Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Նյարդաբանություն

Պարկինսոնիզմ

Պարկինսոնիզմ

Առաջին անգամ այս հիվանդությունը նկարագրել է անգլիացի բժիշկ Ջեյմս Պարկինսոնը: Նա նկատել էր, որ ինքն ունի մի հիվանդություն, որը ոչ մեկի կողմից չի նկարագրված և բնորոշվում է կարկամածությամբ, շարժումների դժվարացումով, մկանների տոնուսի բարձրացումով, հոգեկան որոշ խանգարումներով: Հետագայում այն անվանվեց պարկինսոնյան հիվանդություն (դողալուծանք): Արևմտյան երկրներում 100000 բնակչից 200-ը տառապում է այս հիվանդությամբ, որը մոտավորապես 1,5 անգամ ավելի հաճախ է հանդիպում տղամարդկանց շրջանում, քան` կանանց, ըստ որում, հիվանդանում են հիմնականում տարեց տղամարդիկ: Հիվանդությունը սկսվելու միջին տարիքը 55-ն է:

 

Պարկինսոնիզմը կենտրոնական նյարդային համակարգի առավել տարածված քրոնիկական խորացող ընթացքով հիվանդություն է, որին բնորոշ է շարժողական ֆունկցիաների խանգարումը: Այն սովորաբար սկսվում է գլխուղեղի ենթակեղևի հանգուցային բջիջների ախտահարման և դանդաղ քայքայման հետևանքով:

 

Հիվանդության առաջացման պատճառներն են գլխուղեղի բորբոքումը, գլխուղեղի արյան անոթների աթերոսկլերոզը, ծերացումը, դեղանյութերի երկարատև (առանց հսկողության) օգտագործումը, շրջակա միջավայրի թունավոր նյութերը, շմոլ գազով կամ մանգանով թունավորումը, ժառանգականությունը: Ի դեպ, հիվանդության 5-10%-ը ունի ժառանգական բնույթ, որին բնորոշ է հիվանդության սկիզբն ավելի վաղ տարիքում (20-50 տարեկան):

 

Հիվանդությունը պայմանավորված է գլխուղեղի ենթակեղևային գոյացություններում դոֆամինի (կատեխոլամինների փոխանակության արգասիք) անբավարարությամբ, որը հանգեցնում է գլխուղեղի միջնորդանյութերի հիմնական համակարգերի հավասարակշռության խախտման և շարժունակության խանգարման: 

 

Հիվանդության ընթացքում շարժումները դանդաղում են, մկանները լարվում, դեմքը` դառնում դիմականման, քայլվածքը` մանրաքայլ: Նկատվում է թքահոսություն, ընդհանուր կաշկանդվածություն: Հիվանդը դժվարությամբ է հագնվում, կոճակները կոճկում: Բնորոշ է սկզբում ձեռքերի, ապա` գլխի և ոտքերի դողը, որը սովորաբար սաստկանում է, երբ հիվանդը չի շարժվում կամ խիստ հուզվում է, և պակասում է շարժվելիս, իսկ քնած ժամանակ անհետանում է: Հեշտ է քայլում, եթե հատակի վրա կան կողմնորոշիչ նշաններ (օրինակ` գունավոր կամ գծավոր հատակ և այլն):

 

Հիվանդությունը բավական հաճախ բերում է թուլամտության, որն իր բնույթով «ենթակեղևային թուլամտություն է» համարվում: Գորշ նյութում հայտնաբերվում է նեյրոցիտների, դոֆամինի քանակի նվազում: Սա է պատճառը, որ թուլամտությանը բնորոշ է ոչ թե ճանաչողական պրոցեսների «անբավարարությունը», այլ արգելակումը, ինտելեկտուալ խնդիրներ լուծելու դժվարությունը` առանց օջախային ախտահարումների:

 

Թուլամտությունը զարգանում է հիվանդության ուշ շրջանում, հայտնաբերվում է հիվանդների 40-ից մինչև 80%-ի մոտ: Սկզբում այն գրեթե չի նկատվում և հիվանդները ի վիճակի են շարունակել իրենց առօրյա կյանքը, սակայն զարգացմանը զուգընթաց այն խորանում է:

 

Բժշկի խորհրդով տնային պայմաններում հիվանդներին կարելի է սովորեցնել մկանների լարվածությունը վերացնող տարբեր վարժություններ, որոշ տնային գործեր կատարել, նույնիսկ եթե դա շատ դժվար է, դեղանյութերն ընդունեն միայն բժշկի խորհրդով և հսկողությամբ: 

 

Նախընտրելի են կաթնեղենը, բուսական սնունդը, պետք է խուսափել տապակած կերակրատեսակներից: 

 

Պարկինսոնյան հիվանդության դրսևորումները երկար ժամանակ չեն խանգարում մասնագիտական գործունեությանը, առանձնապես մտավոր աշխատանքով զբաղվողներին: Երբ մկանների դողը և կաշկանդվածությունը շատ են ուժեղանում, կարելի է անցնել ավելի հեշտ աշխատանքի: Շատ կարևոր է ընթերցանությունը, շրջապատի նկատմամբ հետաքրքրության պահպանումը և այլն:

 

Բուժական մարմնամարզությունը, դեղորայքային բուժման հետ համակցված` բուժման արդյունավետ մեթոդ է: Կատարման առումով պարզ վարժությունները հիվանդության զարգացման բոլոր փուլերում օգնում են շարժումների կոորդինացիայի պահպանմանը, բացառությամբ կողմնորոշման խանգարման բարձիթողի վիճակի: Այս դեպքում վարժությունները կարող են նույնիսկ վնասել: Բուժական մարմնամարզության շնորհիվ կծկված մկանները ուղղվում են, հոդերի և ողնաշարի առանձին հատվածների շարժունակությունը` մեծանում, իսկ չափավոր քայլքը, մարզասարքերով, ինչպես նաև դրսում կատարած վարժությունները, լողը բարելավում են սրտանոթային և շնչառական համակարգերի աշխատանքը:

 

Բուժական վարժությունների համալիր

 

  1. Շնչառական վարժություն
    Նստած դիրքում ձեռքերը դրեք որովայնին, քթով դանդաղ խորը շնչեք, զգալով, թե ինչպես է կրծքավանդակը լայնանում: Հաշվելով մինչև 5-ը, բերանով դանդաղ արտաշնչեք: Վարժությունը կրկնեք 10 անգամ: 
     
  2. Ուսագոտու մկանների վարժություն
    Ելման դիրքը` նստած կամ կանգնած: Ձեռքի ափերը միացրեք և ձեռքերը լարեք: Հաշվեք մինչև 20-ը, ձեռքերը թուլացրեք և իջեցրեք ցած: Վարժությունը կրկնեք 5-10 անգամ: 
     
  3. Վերին ուսագոտու շարժունակությունը մեծացնող վարժություն
    Ելման դիրքը` նստած կամ կանգնած: Ձեռքերը դրեք ուսագլխին և տարածեք այնպես, որ թիակները առավելագույնս իրար մոտենան: Հաշվեք մինչև 5-ը, ձեռքերը թուլացրեք և վերադարձեք ելման դիրքի: Վարժությունը կրկնեք 10 անգամ:
     
  4. Ուսահոդերի շրջանաձև վարժություն

    Ելման դիրքը` նստած կամ կանգնած: Ուսերը շարժեք շրջանաձև` սկզբում առաջ, այնուհետև` հետ, յուրաքանչյուրը` 5 անգամ:
     

  5. Ուսահոդերի և արմնկահոդերի շարժունակությունը մեծացնող վարժություն  

    Ելման դիրքը` նստած: Մեկ մետրանոց փայտիկը երկու ձեռքով պահեք կրծքավանդակի մակարդակին և կատարեք թիավարի վարժություն մեկ աջ, մեկ ձախ ուղղությամբ: Վարժությունը կրկնեք 10 անգամ:
     

  6. Արմնկահոդերի և նախաբազուկ-դաստակային հոդերի շարժունակությունը բարելավող վարժություն 

    Ելման դիրքը` նստած: Ձեռքերը դրեք ծնկներին` ափերով ցած, այնուհետև ափերը շրջեք վեր: Վարժությունը սկզբում կատարեք դանդաղ` աստիճանաբար արագացնելով: Վարժությունը կատարեք 10 անգամ: Ելման դիրքը` նստած:

    Շրջանակաձև դանդաղ շարժումներով դաստակը պտտեք մեկ մի կողմ, մեկ մյուս` յուրաքանչյուր ուղղությամբ 5 անգամ:
     

  7. Ձեռքերի մատների վարժություն 
    Ելման դիրքը` նստած կամ կանգնած: Բութ մատով հերթականությամբ դիպեք 2, 3, 4 և 5 մատներին` աստիճանաբար ավելացնելով շարժման արագությունը: Վարժությունը կատարեք 10 անգամ:
     

  8. Ողնաշարի գոտկային հատվածի ճկունությունը վերականգնող վարժություն
    Ելման դիրքը` փորի վրա պառկած: Փորձեք 3-5 րոպե մարմնի լարվածությունը թուլացնել: Հենվելով արմունկներին` մարմնի վերին հատվածը բարձրացրեք, հաշվեք մինչև 20-ը, վերադարձեք ելման դիրքին: Վարժությունը կատարեք 10 անգամ:
     

  9. Մարմնի և ազդրերի մկանների ճկունությունը զարգացնող վարժություն
    Ելման դիրքը` մեջքի վրա պառկած: Ոտնաթաթերով հենվելով հատակին` ոտքերը ծալեք և փորձեք ծնկներով դիպչել մեկ աջ, մեկ ձախ կողմի հատակին: Յուրաքանչյուր անգամ հաշվեք մինչև 20-ը, վերադարձեք ելման դիրքի: Վարժությունը կատարեք 10 անգամ:
     

  10. Ոտքերի մկանների ճկունությունը զարգացնող վարժություն
    Ելման դիրքը` փորի վրա պառկած: Մեկ ոտքը ծալեք, մյուսը` պահեք ուղիղ: Ուղղված ոտքը առանց ծունկը ծալելու բարձրացրեք այնքան, ինչքան կարող եք: Այնուհետև դանդաղ իջեցրեք հատակին: Յուրաքանչյուր ոտքով կատարեք 10 անգամ:
     

  11. Կիսակքանստումներ
    Կանգնած վիճակում մեկ ձեռքով հենվեք աթոռի թիկնակին, մեջքը ուղիղ պահելով դանդաղ կքանստեք, վերադարձեք ելման դիրքի: Վարժությունը կատարեք 10 անգամ:
     

  12. Ծնկահոդի շարժումները բարելավող վարժություն
    Ելման դիրքը` նստած: Մի ոտքը ուղղեք, վերադարձեք ելման դիրքի: Յուրաքանչյուր ոտքով կատարեք 10 անգամ:
     

  13. Ոտքի թաթերի մկանների ճկունությունը զարգացնող վարժություն

    Կանգնեք ուղիղ` հենվելով աթոռի թիկնակին: Բարձրացեք ոտնաթաթերին և իջեք: Վարժությունը կատարեք 10 անգամ:

     

Հեղինակ. Օվսաննա Սիմոնյան Երևանի Մխիթար Հերացու անվան ՊԲՀ-ի վերականգնողական բժշկության ամբիոն
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 1.2013
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ