Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ներզատաբանություն

Շաքարային դիաբետը` ապրելակե՞րպ. պարզաբանում է մասնագետը. armeniamedicalcenter.am

Շաքարային դիաբետը` ապրելակե՞րպ. պարզաբանում է մասնագետը. armeniamedicalcenter.am

Մեր զրուցակիցն է «Արմենիա» ՀԲԿ Էնդոկրինոլոգիայի կենտրոնի ղեկավար,  ամբիոնի վարիչ, ՀՀ ԱՆ գլխավոր մասնագետ Էդվարդ Նորայրի Թորոմանյանը:

– Բժիշկ Թորոմանյան, ի՞նչ է շաքարային դիաբետը:

– Շաքարային դիաբետը՝ մետաբոլիկ հիվանդություն է: Տարբերում ենք թիվ 1 և թիվ 2 դիաբետ կոչվող հիվանդություններ: Թիվ մեկ դիաբետը կոչվում է երիտասարդների դիաբետ, որի դեպքում հիվանդն ունենում է ինսուլինի բացարձակ անբավարարություն: Թիվ երկու դիաբետը կոչվում է մեծահասակների դիաբետ, որի դեպքում ինսուլինի քանակը բավարար չի լինում հիվանդին կամ չի թողնում ճիշտ ազդեցություն օրգանների վրա: Թվերի հարաբերակցությունը թիվ 1 և թիվ 2-ի հիվանդացությունների միջև տարբեր են: Թիվ 1-ի դեպքում կազմում է 10%, թիվ 2 դեպքում՝ 90%:

Տարեցտարի շաքարային դիաբետի տարածվածությունն աճում է ո՛չ միայն Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում: 2000թ. ամբողջ աշխարհում հաշվարկվում էր մոտավորապես 180 մլն հիվանդ, ներկայում այդ թիվը գերազանցել է 415 միլիոնը: Նույնը Հայաստանում է. 2000թ. մենք ունեինք տարեկան 2-3 հազար նոր դեպքեր, վերջին տարիներին 7-8 հազար նոր դեպքեր ենք ունենում:

Շաքարային դիաբետը երրորդ տեղն է զբաղեցնում սոցիալական հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների միջև: Այս խնդիրները ո՛չ միայն բժշկական, այլ նաև սոցիալական հիմնահարցեր են: Մահացության բուրգում շաքարային դիաբետը զիջում է միայն արյան շրջանառության համակարգի հիվանդություններին և չարորակ նորագոյացություններին՝ գրավելով երրորդ տեղը:

 

– Ինչո՞վ է դա պայմանավորված:

– Պատճառները տարբեր են: Հիվանդության առաջացման հիմնական պատճառը`ժառանգական գործոնն է, ճարպակալման խնդիրը: Ճարպակալման տարածվածությունը Հայաստանում կազմում է 20-30% ՝ տարբեր սոցիալական խմբերում: Աշխարհում, իհարկե, դա ավելի մեծ թիվ է կազմում:

Դիաբետի միջազգային ֆեդերացիայի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախաձեռնությամբ կանխատեսումներ են արվում՝ հիվանդության հետագա զարգացման կապակցությամբ, որի համաձայն 2040թ. 642 միլիոն հիվանդ կունենանք ամբողջ աշխարհում: Տարեկան ամբողջ աշխարհում շաքարային դիաբետից մահանում է հինգ միլիոն մարդ:

Հարկ է նշել, որ շաքարային դիաբետը մեծ ծախսեր պահանջող հիվանդություն է: Ցավոք, վիճակագրության համաձայն, յուրաքանչյուր 5 վայրկյանում 1 մարդ հիվանդանում է շաքարային դիաբետով, յուրաքանչյուր 6 վայրկյանում 1 հիվանդ մահանում է շաքարային դիաբետի պատճառով, և յուրաքանչյուր 20 վայրկյանում 1 հիվանդի մոտ կատարվում է ոտքի անդամահատում:

«Արմենիա» ՀԲԿ Էնդոկրինոլոգիայի կենտրոնի ղեկավար, ամբիոնի վարիչ, ՀՀ ԱՆ գլխավոր մասնագետ Էդվարդ Նորայրի Թորոմանյան– Ո՞ր ախտանիշների դեպքում կարիք կա անհանգստանալու և դիմելու մասնագետի:

– Անշու՛շտ, այդ հարցը միշտ է քննարկվում և մտնում է բնակչության ուսուցման մեջ: Առաջին հերթին, իհարկե՛, ժառանգականությունն է, եթե հարազատի, ծնողի մոտ առկա է շաքարային դիաբետ, դա արդեն խոսում է դիաբետի զարգացման նախադրյալների մասին, երկրորդը՝ ճարպակալումը, երրորդը՝ արյան զարկերակային բարձր ճնշումը: Մոտավորապես 40% մարդկանց մոտ, ովքեր ունեն բարձր ճնշում, կյանքի ընթացքում զարգանում է շաքարային դիաբետ: Մեծ խումբ է կազմում ճարպային նյութափոխանակության խանգարմամբ պայմանավորված բարձր խոլեթերինի առկայությամբ պացիենտները, որի պարագայում յուրաքանչյուր երրորդը կյանքի ընթացքում կարող է ունենալ շաքարային դիաբետ:

– Ի՞նչ է զգում հիվանդը, երբ բարձրանում է արյան մեջ շաքարի մակարդակը:

– Ցավոք, այս հիվանդությունը կարող է տարիներ շարունակ աննշան անցնել: Խոսքը գնում է թիվ 2 հիվանդության մասին: Տարիների ընթացքում կարող է լինել հոգնածություն, բերանի չորություն, ջրի առավել պահանջ, գիշերամիզություն,  հյուծում, այսինքն, ոչ թե մեկ, այլ մի քանի ախտանշանների միաժամանակյա առկայությունը կարող է  դրդել հետազոտվելու:

Ի դեպ, Հայաստանում իրականացվում է սքրինինգային ծրագիր, այսինքն, բոլոր այն պացիենտները, ովքեր դիմում են բուժհիմնարկներ` անկախ գանգատներց, պարտադիր կատարվում է արյան մեջ շաքարի մակարդակի որոշում:

– Եթե չվերահսկվի հիվանդությունն, ի՞նչ վտանգներով է այն հղի:

– Հիվանդությանը բնորոշ բարդություններն են սրտային խնդիրները (սրտամկանի կաթված, սրտային անբավարարություն), ուղեղի կաթվածը, կուրության մոտավորապես 15%  դեպքերը շաքարային դիաբետի չվերահսկման արդյունք են:

– Ինչպե՞ս վերահսկել շաքարային դիաբետը:

– Դա լուրջ խնդիր է` ամբողջ կյանքի խնդիր: Երբեմն, ասում են, որ  շաքարային դիաբետը ոչ թե հիվանդություն է, այլ ապրելակերպ:  Մարդիկ հոգեբանորեն հանգստանում են՝ չհասկանալով, որ կյանքի, ապրելակերպի փոփոխություններ են տեղի ունենում: Առաջին հերթին խորհուրդ է տրվում ռացիոնալ սնունդ, չասեմ` հատուկ սննդակարգ, ֆիզիկական ակտիվություն, ընդ որում, պարտադիր չէ մարզասրահ հաճախել, բավարար է օրվա ընթացքում 1-2 ժամ քայլել:

– Դուք նշեցիք ժառանգական գործոնը. շաքարային դիաբետով տառապող կինը կարո՞ղ է առողջ երեխա ունենալ:

– Եթե կա ժառանգական նախատրամադրվածություն, շաքարային դիաբետը կարող է զարգանալ անգամ ֆիզիկական ակտիվություն և առողջ սննդակարգ պահպանելու դեպքում: Դիաբետով հիվանդ կինը կարող է առողջ երեխա լույս աշխարհ բերել, միաժամանակ, նա պետք է վերահսկի հիվանդությունը: Ներկայում էնդոկրինոլոգիայի հիմնախնդիրներից է շաքարային դիաբետով կնոջ մոտ հղիությունն ավարտել առողջ երեխայի ծննդով:

– Ինչպե՞ս է ազդում շաքարային դիաբետը տղամարդու և կնոջ առողջության վրա:

– Առաջինը. կարող են զարգանալ կաթվածներ, կուրություն, երիկամային անբավարարություն: Կարող է ոտքերի անդամահատման խնդիր առաջանալ, տղամարդկանց մոտ` իմպոտենցիա և այլն: Չկա օրգան-համակարգ, որը չտուժի շաքարային դիաբետի հետևանքով. դա նյութափոխանակության խանգարում է:

– Կա՞, արդյոք, որևէ կապ իմունիտետի և հիվանդության զարգացման միջև:

– Դա վիրուսային հիվանդություն չէ, որ իմունիտետի խնդիրը բարձր գնահատենք: Եթե չարորակ գոյացությունների դեպքում մենք կարող ենք խոսել դիմադրողականության մասին, ապա այս դեպքում՝ ոչ, ինչպես և սրտանոթային խնդիրների դեպքում:

– Ի՞նչ սննդակարգ խորհուրդ կտաք:

– Սննդակարգը թե՛ հիվանդների, թե՛ առողջների մոտ նույնը պետք է լինի. 50% ածխաջրածին, 30% սպիտակուց, որը մենք ապահովում ենք մսի, կաթնամթերքի հաշվի և 20% ճարպ, որն ապահովում է մեր էներգետիկ պաշարները:

Ռացիոնից առաջին հերթին պետք է բացառել մաքուր շաքարը, խմորեղեն օգտագործել առիթից` առիթ: Խուսափել այն ածխաջրերից, որոնք արագ են ներծծվում և միանգամից բարձրացնում արյան մեջ շաքարի մակարդակը: Հարկ է օգտագործել բանջարեղեն, մրգեր, ձավարեղենի որոշ տեսակներ: Հնարավորինս կրճատել կերակրի աղը: Կարևոր է հաշվի առնել գլիկեմիկ ցուցանիշը, ինչպես նաև սննդի պատրաստման եղանակը: Օրինակ` շոգեխաշած միսը գերադասելի է տապակածից...

– Ի՞նչ խորհուրդ կտաք շաքարային դիաբետով հիվանդներին

– Որ դիաբետն ընկալեն ո՛չ միայն հիվանդություն, որը պահանջում է դեղորայքային բուժում, այլ ընկալեն նաև որպես կենսակերպ` որոշ առանձնահատկություններով և առավել ուշադիր լինեն սեփական անձի հանդեպ:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ