Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Վիրաբուժություն

Կրծքավանդակի վնասվածքներ. հարցազրույց կրծքային վիրաբույժ Սուրեն Վարդանյանի հետ. armeniamedicalcenter.am

Կրծքավանդակի վնասվածքներ. հարցազրույց կրծքային վիրաբույժ Սուրեն Վարդանյանի հետ. armeniamedicalcenter.am

Կրծքային վիրաբուժության մեջ ի՞նչ տեղ գրավում վնասվածքները:


Կրծքային վիրաբուժության հիմնական ախտաբանություններից են կրծքավանդակի վնասվածքները՝ մեր պրակտիկայում ամենահաճախ հանդիպողներից մեկը:

Վնասվածքների ի՞նչ տեսակներ են տարբերում:


Լինում են կրծքավանդակի փակ և բաց վնասվածքներ:

Փակ վնասվածքի ժամանակ մաշկի ամբողջականությունը խախտված չէ, արտաքին արյունահոսությունը բացակայում է: Ավելի հաճախ դրանք լինում են ավտովթարների, բարձրությունից անկման (ծառից, աստիճաններից ընկնել և այլն), արտադրական վնասվածքների, ծեծկռտուքների ժամանակ:

Բաց վնասվածքներն ուղեկցվում են մաշկի ամբողջականության խախտմամբ և արյունահոսությամբ: Դրանցից են՝ տարաբնույթ ծակած-կտրած վնասվածքները, կենդանիների կողմից հարվածի հետևանքները՝ պոզահարում, հաստոցների հետ անզգույշ աշխատանքի հետևանքով առաջացած վնասվածքները: Առանձին խումբ են կազմում հրազենային վիրավորումները:

Ո՞ր վնասվածքներն են ավելի հաճախ հանդիպում:


Փակ վնասվածքները մոտավորապես 10 անգամ ավելի հաճախ են հանդիպում, քան բաց վնասվածքները: Փակ վնասվածքներն ամբուլատոր հսկողությունից հետո հազվադեպ են բարդանում և հոսպիտալիզացվում: Ընդհանուր առմամբ, 40-50 տոկոսն է բուժվում հիվանդանոցում, մյուսները հսկվում են ամբուլատոր:

Բաց վնասվածքների գրեթե 90 տոկոսը հոսպիտալիզացվում է: Եթե կա արյունահոսություն, ներքին օրգանի վնասում, պացիենտը պետք է հսկողության տակ գտնվի: Թափանցող վնասվածքի ժամանակ պետք է ո՛չ միայն հիվանդանոցային բուժում, այլ նաև վիրահատական միջամտություն: Նման դեպքերում, եթե կա լուրջ վնասվածքի կասկած, անմիջապես իրականացվում է մեծածավալ վիրահատություն:

Վնասվածքների ժամանակ ի՞նչ խնդիրներ կարող են ի հայտ գալ:


Փակ վնասվածքների հոսպիտալացման հիմնական պատճառը կողերի կոտրվածքն է, փափուկ հյուսվածքների սալջարդը` ցավային համախտանիշով, հեմոպնևմոթորաքսը՝ պլևրալ խոռոչում արյան, օդի կուտակումը: Թոքի սալջարդը ենթադրում է թոքի մեջ արյունազեղման գոտի, որը հետագայում կարող է բարդանալ, լուրջ թոքաբորբի պատճառ դառնալ:

Կողի կոտրվածքներն ավելի հաճախ դիտվում են վիտամին D-ի, կալցիումի պակաս ունեցող անձանց, մենոպաուզայի մեջ գտնվող կանանց շրջանում:  

Պրակտիկայում հանդիպել է դեպք, երբ եղել է կրծքավանդակի փակ վնասվածք, սակայն հարվածն այնքան ուժգին է եղել, որ առաջացրել է սրտի պատռվածք:

Ինչպիսի՞ հետազոտություններ են իրականացվում:


Կրծքավանդակի վնասվածքների ժամանակ ռենտգեն և ՀՏ հետազոտությունները խիստ անհրաժեշտ են: Ընդ որում, ռենտգենն առաջին տեղում է: Կարևոր է նաև ՈՒՁՀ-ն, այլ մասնագետների խորհրդատվությունները:

Մեզ մոտ բոլոր ծառայությունները 24-ժամյա ռեժիմով են աշխատում:

Ինչպիսի՞ն են բուժական մոտեցումները վնասվածքների ժամանակ


Փակ վնասվածքի ժամանակ բուժումը հիմնականում կոնսերվատիվ է (պահպանողական): Նշանակվում է դեղորայքային բուժում, հսկողություն, պարբերաբար կատարվում են գործիքային հետազոտություններ: Սակայն լինում են դեպքեր, երբ փակ վնասվածքի դեպքում առաջանում է ներքին արյունահոսություն, օրինակ, վնասվում է թոքահյուսվածքը՝ առաջացնելով հեմոպնևմոթորաքս: Նման դեպքերում վիրաբուժական միջամտություն է իրականացվում` նվազագույն ծավալով (պլևրալ խոռոչի դրենավորում):

Երբեմն ախտորոշիչ նպատակով դիմում ենք թորակոսկոպիայի, որի շնորհիվ հստակեցվում է ախտորոշումը՝ արյունահոսության աղբյուրը, թոքի վնասվածքի ծավալը և այլն: Եթե հայտնաբերվում է թոքի վնասում՝ թորակոսկոպիան ավարտվում է համապատասխան միջամտությամբ:

Բաց վնասվածքների ժամանակ հաճախ երկարատև բուժում պահանջող բարդ իրավիճակներ են ստեղծվում: Ծակած-կտրած վնասվածքների ժամանակ շատ հաճախ կիրառվում է թորակոսկոպիկ միջամտություն, որն իրականացվում է նաև սրտի շրջանի վնասվածքի դեպքում, եթե հիվանդի հեմոդինամիկ տվյալները կայուն են, զարկերակային ճնշումը նորմալ է, պարանոցային երակների արտափքվածություն չկա, սրտի տոները խլացած չեն: Իսկ եթե առկա է նաև սրտի վնասում, կատարվում է մեծածավալ բաց թորակոտոմիկ վիրահատություն, պատռվածքի կարում:

Պրակտիկայում ունեցել ենք նման ծանր դեպքեր, և անհրաժեշտ վիրահատական միջամտությունից հետո հիվանդին հնարավոր է եղել փրկել, և նա դուրս է գրվել հիվանդանոցից` առողջացումով:

Նման ծանր վնասվածքներ հիմնականում լինում են երիտասարդների մոտ` վեճերի, կռիվների, մեքենան խիստ արագ վարելու հետևանքներով: Սակայն, քանի որ երիտասարդների օրգանիզմն ավելի ամուր է՝ ավելի արագ են ապաքինվում:

Գործո՞ւմ են զեղչեր:


Սոցփաթեթով, առողջության ապահովագրությամբ, պետպատվերով ընդունված հիվանդների մասնագիտացված բուժօգնությունը, ծառայությունները մատուցվում են անվճար: Տարբերություն չկա՝ հիվա՞նդն է վճարել, թե՞ ապահովագրական ընկերությունը կամ պետությունը, բժշկի համար կարևորը խղճի առաջ մաքուր լինելն է ու պացիենտի առողջությունը: Մեր ամբողջ անձնակազմն առաջնորդվում է այդ սկզբունքով:

Կա՞ն  «սեզոնային վնասվածքներ»:


Ավտովթարները միշտ կան: Կարծիք կա, որ ավտովթարները ձմռանը՝ սառույցների առկայության պատճառով, ավելի շատ են, սակայն ամառային ամիսների ընթացքում էլ են շատ: Գուցե արևն այդ շրջանում ավելի ակտիվ է ներգործում մարդու գիտակցության վրա, շեղում նրան, կամ պարզապես ավելի շատ են օգտվում մեքենայից ոչ սթափ վիճակում:

Ամռանը նաև կատատրավմաներն են հաճախ հանդիպում՝ բարձրությունից, ծառից ընկնելու հետևանքով: Տարբեր ամիսներին ծառերը տարբեր են. հունիս-հուլիսին հաճախ ծիրանենուց ու բալենուց են ընկնում, ավելի ուշ` խնձորենուց, տանձենուց:

Ձեր խորհուրդները` վնասվածքներից խուսափելու համար:

Զգուշություն է պետք պահպանել` վտանգներից զերծ մնալու համար, հետևել տեխնիկական անվտանգության կանոններին` հաստոցի հետ աշխատելիս, վարորդը պետք է ալկոհոլ չօգտագործի, դանդաղ վարի, ամրագոտի կապի: Խիստ նկատելի է, որ ամրագոտի կապած մարդիկ գրեթե չեն վնասվում, իսկ նույն մեքենայում առանց ամրագոտու ուղեկիցներն ընդունվում են ծայրահեղ ծանր վիճակում:

Ծառ բարձրանալիս պետք է զգույշ լինել: Կան ծառեր, որ անհարմար են, ամուր չեն: Այդ ամենը պետք է իմանալ և հաշվի առնել:

Ընկուզենին հզոր ծառ է, բայց նրա ճյուղերը փափուկ են և հեշտ են կոտրվում, բացի այդ՝ յոդ պարունակելու պատճառով այն ազդում է մարդու զգոնության, ուշադրության վրա:

Անհրաժեշտ է երբեք չմոռանալ սեփական ապահովության մասին:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ