Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ուռուցքաբանություն

Սարկոմա. ճշմարտությունը հազվադեպ եվ վտանգավոր հիվանդության մասին. oncology.am

Սարկոմա. ճշմարտությունը հազվադեպ եվ վտանգավոր հիվանդության մասին. oncology.am

Ի՞նչ է սարկոման. Սարկոման չարորակ նորագոյացությունների բավականին մեծ խումբ է, որոնք ձևավորվում են շարակցական հյուսվածքի բջիջներից: Սարկոման կարող է առաջանալ ոսկրային հյուսվածքում (օստեոսարկոմա), աճառային հյուսվածքում (խոնդրոսարկոմա), ճարպային հյուսվածքում(լիպոսարկոմա), մկանային հյուսվածքում(միոսարկոմա), ինչպես նաև արյունատար և ավշային անոթների պատում:

Սարկոմայի որոշ տեսակներ ունեն էպիթելային կամ էկտոդերմալ ծագում, ինչը բնորոշ է քաղցկեղին: Սարկոման բավականին հազվադեպ հանդիպող հիվանդություն է: Ըստ վիճակագրական տվյալների՝ սարկոմայով հիվանդացությունը կազմում է բոլոր չարորակ ուռուցքների մոտավորապես 1%-ը: Միևնույն ժամանակ, սարկոման բնորոշվում է արագ ինվազիվ աճով և հաճախակի հետվիրահատական բարդություններով, որոնք հաճախ բերում են մահացու ելքի: Սարկոմայից մահացությունը գերազանցում է  50%-ը: Բոլոր ուռուցքային հիվանդությունների մեջ սարկոմաներն ըստ մահացության երկրորդ տեղն են զբաղեցնում՝ դասական քաղցկեղից հետո:  Հաճախ սարկոման տեղակայվում է ստորին վերջույթների վրա (սարկոմայի բոլոր դեպքերի գրեթե 40%-ը):

 

Պարանոցի կամ գլխի սարկոմայի զարգացման հավանականությունը կազմում է մոտավորապես 5%:

Ինչո՞վ է  սարկոման  տարբերվում  քաղցկեղից

Չարորակ նորագոյացություններն առաջանում են էպիթելային կամ մեզենքիմալ ծագման հյուսվածքներից: Մեզենքիման սաղմնային հյուսվածք է, որից հետագայում դիֆերենցվում են շարակցական հյուսվածքը, արյունատար անոթները, մկանները, աճառային և ճարպային հյուսվածքները:

Քաղցկեղը զարգանում է էպիթելային հյուսվածքից, իսկ սարկոման հիմնականում առաջանում է մեզենքիմալ հյուսվածքներից: Այս նորագոյացությունն ախտահարում է մասնագիտացված հյուսվածքները, արդյունքում վերջիններս կորցնում են իրենց ֆունկցիաները կատարելու ունակությունը:

Սարկոման կարող է առաջանալ ամենուրեք, որտեղ կա շարակցական հյուսվածք: Դա փափուկ հյուսվածքներն են, ոսկրերը, ներքին օրգանները, նյարդային համակարգը, անոթների պատերը: Սարկոմայի ևս մեկ առանձնահատկությունն այն է, որ այն տարածվում է արյունատար համակարգի միջոցով, մինչդեռ քաղցկեղը հիմնականում մետաստազներ է տալիս ավշային համակարգի միջոցով:

 

Ինչո՞վ է վտանգավոր սարկոման

Սարկոման վտանգավոր է նրանով, որ սկզբնական փուլերում ընթանում է գրեթե անախտանիշ: Ցավային ախտանիշներն առաջանում են ավելի ուշ շրջաններում, երբ արդյունավետ բուժման հավանականությունը նվազագույն է: Սարկոմաներն առանձնանում են արագ աճով, այդ պատճառով բուժումը հաճախ ուղղված է հիվանդի կյանքը երկարացնելուն և տառապանքը նվազեցնելուն: Սակայն, հարկ է նշել, որ սարկոմայի որոշ տեսակներ (ոսկրային, հարոսկրային) բնորոշվում են շատ դանդաղ աճով, և մի քանի տարիների ընթացքում կարող են չդրսևորվել:

Հաճախ սարկոմաները տարածվում են դեպի թոքեր, հազվադեպ կարող են մետաստազներ տալ տեղաշրջանային ավշային հանգույցներում:

Ինչպե՞ս  ճանաչել  սարկոման

Սարկոմայի տեսակով և տեղակայմամբ պայմանավորված՝ հիվանդին կարող են անհանգստացնել ներքոնշյալ ախտանիշները.

 

  • Օստեոսարկոմայի ժամանակ ախտահարման շրջանում առաջանում են ցավեր: Որպես կանոն, ցավերն ուժեղանում են գիշերը և սովորական ցավազրկողներից չեն անցնում: Օստեոսարկոմայի ժամանակ նաև նկատվում է այտուցվածություն, մաշկային ծածկույթների գերարյունություն, թուլություն և ախտաբանական կոտրվածքներ:
  • Ուղեղի սարկոմայի ժամանակ հիվանդին անհանգստացնում են գլխացավերը և գլխապտույտները, հոգեկան խանգարումները, էպիլեպտիկ ցնցումները, տեսողության խանգարումները և փսխումը:
  • Թոքերի սարկոման բնութագրվում է կլման դժվարացմամբ, հևոցով, պլևրիտով, դյուրհոգնելիությամբ և անբուժելի թոքաբորբով:
  • Արգանդի սարկոմայի ժամանակ որովայնի շրջանում առաջանում են ցավեր, ճնշման զգացողություն, հեշտոցից արյունային արտադրություն, որոնք կապված չեն դաշտանային ցիկլի հետ:


Վերոնշյալ ախտանիշները ոչ սպեցիֆիկ են և հաճախ նկատվում են այլ հիվանդությունների ժամանակ: Այնուամենայնիվ, պետք չէ դրանց անուշադրության մատնել, և, որքան հնարավոր է պետք է արագ դիմել բժշկի:

Սարկոմայի բուժումը

Սարկոմայի բուժումը պայմանավորված է նրա տեղակայմամբ, տեսակով և հիվանդության փուլով: Բուժման հիմնական եղանակը վիրահատությունն է: Բուժման լրացուցիչ եղանակներն են ճառագայթային բուժումը և քիմիաթերապիան: Ճառագայթային բուժման և քիմիաթերապիայի արդյունավետությունը ցածր է: Մետաստազների հայտնաբերման դեպքում ապաքինման հավանականությունը նվազագույն է:

Հիվանդության բարենպաստ կանխատեսման գործոններն են. 20 և ավելի օրերի ընթացքում ուռուցքի չափսերի կրկնապատկումը, մեկ և ավելի տարիների ընթացքում կրկնության բացակայությունը, չորսից քիչ հանգույցների առկայությունը:

Ամենամեծ խնդիրներից մեկը հիվանդության կրկնությունն է: Ստորին վերջույթների ուռուցքի դեպքում կրկնության հավանականությունը 25% է, իսկ հետորովայնամզային տարածության ուռուցքների դեպքում՝ մոտավորապես 75%:

Սարկոմայի արդյունավետ բուժման հավանականությունը մեծանում է հիվանդության վաղ փուլում դիմելու դեպքում:

Սկզբնաղբյուր. oncology.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ