Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ներզատաբանություն

Շաքարային դիաբետ. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Սյուզաննա Ղարաքեշիշյանը. izmirlianmedicalcenter.com

Շաքարային դիաբետ. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Սյուզաննա Ղարաքեշիշյանը. izmirlianmedicalcenter.com

Ինչո՞ւ է արյան մեջ բարձրանում շաքարի մակարդակը:
  
Շաքարի մակարդակն արյան մեջ բարձրանում է ինսուլինի քանակի բացարձակ կամ հարաբերական անբավարարության պատճառով: Ինսուլինի բացարձակ անբավարարությունը տեղի է ունենում առաջին տիպի դիաբետի դեպքում: Սա հիմնականում առաջանում է երեխաների և երիտասարդների մոտ, ինչի պատճառ են հատկապես վիրուսային հիվանդությունները, աուտոիմուն ախտահարումը, որոնք բերում են ենթաստամոքսային գեղձի փոփոխությունների, արդյունքում մահանում են ինսուլին արտադրող Լանգերհանսյան կղզյակների բետտա-բջիջները:

Երկրորդ տիպի շաքարային դիաբետի ժամանակ ինսուլինի մակարդակն արյան մեջ նորմալ է, նույնիսկ կարող է լինել նորմայից ավելի, սակայն առկա է կամ ռեցեպտորների դեֆեկտ, կամ ճարպակալում, երբ ինսուլինի նկատմամբ նվազում է ռեցեպտորների զգայությունը, այսինքն, ինսուլին կա, սակայն իր ֆունկցիան չի կարողանում կատարել: Դա ինսուլինի հարաբերական անբավարարությունն է:

Քանի որ գլյուկոզան բջիջների կողմից յուրացվում է ինսուլինի օգնությամբ, ուստի առաջին տիպի դիաբետի դեպքում՝ ինսուլինի պակասի, և երկրորդ տիպի ժամանակ` ինսուլինի բջիջների կողմից յուրացման անկարողության պատճառով արյան մեջ գլյուկոզայի քանակը բարձրանում է:

Ինչո՞ւ անոթի շաքարի մակարդակն ավելի բարձր է, քան ուտելուց հետո:

Սա հիմնականում լինում է երկրորդ տիպի դիաբետի նախադիաբետիկ փուլում, ինչի պատճառն այն է, որ հարաբերական անբավարարության պայմաններում ինսուլինի քանակն արտադրվում է նորմայից ավելի: Այդպես լինում է ճարպակալման ժամանակ, երբ ռեցեպտորների զգայունությունը ինսուլինի նկատմամբ նվազում է: Երբ արյան մեջ գլյուկոզայի որոշակի քանակ է հայտնվում, դրան համարժեք ինսուլին է արտադրվում՝ այդ գլյուկոզան բջիջների կողմից յուրացնելու համար: Բայց եթե ինսուլինի նկատմամբ ռեցեպտորների զգայունության խնդիր կա, գլյուկոզայի քանակը չի պակասում, և արտադրվում է ևս մեկ բաժին ինսուլին՝ արդեն ավելորդ քանակի, որի օգնությամբ իջնում է գլյուկոզայի մակարդակը: Արդյունքում առաջանում է գերինսուլինային վիճակ և գլյուկոզայի չափից ավելի իջեցում: Հենց այս  մեխանիզմն է պատճառը, որ նախադիաբետիկ փուլում ուտելուց հետո կարող է լինել գլյուկոզայի ավելի ցածր մակարդակ, քան անոթի ժամանակ:

Դիաբետն անցնո՞ւմ է ժառանգաբար:

Եթե առաջին տիպի շաքարային դիաբետի պատճառը աուտոիմուն  ախտահարումն է, այս դեպքում հիվանդությունը փոխանցվում է ժառանգաբար:


Երկրորդ տիպի շաքարային դիաբետի դեպքում ժառանգական գործոնն ավելի մեծ է։

Ի՞նչ է առաջին տիպի դիաբետը:

Առաջին տիպի դիաբետը երեխաների մոտ է հանդիպում, զարգացումը շատ ավելի արագ է ընթանում, որովհետև պատճառը վիրուսային կամ աուտոիմուն հիվանդություններն են: Դրանք կարող են բերել ենթաստամոքսային գեղձի վնասման, ինսուլին արտադրող բջիջների մահվան: Արդյունքում ինսուլինի քանակը չի բավարարում և հիվանդությունն արտահայտվում է նրա բացարձակ անբավարարությամբ:

Առաջին տիպի դիաբետի կլինիկան արտահայտվում է ենթաստամոքսայի գեղձի 90% ախտահարվածության դեպքում, երբ նաև հայտնաբերվում են լանգերհանսյան կղզյակների նկատմամբ հակամարմիններ, ինչն աուտոիմուն գործընթացի ապացույց է: Այսինքն, վաղ շրջանում, երբ գեղձի 20-30% և ավելին է ախտահարված, դիաբետը դեռևս չի հայտնաբերվում:

Ի՞նչ է երկրորդ տիպի դիաբետը:

Երկրորդ տիպի շաքարային դիաբետը դանդաղ է զարգանում` հիմնականում մեծահասակների մոտ: Այս դեպքում ինսուլինի մակարդակն արյան մեջ նորմալ է, սակայն ռեցեպտորների զգայությունը ինսուլինի նկատմամբ պակաս է: Գեղձի կողմից սկսում է արտադրվել հավելյալ ինսուլինային քանակ, և միայն այդ ժամանակ գլյուկոզան արյան մեջ իջնում է: Դա ինսուլինի հարաբերական անբավարարությունն է: Տարիների ընթացքում նախորդում է նախ` պրեդիաբետը, երբ դեռ գեղձի կողմից արտադրված ինսուլինը կարողանում է բավարարել ստացված գլյուկոզայի քանակի իջեցմանը: Երկրորդ տիպի ժամանակ 10-15 տարվա գեղձի լարված աշխատանքի արդյունքում այն, ի վերջո, հյուծվում է, և առաջանում է բացարձակ անբավարարություն:

Ո՞վ է հակված երկրորդ տիպի դիաբետին:

Երկրորդ տիպի դիաբետին հակված են մեծահասակները, մետաբոլիկ սինդրոմով տառապող մարդիկ:

Շաքարի ո՞ր մակարդակն է արյան մեջ նորմալ համարվում:

Նորման համարվում է մինչև 5,6 մմոլ/լ-ը: 5,6-7 մմոլ/լ-ի դեպքում արդեն համարվում է, որ կա գլյուկոզայի քանակի բարձրացում, բայց` ոչ շաքարային դիաբետ: 7-ից բարձրի դեպքում հավանական է համարվում, որ կա շաքարային դիաբետ: Այս դեպքում կատարվում է գլյուկոզայի ծանրաբեռնման փորձ:

Ինչպե՞ս է դիաբետով հիվանդն զգում, որ շաքարի մակարդակը բարձրացել է:

Հիվանդի ինքնազգացողությունը վատանում է, դառնում են թույլ, ունենում է բերանի չորություն, պոլիդիպսիա (մեծ քանակությամբ ջուր են խմում), հաճախամիզություն  (պոլիուրիա)` հատկապես գիշերային ժամերին, ի հայտ են գալիս տեսողական խանգարումներ (կայծեր, աստղիկներ, ալիքներ աչքերի առաջ, կամ տեսողության վատացում), վերջույթների շրջանում առաջանում են թմրածության, ծակծկոցի, մզմզոցի զգացողություն, ունենում են գլխացավեր, գլխապտույտներ:

Ցավոք, լինում են դեպքեր, երբ կլինիկան արտահայտված չէ և միայն արյան հետազոտությամբ է հիվանդությունը հայտնաբերվում:

Ի՞նչ վտանգներով է հղի դիաբետը, եթե չվերահսկվի: Ինչո՞վ են վտանգավոր շաքարային դիաբետի բարդությունները:

Շաքարային դիաբետը վտանգավոր հիվանդություն է և չվերահսկելու դեպքում կարող է առաջացնել լուրջ բարդություններ: Բարդությունները լինում են սուր և քրոնիկ: Սուր բարդություններից են հիպերգլիկեմիկ վիճակը՝ կետոզը, կետոացիդոզը, կետոացիդոտիկ կոման, հիպոգլիկեմիկ վիճակները, հիպոգլիկեմիկ կոման:

Քրոնիկական բարդությունները լինում են երկարատև, չվերահսկված դիաբետի, արյան մեջ շաքարի բարձր պարունակության պայմաններում: Հաճախ լինում են նեյրոպաթիաներ (պոլինեյրոպաթիա, էնցեֆալոպաթիա), հիվանդները նշում են վերջույթների տարբեր զգացողություններ, պարէսթեզիաներ՝ ծակծկոց, մրմռոց, այրոց և այլն, շշմածություն, գլխապտույտ, գլխացավ, վեգետատիվ նյարդային համակարգի ախտահարման հետ կապված` սրտի ռիթմի խանգարումներ, աղեստամոքսային համակարգի կողմից՝ մոտորիկայի խանգարման արդյունքում` լուծ, փորկապություն: Դիաբետի ժամանակ նյարդային զգացողության խանգարման պատճառով հաճախ կարող են լինել ոչ ցավային ինֆարկտներ: Դիաբետիկ նեֆրոպաթիայի պատճառով տուժում են երիկամները, ախտահարվում է նրանց կծիկային համակարգը` բերելով երիկամային քրոնիկական անբավարարության: Տեսողական նյարդի ցանցաթաղանթի ախտահարման արդյունքում զարգանում են դիաբետիկ ռետինոպաթիաներ, երիտասարդների մոտ զարգանում է վաղաժամ կատարակտա, որոնք, ի վերջո, կարող են հանգեցնել կուրության:

Դիմադրողականության իջեցման պատճառով մաշկում զարգանում են տարբեր բորբոքային գործընթացներ` ֆուրունկուլներ, կարբունկուլներ, մաշկի, եղունգների սնկային ախտահարումներ: Ախտահարվում են նաև ստորին վերջույթները (դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշ), ինչը կապված է ոչ լիարժեք նյարդավորման, աթերոսկլերոտիկ մակրոանգիոպաթիաների, հյուսվածքների սնուցման խանգարումների հետ: Ցանկացած վերք կարող է բարդանալ երկրորդային ինֆեկցիայով և բերել գանգրենայի, ինչն ամենալուրջ բարդություններից է, երբ առաջանում է ամպուտացիայի անհրաժեշտություն:

Ի՞նչ ախտանիշներով է ի հայտ գալիս հիվանդությունը:

Հիվանդները մեծ մասամբ նշում են թուլություն, նիհարում են, արտահայտվում է դիաբետին բնորոշ տրիադան՝ պոլիդիպսիա՝ անհագ ծարվի զգացում, պոլիուրիա՝ հաճախամիզություն, պոլիֆագիա՝ քաղցի մշտական զգացում. ուտում են, բայց միշտ սոված են, որովհետև գլյուկոզան, որը հիմնական էներգետիկ աղբյուրն է՝ չի յուրացվում, և բջիջները մնում են սոված: Ուշացած շրջանում արտահայտվում են բարդությունների հետ կապված ախտանշանները:

Ինչո՞ւ չափից ավելի ցերեկային քնկոտությունը կապ ունի շաքարային դիաբետի հետ:

Քանի որ օրգանիզմը սոված է մնում, թույլ է, կարող է քնկոտություն առաջացնել: Սակայն հիմնական պատճառն այլ է: Գլխուղեղն ինսուլին- ոչկախյալ հյուսվածք է և ուղեղի բջիջները գլյուկոզան յուրացնում են` անկախ ինսուլինի միջնորդության: Բայց քանի որ բարձր քանակի գլյուկոզան ունի տոքսիկ ազդեցություն և սպանում է նյարդային բջիջներին, ի վերջո, դա բերում է շշմածության, էնցեֆալոպաթիաների, քնկոտության:

Կարո՞ղ է դիաբետն ինքնուրույն անցնել:

Դիաբետը չի կարող ինքնուրույն անցնել: Եթե խոսքը վերաբերում է պրեդիաբետին և կա գիրություն, պասիվ կենսակերպ, նստակյաց կյանք՝ դրանք շտկելու դեպքում որոշ ժամանակով կարելի է հետաձգել դիաբետի առաջացումը: Սակայն, երբ կա ժառանգական գործոն, անխուսափելի է:

Ինչո՞ւ է շաքարը հայտնվում մեզի մեջ:

Երբ արյան մեջ լինում է գլյույոզայի նորմայից բարձր մակարդակ՝ 180 տոկոսից ավելի, ապա երիկամները շաքարի ավելորդ քանակը թողնում են և այն մեզով դուրս է գալիս:

Ի՞նչ է կետոզր, կետոացիդոզը, կետոնային մարմինը:

Կետոզը, , կետոացիդոզը շաքարային դիաբետի սուր բարդություններից են և առաջանում են հիպերգլիկեմիկ վիճակներում, երբ կա բարձր գլյուկոզա և ինսուլինի ազդեցության դեֆիցիտ: Այդ ժամանակ էներգիայի այլ աղբյուրի անհրաժեշտություն է առաջանում: Այդ աղբյուրը դառնում է ճարպը, իսկ ճարպերի քայքայումը բերում է կետոնային մարմինների առաջացման: Երբ գլյուկոզայի, ինսուլինային դեֆիցիտի վիճակը երկարատև է, կետոնային մարմինների առաջացումն ավելանում է: Իսկ կետոնների բարձր քանակի դեպքում դրանք արդեն դուրս են գալիս մեզի մեջ, և շատ հաճախ նման հիվանդի մեզում  առաջանում է կետոզ, որն էլ բերում է ինտոքսիկացիայի: Եվ քանի որ այս գործընթացը երկարատև է, ու հաճախ հիվանդը ուշ է դիմում բժշկի, կարող է առաջանալ նաև թթվահիմնային միջավայրի խանգարում՝ ացիդոզ և կետոացիդոզ:

Ի՞նչ է նշանակում գլյուկոզայի տոլերանտության հետազոտություն:

Գլյուկոզայի տոլերանտության հետազոտությանը դիմում են, երբ հիվանդը չունի գանգատներ, բայց արյան հետազոտության ժամանակ գլյուկոզան 6,9 մմոլ/լ-ից բարձր է եղել:

Պացիենտին տրվում է գլյուկոզայի ծանրաբեռնում. առաջարկում են 75 գ գլյուկոզա՝ խմելու ձևով, և 2 ժամ հետո կատարվում է գլյուկոզայի քանակի որոշում: Եթե 2 ժամ հետո գլյուկոզայի քանակը մինչև 7,8 մմոլ/լ է, համարվում է, որ պացիենտն առողջ է, թե 7,8 -11մմոլ/լ է, ուրեմն կա գլյուկոզայի տոլերանտության խանգարում, այսինքն, նախադիաբետիկ փուլն է, իսկ եթե 11-ից ավելի է, ախտորոշվում է շաքարային դիաբետ:

Հնարավո՞ր է դիաբետը բուժել ոչ թե ինսուլինով, այլ որևէ այլ միջոցով:

Եեխաների մոտ առաջին տիպի դիաբետի ինսուլինային բուժումը պարտադիր է, երբ կա  ինսուլինի բացարձակ անբավարարություն: Երկրորդ տիպի դեպքում սկզբնական փուլերում մոտավորապես 10-12 տարի ինսուլինային բուժման կարիք չի լինում և անց է կացվում պերօրալ բուժում: Կան դեղեր, որոնք ավելացնում են ինսուլինի քանակը, կամ նրա զգայությունն են բարձրացնում, կամ գլյուկոզայի հեռացմանն են նպաստում և այլն: Սննդային կարգավորումը շատ կարևոր է, դիաբետիկ սննդակարգը կոչվում է սեղան համար 9-ը:
Երկրորդ տիպի շաքարային դիաբետի ժամանակ ինսուլինաթերապիայի կարիք լինում է նաև սթրեսային վիճակներում, վիրահատական, նախավիրահատական և հետվիրահատական շրջաններում:

Կարո՞ղ է շաքարային դիաբետի պատճառ լինել սննդում քաղցրի շատ կիրառումը:

Երկրորդ տիպի դիաբետի ժամանակ, երբ հիվանդը չունի ակտիվ կենսակերպ, սննդով ընդունված գլյուկոզայի ավելորդ քանակը կուտակվում է ճարպի ձևով և այդ ճարպակալումն, ի վերջո, բերում է ռեցեպտորների զգայության իջեցման, տոլերանտության խախտման ու շաքարային դիաբետի առաջացման: Մյուս կողմից, ենթաստամոքսային գեղձը լարված է աշխատում՝ ընդունելով ավելորդ գլյուկոզա, որից նրա պաշարները հյուծվում են, ի վերջո, դա ևս նպաստում է դիաբետի զարգացմանը:

Կարելի՞ է շաքարային դիաբետի ժամանակ ալկոհոլ օգտագործել:

Ալկոհոլ չի կարելի օգտագործել, որովհետև ալկոհոլը խթանում է ենթաստամոքսային գեղձի սեկրեցիան, որը բերում է ինսուլինի մեծ քանակի արտադրության: Դա էլ կարող է բերել հիպոգլիկեմիայի, իջեցնել շաքարի մակարդակը: Եվ քանի որ հաճախ ալկոհոլ օգտագործում են երեկոյան, գիշերը շաքարն իջնում է, և հիվանդը կարող է վատանալ քնած ժամանակ ու նույնիսկ` չարթնանալ հիպոգլիկէմիկ կոմայից:  Բացի այդ, ալկոհոլն արգելակում է լյարդում գլիկոգենից գլյուկոզայի առաջացումը: Փաստորեն, և՛ իջած է գլյուկոզայի քանակը, և՛ լյարդում քիչ է առաջանում գլյուկոզա:

Այս ամենից զատ, ալկոհոլը, որպես քիմիական նյութ, կարող է փոխազդել դեղորայքի հետ և բերել ինտոքսիկացիայի:

Կարելի՞ է սննդակարգից ամբողջովին բացառել շաքարը, չէ՞ որ նա անհրաժեշտ է ուղեղին:

Ուղեղին անհրաժեշտ գլյուկոզան օրգանիզմը կարող է հայթայթել անգամ սովորական սննդի միջոցով: Գլյուկոզան առաջանում է նաև պոլիսախարիդների քայքայման հետևանքով, սպիտակուցների օգնությամբ, որոնք դառնում են ամինաթթուներ և գլիկոգենեզի ճանապարհով նորից գլյուկոզա առաջացնում: Հատուկ շաքար օգտագործելու անհրաժեշտություն չկա:

Հնարավո՞ր է ոչ ավանդական բուժման մեթոդի կիրառում:

Ոչ ավանդական բուժման մեթոդներ կարելի է կիրառել պրեդիաբետի,
 / նախադիաբետի/ փուլերում: Հետագայում էլ կարելի է կիրառել բազմաթիվ դեղաբույսեր` որպես օժանդակ բուժում: Կարելի է նաև անցկացնել ասեղնաբուժության կուրսեր և այլն: Սակայն դրանք չեն կարող օգտագործվել որպես բուժման հիմնական մեթոդ:

Հնարավո՞ր է խուսափել դիաբետից, ի՞նչ կանխարգելիչ միջոցներ կան:

Երեխաների պարագայում պետք է խուսափել ինֆեկցիաներից, իսկ եթե արդեն աուտոիմուն պրոցեսներ են ընթանում, այլևս ոչինչ անել հնարավոր չէ: Մեծահասակները կարող են խուսափել շաքարախտից, եթե ապրեն ակտիվ կենսակերպով, սննդային ճիշտ ռեժիմ կիրառեն և այլն:

Դիաբետի վերահսկման դեպքում որքա՞ն երկար կարող է ապրել հիվանդը:

Վերահսկման դեպքում կարող է ապրել այնքան երկար, որքան կապրեր, եթե չունենար դիաբետ: Կարևոր է ո՛չ միայն վերահսկումը, այլ նաև բարդությունների բուժումը: Տարին մեկ կամ երկու անգամ պետք է կանխարգելիչ բուժում իրականացնել, որոնք կարող են կանխել կամ ուշացնել բարդությունների առաջացումը:

Դիաբետը ապրելակերպ համարելը ճիշտ չէ, որովհետև, ամեն դեպքում, բարդություններ լինում են, և եթե մարդը բուժում է ստանում, բնականաբար, նրա վիճակը հիվանդություն է, ոչ թե ապրելակերպ:

Դիաբետով հիվանդին կարելի՞ է հղիանալ:

Բնականաբար, կարելի է հղիանալ: Հղիների մոտ ավելի խիստ են գլյուկոզայի մակարդակի պահանջները, այն 5,2 մմոլ/լ-ից ավելի պետք է չլինի: Պետք է խիստ վերահսկողություն լինի, որպեսզի հղիները չունենան ացիդոզ, կետոացիդոզ, որոնք կթունավորեն ո՛չ միայն մորը, այլև` պտղին:

Հղիության ժամանակ անց է կացվում միայն ինսուլինոթերապիա, որպեսզի դեղորայքի կողմնակի ազդեցությունները չազդեն պտղի վրա: Անհրաժեշտ է կրկնակի հսկողություն՝ ո՛չ միայն գինեկոլոգի, այլև էնդոկրինոլոգի կողմից:

Սյուզաննա Ղարաքեշիշյան,
Կոնսուլտացիոն-ախտորոշիչ բաժանմունքի բժիշկ-էնդոկրինոլոգ

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ