Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ակնաբանություն

Եղջերաթաղանթի փոխպատվաստում (կերատոպլաստիկա). eyecenter.am

Եղջերաթաղանթի փոխպատվաստում (կերատոպլաստիկա). eyecenter.am

Եղջերաթաղանթի փոխպատվաստումը (կերատոպլաստիկան) միկրովիրաբուժական վիրահատություն է , որը հնարավորություն է տալիս լավացնել եղջերաթաղանթի տարբեր ախտաբանություններով հիվանդների տեսողության որակը: Վիրահատության նպատակը եղջերաթաղանթի անատոմիական ձևն ու ֆունկցիան վերականգնելն է, ինչպես նաև բնածին կամ ձեռք բերովի արատները վերացնելը:

 

Այսօր կերատոպլաստիկան համարվում է օրգանների փոխպատվաստման (տրանսպլանտացիա) վիրահատություններից ամենատարածվածը: Յուրաքանչյուր տարի աշխարհում իրականացվում է ավելի քան տաս հազար նմանատիպ վիրահատություն:


Եղջերաթաղանթի ախտաբանությամբ  պայմանավորված տեսողության խանգարումը, որը կապված է նրա թափանցիկության և ձևի խանգարման հետ, կրում է անդարձելի բնույթ և չի շտկվում ստանդարտ օպտիկական միջոցներով (ակնոցներ, կոնտակտային լինզաներ):

 

Նմանատիպ խնդիրների միակ լուծումը եղջերաթաղանթի փոխպատվաստումն է (կերատոպլաստիկան)՝ նրա վնասված հատվածի մասնակի կամ ամբողջական փոխարինմամբ:


Եղջերաթաղանթն արյունատար անոթներ չպարունակող պարզ հյուսվածք է, ինչը նպաստում է դոնորական հատվածի գրեթե միշտ բարեհաջող սերտաճմանը: Վիրահատությունն իրականացվում է ընդհանուր անզգայացմամբ: Վիրահատությունից հետո նշանակվում է հակամանրէային բուժում, գլյուկոկորտիկոստերոիդների ներակումներ, որոնք կանխում են հնարավոր ինքնամերժման ռեակցիան:

 

Կարերն աչքի վրայից հեռացվում են վիրահատական միջամտությունից երկու ամիս անց որից հետո հիվանդին խորհուրդ է տրվում երկու տարի ժամկետում խուսափել հոգնեցուցիչ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից:


Տարեկան տասնյակ հազարավոր հիվանդների եղջերաթաղանթ է փոխպատվաստվում, քանի որ տվյալ միջամտությունն ապահովում է չափազանց բարձր արդյունավետություն:


Հայաստանում  առաջին անգամ եղջերաթաղանթի փոխպատվաստում իրականացվել է 1986թ. Ս.Վ. Մալայանի անվան Ակնաբուժական Կենտրոնում պրոֆեսոր Ալեքսանդր Սերգեյի Մալայանի կողմից:


Ե՞րբ է անհրաժեշտ իրականացնել կերատոպլաստիկա:


Կերատոպլաստիկա անհրաժեշտ է իրականացնել եղջերաթաղանթի հետևյալ ախտաբանությունների դեպքում.

 

  • կերատոկոնուս,
  • եղջերաթաղանթի տարբեր ծագման լեյկոմաներ ( սպիտակ բծեր)՝ այրվածքային և դիստրոֆիկ,
  • եղջերաթաղանթի բնածին և ձեռք բերովի դիստրոֆիաներ,
  • եղջերաթաղանթի վնասվածքներից, վիրահատություններից  և բորբոքումից հետո առաջացած սպիներ,
  • եղջերաթաղանթի վնասվածքային դեֆեկտներ:

 

Հակացուցումներ


Միջամտությունը հակացուցված է եղջերաթաղանթի վրա անոթավորված լեյկոմայի առկայության դեպքում՝ հատկապես այրվածքային ծագման: Եղջերաթաղանթի փոխպատվաստում չի իրականացվում, եթե տրանսպլանտանտի ինքնամերժման ռիսկը բարձր է:


Ինչպե՞ս է տեղի ունենում վիրահատությունը


Վիրահատությունն իրականացվում է «մեկ օրյա» ռեժիմով, անզգայացման մեթոդի ընտրությունը պայմանավորված է մի շարք գործոններով (տարիքը, եղջերաթանթի ախտաբանության տեսակը, հիվանդի ընդհանուր վիճակը և այլն), կարող է կիրառվել ինչպես տեղային, այնպես էլ ընդհանուր անզգայացում:


Վիրահատության ժամանակ ակնագունդն անշարժացվում է, ապա վիրաբույժը որոշում է եղջերաթաղանթի հեռացման ենթակա հատվածի ճշտգրիտ չափը: Եղջերաթաղանթային լաթի ձևավորումից հետո ախտահարված հյուսվածքները հեռացվում են: Նրանց փոխարեն իմպլանտացվում է եղջերաթաղանթային տրանսպլանտատը, որի չափերը լիովին համապատասխանում են հեռացված լաթի չափերին:


Ըստ ցուցումների միաժամանակ կարող է իրականացվել նաև աչքի առաջային բացվածքի ռեկոնստրուկցիա (կատարակտայի հեռացում, ներակնային լինզայի տեղադրում կամ փոխում, ծիածանաթաղանթի պլաստիկա և այլն): Անհրաժեշտ բոլոր գործողությունների ավարտից հետո տրանսպլանտատը ֆիքսվում է հատուկ կարանյութով (թելի հաստությունը  մարդկային մազից շատ անգամ բարակ է), վիրահատված աչքի վրա տեղադրվում է ամուր ճնշող վիրակապ, կարող են կիրառվել նաև հատուկ պաշտպանիչ կոնտակտային լինզաներ: Վիրահատության օրը հիվանդը տուն է վերադառնում:


Վերականգնումը կերատոպլաստիկայից հետո


Կերատոպլաստիկայից հետո վերականգնման շրջանը բավականին երկար է տևում և կազմում է 9-12 և ավելի ամիսներ՝աչքի եղջերաթաղանթի կառուցվածքային առանձնահատկություններով պայմանավորված: Կարերը հեռացվում են ոչ վաղ, քան վիրահատությունից 6 ամիս անց:

 

Եղջերաթաղանթի հետվիրահատական բորբոքումից խուսափելու և տրանսպլանտատի ինքնամերժման ռիսկի նվազեցման նպատակով նշանակվում են գլյուկոկորտիկոիդներ և հակաբակտերիալ դեղեր՝ աչքի կաթիլների ձևով (վիրահատությունից հետո  ամենաքիչը 2  ամիս ժամկետով ): Վերականգնման ամբողջ շրջանում խորհուրդ է տրվում աչքը հնարավորինս պաշտպանել մեխանիկական վնասվածքներից, խուսափել ծանր ֆիզիկական աշխատանքից:


Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում կերատոպլաստիկայի արդյունքները մեծամասամբ հաջող են.  եղջերաթաղանթը մնում է թափանցիկ, ձեռք են բերվում տեսողական լավ բնութագրեր: Կենտրոնի հնարավորությունները թույլ են տալիս նաև շտկել հետվիրահատական աստիգմատիզմը՝ տեսողության էքսիմեր-լազերային շտկման միջոցով:

 

Սկզբնաղբյուր. eyecenter.am
Լուսանկարը. medicus.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ