը բարձրացնում է աչքի ճնշումը, ուստի, մեծ քանակությունն էլ կարող է գլաուկոմայի զարգացման հանգեցնել: Նորմալ է օրական 3 բաժակը:

 

Հետաքրքիր փաստեր

 

1. Աչքը կշռում է մոտ 7 գ, իսկ տրամագիծը գրեթե բոլոր մարդկանց մոտ հավասար է 24 մմ-ի:

 

2. Բոլոր երեխաները ծնվում են մոխրա-երկնագույն աչքերով ու միայն 2 տարուց են աչքերն իսկական գույնը ստանում:

 

3. Աչքերի ամենահազվագյուտ գույնը կանաչն է: Երկրի բնակչության միայն 2%-ն ունի կանաչ աչքեր:

 

4. Երկնագույն աչքերով բոլոր մարդիկ կարող են հարազատներ համարվել, քանի որ աչքերի այդ գույնը HERC2 գենի մուտացիայի արդյունք է, որի պատճառով գենը կրողների մոտ աչքի ծիածանաթաղանթում մելանին քիչ է մշակվում (դրանով է պայմանավորված աչքերի գույնը): Այդ մուտացիան առաջացել է 60 հազար տարի առաջ, Սև ծովի հյուսիսարևմտյան ափակողմում: Ավելի հստակ` այնտեղ, որտեղ ներկայիս Օդեսան է:

 

5. Մարդկանց 1%-ի մոտ աջ ու ձախ աչքերի ծիածանաթաղանթները տարբեր են:

 

6. Տեսողությունը ստուգելու հասարակ թեստ. գիշերը նայեք երկնքին, գտեք Մեծ արջ համաստեղությունը ու շերեփի պոչի մեջտեղի աստղի կողքին փորձեք տեսնել ոչ մեծ ու հստակ մի աստղ: Եթե տեսաք, ապա ձեր տեսողությունը կարելի է նորմալ համարել: Այս մեթոդը կիրառել են հին արաբները:

 

7. Մարդու աչքն ունակ է 10 մլն գույն ու մոխրագույնի 500 երանգ տարբերել: Սակայն գործնականում լավ արդյունք է համարվում նաև 150 գույնի տարբերակումը (այն էլ` տևական մարզումներից հետո):

 

8.Յուրաքանչյուրի ծիածանաթաղանթն անհատական է, դրանով կարելի է նույնականացում կատարել:

 

9.Ամենաբաց գույնի աչքեր ունեն Մերձբալթիկայի, Հյուսիսային Լեհաստանի, Ֆինլանդիայի ու Շվեդիայի բնակիչները; Իսկ ամենաշատ մուգ աչքերով մարդիկ բնակվում են Թուրքիայում ու Պորտուգալիայում:

 

10. Ճիշտ է, արցունքը միշտ է հոսում` խոնավեցնելով աչքերը, այդուհանդերձ լալիս ենք ավելի հազվադեպ: Կանայք , օրինակ, լաց են լինում տարեկան միջինը 47 անգամ, իսկ տղամարդիկ` 7, հաճախ` 18:00-20:00-ի արանքում, 77%-ը տանը և 40%-ը միայնության մեջ: 88%-ի դեպքում լացը հանգստացնում է:

 

11.Մարդն աչքերը թարթում է միջինը 4 վայրկյանը մեկ (րոպեում` 15 անգամ), իսկ թարթելը տևում է 0,5 վրկ: Ստացվում , որ 12 ժամում մարդն աչքերը թարթում է 25 րոպե: Կանայք 2 անգամ ավելի շատ են թարթում աչքերը, քան տղամարդիկ:

 

12.Մարդը 150 թարթիչ ունի վերին ու ստորին կոպերին:

 

13. Աչքերը բաց անհնար է փռշտալ:

 

Հանրահայտ կույրերը

 

Լրիվ կուրություն է որակվում այն վիճակը, երբ մարդը ոչ մի կերպ չի արձագանքում լույսին, սակայն գոյություն ունի գործնականում կույր հասկացություն, որը հնարավորություն է տալիս տեսողական ոչ նշանակալի որոշ տեղեկություն ստանալ: Տարբեր են կուրության ու կուրանալու պատճառները. մարդը կարող լույս աշխարհ գալ արդեն կույր կամ էլ կուրանալ կյանքի տարբեր փուլերում, հիվանդության կամ էլ վնասվածքների հետևանքով:

 

Շատ ճանաչված մարդիկ կան, որոնց կուրության մասին անգամ չենք էլ ենթադրել, քանի որ դա նրանց չի խանգարել ստեղծել ու արարել հոգու աչքերով ու ձայնով:

 

Նիկոլայ Լոբաչևսկի. ռուս մեծ մաթեմատիկոսն իր վերջին աշխատանքը թելադրել է իր աշակերտներին, քանի որ հիվանդ էր ու կուրացել էր:

 

Դևիդ Բլանկետ. Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարարն էր Թոնի Բլերի օրոք: Նրա նշանակումն այդ պաշտոնում մեծ աղմուկ հանեց. առաջին անգամ էր, որ ի ծնե կույրը նման պաշտոն զբաղեցրեց:

 

Ժոզեֆ Պուլիտցեր. նրա անունով է կոչվում ամենահեղինակավոր ամենամյա լրագրողական մրցանակը: Նա ծնվել է 1847-ին, հունգարական Մակոյում: 17 տարեկան էր, որ ընտանիքով ԱՄՆ գաղթեցին, իսկ 1887-ին նա լրիվ կուրացավ ու ստիպված էր հեռանալ «New York World»-ի գլխավոր խմբագրի պաշտոնից: 1911-ին Պուլիտցերը մահացավ, իսկ նրա կարողությունից 2 մլն դոլար տամադրվեց Կալիֆոռնիայի համալսարանին, որ այնտեղ Լրագրողների բարձրագույն դպրոց բացվի:

 

Անդրեա Բոչելի. օպերային ժամանակակից արվեստի ամենահայտնի անուններից է: Ծնվել է 1958-ին, Լայաթիկոյում: Կուրացել է 12 տարեկանում, ֆուտբոլային խաղի ժամանակ գլխին ստացած գնդակի հարվածից:

 

Այս շարքում են Գալիլեո Գալիլեյը, Սթիվի Ուոնդերը, Ռեյ Չարլզը, Հելեն Քելլերը, Հոմերոսը, Վանգան ու Լուի Բրայլը:

 

Լուի Բրայլի անունը հայտնի է կուրություն ունեցող մարդկանց: Ծնվել է 1809-ին Ֆրանսիայի Կուվր քաղաքում: 3 -ամյա Լուին հոր արհեստանոցում գործիքով վնասվել է: Վերքից վարակ է անցել, ու հետևանքը լրիվ կուրացումն էր: Այն ժամանակներում կույրերի համար պայմաններ գրեթե չկային, ու ծնողները Լուիին ստիպված սովորական դպրոց ուղարկեցին, որտեղ նա սովորում էր բացառապես հիշողությամբ: Այդ պակասը նրան ստիպեց ստեղծել այն այբուբենը, որն այսօր գործածում են ողջ աշխարհի կույրերը:

Սկզբնաղբյուր. ankakh.com
Լուսանկարը. doctorpiter.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ