Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Սեքսոլոգիա

Սեռական ցանկություն

Սեռական ցանկություն

Մարդու սեքսուալության հիմնական դրսևորումներն են սեռական ցանկությունը, սեռական գրգռումը և հեշտանքը (էյակուլյացիան)։ Սեռական ցանկությունը կամ լիբիդոն զգացողություն է, որը բարձրացնում է անձի ընկալունակությունը սեռական ապրումների և զգայությունների նկատմամբ և մղում է նրան սեռական ակտիվության։


Սեռական ցանկության ակտիվացման ժամանակ անձը զգում է ներքին սեռական գրգռվածություն, առաջանում են անորոշ գենիտալ զգայություններ, հետաքրքրություն է ի հայտ գալիս սեռական կյանքի շուրջ, անձը «տրամադրվում է» դեպի սեռական կյանքը կամ, պատկերավոր ասած` կորցնում է իր ներքին հանգիստը։ Հիշյալ զգացողությունները դադարում են սեռական բավարարումից հետո, երբ անձը վերագտնում է իր հանգիստը։


Սեռական ցանկության առաջացումը կապված է ուղեղային կենտրոնների ակտիվացման հետ։ Եթե ուղեղային կենտրոնները ակտիվ չեն կամ գտնվում են արգելակող մեխանիզմների ազդեցության տակ, ապա անձը հետաքրքրված չէ էրոտիկ թեմաներով, նա կարծես կորցնում է իր «սեռական ախորժակը» կամ պարզապես դառնում է ասեքսուալ։


Ալբերտ Մոլլը, որ մենագրական հետազոտություն է նվիրել այս ֆենոմենին, լիբիդոյի կազմում տարբերում է երկու բաղադրիչ` հպվելու մղում, որը դրդում է այլ անձի հետ ֆիզիկական (գրկախառնություններ, համբույրներ) ու հոգևոր շփման և թուլանալու, հանգստանալու մղում, որի հետևանքով սեռական օրգաններում տեղի են ունենում վազոմոտոր և մկանային գործընթացներ, որոնք հաջորդում են էյակուլյացիային` տղամարդկանց մոտ և հեշտանքին` երկու սեռերի մոտ։


Սեռական ցանկության անատոմիական հիմքը ուղեղային կենտրոններն են, որոնք բաժանվում են երկու խմբի՝ ցանկությունը ակտիվացնող և ցանկությունը արգելակող։ Դրանք տեղակայված են գլխուղեղի լիմբիկ համակարգում, տեսաթմբերում, պրեօպտիկ շրջանում։ Ինչպես հայտնի է, լիմբիկ համակարգը գլխուղեղի հնագույն բաժինն է, որի ֆունկցիան վարքի կազմակերպումն ու կառավարումն է։ Այն պատասխանատու է տեսակի գոյապահպանման, ներառյալ` վերարտադրման համար։ Այդ նպատակով նրանում տեղակայված են նյարդային կորիզներ, որոնք կառավարում են հույզերի առաջացումը և դրդապատճառների ձևավորումը։ Լիմբիկ համակարգը գրեթե նույնությամբ առկա է նաև պրիմիտիվ ողնաշարավորների մոտ։ Այն ընդգրկվել է մարդու բարդ ուղեղային կառույցի մեջ այնպես, որ միանգամայն անտեսանելի է դարձել, մինչդեռ հույզերի առաջացման և սեռական փորձառության մեջ շարունակում է խաղալ իր ծանրակշիռ դերը՝ հանդիսանալով դրանց կենսաբանական հենքը։


Այստեղ մի պահ կանգ առնենք սեռական ցանկության դրդապատճառային ասպեկտի վրա։ Կլինիկական աշխատանքի ժամանակ սեռական վարքի մոտիվացիոն ասպեկտների ուսումնասիրումը  պայմանավորված է նրանով, որ սեռական վարքը չի սահմանափակվում միայն սերնդաշարունակմամբ, այլ ունի նաև բոլորովին այլ ֆունկցիաներ, որոնց նպատակը միանգամայն տարբեր է վերարտադրումից։ Ինչպես գիտեք, սեռական վարքի այս վերջին կողմը անվանում են ռեկրեացիոն ուղղություն, ի տարբերություն պրոկրեացիոնի, որը ենթադրում է զուտ վերարտադրում։


Սեռական վարքի դրդապատճառների ուսումնասիրման մյուս նպատակը, որ ունի կլինիկական մեծ նշանակություն, դրդապատճառների տարիքային փոփոխության մեջ է, որն անդրադառնում է ամուսնական զույգի սեռական ներդաշնակության վրա։ Այսպես, եթե սեռական կյանքի սկզբում սեռական մերձեցման հիմնական դրդապատճառը սեռական բավարարություն ստանալու և տալու անհաղթահարելի պահանջն է, ապա տարիքի հետ, նյարդահումորալ տոնուսի իջեցման հետևանքով, անձը կարող է պահպանել սեռական կյանքի ռիթմը` ելնելով ոչ թե ներքին պահանջմունքից, այլ սովորության համաձայն։


Վասիլչենկոն առանձնացնում է տղամարդու սեքսուալ մոտիվացիայի 4 հիմնական տիպ՝


1. Հոմեոստաբիլիզացնող տիպ.
բնորոշվում է նրանով, որ յուրաքանչյուր հերթական մերձեցումից և դրան հաջորդող համեմատական հանգիստ վիճակից հետո տղամարդը ապրում է աստիճանաբար աճող սեռական լարվածության զգացողություն, որը խախտում է նրա նյարդային հավասարակշռությունը։ Ինչպես քաղցի զգացողությունն է կրում բացասական հուզական երանգավորում, այնպես էլ սեռական ձեռնպահությունը ուղեկցվում է ֆիզիոլոգիական դիսկոմֆորտի զգացողությամբ։ Ըստ այդմ սեռական կյանքի ռիթմը կազմակերպվում է այնպես, որպեսզի հնարավորինս պահպանվի ֆիզիոլոգիական կոմֆորտը։


Վարքի այս տեսակը ամենից հաճախ հանդիպում է ստեղծագործական հակվածությամբ մարդկանց մոտ, որոնց արժեքային համակարգում սեռական կյանքը ենթակա տեղ է գրավում։ Ստեղծագործական աշխատանքից ստացած բուռն ուրախությունը կարող է մթագնվել, եթե այդ պահին առաջանա քաղցի զգացողություն կամ սեռական ցանկություն, որոնք շեղիչ և հետևաբար ոչ ցանկալի գործոններ են նրա համար, թեև դրանց բավարարումը միանգամայն լի է հաճույքի զգացողությամբ։


2. Խաղային տիպ. բնորոշվում է սեռական վարքում ռոմանտիկ և սեքսուալ բաղադրիչների ներդաշնակ համադրությամբ։ Այսպիսի տղամարդիկ զերծ են կնոջը աստվածացնելու կամ հակառակը՝ նրան միայն որպես սեռական կիրքը բավարարող օբյեկտ դիտելու ծայրահեղություններից։ Այս տիպի սեքսուալ մոտիվացիա ունեցող տղամարդիկ դիտարկում են սեռական կապը իբրև եզակի հնարավորություն, որտեղ նրանք կարող են համատեղ դրսևորել իրենց հոգեհուզական և մարմնական ապրումները՝ իրականացնելով իրենց սեքսուալ երևակայությունները, հնարքները։ Ամեն անգամ նրանք նորովի են ապրում սեռական հաճույքը, իբրև նախադեպը չունեցող և անկրկնելի իրողություն։


3. Կաղապարային տիպ.
բնորոշվում է նրանով, որ տղամարդը սեռական հարաբերությունը իրականացնում է իբրև որոշակի պարտականություն՝ խուսափելու համար հնարավոր կշտամբանքներից կամ ասեկոսեներից։ Այսպիսի տղամարդիկ ունեն սեռական վարքի որոշակի կարծրատիպ, որով առաջնորդվում են իրենց ողջ սեռական կյանքի ընթացքում։


4. Գենիտալ տիպ.
այս տիպի տղամարդիկ աչքի չեն ընկնում բարձր ինտելեկտով, շատ հաճախ նույնիսկ չեն տարբերում էրեկցիան սեռական ցանկությունից։ Նրանց համար էրեկցիայի առաջացումը սեռական հարաբերություն ունենալու ազդանշան է։ Այսպիսով, նրանց սեռական կյանքի ռիթմը կարգավորվում է սոսկ գենիտալ շրջանի զգացողություններով` առանց էթիկական և էսթետիկական «ավելորդությունների»։ Եթե նախորդ դեպքերում սեռական վարքը կախված է անձի դիրքորոշումներից, ապա այստեղ այն պայմանավորված է արտաքին ազդեցություններով, ուստի շատ հեշտ է նմանատիպ անձանց ներգրավել սեռական կապի մեջ։


Սեքսուալ մոտիվացիաների նկարագրված տիպերը պայմանավորված են ժառանգական, կոնստիտուցիոնալ գործոններով, ինչպես նաև անհատական զարգացման ընթացքում ձեռք բերած հայացքների և համոզմունքների համակարգով։

 

Սեռական ցանկության նյարդային կենտրոնները սերտ կապեր ունեն ուղեղային այլ հատվածների հետ, որոնք մինչ օրս դեռ լիովին բացահայտված չեն։ Ամենայն հավանականությամբ նյարդային սերտ կապեր գոյություն ունեն մի կողմից սեռական կենտրոնների, մյուս կողմից` հաճույքի ու ցավային կենտրոնների միջև։ Սեռական մերձեցման ժամանակ գրգռվում են հաճույքի կենտրոնները, և դա պայմանավորում է սեռական կյանքի հաճույքաբեր կողմը։ Ցավային զգացողության ժամանակ սեռական ցանկությունը ճնշվում է, որովհետև ցավի կենտրոններն ակտիվանալիս արգելակում են սեռական կենտրոններին։

 

Ցավային կենտրոններն ակտիվանում են ֆիզիկական վնասման կամ նման հնարավորության կանխատեսման պարագայում, և երբ դրանք ակտիվ են, ապա դրանցից նյարդային արգելակող գրգիռներ են տարածվում ուղեղի բոլոր այն կենտրոնները, ներառյալ սեռական ցանկության կենտրոն, որոնք չեն ծառայում անհատի գոյության պահպանմանը։ Էվոլյուցիայի ընթացքում մեր ուղեղի գործունեությունը կազմակերպվել է այնպես, որ ցավից խուսափումը առաջնահերթ կարևորություն է ձեռք բերել հաճույքի ստացումից, ինչը միանգամայն տրամաբանական է տեսակի պահպանման համար։ Անհատի ինքնապահպանման բնազդը նախորդում է նրա վերարտադրման բնազդին, ուստի բոլոր այն դեպքերում, երբ անհատի կյանքը վտանգի մեջ է, ցավային կենտրոններն ակտիվանում են այնպես, որ օրգանիզմի ողջ գործունեությունն ուղղորդվում է այդ իրավիճակից դուրս գալուն (փախուստ կամ պայքար)։ Այսպիսով հաղթահարվում են սեռական գրգիռները, որոնց ազդեցությանը նման պարագայում ենթարկվելը կարող է ճակատագրական ելք ունենալ։ Նյարդաֆիզիոլոգիական մեխանիզմների միջոցով սեռական ցանկությունը կարող է արգելակվել բոլոր այն դեպքերում, երբ անձի կողմից որոշվում է, որ սեռական ակտիվությունը վտանգ է պարունակում։

 

Վարքային հետազոտությունները ցույց են տալիս, որ սեռական ցանկության կենտրոնները սերտ կապեր ունեն հիշողության և անհատական փորձի վերլուծման համար պատասխանատու կենտրոնների հետ։ Այս է պատճառը, որ հոգեսեռական զարգացման ընթացքում տեղ գտած շեղումները, պահպանվելով ենթագիտակցականում` մի օր, որոշակի ուժերի ազդեցության տակ ակտիվանում են և ճնշում սեռական ցանկությունը։ Հիշողությունը կրում է ոչ միայն անցյալում տեղ գտած իրադարձությունները, այլ նաև կյանքի ընթացքում ձեռք բերված ինֆորմացիայի հիման վրա նախապես ծրագրավորված պատկերացումները։ Առաջին սեռական հարաբերությունը իրականացվում է հենց այս մոտավոր պատկերացումների հիման վրա։ Եվ հնարավոր է, որ բախվելով իրականության հետ, որը չի համապատասխանում այդ պատկերացումներին, անձի մոտ (հատկապես տագնապային խառնվածք ունեցող) առաջանա հոգեսեռական խանգարում։ Լիբիդոյի կենտրոնները սերտ կապի մեջ են նաև ողնուղեղում տեղակայված` սեռական գրգռման և հեշտանքի կենտրոնների հետ։ Կենտրոնախույս նյարդային գրգիռները կարող են փոփոխել վերջիններիս նյարդային գրգռման շեմը։ Այդ պատճառով, երբ սեռական ցանկությունը բարձր է, սեռական գրգռման և հեշտանքի գենիտալ ռեակցիաները հեշտությամբ են գործի դրվում։ Եվ հակառակը՝ սեռական ցանկության բացակայությունը դժվարացնում և երբեմն նույնիսկ անհնարին է դարձնում հիշյալ պրոցեսները։ Սրա փաստացի ապացույց կարող է հանդիսանալ այն հանգամանքը, որ սեռական գրգռման և նույնիսկ հեշտանքի կարելի է հասնել միայն սեքսուալ երևակայության օգնությամբ, առանց սեռական օրգանների անմիջական գրգռման։


Սեռական ցանկության ֆիզիոլոգիան, այսինքն այն մեխանիզմները, որոնք պատասխանատու են սեռական ցանկության առաջացման համար` մինչ օրս լիովին բացահայտված չեն։ Կենդանիների վերարտադրության գործընթացները  կարգավորվում են էստրալ ցիկլով և ենթակա են կենսաբանական ռիթմերի ազդեցությանը։ Դրանից դուրս կենդանիները միանգամայն ասեքսուալ են և խուսափում են հակառակ սեռի հետ սեռական շփումներից։ Ապացուցված է, որ էստրալ ցիկլի առաջացման գործում մեծ դեր են խաղում էստրոգենները, որոնց ազդեցության տակ ակտիվանում են ուղեղային վերարտադրման կենտրոնները մի կողմից և արտադրվում են հեշտոցային ֆերոմոններ մյուս կողմից։


Մարդկանց մոտ էստրոգենները սեռական ցանկության նմանատիպ ցիկլային փոփոխություններ չեն առաջացնում։ Մարդկանց սեռական վարքը շատ քիչ է ենթարկվում կենսաբանական ռիթմերին։ Ապացուցված է, որ լիբիդոյի հորմոնը, ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մոտ, արական սեռական հորմոնն է՝ տեստոստերոնը, որն էրոտիզացնող ազդեցություն ունի սեքսուալության բարձրագույն կեղևային կենտրոնների և դրանց ենթակա կառույցների վրա։ Առանց տեստոստերոնի բավարար մակարդակի սեռական ցանկությունը ճնշվում է, քանի որ խանգարվում է նյարդային կենտրոնների գործունեությունը։


Վերջերս հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ սեռական ցանկության վրա խթանիչ ազդեցություն ունի հիպոթալամուսում արտադրվող լյուլիբերինը։ Փաստերը վկայում են, որ լյուլիբերինը ակտիվացնում է սեռական ցանկությունը անգամ տեստոստերոնի անբավարարության կամ դրա անարդյունավետ գործունեության դեպքում։ Հայտնի է, որ լյուլիբերինը խթանում է լյուտեինիզացնող հորմոնի արտադրությունը ադենոհիպոֆիզում, որն էլ իր հերթին ակտիվացնելով ամորձիներում Լեյդիգի բջիջները` բարձրացնում է տեստոստերոնի մակարդակը։ Կնոջ օրգանիզմում լյուլիբերինի ազդեցությունն արտահայտվում է հիմնականում գեստագենների՝ մասնավորապես պրոգեստերոնի քանակության աճով։ Ներկայումս հետազոտությունները խնդիր ունեն պարզելու, թե ինչպե՞ս է իրականանում լյուլիբերինի` սեռական ցանկությունը խթանող ազդեցությունը և արդյոք հնարավո՞ր է այն օգտագործել սեռական ցանկության խանգարումների բուժման նպատակով։


Լիբիդոյի ակտիվացման գործում կարևոր դեր են խաղում զգայարանները.հոտը, տեսքը, շոշափումը այն հզոր ազդակներն են, որոնք կարող են անմիջապես արգելակել կամ խթանել սեռական ցանկությունը։ Կլինիկական դիտարկումները վկայում են, որ գոյություն ունի լիբիդոյի ուղեղային կենտրոնների սեռային տարբերություն։ Տղամարդկանց լիբիդոն առավելապես պայմանավորվում է տեսողական գրգիռներով, իսկ կանանց սեռական ցանկությունը «բորբոքվում է» լսողական գրգիռների ազդեցության տակ։

 

Լիբիդոն ակտիվանում է ցանկալի անձի ներկայությամբ։ Այսպես, ապացուցված է, որ արական սեռի ճագարների միայն ներկայությունը բավական է իգական սեռի ճագարների մոտ օվուլյացիայի և կոիտուսի նկատմամբ պատրաստակամության առաջացման համար։ Հիշողության, սեքսուալ երևակայական պատկերների ազդեցության տակ նույնպես հնարավոր է սեռական ցանկության ակտիվացում։

 

Այսպիսով, լիբիդոն կախված է կենսաբանական, հոգեբանական և սոցիալական գործոնների բարդ համադրումից, որոնց փոխազդեցությունից լիբիդոյի նյարդաֆիզիոլոգիական մեխանիզմներն արգելակվում են բոլոր այն դեպքերում, երբ ուղեղը «որոշում է», որ իրավիճակը չի համապատասխանում սեռական մերձեցմանը։

 

Լիբիդոյի զարգացման տեսությունները

 

Լիբիդոյի զարգացման ընթացում Վասիլչենկոն տարբերում է 5 շրջաններ` ճանաչողական, պլատոնական, էրոտիկ, սեքսուալ և հասուն սեքսուալության։


1. Ճանաչողական փուլը կարելի է մինչլիբիդինոզ համարել, քանի որ այս ժամանակ չկա որևէ հուզական երանգավորում։ Այս փուլը կապված է սեռային ինքնագիտակցության ձևավորման հետ, երբ երեխան սկսում է ճանաչել իր սեռը։ Երեխան սկսում է ուսումնասիրել և ճանաչել արտաքին աշխարհը, ընդ որում նրա մտածողությունը ելնում է ոչ թե վերլուծությունից, այլ անալոգիաներ առաջացնելուց։ Այսպես նա սկզբում սկսում է տարբերել առանձին առարկաներ, այնուհետև խմբավորել դրանք ըստ ընդհանրական հատկանիշների՝ մեծ-փոքր, մոտիկ-հեռու, կարելի է-չի կարելի։ Հետո սկսում է հասկանալ, որ իր խաղընկերները բաժանվում են աղջիկների և տղաների, ընդ որում սեռային բաժանման հիմնական տարբերակիչը մազերի երկարությունը և հագուստի ձևն են։ Սեռային բաժանումից հետո նա իրեն նմանեցնում է սեռերից որևէ մեկին։ Աղջնակների մոտ ինքնաճանաչողական փուլում արթնանում է մայրական բնազդը. Նրանք խաղում են այնպիսի խաղեր, որտեղ մայրական ֆունկցիաներ են իրականացնում՝ մայրիկ-հայրիկ, տուն-տունիկ, խաղեր տիկնիկով։ Ըստ Վասիլչենկոյի, մայրական բնազդի այսպիսի վաղ արթնացումը հետևանք է սեռական կյանքի մյուս դրսևորումների նկատմամբ մայրական բնազդի առաջնայնության, ինչը առանցքային հատկանիշ է կանանց լիբիդոյի զարգացման ողջ ընթացքում։


2. Պլատոնական կամ ռոմանտիկ փուլը
բնորոշվում է վառ արտահայտված հուզական ապրումներով, որոնք ունեն ոգեղեն, ռոմանտիկ բնույթ։ Առաջանում են սեռական երևակայություններ, որտեղ հանուն սիրելիի անձը մեծ սխրանքներ է գործում։ Նրա զգացմունքային ապրումների մեջ գերակշռող են տրագիզմը, ինքնամոռացությունը, զոհաբերությունը և այլն։ Հետաքրքրական է, որ այս փուլում սեռական օրգանների նկատմամբ հետաքրքրությունը շատ թույլ է արտահայտված, ավելի թույլ, քան նախորդ փուլում։ Պլատոնական փուլի համար հատկանշական է սեռական բնազդից անցումը դեպի սիրո վեհությունը։ Աղջիկների մոտ ռոմանտիկ փուլը արտահայտվում է դուր գալու, իր վրա ուշադրություն գրավելու ձգտումով, երևակայություններով, որոնցում նա արժանանում է իր ասպետի բոլորանվեր հոգատարությանը։ Մեծահասակների կողմից կյանքի խրատական դասերով այս պատրանքների փլուզումը ընկալվում է իբրև կոպիտ և վիրավորական, իսկ սիրեցյալից հարկադիր հեռացումը կարող է ծանր ապրումներ առաջացնել։ Ռոմանտիկ փուլը առավելապես բնորոշ է աղջիկներին, որը խառնվելով հաջորդ՝ էրոտիկ փուլի դրսևորումներին, կարող է երկար տարիներ պահպանվել։ Տղաները հակված են լիբիդոյի սահուն և արագ փուլային անցումների՝ տարիքային հստակ սահմաններով, մինչդեռ աղջիկների մոտ հնարավոր են փոխադարձ անցումներ մի փուլից մյուսը, և տարիքային սահմանները անորոշ են։


3. Էրոտիկ փուլը
բնորոշվում է գուրգուրանքների և մարմնական քնքշանքների դևսևորմամբ։ Այս փուլը հատկապես բնորոշ է կանանց սեքսուալությանը և հազվադեպ է հանդիպում տղամարդկանց մոտ։ Էրոտիկ փուլի վառ դրսևորումը վերջիններիս մոտ կարող է հոգեսեռական զարգացման հապաղման արդյունք լինել։ Էրոտիկ փուլում գեղարվեստական գրականության ընթերցման կամ կինոֆիլմերի դիտման ժամանակ հուզող հետաքրքրություն է ի հայտ գալիս էրոտիկ դրվագների նկատմամբ։ Երևակայությունները ձեռք են բերում զգայական երանգ, նրանցում սկսում են գերակշռել շոշափելու, հպվելու ցանկությունները, սիրահետման արժանանալու ձգտումը։ Պարը, սիրեցյալի հետ առանձնացումը, առաջին սիրահարվածության ապրումները լցնում են էրոտիկ փուլը հարուստ զգացմունքներով և հույսերով, որոնցից շատերը, ավաղ, կյանքի ընթացքում դատապարտված են ձախողման։ Տղաների կողմից սեքսուալ կապի ներգրավման փորձերը այս փուլում աղջիկների մոտ առաջացնում են զզվանքի զգացում։


4. Սեքսուալ փուլ.
պատանի տղաների մոտ այս փուլը ընթանում է ցածրակարգ էմոցիաների ֆոնի վրա, որոնք առաջին անգամ ի հայտ գալով սեռական հասունացման տարիքում, այնուհետև մշտական խթանող գրգիռներ են ստանում սեռական գեղձերի սեկրետոր ակտիվության շնորհիվ (Տարխանովի ֆենոմեն)։ Սեռահասունացման տարիքում սեքսուալության դրսևորումները սովորաբար գերազանցում են անհատական ֆիզիոլոգիական նորման (պատանեկան հիպերսեքսուալության շրջան), դիտվում են հսկողության չենթարկվող և ոչ կամային մի շարք երևույթներ, օրինակ՝ սևեռուն հետաքրքրասիրություն ցանկացած սեքսուալ թեմայի շուրջ, ինքնաբուխ էրեկցիաներ՝ վառ արտահայտված սեքսուալ գրգռմամբ, գիշերային երազախաբություններ, ձեռնաշարժության էքսցեսներ, որոնք երբեմն հոգեկան ծանր ապրումներ են առաջացնում` արդեն ձևավորված բարոյաէթիկական դիրքորոշումների և անվերահսկելի Ես-ի միջև ծագող կոնֆլիկտներով։

 

Աղջիկների մոտ սեքսուալ լիբիդոյի ձևավորումը և հեշտանքի հասնելու կարողությունը սովորաբար առաջանում է կանոնավոր սեռական կյանքի անցնելիս կամ ակտիվ ձեռնաշարժության փորձի արդյունքում։ Կանանց միայն շատ փոքր մասն է (ըստ Կինզիի տվյալների` 9%-ը) հեշտանքի զգացողություն ունենում նախքան սեռական հասունացման շրջանը, որն էլ մեծ մասամբ պայմանավորված է պաթոլոգիկ բարձր զգայունակությամբ, ի հետևանք պարացենտրալ բլթակների ախտահարման։ Աղջիկների սեռական հասունացման շրջանում ավելի հավանական է էրոտիկ լիբիդոյի դրսևորումը։ Ըստ Սվյադոշչի ուսումնասիրությունների, կանանց 22.4%-ը ընդհանրապես չի ունենում սեքսուալ լիբիդոյի արթնացում ողջ կյանքի ընթացքում։ Ընդ որում դա պայմանավորված է ոչ այնքան սոմատիկ գործոններով, որքան սեքսուալ ապրումների արգելակմամբ` ոչ ճիշտ դաստիարակման կամ սեռական զուգընկերոջ ոչ ադեկվատ վարքի հետևանքով։ Հաճախ կանանց սեքսուալության այսօրինակ արգելակումները հասարակության մեջ կանանց սեքսուալ դրսևորումների նկատմամբ առկա քննադատական վերաբերմունքի արդյունք են։


5. Հասուն սեքսուալության փուլը բնորոշվում է լիբիդոյի ճանաչողական, ռոմանտիկ, սեքսուալ-զգայական բաղադրիչների և անձի արժեքային համակարգի ներդաշնակ համադրությամբ։ Սեռական հասունության հասնելով` անձը ի վիճակի է դառնում վերահսկելու իր սեքսուալ իմպուլսները և, ի տարբերություն նախորդող փուլերի` հաջողությամբ կարողանում է ճնշել սեռական մղումները, եթե դրանք չեն համապատասխանում տվյալ իրավիճակին և հանգամանքներին, կամ էլ հակասում են իր դավանած բարոյաէթիկական արժեքներին։

 

Ի տարբերություն լիբիդոյի զարգացման Վասիլչենկոյի բացատրության, հոգեվերլուծաբանները գտնում են, որ լիբիդոն ոչ թե պարզապես աճում է` պահպանելով իր ձևը, այլ անցնում է իրար հաջորդող և իրար չնմանվող մի շարք փուլերով, ինչպես, օրինակ, տեղի է ունենում թրթուրից դեպի թիթեռ զարգացումը։ Հոգեվերլուծական տեսանկյունից լիբիդոյի զարգացման տեսությունը հասկանալու համար պահանջվում է մտքի լարում և վառ երևակայություն։ Թերևս սա է պատճառներից մեկը, որ շատերի կողմից այս տեսությունը թերագնահատվում է կամ ընդունվում թերահավատությամբ։ Ամենասկզբում նշենք, որ «լիբիդո» հասկացությունը մի փոքր այլ բովանդակային իմաստ է կրում հոգեվերլուծության մեջ։ Այն իրենից ներկայացնում է սեռական կյանքն ամբողջությամբ, որը սկսում է դեռևս մանկությունից և իր զարգացման ընթացքում, տարիքային տարբեր խմբերում, դրսևորվում է տարբեր հակումներով, ինչպես նաև տարբեր էրոգեն գոտիների առաջնայնությամբ։


Լիբիդոյի զարգացման ընթացքում Ֆրոյդը տարբերում է 3 փուլ՝ օրալ, անալ և ֆալիկ։ Առաջին երկու փուլերում էրոգեն գոտին սեփական մարմնի մասերն են, և սեռական հակումը իրականանում է օրալ փուլում՝ ծծելու, իսկ անալ փուլում՝ արտաթորանքը պահելու և արտամղելու միջոցով։ Այս առումով հիշյալ փուլերում խոսքը աուտոէրոտիզմի մասին է։ Երրորդ՝ ֆալիկ կամ էդիպյան փուլում, սեռական հակումն ուղղվում է դեպի արտաքին աշխարհ, դեպի ծնողներ, իսկ էրոգեն գոտու նշանակություն են ձեռք բերում սեռական օրգանները։

 

Զարգացման շրջադարձային կետ է համարվում սեռական օրգանների առաջնայնության հաստատումը և, դրա հետ միասին, սեքսուալությունը սերնդի շարունակման ֆունկցիային ուղղորդելը։ Մինչ այդ գոյություն ունի այսպես կոչված ցրված սեռական կյանք` առանձին մասնավոր հակումների տեսքով, որոնց նպատակը օրգանական հաճույքի ձգտելն է։

 

Սկսած երեք տարեկանից մինչև սեռական օրգանների առաջատար դերի հաստատումը, երեխայի սեռական կյանքը շատ տեսակետներից նման է մեծահասակի սեռական կյանքին։ Վերջինից այն տարբերվում է այլասերվածության անխուսափելի գծերով, հակումների անհամեմատ փոքր ուժով և, իհարկե, սեռական օրգանների առաջատարության բացակայությամբ։ Այս ժամանակ առաջին պլանի վրա հանդես են գալիս ոչ թե գենիտալային մասնակի հակումները, այլ սադիստական և անալային հակումները։ Անդիմադրելի են դիտելու և իմանալու հակումները։ Անցումը դեպի ֆալիկ փուլ իրականանում է սիրո առաջին օբյեկտի՝ մոր ընտրությամբ, և այս պահից սկսած սեռական հակումները անջատվելով սեփական մարմնից` ուղղվում են դեպի մայրը։


Մորը որպես սիրո օբյեկտ ընտրելու հետ է կապվում Էդիպի բարդույթի ձևավորումը։ Այս պահից սկսում է գործել նաև ամորձատման բարդույթը, որը տարբեր ազդեցություն է ունենում տղա և աղջիկ երեխաների սեռական կյանքում։ Ի վերջո, էդիպյան բարդույթի տրոհմամբ ավարտվում է լիբիդոյի ֆալիկ փուլը։ Դա տեղի է ունենում մինչև 6 տարեկան հասակը, որից հետո սկսվում է թաքուն շրջանը, երբ սեռական ապրումների և հոգեկան դրսևորումների մեծ մասը ենթարկվում են մանկական ամնեզիայի, մոռացման` սքողելով մեր կյանքի «առաջին երիտասարդությունը» և հեռացնելով մեզ նրանից։


Սեռական հասունացման շրջանում, երբ սեռական հակումն առաջին անգամ ամբողջ ուժով դրսևորում է իր պահանջները՝ արյունապղծական օբյեկտները ընտրվում են կրկին անգամ։ Ծնողներից սեռական հակման տարանջատման բարդ խնդիրը լուծելով` հնարավոր է դառնում էդիպյան բարդույթի տրոհումը, նրա ժառանգորդ գեր-Ես-ի հայտնվելով։


Սեռական ցանկության տարիքային դինամիկան և ուժգնության տատանումները

 

Սեռական ցանկության ուժգնությունը փոփոխվում է տարիքի հետ և ունի զարգացման սեռային տարբերություններ։ Երեխաների էրոտիկ զգացողությունները երևան են գալիս նրանց սեռական օրգաններին դիպչելիս։ Այսպես, լողացնելու կամ հագուստը փոխելու ժամանակ երեխայի ծլիկը կամ արական օրգանը շոշափելիս, նա արտահայտում է հաճույքի զգացում՝ ժպտալով կամ ղունղունալով։ Հաճույքի այս զգացողությունները երեխաների մոտ առաջացնում են դրանք վերապրելու պահանջմունք. հաճախ այս տարիքում երեխաները զբաղվում են ձեռնաշարժությամբ, իսկ ավելի ուշ` խաղում այնպիսի խաղեր, որոնց ընթացքում հնարավորություն ունեն նայելու և շոշափելու միմյանց սեռական օրգանները։


Սեռական հասունացման տարիքում դիտվում է սեռական ցանկության զգալի աճ։ Սա պայմանավորված է մի կողմից սեռական վարքի համար պատասխանատու ուղեղային կենտրոնների հասունացմամբ, մյուս կողմից` սեռական գեղձերի ակտիվացման շնորհիվ տեստոստերոնի մակարդակի բարձրացմամբ, որը խթանում է ուղեղային այդ կենտրոնները։


Պուբերտատից հետո երկու սեռերի մոտ սեռական զարգացումը ընթանում է տարբեր կերպ։ Տղամարդկանց մոտ սեռական ցանկությունը մնում է իր բարձունքին մոտավորապես 20 տարի շարունակ և այնուհետև սկսում է դանդաղ նվազել։ Սեռապես առողջ հասուն տղամարդը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում սեռական կյանքի հանդեպ, հեշտությամբ գրգռվում է և զուգընկերուհու բացակայության դեպքում ձբաղվում է ձեռնաշարժությամբ՝ երևակայելով սեռական տեսարաններ, օրվա մեջ մի քանի անգամից մինչև շաբաթվա մեջ մի քանի անգամ։ Եթե նա զրկված է այս հնարավորությունից, ապա ունենում է ֆրուստրացիայի զգացողություն։ Եթե տղամարդու սեռական զարգացումը ընթացել է առանց սեռական ցանկության պուբերտատային աճի, որն արտահայտվում է ակտիվ ձեռնաշարժության, հարուստ սեռական երևակայության կամ կենակցումների տեսքով, ապա կարելի է մտածել սեռական զարգացման խանգարման մասին։


Տղամարդու սեռական հակման ուժգնությունը աստիճանաբար նվազում է երիտասարդության տարիներից հետո։ Միջին տարիքում նա թեև պահպանում է սեռական ցանկությունը, բայց կարող է վերապրել սեռական ձեռնպահությունը համեմատաբար հանգիստ, առանց ֆրուստրացիայի։ Սակայն որոշակի պայմաններում նրա սեռական ցանկությունը կարող է տատանվել՝ գրանցելով աճի և նվազման ժամանակավոր հատվածներ։

 

Կանայք նույնպես ունենում են լիբիդոյի աճ պուբերտատի ընթացքում։ Սակայն, ի տարբերություն տղամարդկանց, լիբիդոյի ուժգնությունը նրանց մոտ ավելի պակաս է։ Աղջիկներն այս տարիքում ավելի հեշտությամբ են ձեռնպահ մնում սեռական ինքնադրսևորումից, քան տղաները։ Այդ պատճառով պուբերտատային ձեռնաշարժության բացակայությունը աղջիկների մոտ չունի սեռական արգելակման այն կլինիկական նշանակությունը, ինչ` տղաների մոտ։ Կանանց սեռական հակումը չի նվազում երիտասարդ տարիներից հետո, ընդհակառակը, դանդաղորեն աճում է և հասնում իր գագաթնակետին մոտավորապես 40 տարեկան հասակում։ Դրանից հետո սեռական ցանկության փոփոխությունը ենթակա է անհատական տատանումների։


Կյանքի ընթացքում առողջ անհատը սեռական ցանկություն է ունենում թե ինքնաբուխ կերպով, թե զուգընկերոջ կողմից գրգռվելով։ Երբ սեռական հակումը ուժեղ է, ցանկության վերապրումները և սեռական գրգռումը ի հայտ են գալիս լայն շրջանի գրգիռների ազդեցությամբ։ Իսկ երբ հակման ուժգնությունը նվազում է, գրգիռների շրջանակը, որ կարող է հարուցել սեռական քաղց, նեղանում է, և արդյունքում ավելի ուժգին հոգեկան և ֆիզիկական գրգիռներ են պահանջվում սեռական պատասխան առաջացնելու։


Բացի տարիքից կան ուրիշ գործոններ ևս, որոնք ազդում են սեռական հակման ուժգնության վրա։ Տրամադրությունը, ընդհանուր ֆիզիկական առողջությունը սեռական վարքի որոշիչներից են։ Երկու սեռերն էլ վերապրում են սեռական ցանկության բարձրացում, երբ սիրահարված են, և հակառակը` սեռական ցանկությունը նվազում է, երբ առկա է հոգեկան լարվածություն։


Սեռական ցանկության ուժգնությանը բնորոշ են որոշակի ֆիզիոլոգիական տատանումներ։ Կինզիի կարծիքով կանանց սեռական ցանկության աճ է դիտվում նախադաշտանային փուլում (52%), այլ հետազոտություններ վկայում են, որ ցանկությունը ամենաուժեղն է արտահայտված անմիջապես  դաշտանից հետո կամ էլ հենց դաշտանի ժամանակ։ Մաստերսի և Ջոնսոնի կարծիքով, սեռական ցանկության տատանումները կանանց մոտ ենթակա չեն դաշտանային ֆունկցիային և հետևաբար հորմոնալ ֆոնի տատանմանը, այլ պայմանավորված են հոգեբանական գործոններով։ Դաշտանադադարից հետո սեռական ցանկությունը որոշ կանանց մոտ մնում է նույնը, իսկ ավելի հաճախ դիտվում է ցանկության բարձրացում։


Տղամարդկանց սեռական ցանկության ֆիզիոլոգիական տատանումները պայմանավորված են երկու ֆենոմենով՝ Տարխանովի և Բելովի։ Առաջինը պայմանավորված է սերմնատար ծորաններում և սերմնաբշտերում սերմնահեղուկի կուտակման շնորհիվ այդ ռեզերվուարների պատերում գտնվող ռեցեպտորների մեխանիկական գրգռումով։ Այլ խոսքերով ասած, հենց որ տեղի է ունենում սերմնահեղուկի կուտակում, բարձրանում է սեռական լարվածության մակարդակը, և առաջանում է սեռական ցանկություն։ Սերմնաժայթքումից հետո կուտակված սերմնահեղուկի գործադրած ճնշումը թուլանում է և դիտվում է սեռական ցանկության նվազում։ Առաջին անգամ այս երևույթը նկարագրվել է Տարխանովի կողմից` գորտերի վրա կատարած փորձերի արդյունքում։ Ի տարբերություն գորտերի, մարդու մոտ չի դիտվում ուղիղ համեմատական կապ՝ կուտակված սերմնահեղուկի քանակության և սեռական ցանկության ուժգնության միջև։ Սա պայմանավորված է մեկ այլ՝ Բելովի ֆենոմենով։ Դրա հիմքում ընկած է պրոստատովեզիկուլյար փոխազդեցությունը։ Ինչպես հայտնի է, շագանակագեղձը համարվում է մկանագեղձային օրգան՝ արտաքին սեկրետոր գործունեությամբ։ Սակայն, Բելովի փորձերը ցույց տվեցին, որ սեռական ձեռնպահության ժամանակ այն վեր է ածվում ֆակուլտատիվ ներքին սեկրետոր գեղձի։ Նրանում արտադրված նյութերը, ելք չգտնելով դեպի արտաքին աշխարհ՝ ներծծվում են արյան մեջ և արգելակում ամորձիների սեկրետոր գործունեությունը, որի հետևանքով իջնում է տեստոստերոնի մակարդակը և սեռական ցանկությունը։ Սեռական ակտիվ գործունեության ժամանակ այս նյութերի արտազատումը իջեցնում է շագանակագեղձի արգելակող ազդեցությունը ամորձիների վրա, և տեղի է ունենում հակառակ էֆեկտ։ Ամորձիների ակտիվացմամբ ավելանում է անդրոգենների քանակությունը և խթանվում է շագանակագեղձի ակտիվությունը։ Անդրոգենների բացակայության դեպքում շագանակագեղձը աստիճանաբար ենթարկվում է ատրոֆիայի։


Սեռական կյանքի սովորական ռիթմի խախտման դեպքում, հատկապեսնրա կտրուկ ընդհատման ժամանակ, սկզբում գործում է Տարխանովի ֆենոմենը՝ սեքսուալ-էրոտիկ հիշողությունները օրեցօր ավելի վառ երանգ են ձեռք բերում, սեռական ցանկություն է առաջանում ամենաչնչին առիթի դեպքում,հաճախանում են սպոնտան էրեկցիաները, գիշերային երազախաբությունները։ Վերջիններս, սակայն, միայն մասամբ են վերացնում սեռական ձեռնպահությանառաջացրած տհաճ զգացողությունները։ Աստիճանաբար սեռական երևակայությունները դառնում են հազվադեպ, կորցնում են իրենց նախնական գունավորումը, նվազում է սպոնտան էրեկցիաների, գիշերային երազախաբությունների հաճախականությունը։ Այս ամենը խոսում է այն մասին, որ գործի է դրվել Բելովի ֆենոմենը, որն ունի հարմարողական նշանակություն։ Ցածր սեռական ակտիվությունից բարձրի անցումը նույնպես ապահովվում է Բելովի ֆենոմենով, բայց` հակառակ ուղղությամբ։ Սովորաբար սրա համար պահանջվում է որոշակի ժամանակ։ Այդ պատճառով երկարատև գործուղումից վերադարձած ամուսնու սեռական ցածր ակտիվությունը որոշ կանանց կողմից հանիրավի է մեկնաբանվում իբրև ամուսնական անհավատարմության նշան։


Վերջում հարկ ենք համարում մատնանշել, որ սեռական ցանկությունը սեռական օրիենտացիա չէ։ Պետք չէ շփոթել այս երկու բոլորովին տարբեր սեքսուալ դրսևորումները, ինչպես արել է Վասիլչենկոն։ Սեռական կողմնորոշումը` սեքսուալ օրիենտացիան, կարող է հանդես գալ հետերո-, հոմո- և բիսեքսուալ տարբերակներով, և յուրաքանչյուր դեպքում սեռական ցանկությունը ինքնուրույն դրսևորում է՝ իր ձևավորման, զարգացման օրինաչափություններով և խանգարման տարբերակներով։ Սեռական ցանկությունը պետք չէ շփոթել նաև սեռական նախընտրության հետ։ Սեռական նախընտրությունը սեռական ցանկության բավարարման ձևն է։ Դրա խանգարումները պարաֆիլիաներն են։

Հեղինակ. Արամ Հակոբյան, Նարինե Ներսիսյան
Սկզբնաղբյուր. Կլինիկական սեքսոլոգիա
Աղբյուր. sexology.am
Լուսանկարը. romantic-online.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ինչո՞ւ են փռշտում սեքսի ժամանակ… urolog.am
Ինչո՞ւ են փռշտում սեքսի ժամանակ… urolog.am

- Բժիշկ, ես ամեն սեռական ակտից հետո փռշտում եմ 9 անգամ:

Տարիներ առաջ դիմեց մի տղամարդ` վերոնշյալ տարօրինակ գանգատով. պարտադիր փռշտոց...

Սեռական կյանք
Հաշմանդամություն և սեքս. urolog.am
Հաշմանդամություն և սեքս. urolog.am

Բոլոր հասարակությունների մեջ տարածված է այն թյուր կարծիքը, որ տեղաշարժման խնդիրներ ունեցող մարդիկ սեռական հաճույք չեն ստանում։ Իրականում ինտիմ կյանքը կարող է հրաշալի լինել նաև անվասայլակով տեղաշարժվող...

Սեռական կյանք
Ներթափանցման ցավ. urolog.am
Ներթափանցման ցավ. urolog.am

Էսթրոգենի մակարդակի նվազման հետ (հատկապես դաշտանադադարային տարիքում) առաջանում են հեշտոցային չորություն, որն անհարմար պատճառ է ներթափանցման և սեռական հարաբերության շարունակության համար...

Սեռական կյանք
Սեռական զզվանք. urolog.am
Սեռական զզվանք. urolog.am

Սեքսուալությունը ժամանակի ընթացքում փոփոխության ենթարկվելով, շեղվել է ավանդական ընկալումից և հասել նույնիսկ վտանգավոր դրսևորումների։ Նախկինում արգելված սեռական վարքագիծը ավելի է ընդունում...

Սեռական կյանք
Մարիխուանա և սեռական հաճույք. urolog.am
Մարիխուանա և սեռական հաճույք. urolog.am

Վերջին գիտական ուսումնասիրությունները վկայում են այն մասին, որ մարիխուանայի (կանեփ, cannabis) օգտագործումը բարելավում է սեռական հարաբերությունները: Ներկայում կանեփի վերաբերյալ գրեթե բոլոր հետազոտություններն...

Սեռական կյանք
Գենոֆոբիա. urolog.am
Գենոֆոբիա. urolog.am

Գենոֆոբիան (Genophobia) սեռական հարաբերություն ունենալու վախն է։

Գենոֆոբիայի հետ կապված են նաև այլ ֆոբիաներ, ինչպիսին են...

Սեռական կյանք
Հնարավո՞ր է սեքսը տիեզերքում. urolog.am
Հնարավո՞ր է սեքսը տիեզերքում. urolog.am

Տիեզերական ուղևորությունները` օգուտներից զատ, ունեն նաև սոցիալական կողմեր: Այս խնդիրները կապված են անձնական հիգիենայի կամ սոցիալական մեկուսացվածության, ինչպես նաև սեռական կյանքի հետ։ Հետևաբար...

Սեռական կյանք
Ինչպե՞ս է սեքսն ազդում մարդու հաջողության վրա. urolog.am
Ինչպե՞ս է սեքսն ազդում մարդու հաջողության վրա. urolog.am

«Մտածիր և հարստացիր» անձնական զարգացման դասական գրքում Նապոլեոն Հիլն ասում է. «Սեռական ցանկությունը ամենաուժեղն է մարդկային ցանկություններից: Այս ցանկությունից դրդված` տղամարդիկ...

Սեռական կյանք
Սեռական գրավչություն. urolog.am
Սեռական գրավչություն. urolog.am

Սեռականությունը դա հակառակ սեռի նկատմամբ սեռական պահանջն է, իսկ սեռական գրավչությունն` այդ պահանջը բավարարելու միջոցը կամ ռազմավարությունն է։ Այդ «ռազմավարության» շնորհիվ մարդը...

Սեր, հարաբերություններ, ընտանիք
Սեքսը օգտակա՞ր է առողջության համար (Is sex good for health). urolog.am
Սեքսը օգտակա՞ր է առողջության համար (Is sex good for health). urolog.am

Սեռական հարաբերության և սրտի առողջության վերաբերյալ հաճախ տրվող հարցերից են...

Սեռական կյանք
Բոլոր տարիքները նվաճելի են. 50-ից հետո սեքսի 4 առանձնահատկությունը. urolog.am
Բոլոր տարիքները նվաճելի են. 50-ից հետո սեքսի 4 առանձնահատկությունը. urolog.am

Անշուշտ, երիտասարդ տարիքում հաճախ է հետաքրքրել, արդյո՞ք ձեր տատիկը և պապիկը սեքսով  զբաղվում են, կամ գուցե ստիպե՞լ եք նրանց` ամաչելուց քրքջալ: Զարմանալի չէ, քանի որ ծեր տարիքում հնարավոր է...

Սեռական կյանք
Սեքսուալ ակտիվությունը` տղամարդկանց մոտ. urolog.am
Սեքսուալ ակտիվությունը` տղամարդկանց մոտ. urolog.am

Շատերին է հետաքրքրում՝ ինչպես բարձրացնել սեռական ակտիվությունը տղամարդկանց մոտ, հնարավո՞ր է դա իրականացնել տնային պայմաններում: Սակայն ի սկզբանե հասկանանք, թե ինչով է այն պայմանավորված և...

ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ  
Սեքսը` շագանակագեղձի հեռացումից հետո
Սեքսը` շագանակագեղձի հեռացումից հետո

Շագանակագեղձի նյարդապահպան վիրահատական հեռացումից հետո պահպանվում են էրեկտիլ ֆունկցիայի համար պատասխանատու նյարդային խրձերը...

Ուրո-անդրոլոգիա
Սեքսը հղիության ժամանակ. կարելի է, թե` չի կարելի. morevmankan.am
Սեքսը հղիության ժամանակ. կարելի է, թե` չի կարելի. morevmankan.am

Եթե հղիությունն առանց բարդությունների է ընթանում, ապա ինտիմ հարաբերությունները շարունակելու որևէ խոչընդոտ չկա: Ավելին, ժամանակակից մանկաբարձ-գինեկոլոգները համարում են, որ հակացուցումների բացակայության...

Հղիություն, ծննդաբերություն
Անսեքս ամուսնություն ( Sexless marriage). urolog.am
Անսեքս ամուսնություն ( Sexless marriage). urolog.am

Գիտնականները հաստատում են, որ սեռական գոհունակությունն ունի շատ կարևոր դեր` զույգերի առողջ փոխհարաբերության համար։ Հետևաբար, զուգընկերոջ սեռական ցանկության անկումը կարող է վտանգել այդ հարաբերությանը...

Սեր, հարաբերություններ, ընտանիք

Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ