Վիրաբուժություն
Ճողվածքներ. հարցերին պատասխանում է վիրաբույժ Հայկ Եղիազարյանը. armeniamedicalcenter.am
1. Ի՞նչ է ճողվածքը:
Ճողվածքը՝ առպատային որովայնամզով պատված որովայնի խոռոչի օրգանների դուրս գալն է ենթամաշկային տարածություն կամ այլ խոռոչներ:
2. Որտե՞ղ են առաջանում ճողվածքները:
Ճողվածքներն առաջանում են որովայնի պատի թույլ հատվածներում: Բնածին թույլ հատվածներն են պորտային օղը, աճուկային խողովակը, որովայնի սպիտակ գիծը: Ճողվածքներ կարող են առաջանալ նաեւ հետվիրահատական սպիների շրջանում եւ որովայնային պատի վնասվածքներից հետո:
3. Ի՞նչ ախտանշաններով են արտահայտվում:
Որովայնի պատի վրա առաջանում է արտափքվածություն՝ կախված ճողվածքի տեղակայման հատվածից: Արտափքվածությունը պարբերաբար կարելի է ներուղղել որովայնի խոռոչ, սակայն ֆիզիկական ծանրաբեռնվածության, քայլելու, հազի ժամանակ այն կարող է նորից արտափքվել դեպի ենթամաշկային տարածություն: Հիվանդները զգում են այդ արտափքվածությունը, կարող են առաջանալ նաև ցավեր:
4. Ո՞րն է ճողվածքի առաջացման պատճառը:
Ճողվածքի առաջացման պատճառները բազմաթիվ են: Ընդհանուր առմամբ, պատճառները լինում են տեղային եւ ընդհանուր: Տեղային պատճառները թույլ հատվածներն են. աճուկային խողովակը, միջին գիծը, պորտային օղը: Ընդհանուր պատճառներն են` ուռուցքները, շագանակագեղձի ադենոման և այլն, որոնք բարձրացնում են ներորովայնային ճնշումը: Նախատրամադրող գործոններից են, օրինակ, տարիքի հետ առաջացող որովայնի պատի մկանների թուլությունը, ինչը նույնպես կարող է նպաստել ճողվածքի առաջացմանը:
5. Կարելի՞ է կանխել ճողվածքի առաջացումը:
Եթե խոսում ենք հետվիրահատական ճողվածքների մասին, իհարկե՛, կարելի է: Վիրահատությունից հետո նվազագույնը երեք ամիս հիվանդներին խորհուրդ է տրվում զերծ մնալ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից` հետվիրահատական սպիի շրջանում ճողվածքի առաջացումը կանխելու համար: Կանանց խորհուրդ է տրվում հղիության ժամանակ կրել հատուկ բանդաժներ(գոտիներ)` կանխելու ազդրային ճողվածքի առաջացումը: Տարիքով մարդկանց խորհուրդ է տրվում զերծ մնալ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից: Իհարկե, դա չի նշանակում ընդհանրապես հրաժարվել ֆիզիկական վարժություններից, ընդհակառակը, ֆիզիկական վարժություններն անհրաժեշտություն են` ամրացնելու որովայնի պատի մկանները, սակայն գերլարվածությունը հանգեցնում է ճողվածքի առաջացման:
6. Ճողվածքը ժառանգակա՞ն հիվանդություն է:
Ճողվածքը ժառանգական հիվանդություն չէ, կարող են լինել բնածին ճողվածքներ, որոնք առաջանում են սաղմնային զարգացման շրջանում: Նորածինների մոտ առավել հաճախ հանդիպում է պորտային ճողվածքը, երկրորդ տեղում աճուկային ճողվածքներն են:
7. Կարո՞ղ է ծանրության բարձրացումը ճողվածքի պատճառ լինել:
Իհարկե՛, կարող է, առավել եւս վիրահատված հիվանդների մոտ, երբ ֆիզիկական գերլարվածությունը հանգեցնում է ճողվածքի առաջացման:
8. Ինչպե՞ս է ծխելն ազդում ճողվածքի վրա:
Ծխելն ուղղակիորեն չի ազդում ճողվածքի առաջացման վրա, սակայն, եթե հաշվի առնենք, որ ծխող մարդկանց մոտ հաճախ լինում է խրոնիկական հազ հատկապես առավոտյան, այն կարող է հանգեցնել ճողվածքի առաջացման: Ստացվում է, որ ծխելն անուղղակիորեն նպաստում է ճողվածքի առաջացմանը:
9. Ինչո՞ւ են տղամարդիկ առավել հակված ճողվածքի, քան` կանայք:
Քանի որ բնությունը տղամարդկանց ավելի ուժեղ է ստեղծել և ավելի շատ են ֆիզիկական աշխատանք կատարում, իսկ առավել մեծ ֆիզիկական ծանրաբեռնվածության արդյունքում ճողվածքներ հաճախ են առաջանում:
10. Ե՞րբ դիմել մասնագետին, եթե հայտնաբերվել է ճողվածք, ի՞նչ անհետաձգելի ցուցումներ կան:
Մասնագետին անհրաժեշտ է դիմել այն պահին, երբ հայտնաբերվել է ճողվածքը: Ինչ վերաբերում է անհետաձգելի ցուցումներին, դա, որպես բարդություն` օղակված ճողվածքն է: Այն նկատվում է, երբ ճողվածքը դուրս է գալիս, չափերով մեծանում է, դառնում լարված, առաջանում են ցավեր ճողվածքի շրջանում եւ որովայնում: Այս պարագայում անհրաժեշտ է դիմել հիվանդանոց եւ շտապ վիրահատվել:
11. Կարելի՞ է ապրել ճողվածքով ` առանց բուժելու և ի՞նչ պայմանների դեպքում:
Առանց բուժելու ճողվածքով ապրել կարելի է, սակայն խորհուրդ չի տրվում: Ճողվածքի առկայության դեպքում բարդությունների հավանականություն միշտ կա` անգամ կյանքի հետ անհամատեղելի:
12. Ինչպե՞ս ինքնուրույն ներուղղել ճողվածքը:
Շատ հիվանդներ, երբ դիմում են հիվանդանոց, ասում են, որ հանգիստ պառկում են, եւ ճողվածքն ինքն իրեն ներուղղվում է որովայնի խոռոչ: Ինքնուրույն ներուղղել ճողվածքը, որը մեծացել է չափերով, ցավոտ է, հակացուցված է, վտանգավոր: Այդ պատճառով հիվանդներին խորհուրդ չի տրվում ինքնուրույն ներուղղել ճողվածքը: Իսկ օղակված ճողվածքի ներուղղումը ընդհանրապես հակացուցված է: Ինչ վերաբերում է չբարդացած ներուղղվող ճողվածքներին, միեւնույն է, պետք է դա անի մասնագետը:
13. Պե՞տք է բուժել ճողվածքը:
Այո՛: Հաշվի առնելով որովայնի պատի դեֆեկտը` նախ, ճողվածքի բարդությունն ուղղակի ցուցում է վիրահատության համար: Չբարդացած ճողվածքները պլանային վիրահատության ենթակա են, եւ, մյուս կողմից, կա նաեւ հարցի էսթետիկ կողմը. դա կոսմետիկ դեֆեկտ է որովայնի պատի վրա հատկապես երիտասարդ կանանց համար:
14. Մի՞շտ է ճողվածքը բուժվում վիրահատական մեթոդով:
Կան տարբեր վիրահատական եղանակներ: Մինչ օրս ճողվածքի բուժման եղանակը միայն վիրահատական է: Միայն մեկ դեպքում, երբ նորածինների մոտ նկատվում է բնածին ճողվածք, այդ ժամանակ հույս կա, որ նորածնի որովայնային պատը կամրանա եւ վեց ամսվա ընթացքում ճողվածքը կվերանա: Իսկ եթե վեց ամիս եւ ավելի պահպանվում է, ապա դա ցուցում է վիրահատության համար:
15. Կա՞ն ոչ վիրահատական բուժման մեթոդներ:
Ոչ վիրահատական բուժման մեթոդներ մեծահասակների համար չկան:
16. Ի՞նչպես է տեղի ունենում վիրահատությունը:
Ճողվածքների վիրահատական բուժումը հարյուր տարուց ավելի պատմություն ունի եւ բժշկության զարգացման հետ զուգահեռ զարգանում են նաեւ ճողվածքների վիրահատության մեթոդները. սկսած բաց վիրահատությունից մինչև լապարոսկոպիկ: Ներկայում դա արդիական թեմա է, քանի որ, օրինակ, աճուկային ճողվածքների վիրահատությունների համար մշակված են մի քանի տասնյակ եղանակներ: Մեր օրերում աշխարհում առավել տարածված է լապարոսկոպիկ մեթոդը: Կա եղանակ՝ վիրահատել սեփական հյուսվածքներով կամ կիրառել այլ սինթետիկ նյութեր: Այսօր մեր կլինիկայում նաեւ կիրառվում է լապարոսկոպիկ վիրահատությունների արտաորովայնամզային եղանակը (TEP), որը նախատեսում է վիրահատություն էնդոսկոպիկ եղանակով` ցանցի կիրառմամբ: Վիրահատությունը կատարվում է ինքնաֆիքսվող ցանցով` առանց որովայնի խոռոչ մուտքի: Մենք աշխատում ենք որովայնի պատի մեջ, եւ դա ունի իր դրական կողմերը, հակառակ դեպքում առաջանում են կպումներ: Առանց որովայնի խոռոչ մուտքի վիրահատության դեպքում ցանցն ինքնաֆիքսվող է, ներվիրահատական բարդությունների եւ հետվիրահատական ցավերը կանխարգելվում են:
TEP-ը բավականին արդիական մեթոդ է, որը կիրառվում է ժամանակակից եվրոպական կլինիկաներում եւ տալիս է շատ լավ արդյունք: Դրա շնորհիվ վերականգնողական շրջանը շատ կարճ է տեւում: Վիրահատությունից երկու շաբաթ անց հիվանդները կարող են անցնել իրենց առօրյա կյանքին: Այլ մեթոդների կիրառմա ժամանակ, օրինակ` սեփական հյուսվածքներով վիրահատության, 3-6 ամիս անհրաժեշտ է պահպանել ֆիզիկական ծանրաբեռնվածության սահմանափակում: Բաց եղանակով ցանցի կիրառմամբ` ըստ Լիխտենշտեյնի կոչված պլաստիկան, առնվազն 2 ամիս պետք է սահմանափակել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը:
17. Ի՞նչ ռիսկեր կան վիրահատական բուժման ժամանակ:
Վիրահատական բուժման ժամանակ ռիսկերը կարելի է բաժանել երկու մեծ խմբի: Ռիսկեր, որոնք կապված են ցավազրկման մեթոդի հետ եւ հիվանդի առողջական վիճակի հետ: Ինչ վերաբերում է տեղային բարդություններին, ապա վիրահատության ժամանակ վիրաբույժները պետք է միշտ ուշադիր լինեն, որ չվնասեն կարեւոր կառուցվածքներ, ինչպիսիք են խոշոր անոթները:
18. Ի՞նչ անզգայացում է իրականացվում:
Կախված այն բանից, թե ինչ ճողվածքի հետ գործ ունենք, անզգայացումն իրականացվում է մի քանի եղանակով. կարող է լինել տեղային անզգայացում, ողնուղեղային անզգայացում, եթե վիրահատությունը կատարվելու է գոտկատեղից ներքեւ, եւ ընդհանուր անզգայացում: Անզգայացման տեսակը կախված է ո՛չ միայն ճողվածքի տեղակայումից, այլեւ չափերից, նախատեսվող վիրահատության ծավալից եւ հիվանդի ցանկությունից` նույնպես, այսինքն հիվանդը պետք է համաձայնություն տա այս կամ այն ցավազրկման իրականացմանը:
19. Ինչո՞ւ կարող են հետվիրահատական ցավեր առաջանալ և ի՞նչ անել:
Սկսենք նրանից, որ ցավը սուբյեկտիվ զգացողություն է, այսինքն տարբեր մարդկանց մոտ ցավային շեմը տարբեր է: Ցավը նաեւ կապված է վիրահատական վնասվածքի հետ, այսինքն, երբ ճողվածքը մեծ է, բնականաբար, հետվիրահատական ցավերը լինում են բավականին երկարատեւ եւ ինտենսիվ: Հետվիրահատական շրջանում ցավազրկումն իրականացվում է ըստ անհրաժեշտության:
20. Որքա՞ն երկար է տեւում վերականգնողական շրջանը:
Վերականգնողական շրջանը կախված է վիրահատության տեսակից, ճողվածքի չափերից եւ տեղակայումից: Սովորաբար, վերականգնողական շրջանը տեւում է մինչեւ 6 ամիս:
21. Ե՞րբ կարող է հիվանդը վերադառնալ աշխատանքի:
Աճուկային ճողվածքների ժամանակ 2 շաբաթից մինչեւ 3-6 ամիս: Սովորաբար, որովայնի պատի վրա մեծ ճողվածքներ ունեցող հիվանդները կարող են վերադառնալ լիարժեք աշխատանքի 6 ամիս անց:
22. Ե՞րբ կարելի է սպորտով զբաղվել:
Սպորտով կարող են զբաղվել 2-3 ամիս հետո, եթե վիրահատությունը կատարվել է սինթետիկ ցանցի կիրառումով:
23. Ի՞նչ ժողովրդական միջոցներ կառաջարկեք:
Ժողովրդական միջոցների կիրառումներից հետո մենք բազմաթիվ բարդություններով հիվանդներ ենք վիրահատել, այդ պատճառով ոչ մի ժողովրդական միջոց խորհուրդ չի տրվում: Խորհուրդ է տրվում ճողվածքի ժամանակ կրել հատուկ որովայնի պատն ամրացնող բանդաժներ եւ սահմանափակել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը:
24. Կա՞ հատուկ սննդակարգ ճողվածքի ժամանակ:
Հիվանդները, ովքեր տարել են վիրահատություն եւ ունեն հետվիրահատական ճողվածք ու որովայնի խոռոչում կպումները հավանական են, նշանակվում է սննդակարգ, որպեսզի չառաջանա աղիների փքվածություն, չբարձրանա ներորովայնային ճնշումը եւ չառաջանա անանցանելիություն ճողվածքապարկի մեջ: Սակայն, ընդհանուր առմամբ, այդ հիվանդների համար հստակ մշակված սննդակարգ չկա:
25. Կարելի՞ է պրեսի վրա աշխատել, եթե կա ճողվածք:
Դա, միանշանակ, հակացուցված է, որովհետեւ կհանգեցնի ճողվածքի մեծացման:
25.05.2018 Կարդացեք նաև
18.04.2023
24.01.2023
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ