Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ֆարմացևտ պրակտիկ 2.2007 (2)

Ինչպե՞ս խնամել մաշկը ձմռանը: Ձեռքերի խնամքը

Ինչպե՞ս խնամել մաշկը  ձմռանը: Ձեռքերի խնամքը

Որքան էլ տարօրինակ թվա, ցուրտն ու քամին ավելի շատ են չորացնում մաշկը, քան ամենակիզիչ արևը։ Ահա թե ինչու ձմռանն առավել ուշադիր պետք է լինել մաշկի հանդեպ, քան ամռանը։

 

Օրինակ` ձմռանը ցանկալի է լվացվել տանից դուրս գալուց առնվազն մեկ ժամ առաջ. սաստիկ սառնամանիքին ավելի լավ է ընդհանրապես չլվացվել, պարզապես դեմքը մաքրել դիմային կաթի մեջ թրջած բամբակով ու խնամքով չորացնել սրբիչով, մաշկը մերսել սնուցող դիմամածուկով (միայն ոչ խոնավացնող)` առավելապես հաստ շերտ քսելով աչքերի տակ։

 

ԵԹԵ ՄԱՇԿԸ ՍԿՍԵԼ Է ԹԵՓՈՏՎԵԼ...

 

Եթե դեմքի մաշկը ձգվել է, դարձել չոր ու թեփոտ, այդժամ, տուն գալով, ցանկալի է դեմքին տաք կոմպրես դնել. սրբիչը կամ անձեռոցիկը թրջել տաք սոդայաջրի կամ երիցուկի ու անանուխի եփուկի մեջ, քամել և 2-3 րոպե պահել դեմքին։ Այնուհետև դեմքին քսել ձվի դեղնուցից և մեկ թեյի գդալ բուսական յուղից պատրաստված դիմակ, պահել 15-20 րոպե, վերջում լվանալ սառը ջրով։


Դեմքի թեփոտման դեմ կարելի է պայքարել նաև հետևյալ պարզ դիմակի օգնությամբ. 2-3 ճաշի գդալ տաքացրած բուսական յուղը խառնել աղացած "Հերկուլեսին", քսել դեմքին և 2-3 րոպե մերսել օվալաձև շարժումներով։ Վերջում դեմքը լվանալ տաք ջրով։


Քթի ցրտահարության դեպքում հարկավոր է կարտոֆիլը կճեպով եփել, տրորել, ստացված զանգվածը մառլյայի մեջ փաթաթել ու պահել քթի վրա այնքան, մինչև սառչի։ Ցրտահարված քիթը կարելի է շփել նաև կամֆորայի սպիրտով, թեթև մերսել, այնուհետև քսել սագի, հավի կամ բադի յուղ. կարելի է օգտագործել նաև մասուրի կամ նիվենու յուղ։


Ցածր ջերմաստիճանը և քամին չեն խնայում նաև շուրթերը։ Շուրթերի եզրերը սկսում են թեփոտվել, գունաթափվել, իսկ մաշկը կարմրում է։ Հաճախ շուրթերին ճաքեր են հայտնվում։ Այս ամենից խուսափելու համար խորհուրդ է տրվում տանից դուրս գալիս հաստ շերտով շրթներկ քսել։


Երբեմն կիզիչ արևից, լույսից և քամուց կոպերը կարմրում, ուռչում և բորբոքվում են։ Նման դեպքերում հարկավոր է աչքերը լվանալ բորաթթվի տաք լուծույթով (մեկ բաժակ եռացրած ջրին ավելացնել կես թեյի գդալ բորաթթու) կամ տաք թեյի թուրմով։

 

Ցածր ջերմաստիճանի և բարձր խոնավության պայմաններում մարմնի մաշկին կարող են առաջանալ "սարսռուկներ"։ Արդյունքում մաշկը ձգվում է, այտուցվում, դառնում սառն ու փայլուն։ "Սարսռուկների" առաջին իսկ նշանների դեպքում հարկավոր է մարմնի վնասված մասերը ընկղմել հաջորդաբար գոլ և սառը ջրում։ Կանխարգելիչ նպատակներով խորհուրդ է տրվում ամեն առավոտ մարմնի ցրտահարված մասերը շփել սառույցով, այնուհետև մերսել կամֆորայի յուղով։

 

ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԵՆՔ ՄԱՐՄԻՆԸ

 

Ինչ խոսք, տարվա ցուրտ եղանակին քամուց և սառնամանիքից առավելապես վնասվում են մարմնի բաց մասերը, բայց դա չի նշանակում, որ փակ հատվածները խնամքի կարիք չունեն։ Ձմռանը մաշկը թաքնված է հագուստի մի քանի շերտով և վատ է շնչում։ Հետևաբար, գերադասելի է բնական նյութից պատրաստված ներքնահագուստ կրել։ Տարվա այս եղանակին մաշկին օգտակար են խոնավացնող քսուքները, լոսյոնները և սնուցող կաթերը։ Բուրումնայուղերով լոգանքները, սաունան և մերսումները մարմնի ձմեռային խնամքի բաղկացուցիչ մասերն են, սակայն խորհուրդ չի տրվում չարաշահել տաք լոգանքները` հատկապես չոր մաշկ ունեցող կանանց։

 

Պաշտպանող քսուքներ

 

Ձմռանը մաշկը կարիք ունի պաշտպանվելու ցածր ջերմաստիճանից և քամուց։ Ուստի մաշկի խորը վնասվածքներից խուսափելու համար անհրաժեշտ է օգտագործել պաշտպանող քսուքներ։

 

Պաշտպանող քսուք չոր և նորմալ մաշկի համար.
1 թեյի գդալ կետի ճարպի (սպերմացետ) կամ բրդաճարպի (լանոլին) քսուք, 1 թեյի գդալ ցինկի քսուք, 1 թեյի գդալ բուսական (ցանկալի է ձիթապտղի) յուղ։

 

Պաշտպանող քսուքներ յուղոտ մաշկի համար.
1 թեյի գդալ ցինկի քսուք, 1 թեյի գդալ բուսական (ցանկալի է ձիթապտղի) յուղ։
1 թեյի գդալ որևէ յուղոտ քսուք խառնել 1 թեյի գդալ սագի կամ խոզի ճարպին կամ ձիթապտղի յուղին։

 

Ձեռքերի խնամք


Ձեռքերի խնամքը չի սահմանափակվում մատնահարդարմամբ. կարևոր է քսուքների հաճախակի օգտագործումը, իսկ տաք ջրի և հակաբակտերիալ օճառի կիրառումը հարկավոր է հնարավորինս կրճատել։

 

ՁՄԵՌԱՅԻՆ ԴԻՄԱԿՆԵՐ


Ձմռանը պետք է մեծ ուշադրություն դարձնել դիմակներին, որոնք պարտադիր կերպով պետք է հագեցած լինեն յուղերով, ձվի դեղնուցով, կաթնաշոռով և վիտամիններով։ Ցանկացած դիմակ ավելի արդյունավետ կլինի, եթե դրան նախորդի թեյի, աղային լուծույթի կամ կաթի որևէ թրջոց։

 

Յուղոտ մաշկի համար.
Կեֆիրային (կաթնաթթվային). 1 ճաշի գդալ կեֆիր, 1 ճաշի գդալ կաթնաշոռ
Խնձորասպիտակուցային. 1 մանր քերած խնձոր, 1 ձվի սպիտակուց

 

Նորմալ մաշկի համար.
Յուղադեղնուցային. 1 հում ձվի դեղնուց, 1 թեյի գդալ գլիցերին, 1 մանր քերած խնձոր
Կեֆիրային. 1 ճաշի գդալ կեֆիր, 1 ճաշի գդալ վարսակալյուր։

 

Բոլոր վերոհիշյալ դիմակները 15 րոպե պահել դեմքին և լվանալ։

 

Չոր մաշկի համար.
Յուղադեղնուցային. 2 թեյի գդալ մրգա-հյութ (խնձորի, կիտրոնի կամ թուրինջի), կես ձվի դեղնուց (հում), 2 թեյի գդալ յուղոտ կաթնաշոռ, 1 թեյի գդալ բուսական յուղ: Պատրաստաված դիմակը պահել 20 րոպե, դեմքը լվանալ և մերսել սնուցող քսուքով։

Սկզբնաղբյուր. ՀՀ - Ամսագիր ''Ֆարմացևտ պրակտիկ'' 2-2007 (2)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ