Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ֆարմացևտ պրակտիկ 3.2007 (3)

Զրույցներ

Զրույցներ

Երիտասարդ արվեստագետ Սուրեն Համբարձումյանը մեզ է տրամադրել իր ստեղծագործական զինանոցից գործեր, որոնք համահունչ լինելով մեր կողմից որդեգրած մոտեցումներին, աչքի են ընկնում իրենց գեղագիտական մոտեցումներով։


Գեղանկարիչ, գրող Սուրեն Համբարձումյանը ուսանել է Երևանի գեղարվեստական մասնագիտական հաստատություններում, 2001թ. ՀՀ Նկարիչների միության և ՅՈՒՆԵՍԿՈ-ի անդամ է, ունեցել է բազում անհատական ցուցահանդեսներ ՀՀ-ում և արտերկրում։


Նրա նկարները գտնվում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գանձարանում, Հայաստանի Ազգային պատկերասրահում, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի և այլ երկրների մասնավոր հավաքածուներում։ Վերջերս հրատարակվել են նրա ստեղծագործությունների ալբոմը և էսսեների գիրքը։


Հուսով ենք Սուրեն Համբարձումյանի` ճիշտ ժամանակին ուղղված արձագանքը կընդունվի ընթերցողի կողմից և կգտնի իր համախոհներին։


ԶՐՈՒՅՑՆԵՐ "ԳԵՂԵՑԻԿԻ" ՄԱՍԻՆ

 

Նեղ փողոցի անկյուններից մեկում փռվել էր Աղբը։ Նա իր ողջ ծավալով գրավել էր մայթն ու, զննելով անցորդներին, որսում էր իրեն ուղղված չարամիտ հայացքները։ Աղբը լավ էր նկատում, թե ինչպես են մարդիկ զզվանքով նայում ու զանազան հայհոյանքներ հղում իրեն։


Գոռում էր Աղբը, ճչում էր, բայց` զուր։ Չար էին մարդիկ։ Նրանք չէին հասկանում, որ գեղեցկությունը գեղեցիկի մեջ չէ միայն, որ Աղբն էլ է գեղեցիկ, նա էլ է շնչում, զգում յուրաքանչյուր վայրկյանը, ապրում դարին համահունչ, օգնում բազմաթիվ մարդկանց, կենդանիների...


Գոռում էր Աղբը, ճչում` ցուցադրելով իր մարմնի բարեմասնությունները, գայթակղում անցորդներին, բայց` զուր...


Կույր էին անցորդները, չէին տեսնում ոչինչ։ Հառաչում էր   Աղբը, և նրա հառաչանքը լսվում էր ամենուր, ու նրանից փախչում էին թե՛ ծեր, թե՛ մանուկ...
Մահանում էր Աղբը. ծերացել էր Նա...

 

Ես քեզ կասեմ, հարգարժան իմ ընթերցող, գեղեցիկ է ամեն ինչ` ցեխը, չորացած հողը, ճաքած պատը և նույնիսկ... Եվ նույնիսկ` աղբը։


Ոչ՞, համամիտ չես՞, ինչու՞...


Չէ՞ որ գեղեցիկ չէ միայն այն, ինչում մենք գեղեցկություն չենք տեսնում։


Հա՞, երևի դու ևս ցեխի կամ աղբի մեջ չտեսար գեղեցկություն...


- Ո՛չ, դու պարզապես չես սիրում ցեխը, որովհետև նայելով նրան` հիշում ես, թե ինչպես մի անգամ քո նոր կոշիկներով մտար այնտեղ, և կոշիկներդ պատվեցին ցեխով։ Բայց մեղավոր չէր ցեխը, մեղավոր էիր դու, քանզի դու էիր անուշադիր...


Դու չես սիրում չորացած հողը, քանզի նայելով նրան` դու սարսափ ես ապրում քո այն մտքից, որ այլևս անձրև չի տեղա, ու դու տապից կմահանաս։

 

Բայց մեղավոր է ոչ թե հողը, այլ քո ուղեղը, որ նման բաներ է մտածում...


Դու չես սիրում ճաքած պատը, քանզի նրան նայելիս` քեզ թվում է, թե ուր որ է կքանդվի, կամ ճեղքից դուրս կգան զանազան միջատներ, որոնցից դու զզվում ու վախենում ես։ Բայց մեղավոր չէ պատը, մեղավոր է քո անհեթեթ երևակայությունը...


Օ՜, դու չես սիրում նորին գերազանցություն Աղբը։ Ինչպիսի՜   զզվանք ես ապրում նրան նայելիս։ Հիշում ես փողոցները, ուր աղբամաններն արդեն չեն երևում աղբի հսկա սարերի տակ։ Դու հիշում ես նրա "բույրը", որ ուղեկցում է քեզ, և դու փակում ես քո արիստոկրատ քիթը, որ սովոր է միայն տապակաների հոտին, որ կդիմանա ցանկացած հոտի, բայց ոչ աղբի "բույրին"։


Ես քեզ կասեմ, հարգարժա`ն իմ ընթերցող, գեղեցիկ է ամեն ինչ` ցեխը, չորացած հողը, ճաքած պատը և նույնիսկ...


Եվ նույնիսկ աղբը... Ինչու՞ ես նյարդայնանում. չէ՞ որ մենք զրուցում ենք, մենք պարզապես փորձում ենք պարզել, թե ի՞նչ է գեղեցիկը...

Հեղինակ. Արվեստագետ Սուրեն Համբարձումյան
Սկզբնաղբյուր. ՀՀ - Ամսագիր ''Ֆարմացևտ պրակտիկ'' 3-2007 (3)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ