Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ֆարմացևտ պրակտիկ 3-4.2009 (15)

Իսահակ Գրիգորի Իսահակյան (1904-1985). վնասվածքաբան-օրթոպեդ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Իսահակ Գրիգորի Իսահակյան (1904-1985). վնասվածքաբան-օրթոպեդ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Իր ժամանակների վառ անհատականություն Իսահակ Գրիգորի Իսահակյանի ավանդը մեծ էր բժշկության բնագավառում։ Նա մեծ աշխատանք է տարել հանրապետությունում վնասվածքաբանության և ոսկրաբուժության զարգացման գործում, պատրաստել տասնյակ մասնագետներ։

 

10 տարի ղեկավարել է Հայաստանի վնասվածքաբանների և օրթոպեդների գիտական ընկերությունը, 15 տարի անընդմեջ եղել է Վիրաբույժների ընկերության վարչության, Վնասվածքաբանների և օրթոպեդների համամիութենական գիտական ընկերության վարչության, ինչպես նաև «Օրթոպեդիա, վնասվածքաբանություն և պրոթեզավորում» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ։ Գիտնականը հեղինակ է 3 մենագրությունների, 78 գիտական աշխատությունների («Մանկական վնասվածքները և դրանց նախականխումը», «Տրավմատոլոգիայի և օրթոպեդիայի համառոտ ձեռնարկ» և այլն)։ Նա երկու տասնյակ ատենախոսական թեզերի գիտական ղեկավար է եղել, մասնակցել է օրթոպեդիայի վերաբերյալ միջազգային կոնգրեսների (ԱՄՆ, Հունգարիա), արժանացել «Կարմիր աստղ», «Պատվո նշան» շքանշանների և մի շարք մեդալների, այդ թվում նաև` Ն.Ի.Պիրոգովի անվան մեդալի։


Իսահակ Գրիգորի Իսահակյան (1904-1985). վնասվածքաբան-օրթոպեդ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսորԻ.Գ. Իսահակյանը ծնվել է 1904 թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանի գեղատեսիլ լեռնաշխարհում` Զանգեզուրում։ Դեռ պատանի հասակում հոր հետ տեղափոխվում է Բաքու, որտեղ ստանում է սկզբնական կրթություն ու 1923 թ. ընդունվում տեղի համալսարանի բժշկական ֆակուլտետը, ապա կրթությունը շարունակում Մոսկվայի համալսարանում, որի բժշկական ֆակուլտետն ավարտում է 1928 թ. և առաջարկ ստանում մնալ պրոֆեսոր Ա.Վ.Մարտինովի կլինիկայում։ Սակայն հայրենիքի նկատմամբ ունեցած սերը նրան ստիպում է վերադառնալ Հայաստան։ Զանգեզուրում 3 տարի աշխատում է որպես գյուղական բժշկական տեղամասի վարիչ։


1931թ. տեղափոխվում է Երևան և նշանակվում Բժշկական ինստիտուտի օպերատիվ վիրաբուժության ու տեղագրական անատոմիայի ամբիոնի ասիստենտ, որը ղեկավարում էր Ք.Ա.Պետրոսյանը։


1938 թ. զորակոչվում է բանակ ու ծառայում բժշկական ծառայության տարբեր ստորաբաժանումներում։


Հայրենական պատերազմի տարիներին աշխատում է որպես էվակոհոսպիտ ալի վիրաբուժական ծառայության պետ։ Պատերազմից հետո Ի.Իսահակյանը, հաշմանդամների բուժման նպատակով, պրոֆեսոր Ք.Պետրոսյանի ղեկավարությամբ, հիմնադրում է հանրապետության վնասվածքաբանության և ոսկրաբուժության գիտահետազոտական ինստիտուտը, որտեղ սկզբնական շրջանում աշխատում է որպես բաժնի վարիչ, իսկ հետո, մինչև 1970 թ.-ը, ինստիտուտի տնօրեն։ Հենց այստեղ էլ դրսևորվում է նրա տաղանդը` որպես հետազոտողի, վիրաբույժի, գիտնականի և կազմակերպչի։ Այդ նույն ժամանակաշրջանում նա միաժամանակ հանրապետության Առողջապահության նախարարության գլխավոր օրթոպեդ-վնասվածքաբանն էր։ Նրա ջանքերի շնորհիվ Երևանում հիմնադրվեցին վնասվածքաբանական կետեր, իսկ շրջաններում` ստացիոնար բաժանմունքներ։


Ի մի բերելով պատերազմի տարիների իր հարուստ փորձի տվյալները, Իսահակյանը 1946 թ. պաշտպանեց «Ձեռքի և մատների հրազենային վնասվածքների բուժումը» թեմայով թեկնածուական ատենախոսությունը։


Հետագայում, շարունակելով իր գիտահետազոտական աշխատանքները, նա ուշադրությունը կենտրոնացնում է սրունքի ծայրատման հարցերի վրա, մշակում սրունքի ծայրատման և կրկնակի ծայրատման յուրատեսակ ու ուշագրավ եղանակ, որի շնորհիվ կանխվում է մաշկային սպիի սերտաճումն ստորադիր հյուսվածքների հետ, դրանով ապահովվում ծայրատի սպիի շարժունակությունը` միաժամանակ ստեղծելով ֆունկցիայի ու հենման տեսակետից պիտանի ծայրատ։ Գիտնականն առաջարկել է նյարդի մշակման նոր եղանակ։ Ամփոփելով իր կատարած աշխատանքները, 1952 թ. պաշտպանում է «Սրունքի ֆունկցիոնալ-պլաստիկ ծայրատում և կրկնածայրատում» թեմայով դոկտորական ատենախոսությունը։


Իսահակ Գրիգորի Իսահակյան (1904-1985). վնասվածքաբան-օրթոպեդ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսորԻ.Իսահակյանը Երևանի բժշկական ինստիտուտի վնասվածքաբանության, ոսկրաբուժության և ռազմադաշտային վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր էր։ Նա հաճախ պարապմունքներն անցկացնում էր իր կաբինետում։ Այդ տարեց, ալեհեր մարդը շարունակում էր մնալ հոգով երիտասարդ ու եռանդուն։ Նա կարճ ժամանակահատվածում ձգտում էր ապագա բժիշկներին փոխանցել իր երկար տարիների ընթացքում կուտակած պրոֆեսիոնալ գիտելիքների վիթխարի պաշարը։


Իսահակյանը չափազանց աշխույժ և կատակասեր մարդ էր։ Շատ էր սիրում կյանքը, մարդկանց, մարդիկ էլ` նրան։ Աջակցում էր բոլորին, ով ուներ իր օգնության կարիքը։ Մի անգամ նրան զանգեց ինչ-որ մեկը և ներկայացավ իր կոչումներով, նա լսեց, վերջում
հարցրեց. «Դուք ավարտեցիք թվել ձեր կոչումները` ցտեսություն» և անջատեց հեռախոսը։ Նորից զանգեցին, պատասխանեց.»Ինձ բոլորովին հետաքրքիր չեն ձեր կոչումները, ասացեք ինչ է ձեզ պետք»։


Ականավոր գիտնականն անսահման սիրում էր իր ծննդավայրը` Շենաթաղը։ Մտերիմներին գրված նամակներն ստորագրում էր «Իսահակ Զանգ» (Զանգեզուր)։ Ի նշան երախտագիտության, հայրենակիցները հպարտ լեռների գրկում` Զանգեզուրում նրան հողամաս են տրամադրում, որտեղ և նա կառուցում է իր առանձնատունը։

Իսահակ Գրիգորի Իսահակյան (1904-1985). վնասվածքաբան-օրթոպեդ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Իսահակ Գրիգորի Իսահակյան (1904-1985). վնասվածքաբան-օրթոպեդ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Իսահակ Իսահակյանն իր մահկանացուն կնքեց 1985 թ. մարտի 11-ին Երևանում։ Եվ նրանք, ովքեր պատիվ են ունեցել շփվելու մեծ բժշկի հետ, զգացել են նրա բարությունը, հոգատարությունը։ Բժշկության բնագավառում թողած նրա ահռելի ժառանգությունը մեծ դեր է ունեցել իր ժամանակին և դեռ կծառայի ապագայում` երկար տասնամյակներ։

Հեղինակ. Լուսինե Միքայելյան
Սկզբնաղբյուր. ՀՀ - Ամսագիր ''Ֆարմացևտ պրակտիկ'' 3-4 2009 (15)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ