Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ակնաբանություն

Օֆթալմոսկոպիա. հարցազրույց նեյրոօֆթալմոլոգ Մարգարիտա Հակոբյանի հետ. armeniamedicalcenter.am

Օֆթալմոսկոպիա. հարցազրույց նեյրոօֆթալմոլոգ Մարգարիտա Հակոբյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ մասնագիտություն է օֆթալմոլոգիան:

Օֆթալմոլոգիան զբաղվում է ուղեղի, ողնաշարի և այլ հիվանդությունների ժամանակ աչքի հատակում փոփոխությունների արտահայտման ուսումնասիրությամբ: Ակնահատակի հետազոտությունը կոչվում է օֆթալմոսկոպիա:

Ո՞ր հիվանդությունների դեպքում օֆթալմոսկոպիան ունի ախտորոշիչ նշանակություն:

Ընդհանրապես, բոլոր հիվանդություններն էլ իրենց հետքը թողնում են աչքի հատակում: Դրանք են՝ շաքարախտ, հիպերտոնիկ հիվանդություն, թիրեոտոքսիկոզ, երիկամային հիվանդություններ, գլխուղեղի հիվանդություններ՝ ներգանգային ճնշում և դրա հետևանքները, նևրիտներ, բորբոքային վիճակներ՝ ուղեղի թաղանթի բորբոքումներ, էնցեֆալիտներ, ուռուցքներ:

Պե՞տք է նախապատրաստվել հետազոտությանը և ինչպե՞ս է այն իրականացվում:

Նախապատրավել պետք է. նախքան հետազոտությունը չափվում է ներակնային ճնշումը` ատրոպինով բիբը լայնացնելուց առաջ: Այնուհետև կատարվում է բբի ատրոպինիզացիա, որպեսզի բիբը լայնանա և հնարավոր լինի ակնահատակը ավելի լավ տեսնել:

Որքանո՞վ է ճշգրիտ և կարևոր այս հետազոտությունը:

Այս հետազոտությունն ախտորոշիչ նշանակություն ունի: Աչքի հատակն ուսումնասիրելիս պարզ է դառնում, թե ինչ ախտաբանական վիճակ է գլխուղեղում, երիկամներում, ենթաստամոքսային գեղձում և շաքարախտի ազդեցության աստիճանն օրգանիզմում, որոշվում է, թե ինչպիսի՞ փոփոխություններ են առաջացել:

Ինչպիսի՞ն են աչքի հատակի փոփոխությունները տարբեր հիվանդությունների ժամանակ:

Փոփոխությունները կարող են կապված լինել նյարդի հետ, որը փոխվելով՝ բերում է տեսողական նյարդի կանգային պտկիկի առաջացման, ինչը հետագայում կարող է ատրոֆիայի ենթարկվել` բերելով, մինչև անգամ, տեսողության կորստի: Ե՛վ բորբոքային, և՛ ուռուցքային գործընթացները կարող են առաջացնել փոփոխություններ: Հատկապես շաքարախտի ժամանակ ախտահարվում է անոթների երակային համակարգը (անոթների փխրունություն, արյունազեղումներ, անգիոպաթիա, անգիոսկլերոզ), զարգանում է տեսողական նյարդի այտուց, առաջանում են ատրոֆիկ օջախներ, դիտվում է ցանցաթաղանթի շարակցական հյուսվածքի աճ, որը հետագայում կարող է շերտազատում առաջացնել, մեծ արյունազեղումների պատճառ դառնալ` ապակենման մարմնում, արդյունքում` բերել կուրության:

Ո՞ր մասնագետներն են ավելի հաճախ ուղղորդում այս հետազոտությանը:

Ուղղորդում են բոլոր մասնագետները՝ թերապևտներ, նյարդավիրաբույժներ, նրադաբաններ, էնդոկրինոլոգներ և այլն:

Էնդոկրինոլոգներն այս հետազոտությանը դիմում են, օրինակ, շաքարախտի աստիճանը, գործընթացի խորությունը, հաշմանդամության կարգի կողմնորոշման հարցերը պարզելու համար: Շաքարախտի ժամանակ հաճախ հանդիպում են դիաբետա-հիպերտոնիկ անգիոնեյրո կամ ռետինոպաթիաներ:

Թերապևտիկ հիվանդությունների ժամանակ նույնպես կարող են ցանցաթաղանթի, տեսողական նյարդի հետ կապված փոփոխություններ լինել, օրինակ երիկամային հիվանդությունների, հիպերտոնիայի և այլն: Օֆթալմոսկոպիայի ուղղորդում են վնասվածքաբանները, քանի որ գլխի վնասվածքների ժամանակ ևս ակնահատակում կարող են փոփոխություններ առաջանալ:

Ինչպե՞ս է կատարվում հետազոտությունը:

Հետազոտությունը շատ կարճատև է և հեշտ իրականացվող. ընդամենը փոքրիկ սարքի՝ օֆթալմոսկոպի օգնությամբ լույս է ուղղորդվում դեպի աչք և բբի միջով դիտվում ակնահատակը:

Նորմայում տեսողական նյարդը երևում է հստակ սահմանազատված, բաց վարդագույն երանգով, անոթային խուրձը կենտրոնական հատվածից է դուրս գալիս: Երակները և զարկերակները պետք է նորմալ հարաբերակցություն ունենան՝ 3:2, այսինքն, երակներն ավելի լայն պետք է լինեն, իսկ ցանցաթաղանթը՝ վարդագույն երանգով:

Կարևոր է օֆթալմոսկոպի լույսի ուժգնությունը, եթե այն ուժեղ է, բիբն արագ կծկվում է և տեսողական դաշտը փոքրանում է:

Որպեսզի ավելի լավ դիտվի, պետք է կատարել բբի լայնացում, ատրոպինիզացիա (աչքերի մեջ կաթեցվում է): Ի դեպ, նախքան ատրոպին կաթեցնելը պետք է ներակնային ճնշումը որոշել, որովհետև, եթե ճնշումը բարձր է, չի կարելի միանգամից լայնացնել:

Կա՞  առաջընթաց սարքի կատարելագործման հարցում:

Սարքը տարիների ընթացքում գրեթե չի փոխվել, տարբերությունը արտադրող ընկերությունները կարող են լինել:
Մենք օգտագործում ենք մեղմ լույս, որպեսզի բիբը շատ չկծկվի և հնարավոր լինի լավ դիտել: Ատրոպինիզացիան միշտ է իրականացվում, բացառություն է ներեակնային բարձր ճնշման ժամանակ հետազոտությունը:

Մարգարիտա Վաչագանի Հակոբյան,
նեյրոօֆթալմոլոգ, «Արմենիա» ՀԲԿ

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ