Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ուրո-անդրոլոգիա

 

 

 

Անմիզապահությունը` հրատապ խնդիր. Արամ Զոհրաբյան. armeniamedicalcenter.am

Անմիզապահությունը` հրատապ խնդիր. Արամ Զոհրաբյան. armeniamedicalcenter.am

Անմիզապահությունը տարածված խնդիր է ամբողջ աշխարհում: Դա մեզի ակամա հոսքն է, որը բնական ծերացմանը բնորոշ ֆիզիոլոգիական փոփոխություններին զուգահեռ դառնում է առավել տարածված: Անմիզապահությունը զուգակցվում է մի շարք պաթոլոգիաների հետ, ինչպիսիք են բնական արատները, խուղակները, բորբոքումները կամ ուռուցքային հիվանդությունները: Խնդրի մասին զրուցեցինք «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկայի ղեկավար բ.գ.թ. դոցենտ Արամ Զոհրաբյանի հետ:

−  Անմիզապահության ի՞նչ տարատեսակներ կան: Որո՞նք են առաջացման պատճառները:

Համաշխարհային բժշկական գրականությունն առանձնացնում է անմիզապահության մի քանի տեսակներ: Ամենահաճախ հանդիպող տարատեսակն է շարունակական անմիզապահությունը, որի առաջացման պատճառն արտաքին սեղմակը շրջանցող խուղակներն են (վեզիկովագինալ, ուրետրովագինալ), հետվիրահատական կամ ճառագայթային բուժման բարդությունները: Մյուս պատճառը բնական արատն է, ինչն ավելի հաճախ հանդիպում է կանանց մոտ: Մեկ այլ տեսակ է պարադոքսալ անմիզապահությունը, ինչը բնորոշ է քրոնիկ միզակապությանը: Անմիզապահության տարատեսակներից է գիշերային անմիազապահությունը` էնուրեզը, որն առավել հաճախ հանդիպում է երեխաների մոտ` հիմնականում մինչև 3 տարեկանը: 5 տարեկանն անց երեխաների մոտ հանդիպում է 5 տոկոս դեպքերում, իսկ մինչև 15 տարեկանը` մոտավորապես 1 տոկոս: Անմիզապահության առաջացման պատճառ կարող է լինել նաև միզապարկի կծկողականությունը բարձրացնող կամ սեղմակների կծկողականությունը թուլացնող դեղերի օգտագործումը:

−  Ի՞նչ է սթրեսային և հրատապ անմիզապահությունը:

Սթրեսային անմիզապահության դեպքում խոսքը վերաբերում է հազալու, փռշտալու, վարժությունների կամ ներորովայնային ճնշումը բարձրացնող գործողությունների դեպքում մեզի ակամա արտահոսքին: Ծննդաբերության կամ մենոպաուզայից հետո կանանց մոտ ամենահաճախ հանդիպող տեսակն է: Այն պայմանավորված է հեշտոցի առաջնային պատի և կոնքի մկանների թուլացմամբ: Տղամարդկանց  մոտ հանդիպում է շագանակագեղձի վիրահատություններից հետո, երբ լինում է արտաքին սեղմակի վնասման հավանականություն:

 

Հրատապային` ուրգենտ անմիզապահությունը միզելու ուժեղ, անզուսպ ցանկության ժամանակ մեզի ակամա հոսքն է, որը սովորաբար, հանդիպում է ցիստիտի, նեյրոգեն կամ գերակտիվ միզապարկի դեպքում: Կարևոր է տարբերակել հրատապ և սթրեսային անմիզապահությունները: Հրատապային անմիզապահությունը կարող է լինել նաև այլ ախտաբանական վիճակների դեպքում, ինչպես, օրինակ, բորբոքումը կամ ինֆրավեզիկալ օբստրուկցիան: Սթրեսային անմիզապահությունը հիմնականում բուժվում է վիրահատական միջամտությամբ:

−  Ինչպիսի՞ հետևանքներ կարող է թողնել անմիզապահությունը:

Ճիշտ է, այն կյանքին վտանգ չի ներկայացնում, սակայն կյանքի որակը խիստ տուժում է: Հետազոտությունները ցույց են տվել, որ անմիզապահությունը բերում է սոցիալական մեկուսացման, հուզական և քնի խանգարումների:

−  Բուժման ի՞նչ մեթոդներ են առաջարկվում:

Բուժման տարբերակը կախված է անմիզապահության տեսակից, որը ներառում է դեղորայքային և վիրահատական բուժման եղանակներ: Օրգանական փոփոխությունների դեպքում առաջնահերթությունը տրվում է վիրահատական, մյուս դեպքերում` կոնսերվատիվ եղանակին: Կանանց մոտ անմիզապահության բուժման համար կատարվում են սլինգային վիրահատություններ սինթետիկ ժապավենների կիրառմամբ: Հիպերակտիվ միզապարկի ոչ վիրահատական բուժման մեթոդներից է վարքականոնային թերապիան, որի ժամանակ հիվանդն օրագիր է վարում, հետևում ջրի օգտագործմանը և միզելու ինտենսիվությանը, ինչպես նաև համակարգված վարժությունների միջոցով ամրապնդում կոնքի հատակի մկանների աշխատանքը:

−  Ի՞նչ խորհուրդ կտաք ընթերցողներին:

Խոսքս ուղղում եմ հատկապես կանանց, որ իրենց խնդրի մասին բարձրաձայնեն, դիմեն ուրոլոգի խորհրդատվության և զննման նպատակով:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ