Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Վիրաբուժություն

Գլխուղեղի անոթների անևրիզմա․ նյարդավիրաբույժ Վարազդատ Սահակյան. armeniamedicalcenter.am

Գլխուղեղի անոթների անևրիզմա․ նյարդավիրաբույժ Վարազդատ Սահակյան. armeniamedicalcenter.am

Որքա՞ն հաճախ է հանդիպում գլխուղեղի անոթների անևրիզման։

Գլխուղեղի անոթների անևրիզման գլխուղեղի անոթային հիվանդություն է: Ըստ վերջին տարիների վիճակագրության՝ անևրիզմաները դարձել են ավելի հաճախակի, և ելնելով այն փաստից, որ անևրիզմաներից մահացության և հաշմանդամության աստիճանը բավականին բարձր է, դա ոչ միայն բժշկական, այլ նաև սոցիալ-տնտեսական մեծ խնդիր է: Գլխուղեղի անևրիզման սովորաբար հանդիպում է երիտասարդ տարիքում /25-50 տարեկան/՝ աշխատունակ ազգաբնակչության մոտ, և դա հավելյալ ծանրացնում է այս պաթոլոգիան:

Ինչպե՞ս է զարգանում անևրիզման։

Գլխուղեղի զարկերակների անևրիզման զարկերակի լայնացումն է:

Նորմայում զարկերակի պատն ունի երեք շերտ՝ արտաքին, միջին մկանային և ներքին:

Անևրիզմայի ժամանակ տվյալ հատվածում միջին մկանային շերտն ավելի թույլ է զարգացած լինում, և ժամանակի ընթացքում՝ սրտի պուլսացիոն աշխատանքի հետևանքով, այդ մասում առաջանում է լայնացում:

Լայնացումը կյանքի ընթացքում աստիճանաբար մեծանում է: Գալիս է մի պահ, երբ ֆիզիկական, հուզական գերծանրաբեռնվածության, զարկերակային ճնշման բարձրացման արդյունքում անևրիզման պատռվում է, և արյունը անոթային համակարգից դուրս գալով լցվում է կա՛մ սուբարախնոիդալ տարածքներ, կա՛մ ուղեղանյութի հյուսվածքի մեջ:

Արյան առկայությունը նորմալ է անոթների ներսում, իսկ անոթներից դուրս այն թունավոր նյութ է հանդիսանում, և այդ թունավոր նյութն ազդում է և՛ ուղեղի աշխատանքի վրա, և՛ առաջացնում է շրջակա անոթների սպազմ: Իսկ երբ արդեն այն դրսևորվում է որպես ծավալ, ճնշում է գլխուղեղին և կարող է բերել ուղեղի դիսլոկացիայի և հիվանդի մահվան:

Որո՞նք են անևրիզմայի առաջացմանը նպաստող գործոնները:

Անևրիզմաներն ունեն ժառանգական բնույթ, և եթե հարազատների մոտ եղել են հանկարծամահություններ, որոնք ամենայն հավանականությամբ ախտորոշվել են ինսուլտ, պետք է զգուշանալ և նախապես հետազոտվել:

Իսկ արդեն ձևավորված անևրիզմայի պատռմանը նպաստող գործոններն են՝ զարկերակային գերճնշումը, տարբեր վարակները, հատկապես սնկային տարածված վարակները, տարաբնույթ վասկուլիտները, անոթային բորբոքումները:

Անևրիզմայի ինչպիսի՞ տեսակներ են տարբերում։

Ըստ անատոմիական կառուցվածքի՝ լինում են պարկաձև և իլիկաձև անևրիզմաներ: Ըստ տեղակայման՝ առաջնային, միջին ուղեղային զարկերակի և կարոտիսի: Հազվադեպ հանդիպում է հետին գանգափոսի՝ վերտեբրոբազիլյար համակարգի անևրիզմա:

 

Սակայն բացառել անևրիզման որևէ տեղում հնարավոր չէ, քանի որ օրգանիզմում ամեն տեղ կան անոթներ:

Ինչպե՞ս են ախտորոշվում անևրիզմաները։

Սովորաբար անևրիզմաներն ախտորոշվում են պատռվելուց հետո: Նախքան պատռվելը դրանք ախտորոշվում են պատահաբար, երբ որևէ այլ պաթոլոգիայի պատճառով գլխուղեղի ԿՏ հետազոտություն է իրականացվում:

Ախտորոշման լավագույն ստանդարտը ԿՏ անգիոգրաֆիկ մեթոդն է, որը անևրիզմաների համար լիովին բավարար է: Կա նաև ուղղակի անգիոգրաֆիկ մեթոդ, որն օգտագործվում է, երբ ԿՏ անգիոգրաֆիայով լիարժեք պատասխան չի ստացվում:

Դուպլեքս հետազոտությունն ավելի շատ կիրառելի է արտագանգային անևրիզմաների ժամանակ, երբ անևրիզմաները լինում են մագիստրալ անոթների վրա՝ մինչև գլխուղեղ մուտք գործելը: Այնուամենայնիվ, դուպլեքսը կարելի է համարել առաջին փուլ, և եթե
հայտնաբերվում է անևրիզմա, հաջորդ փուլը ԿՏ անգիոգրաֆիան է:

Գլխուղեղի անևրիզման ունի՞ որևէ կլինիկական արտահայտություն:

Անևրիզմայի առկայությունը կարող է և որևէ կերպ չարտահայտվել. հիվանդները երբեմն ունենում են գլխում ծանրություն և ցավ, բայց դրանք համարում են առօրյա գլխացավեր:

Ախտանշանները՝ բավականին ծանր կլինիկական պատկերով, լինում են արդեն անևրիզմայի պատռման ժամանակ, իսկ դա հիմնականում դիտվում է երիտասարդ տարիքում: Այն լինում է ֆիզիկական, հուզական գերլարման, զարկերակային ճնշման ժամանակ, ծանրություն բարձրացնելիս, աղիները գործելիս:

Շատ բնորոշ է անևրիզմայի պատռման կլինիկան: Հիվանդը նշում է գլխում եռացրած ջրի զգացողություն: Դրանից հետո լինում են գլխացավեր, որոնք առաջին օրերին այնքան էլ ուժեղ չեն, որովհետև էրիթրոցիտները դեռևս քայքայված չեն լինում, և նրանց թունավոր ազդեցությունը շատ բարձր չէ ուղեղի թաղանթների վրա: Բայց երրորդ, չորրորդ օրն արդեն խիստ արտահայտվում է էրիթրոցիտների քայքայման արգասիքների /բիլիռուբին, բիլիվերդին/ թունավոր ազդեցությունը. առաջանում են ուժեղ գլխացավեր, մենինգեալ համախտանիշ՝ ներգանգային ճնշման բարձրացում, մենինգեալ նշաններ՝ պարանոցային մկանների կարկամում, Կեռնիգի, ակնա-դիմային ախտանիշ և այլն:

Անևրիզմայի բուժումը։

Կա վիրահատական բուժման մի քանի եղանակ՝ բաց, փակ և համակցված: Բացի դեպքում կատարվում է տրեպանացիա, բացվում է պատռված անևրիզման, և նրա վրա դրվում է մետաղական սեղմակ: Փակի դեպքում՝ ներանոթային /էնդովասկուլյար/ եղանակով մտնում և հասնում են մինչև անևրիզմայի մակարդակ, և անևրիզմայի մեջ ներհրվում է պարույր կամ ներմուծվում է հատուկ նյութ, որը նրա խոռոչում նպաստում է թրոմբի առաջացմանը: Այդ կերպ անևրիզման դուրս է գալիս արյան շրջանառությունից:

Լինում են դեպքեր, որոնց ժամանակ հարկ է լինում օգտագործել համակցված մեթոդը, երբ նախնական փուլում էնդովասկուլյար եղանակով կատարվում է անևրիզմայի էմբոլիզացիա, իսկ հետագայում իրականացվում է անևրիզմայի հեռացում, եթե իհարկե առկա է կրկնակի պատռման վտանգ:

Վիրաբուժական տեսակետից ավելի հեշտ է պարկաձև անևրիզմաների վիրահատումը, քան իլիկաձևինը:

Ցանկալի է անևրիզմայի բուժումը կազմակերպել սառը փուլում՝ նախքան պատռվելը, որովհետև պատռվելուց հետո ցուցաբերած օգնության արդյունավետությունը բավականին ցածր է: Սակայն, քանի որ դրանք հիմնականում բացահայտվում են պատռվելուց հետո, դա ծանրացնում է ելքի ցուցանիշները:

Երբեմն, առաջին պատռումից հետո՝ մինչև վիրահատական միջամտությունն իրականացվում է կոնսերվատիվ բուժում, որի արդյունքում հիվանդի վիճակը վերականգնվում է: Սակայն սովորաբար անևրիզմաները մոտ 6 ամսվա ընթացքում 70 տոկոս դեպքերում կրկնակի պատռվածք են տալիս: Դա ռումբ է դրված գլխուղեղում և ամեն պահի կարող է պայթել:

Այդ պատճառով, անգամ չնչին սուբարախնոիդալ արյունազեղման դեպքում, որը կապված չէ տրավմայի (վնասվածքի) կամ այլ պատճառների հետ, անպայման անհրաժեշտ է բժշկի հսկողության տակ լինել, հետազոտվել և անհրաժեշտության դեպքում ստանալ համապատասխան բուժում:

Հնարավո՞ր է կանխարգելել անևրիզմայի պատռումը:

Եթե արդեն ախտորոշված է անևրիզման, և տվյալ պահին հնարավորություն չկա արմատական վիրահատության, կանխարգելման համար անպայման պետք է վերահսկել զարկերակային ճնշումը, խուսափել ֆիզիկական, հուզական գերլարումից, աշխատել, որ աղիները գործեն պարբերաբար, և ներորովայնային ճնշումը չբարձանա, որովհետև շատ դեպքերում անևրիզմայի պատռումը լինում է աղիների գործելու ժամանակ:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ