Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա

Արյան անոթների փոփոխությունները հղիության ժամանակ՝ ստորին վերջույթների վարիկոզ. Լուսինե Մանուկյան. morevmankan.am

Արյան անոթների փոփոխությունները հղիության ժամանակ՝ ստորին վերջույթների վարիկոզ. Լուսինե Մանուկյան. morevmankan.am

Ի՞նչ  փոփոխություններ են կրում անոթները հղիության ժամանակ:


Հղիությունը կնոջ համար կարևորագույն շրջան է, որը ոչ միայն ուրախ հույզերի առիթ է՝ կապված փոքրիկի լույս աշխարհ գալու հետ, այլ նաև տարբեր առողջական խնդիրների պատճառ է: Պատճառը նա է, որ հղի կնոջ օրգանիզմը գործում է շատ լարված՝ երկուսի փոխարեն, որպեսզի ապահովի պտղի լիարժեք զարգացումը:
 
Հաճախ հանդիպող բարդություններից է վարիկոզ հիվանդությունը` ստորին վերջույթների երակների լայնացումը, որը հատկապես կարևորվում է հղիության ժամանակ: Այս ախտաբանությունը զուգակցվում է երակների փականների անբավարարությամբ և, բնականաբար, արյան շրջանառության խանգարմամբ:

«Վարիկոզ» բառը լատիներենից թարգմանվում է՝ փքվածություն, լայնացում: Այս հիվանդության տարածվածությունը հղիների մոտ կազմում է 20-40 տոկոս, և մեծամասնության մոտ այն առաջին անգամ ի հայտ է գալիս հենց հղիության ընթացքում: Առավել հաճախ այն կլինիկորեն արտահայտվում է հղիության  5-6-րդ ամիսներին:

Յուրաքանչյուր հաջորդող հղիությունը մեծացնում է վարիկոզ հիվանդության արտահայտման հավանականությունը և ծանրությունը:

Որո՞նք են վարիկոզ հիվանդության պատճառները:


Վարիկոզի ախտանշանները հիմնականում արտահայտվում են հեստացիայի երկրորդ կեսում, որը պայմանավորված է կնոջ օրգանիզմի ծանրաբեռնվածությամբ: Պտղի չափերի մեծացման հետ` մեծանում են նաև արգանդի չափերը, և, բնականաբար, մեծանում է ճնշումը կոնքի անոթների՝ երակների վրա: Արդյունքում խանգարվում է արյան հետադարձ հոսքը` ստորին վերջույթներից: Երակները սկսում են լայնանալ և զարգանում է անոթային կանգ:

Ստորին վերջույթների անոթների վրա ծանրաբեռնվածությունը կապված է նաև հղի կնոջ մարմնի քաշի ավելացման հետ: Հղի կնոջ քաշի ավելացումը հղիության ընթացքում կարող է կազմել 8-15 կգ և ավելի:

Վարկիկոզի զարգացման պատճառներից են հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում ընթացող հորմոնալ փոփոխությունները: Պրոգեստերոնի և ռելաքսանի քանակի բարձրացումը, էսթրոգենների քանակի նվազումն անհրաժեշտ են, որպեսզի արգանդը մնա ոչ լարված վիճակում:  Այդ փոփոխություններն անդրադառնում են նաև երակների վրա: Դրա հետևանքով տեղի է ունենում փականային համակարգի խանգարում, ձևափոխություն և երակների վարիկոզ փոփոխություն` անոթներում առաջացնելով կանգային երևույթներ:

Ի՞նչ նպաստող գործոններ կան:


Նախատրամադրող գործոններից են ժառանգականությունը, ընկերքի առաջադրությունը, բազմապտուղ հղիությունը, գերջրությունը: Գործոն են համարվում նաև մինչև հղիանալը կնոջ օգտագործած հակաբեղմնավորիչները:

Մյուս գործոններից է արյան շրջանառվող արյան ծավալի մեծացումը, որը բերում է ճնշման բարձրացման և կանգի:

Ի՞նչ գանգատներ է նշում հղի կինը:


Հղիները հաճախ գանգատվում են ծանրության զգացումից, ստորին վերջույթների շրջանում ցավերից, այտուցից, մկանների գիշերային ջղակծկումներից, լայնացած երակներից (անոթային աստղիկներ, երակային ցանց):

Ինչպե՞ս է զարգանում վարիկոզ հիվանդությունը:


Նկարագրված է հիվանդության մի քանի փուլ՝ կոմպենսացիայի, սուբկոմպենսացիայի և դեկոմպենսացիայի:

Կոմպենսացիայի փուլում հղին գանգատ չի ներկայացնում, պարզապես առաջանում են կոսմետիկ դեֆեկտներ` երակների մակերեսային լայնացման տեսքով:

Սուբկոմպենսացիայի ժամանակ կարող է նշել թեթև գանգատներ: Երրորդ՝ դեկոմպենսացիայի փուլում ախտանշանները սրանում են:

Ի՞նչ բարդություններ կարող են զարգանալ:


Վարիկոզ հիվանդության թե՛ դեղորայքային, թե՛ վիրահատական բուժումը պետք է իրականացնել նախքան հղիությունը, որովհետև հղիության ընթացքում հիվանդության ընթացքն արագանում է: Արագ զարգացող գործընթացը մեծացնում է հետևյալ ծանր բարդությունների վտանգը՝ խորանիստ երակների թրոմբոզ, լայնացած երակներից արյունահոսություն, թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա, սրտի և գլխուղեղային արյան շրջանառության խանգարումներ, թրոմբոֆլեբիտի զարգացում, տրոֆիկ խոցեր:

Հղիների մոտ անոթային ախտաբանությունը հանդիպում է 40-60 տոկոս դեպքերում: Սակայն կլինիկորեն այն արտահայտվում է ավելի ուշ ժամկետներում, և կարող է վտանգ ներկայացնել անգամ հղիի կյանքի համար: Նշված բարդությունները կարող են զարգանալ նաև հետծննդաբերական շրջանում:

Ստորին վերջույթների վարիկոզի ժամանակ՝ տեսանելի երակներից բացի, ախտահարումը կարող է ընդգրկել նաև փոքր կոնքի օրգանների երակները, որն ախտորոշելը շատ կարևոր է ծննդալուծման մոտեցումը ճշտելու համար:

Վարիկոզ խնդիրների դեպքում ինչպե՞ս է կազմակերպվում հղի կնոջ հսկողությունը և բուժումը:
 
Հղիության ամբողջ ընթացքում մանկաբարձ-գինեկոլոգի հսկողությանը զուգահեռ, հղին պետք է հսկվի նաև անոթաբանի կողմից: Անհրաժեշտ է կատարել անհրաժեշտ հետազոտությունները, ինչը կնպաստի կանխել հնարավոր բարդությունները:  Մանկաբարձ-գինեկոլոգը պետք է հաշվի առնի նաև ռիսկի գործոնները:

Դեղորայքային բուժումը, դեղերի չափաբաժնի որոշումը կատարվում է անոթաբանի և մանկաբարձ-գինեկոլոգի կողմից համատեղ՝ ելնելով ախտաբանության արտահայտման ծանրությունից:

Հետծննդաբերական շրջանում, եթե հղին ունեցել է բարդություններ, անոթաբանի կողմից տրվում են խորհուրդներ՝ ֆիզիկական ակտիվություն, կոմպրեսիոն գուլպաների, սպիտակեղենի կրում և, բժիշկների որոշմամբ՝ դեղորայքային թերապիա:

Այն հղիները, որոնք ունեն վարիկոզ հիվանդություն, ցանկալի է, որ ծննդալուծվեն բնական ճանապարհով, քանի որ կեսարյան հատման դեպքում մեծ է թրոմբառաջացման վտանգը: Սակայն, ցավոք, կան դեպքեր,  երբ բնական ուղիներով ծննդալուծումն անհնար է, և կատարվումէ կեսարյան հատում:

Ժամանակակից դեղերից մեծ կիրառություն ունեն ցածր մոլեկուլյար հեպարինի պատրաստուկները, որոնք ակտիվորեն օգտագործվում են հղիների մոտ անոթային ախտաբանությունների ժամանակ:

Ինչպե՞ս կանխարգելել վարիկոզ հիվանդության զարգացումը հղիների մոտ:


Հիվանդության կանխարգելման համար անհրաժեշտ է վարել ակտիվ կենսակերպ՝ քայլք, լող, հղիների մարմնամարզություն, օգտագործել ճիշտ սնունդ. կաթնաթթվային մթերք, սև սալոր, թեփ՝ փորկապությունը կանխելու համար:

Հղին պետք է սննդային բեռնաթափման օրեր անցկացնի և աշխատի ավելորդ քաշի դեմ:

Օրվա ընթացքում անհրաժեշտ է մի քանի անգամ պառկել, ոտքերը բարձրացնել կամ պահել հորիզոնական դիրքով, ընտրել հարմարավետ կոշիկներ` 3-4 սմ-ից ոչ բարձր կրունկներով, ստորին վերջույթների կոնտրաստ ցնցուղ ընդունել: Խորհուրդ է տրվում կրել սեղմող զուգագուլպաներ, որը նպաստում է խորանիստ երակներում արյան շրջանառության ակտիվացմանը, ինչը կանխում է մակերսային երակների լայնացումը:

Սկզբնաղբյուր. morevmankan.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ