Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ֆարմացևտ պրակտիկ 9.2007 (6)

Երեվան քաղաքում ''շնչելը վտանգավոր է'' առողջության համար

Երեվան քաղաքում ''շնչելը վտանգավոր է'' առողջության համար

Կարծում ենք, որ Նիկոլաս Ջոզեֆ Կագնոտը 1769 թ., ստեղծելով աշխարհում առաջին ավտոմեքենան, երևի անգամ չէր էլ պատկերացնում, որ մի քանի հարյուր տարի անց իր հայտնագործության ավելի ժամանակակից տարբերակները կողողեն ամբողջ աշխարհը և կդառնան երկիր մոլորակի աղտոտման հիմնական պատճառներից մեկը։

 

Մարդկության զարգացման հետ սկսեց մեծանալ նաև վարորդների բանակը, որին անդամակցելու հայտ է ներկայացնում տարեկան մոտ 30 հազ. քաղաքացի միայն մեր հանրապետությունում։ Հենց այսքան ավտոմեքենա է ներկրվում մեր երկիր վերջին տարիներին։ Ցավոք, ավտոմեքենաների առք ու վաճառքի առումով Հայաստանը գտնվում է «խայտառակ» վիճակում, քանի որ մեր երկրից ընդհանրապես ավտոմեքենաներ չեն արտահանվում։ Սա արդեն բերում է նրան, որ Հայաստան ներկրված ցանկացած փոխադրամիջոց «ծառայում է» իր տիրոջը «մինչև վերջին շունչը»։

 

Չմոռանանք, որ որքան մեքենան հին է, նույնքան ավելի շատ են նրա կողմից մթնոլորտ արտանետվող վնասակար նյութերը։ Զարգացած երկրներում այս հարցը համեմատաբար լուծելի է։ Եվրոպական երկրներում առավելագույնս խրախուսվում է հին ավտոմեքենաների արտահանումը և նորերի ձեռքբերումն ու ներմուծումը։ Սա պայմանավորված է հասարակության նյութական բարեկեցության բարձր մակարդակով և «խելացի» հարկային ու մաքսային քաղաքականությամբ։ Հեռու չգնալու համար կարող ենք համեմատություն անցկացնել հարևան երկրներից` Վրաստանի և Ռուսաստանի հետ։ Առաջին իսկ հայացքից աչքի է զարնում վրացական իշխանությունների ճկուն քաղաքականությունը, որը չնչին տոկոսադրույք է սահմանել ներկրվող մեքենաների համար։ Նույն այս պատճառով արդեն հնացած մեքենաների փոխարեն Վրաստանի միջին խավը կարողանում է գնել ավելի «թարմ» և ուրեմն էկոլոգիական տեսակետից շատ ավելի տանելի ավտոմեքենաներ` հները վաճառելով ոչ այլուր, քան... Հայաստան։

 

Ցավալի է, բայց փաստ, որ Վրաստանից Հայաստան հնամաշ ավտոմեքենաներ տեղափոխելը բիզնեսի բավականին ծաղկող տեսակ է։ Այլ պատկեր է տիրում ռուսական բիզնեսի շուկայում, ուր ներկրվող մեքենաների համար գանձվող մաքսային գումարները բավականին բարձր են և գրեթե համարժեք հայկականին։ Սակայն, ի տարբերություն մեր չինովնիկների, ռուսական իշխանությունները ունեն տրամաբանական բացատրություններ այս հարցի վերաբերյալ։ Ռուսաստանը լուրջ մեքենաշինություն ունեցող երկիր է և ամեն գնով ցանկանում է պահպանել և խթանել հայրենական արդյունաբերությունը։ Այսինքն, Ռուսաստանի քաղաքացին ունի պարզ երկընտրանք` մատչելի գներով ձեռք բերել հայրենական արտադրության չորս ակնանի «բարեկամ», կամ, վճարելով շատ ավելի բարձր մաքսային տոկոսադրույք, «ընկերանալ» արտասահմանյան փոխադրամիջոցի հետ։

 

Այսքանից հետո առնվազն զավեշտալի են մեր` հայկական մաքսային կառույցների այն հայտարարությունները, թե մեր երկրում գործող մաքսային տոկոսադրյուքները համապատասխանում են միջազգայիններին և օրինակ. նման են ռուսատանյան չափանիշներին։ Կարծում ենք, որ լավ կլիներ նաև մատնացույց անել հայրենական այն արտադրողին, որը կստեղծեր այլընտրանք։ Գուցե այդպիսին կարող էր լինել «ԵՐԱԶ» գործարանը, և մենք բոլորս, հայրենասիրական մղումներից դրդված, կանցնեինք այս փոխադրամիջոցով երթևեկելուն։ Ցավոք, այս գործարանը վաղուց արդեն պատմության գիրկն է անցել և միայն մեր երազներում է ավտոմոբիլ արտադրում։ Իսկ մինչ այդ Հայաստանը տարեց-տարի ավելի ու ավելի է «հարստանում» տարբեր երկրներից «վտարված» ավտոմեքենաներով, որոնք խեղդամահ են անում բոլորիս, այդ թվում` նման որոշումներ ընդունող չինովնիկներին։

 

P.S.
Չունենալով խորը գիտելիքներ մաքսային մարմինների կառավարման ոլորտում` փորձենք հանդես գալ մի փոքրիկ առաջարկով։ Կարծում ենք, որ ներկրվող ավտոմեքենաների համար գանձվող գումարը կարելի է նվազեցնել, 10-15 տարեկանից հին ավտոմեքենաների ներկրումը ընդհանրապես արգելել։ Թվում է` այս պարզ եղանակով հնարավոր կլնինի ինչ-որ չափով լուծել անվտանգության ու էկոլոգիական հավասարակշռության պահպանման՝ այնքան անլուծելի թվացող հարցերը

Հեղինակ. Վահե Տեր-Մինասյան
Սկզբնաղբյուր. ՀՀ - Ամսագիր ''Ֆարմացևտ պրակտիկ'' 9-2007 (6)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ