Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Վիրաբուժություն

Ողնաշար-ողնուղեղային վնասվածքներ. նյարդավիրաբույժ Կսպոյան Արայիկ. armeniamedicalcenter.am

Ողնաշար-ողնուղեղային վնասվածքներ. նյարդավիրաբույժ Կսպոյան Արայիկ. armeniamedicalcenter.am

Ողնաշար-ողնուղեղային վնասվածքների տեսակները։

Ողնաշար-ողնուղեղային վնասվածքները կարելի է բաժանել երկու խմբի:

Առաջինի դեպքում վնասվում են ողնաշարի ոսկրային կառույցներն առանց ողնուղեղի ախտահարման։ Դրանք կոչվում են չբարդացած կոտրվածքներ:

Երկրորդի դեպքում վնասվում են ոսկրային կառույցները՝ ախտահարելով ողնուղեղը: Դրանք բարդացած կոտրվածքներն են:

Ինչպե՞ս են արտահայտվում ողնաշար-ողնուղեղային վնասվածքները։

Առաջին հերթին առաջանում է ուժեղ ցավային ախտանիշ: Դրան զուգահեռ կարող են ի հայտ գալ վերջույթների թուլություն, զգացողական խանգարումներ, ընդհուպ մինչև պլեգիա /բացարձակ անշարժություն/ և կոնքի օրգանների գործունեության խանգարումներ:

Կախված ՈՎՎ-ի ախտահարման տեղակայումից և ծավալից վերոնշյալ ախտանիշները կարող են արտահայտվել մարմնի տարբեր շրջաններում /ըստ ողնաշարի հատվածների/ և դրսևորվել համապատասխան կլինիկական պատկերով, որոնց մեջ ընդգրկվում են ողնուղեղի վնասման ախտաբանական ձևերը՝ ողնուղեղի ցնցում, ողնուղեղի սալջարդ /թեթև, միջին, ծանր/ և ողնուղեղի սեղմում:

Ի՞նչ է  ոսկի ժամը և դրա կարևորությունը։

Նյարդավիրաբուժության մեջ խիստ կարևոր է հրատապությունը: Ողնաշարի վնասվածքների, կոտրվածքների, գանգուղեղային, վերտեբրալ վնասվածքների ժամանակ մեկ ժամվա, առավելագույնը վեց ժամվա ընթացքում հիվանդը պետք է ստանա մասնագիտական օգնություն: Այդ 1-6 ժամն անվանում են ոսկի ժամ:

Ցանկալի է այդ ընթացքում բուժառուին հասցնել բազմապրոֆիլային հիվանդանոց, որտեղ կա նյարդավիրաբուժական բաժանմունք: Որքան շուտ հիվանդը տարվի հիվանդանոց, այնքան շուտ կախտորոշվի և օգնություն կստանա:

Հրատապ հարց է մարզային բազմապրոֆիլային կենտրոններ ստեղծելը, որտեղ կլինեն նյարդավիրաբուժական բաժանմունքներ, որպեսզի հիվանդը Կապանից, Մեղրիից, Գորիսից, Վանաձորից, Եղեգնաձորից երկար ճանապարհով ժամեր անց չհասնի Երևան: Տեղերում կենտրոններ ունենալու դեպքում չի կորչի այդ ոսկի ժամը, ճանապարհի ցնցումներից ողնաշարն ավելի չի վնասվի, և ժամ առաջ հիվանդը կստանա համապատասխան մասնագիտացված օգնություն:


Ի՞նչ հետազոտություններ են անհրաժեշտ։

Հետազոտություններից առաջինը ԿՏ-ն է: Եթե անհրաժեշտ է մանրակրկիտ հետազոտություն, իրականացվում է ՄՌՏ, որը տալիս է ավելի մեծ տեղեկատվություն:

Ողնաշարի վնասվածքների բուժական մոտեցումները։

Հետազոտություններով գնահատելով հիվանդի վիճակը՝ առաջարկվում է համապատասխան բուժում: Կատարվում են վիրահատություններ՝ ողնուղեղի դեկոմպրեսիա, ողերի տրանսպենդիկուլյար ֆիքսացիա ողնաշարային սյան ամրացման նպատակով:

Եթե կոտրված է ողի մարմինը, իրականացվում է պլաստիկա՝ ցեմենտավորում, որը ժամանակակից մեթոդներից է: Օգտագործվող բոլոր նյութերն անվնաս են:

Երբեմն, իհարկե, ներդրված նյութերը կարող են արտամղվել օրգանիզմից, բայց որոշ կոնսերվատիվ դեղորայքային միջոցներով դա կասեցվում է:

Եթե արյունազեղումը պարկ է, որը սեղմում է ողնուղեղին, իրականացվում է բաց վիրահատություն: Ողնուղեղն ազատվում է այդ ճնշումից, իրականացվում է ողնաշարի ամրացում տարբեր մետաղական կոնստրուկցիաներով /տիտանային և այլն/:

Մեծ տարիքում բարդություններն ավելի շատ են հանդիպում և բավականին բարդ են, որովհետև օրգանիզմի վերականգնողական հատկությունները ցածր են, կան նաև օստեոպորոզի երևույթներ, ոսկրերում պակաս է կալցիումը: Վերականգնումն էլ այդ տարիքում բավականին դժվար է ընթանում և երկար:

Այսօր ողջ աշխարհում լուրջ խնդիր են դարձել ողնուղեղի վնասվածքները՝ սեղմման և ողնուղեղի ընդհատման միջոցով: Դեռևս չկա այդ խնդրի լուծման լուրջ միջամտություն, սակայն տարբեր փորձեր են արվում ցողունային բջիջներով կամ այլ մեթոդներով ողնուղեղի վերականգնման ուղղությամբ:

Ինչպե՞ս է կազմակերպվում ողնաշարի վնասվածքների վերականգնողական շրջանը։

Հիվանդանոցից հետո պոլիկլինիկայում 3-6 ամիս նյարդաբանի հսկողություն է անհրաժեշտ, վերականգնողական բուժում համապատասխան կենտրոններում:

Այսօր գործում են բավականին լուրջ վերականգնողական կենտրոններ, որոնք թույլ են տալիս հնարավորինս օգնել այդ հիվանդներին, նվազեցնել նրանց խնդիրները: Եթե գործում է հիվանդանոց-վերականգնողական կենտրոն կապը, դա նպաստում է բուժման առավել արդյունավետ ընթացքին:

Հիվանդանոցից հիվանդն ուղղորդվում է այդ կենտրոններ՝ Կարմիր խաչի հիվանդանոց, Զինվորի տուն, որտեղ հիվանդների հետ բավականին լուրջ աշխատանք է տարվում: Կարմիր խաչը զբաղվում է նաև հետագայում մասնագիտություն, աշխատանք ձեռք բերելու հարցերով:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ