Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Համակարգային հիվանդություններ

Պոդագրա. հաճախ տրվող հարցերին պատասխանում է ռևմատոլոգ Զարուհի Սաֆարյանը. izmirlianmedicalcenter.com

Պոդագրա. հաճախ տրվող հարցերին պատասխանում է ռևմատոլոգ Զարուհի Սաֆարյանը. izmirlianmedicalcenter.com

Պոդագրան համակարգային տոֆուսային հիվանդություն է, որն ուղեկցվում է հոդերում և հարհոդային հյուսվածքներում նատրիումի մոնոուրատի բյուրեղների կուտակումով` առաջացնելով տեղային բորբոքում :

Որո՞նք են հիվանդության պատճառները

Հիվանդության պատճառները բազմաթիվ են: Դրանք են ՝ալկոհոլի, հատկապես` գարեջրի, չարաշահումը,  պուրիններով հարուստ սննդակարգը (մսային ուտեստներ), վնասվածքները, որոշակի վիրահատական միջամտությունները, ցրտահարությունները, որոշ դեղերի ընդունումը և  տարբեր հիվանդություններ:

Որո՞նք են հիվանդությանը նպաստող գործոնները

Բոլոր նյութափոխանակության խանգարման տանող հիվանդությունները նպաստում են պոդագրայի առաջացմանը՝ ճարպակալումը, ինսուլինի նկատմամբ ռեզիստենտության բարձրացումը և այլն:

Հիպերուրիկեմիա կարող են առաջացնել նաև որոշ դիազիդային դիուրետիկներ՝ միզամուղներ, որոնք օգտագործում են գերճնշումով պացիենտները: Կարող են առաջացնել տուբերկուլոզի ժամանակ օգտագործվող հակաբիոտիկաթերապիան,  փոխպատվաստումները, ասպիրինը, քիմիաթերապիան:

Ի՞նչ դեր ունի սնունդը հիվանդության առաջացման մեջ

Սննդի դերը շատ կարևոր է հիվանդության առաջացման մեջ, որովհետև կան պուրիններով հարուստ մթերքներ, որոնք առաջացնում են արյան մեջ միզաթթվի ավելցուկ՝ միսը, ձկնեղենը, ծովամթերքը, լոբազգիները, ալկոհոլը (գարեջուրը), բարձր յուղայնությամբ կաթնամթերքը: Մետաբոլիկ համախտանիշի առկայության դեպքում պոդագրայի առաջացմանը նպաստում է նաև ճարպային սնունդը:

Ի՞նչ դեր ունի ժառանգականությունը

Հիվանդության զարգացման գործընթացում ժառանգականության դերը մեծ է: Այն փոխանցվում է հորից որդուն, և այդ ճանապարհով առաջացած նյութափոխանակության խանգարումը հիմնականում արտահայտվում է միզաթթվի օրգանիզմից դուրս բերման խափանումով:

Ի՞նչ առանձնահատկություններով է դրսևորվում կանանց և տղամարդկանց մոտ և ինչո՞ւ է այն ավելի բնորոշ մեծ տարիքով մարդկանց

Ավելի շատ նկատվում է տղամարդկանց մոտ. հարաբերակցությունը կանանց հետ կազմում է 5:1,  մինչև 9:1-ի: Նկատվում է 40-50 տարեկանն անց անձանց մոտ, որը պայմանավորված է տարբեր գործոններով: Կանանց մոտ այն ավելի արտահայտվում է դաշտանադադարից հետո` հորմոնալ ֆոնի փոփոխության հետ կապված, նաև՝ սննդային չարաշահումների:

Ո՞րն է հիվանդության զարգացման մեխանիզմը

Երբ արյան մեջ առկա է միզաթթվի բարձր պարունակություն` ավելի քան 0,42 միլիմոլ/լիտրում, 37°C պայմաններում առաջացնում է ուրատների բյուրեղացում: Կենտրոնական դեր են խաղում նեյտրոֆիլները, որոնք ֆագոցիտում են այդ բյուրեղիկները՝ քայքայելով բջջի պատյանն ու առաջացնելով պրոտեոլիտիկ ֆերմենտների և բորբոոքային բջիջների դուրսբերում: Դա իր հերթին բերում է որոշ ցիտոկինների առաջացման՝ ինտերլեյկին 1, 6, 8 ուռուցքի նեկրոզ-գործոն: Արդյունքում նեյտրոֆիլները՝ թափանցելով հոդի խոռոչ, առաջացնում են հոդի տեղային բորբոքում՝ տենդ և ընդհանուր բորբոքային ռեակցիա: Նորմայում  նեյտրոֆիլները հոդի խոռոչում առկա չեն, կարելի է երբեմն հայտնաբերել որոշ ուրատների բյուրեղիկներ:

Որո՞նք են հիվանդության ախտանիշները

Պոդագրան դրսևորվում է սուր և քրոնիկ (նոպաներ և միջնոպային շրջան) ընթացքով: Սովորաբար, պոդագրան սկսվում է սուր, դասական տարբերակով` ախտահարելով առաջին նախագարշապար-ֆալանգային հոդը՝ ոտքի բութ մատը: Կարող են լինել նաև խոշոր հոդերի ախտահարումներ՝ սրունք-թաթային, արմնկային, ծնկան, կոնք-ազդրային հոդերի:

Առաջանում է տեղային հոդի կարմրություն, այտուցվածություն, սաստիկ ցավ, որն անվանում են «անկողնային՝ սավանի ցավ», երբ  սավանի հպումն անգամ անտանելի ցավ է առաջացնում: Սովորաբար, նոպան տևում է 1-10 օր: Նկատվում է նաև խոշոր հոդերի ախտահարում: Թե՛ խոշոր, և թե՛ մանր հոդերի ախտահարումները հիմնականում ասիմետրիկ են, արտահայտվում են 1 կամ 2 հոդերի ախտահարմամբ՝ օլիգո կամ մոնո արթրիտով: Այդ հոդերում ի հայտ է գալիս շարժումների սահմանափակում. հիվանդը չի կարողանում քայլել, անգամ ոտքը հպել հատակին: Լինում են նաև դեֆորմացիաներ՝ հիվանդության սկզբից մոտավորապես 6-7 տարի հետո:

Առաջին փուլում ի հայտ են գալիս պարզապես հոդաճեղքի նեղացում, որոշ դեստրուկտիվ, դեգեներատիվ փոփոխություններ: Տարիներ անց կարող է առաջանալ շատ սպեցիֆիկ ախտանիշ, այսպես կոչված` «պրոբոյնիկի» ախտանիշ: Դա ոսկրի ներսում տոֆուսների առաջացումն է:

Ինչ է  նշանակում  տոֆուս:

Տոֆուսը միզաթթվի բյուրեղների հանգույցների տեսքով օջախային կուտակում է, որը տեղային բորբոքում չի առաջացնում: Տոֆուսները լինում են ոսպից մինչև խոշոր ընկույզի չափի: Սովորաբար, ունենում են սպիտակ գույնի  կաթնաշոռային զանգվածի տեսք: Տոֆուսները հիմնականում կուտակվում են հոդերում, հարհոդային հյուսվածքներում, ավելի հաճախ` դաստակների և ոտնաթաթերի մանր հոդերի, խոշոր հոդերից՝ արմնկային, ծնկան հոդի շուրջը: Շատ հաճախ դրանք լինում են նաև ականջի խեցիների վրա:

Նոպաները հաճախակի կրկնվելու դեպքում, հատկապես, երբ պացիենտը ստանում է ոչ համապատասխան բուժում, կամ ոչ հետևողական սննդակարգ, հիվանդությունը ձեռք է բերում քրոնիկ ընթացք: Այս դեպքում նշանակվում է խիստ սննդակարգ, երկարատև դեղորայքի ընդունում:

Հիվանդությունն ի՞նչ բարդություններով է հղի և ե՞րբ են զարգանում դեֆորմացիաները

Երբ հիվանդությունը քրոնիկական ընթացք է ստանում  տոֆուսներ են առաջանում` հատկապես ներքին օրգաններում,  սրտի խոռոչում՝ (զարկերակային ճնշման տատանումներ և այլն), երիկամներում առաջանում է պոդագրիկ նեֆրոպաթիա` բերելով երիկամային անբավարարության և այլն:

Ինչպե՞ս է ախտորոշվում հիվանդությունը:

Կլինիկական պատկերն արտահայտվում է ցայտուն հոդային ախտանիշներով` պոդագրիկ արթրիտ, ինչն ախտորոշման համար կարևոր գործոն է: Հետազոտվում է արյան մեջ միզաթթվի քանակը, և օրվա մեզի մեջ միզաթթվի դուրս բերման քանակը: Հոդերի սպեցիֆիկ փոփոխությունների դեպքում կատարվում է ռենտգեն հետազոտություն: Եթե հոդն այտուցված է և առկա է հեղուկ, վերցվում է պունկտատ և պոլյարիզացիոն խոշորացույցի միջոցով այդ բորբոքված հեղուկի մեջ որոշվում միզաթթվի բյուրեղիկների առկայությունը. ինչն ամենաստույգ ախտորոշման մեթոդներից է: Եթե ներքին օրգաններում (երիկամներում, սրտում) կասկածվում է տոֆուսների առաջացում, որը հազվադեպ երևույթ է, իրականացվում է համակարգչային  տոմոգրաֆիա, էխո-կարդիոգրաֆիա:

Բուժման ի՞նչ մեթոդներ կա և որքանո՞վ են դրանք արդյունավետ:

Պոդագրան դեղերի ազդեցությամբ ենթարկվում է բուժման: Բուժման նպատակներից է, նախ, հանել ցավային համախտանիշը, կանխել հետագա սրացումները  և միզաթթվի կուտակումը:

Դեղորայքներից  տրվում են ցավազրկողներ, կոլխիցին՝ օրը մինչև 1- 2 գրամ: Եթե հոդը շատ այտուցված է և դժվար է ենթարկվում ոչ ստերոիդային հակաբորբոքային միջոցների ազդեցությանը, նշանակվում են նաև ստերոիդային հակաբորբոքային դեղեր` երբեմն  հենց ներարկելով  հոդի  մեջ: Նշանակվում է հիպերուրիկեմիկ դեղորայք, որն իջեցնում է միզաթթվի մակարդակն արյան մեջ՝ ալոպուրինոլ, որը նշանակվում է երկարատև` միզաթթվի  քանակն արյան մեջ վերահսկելով:

Սուր վիճակում ֆիզիոթերապիան հակացուցված է, իսկ քրոնիկ դեպքերում արդյունավետությունն ապացուցված չէ:

Արդյունավետ է մեծ քանակությամբ հեղուկների օգտագործումը, որը նպաստում է աղերի դուրսբերմանը:

Հնարավո՞ր է կանխարգելել պոդագրան

Սպեցիֆիկ  կանխարգելում  գոյություն  չունի: Քիմիաթերապիա ստացող ուռուցքով հիվանդների մոտ հաճախ նկատվում է արյան մեջ միզաթթվի քանակի բարձրացում, այդ ժամանակ նշանակվում է ալոպուրին, որպեսզի կանխվի պոդագրայի առաջացումը:
Եթե կա ժառանգական նախատրամադրվածություն, ուրեմն պետք է ապրել՝ չչարաշահելով սննդակարգը. չափավոր օգտագործել ալկոհոլը, մսեղենը և այլն: Նաև պետք է վերահսկել մարմնի քաշը:

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ