Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Նյարդաբանություն

Աֆազիա

Աֆազիա

Վերնիկեյի Բրոկայի Աֆազիան  Receptive aphasia, խոսքի գործառություն: Մարդկային գործունեության կարևոր և յուրահատուկ դրսևորում է խոսքը, որի շնորհիվ մարդիկ հաղորդակցվում են միմյանց հետ։

 

Այն բաղկացած է ինֆորմացիայի ընդունման, մշակման, պահպանման և փոխանցման գործընթացներից։ Փոխանցումն իրականացվում է լեզվի` պայմանական նշանների (կոդերի) տարբերակված համակարգի միջոցով, որտեղ յուրաքանչյուր նշան արտահայտում է որևէ առարկա կամ առարկաների միջև եղած փոխհարաբերություն։


Տարբերում են խոսքի երկու տեսակներ` ներքին կամ իմպրեսիվ և արտաքին կամ էքսպրեսիվ։ Ներքին խոսքն առաջին հերթին բանավոր և գրավոր խոսքը հասկանալն է։ Իրականանում է հետևյալ փուլերով` խոսքային հաղորդումների ընկալում, դրանց հնչունային և տառային կազմի վերլուծություն (վերծանում) և որոշակի իմաստային (սեմանտիկ) կարեգորիաների հետ այդ հաղորդումների համեմատում։ Անվանում են նաև ‚համր խոսքե, ‚խոսք իր համարե, ‚լուռ մտորումե։ Ներքին խոսքին բնորոշ են ընդհատվածությունը, մասնատվածությունը և կրճատությունը։ Ներքին խոսքից արտաքին կամ արտահայտչական խոսքին անցնելու համար անհրաժեշտ է ոչ միայն պարզ ձայնավորում, այլ նաև ներքին խոսքի վերակառուցում, այն է` շարահյուսորեն կապակցված, ծավալուն և հասկանալի խոսք։ Արտաքին խոսքն իր հերթին լինում է բանավոր և գրավոր։ Բանավոր խոսքը կարող է արտահայտվել ինչպես երկխոսության (դիալոգ), այնպես էլ մենախոսության (մոնոլոգ) ձևով։


Խոսքի մեխանիզմները կազմում են բարդ և բազմաստիճան մի համակարգ, որի գործառնությունը, բացի զույգ կիսագնդերի կեղևից (շարժողական, լսողական տեսողական և կինետիկ շրջաններ, գերակշռող կիսագնդում` Բրոկայի և Վեռնիկեի կենտրոններ), մասնակցում են մարմնազգացողական, տեսողական և լսողական անալիզատորները, աֆերենտ ու էֆերենտ (բրգային, արտաբրգային) հաղորդչական ուղիները, ուղեղաբունը և գանգային նյարդերը (տեսողական, ակնաշարժ, դիմային, լսողական, լեզվաըմպանային, թափառող, ենթալեզվային)։


Մեխանիզմների բարդությամբ է պայմանավորված խոսքի խանգարումների բազմազանությունը, որը հաճախ է հանդիպում կլինիկայում։


Խոսքի խանգարումների պատճառ կարող են հանդիսանալ կենտրոնական նյարդային համակարգի օրգանական ախտահարումները (աֆազիա, ալալիա, դիզարթրիա), գործառնական բնույթի խանգարումները (կակազություն, մուտիզմ), արտաբերման համակարգի անկանոնությունները (մեխանիկական դիսլալիա, ռինոլալիա)։ Մանկական հասակին բնորոշ է նաև խոսքի թերզարգացումը։


Աֆազիա։ Արդեն ձևավորված խոսքի կենտրոնական բնույթի խանգարումը, որի ժամանակ հիվանդը մասնակիորեն կամ լրիվ կորցնում է ուրիշի խոսքը հասկանալու կամ բառերի ու նախադասությունների միջոցով սեփական մտքերն արտահայտելու ունակությունը, կոչվում է աֆազիա։ Հիվանդի մոտ պահպանվում է լսողությունը և արտաբերական համակարգի նորմալ գործառնությունը։ Ըստ ախտահարման օջախի տեղակայման` գոյություն ունեն աֆազիայի մի շարք տեսակներ։


Զգայական (ռեցեպտիվ, սենսոր, իմպրեսիվ) աֆազիա։ Զգայական աֆազիայի հիմքում ընկած է ձախ վերին քունքային գալարի հետին մասի (Վեռնիկեի կենտրոն) ախտահարումը, որի ժամանակ խանգարվում է լսողական գնոզիսը (բառային ագնոզիա), այսինքն` հիվանդը լսում է, սակայն չի հասկանում ինչպես ուրիշի, այնպես էլ սեփական խոսքը։ Քանի որ լսողական պրոյեկցիոն գոտին մնում է անվնաս, տարրական լսողությունը չի տուժում, մինչդեռ հնչութաբանականը խանգարվում է։ Հիվանդը խոսքն ընկալում է որպես աղմուկ կամ խոսակցություն օտար լեզվով։ Լսողական հսկողության բացակայության պատճառով խանգարվում է նաև շարժողական խոսքը։ Հիվանդը խոսում է արագ և շատ (լոգոռեա), բառերն օգտագործում է աղավաղված կամ ոչ ճիշտ (տառային և վանկային պարաֆազիա), տրված տարբեր հարցերին պատասխանում է նույն բառերով (պերսևերացիա)։ Երբեմն հիվանդի խոսքը բաղկացած է լինում անկապ, անհոդաբաշխ և աղավաղված բազմաթիվ բառերից և հնչյունակապակցություններից` հիշեցնելով ‚բառային շփոթե։ Սահուն և արտահայտիչ լինելու փոխարեն խոսքը դառնում է կցկտուր, անհասկանալի, որը հիվանդը չի գիտակցում։ Անհնար է դառնում հետազոտողի առաջարկած վանկերի և բառերի կրկնումը, խանգարվում է կարդալը (ալեքսիա) և գրելը (ագրաֆիա)։


Շարժողական (մոտոր, էքսպրեսիվ) աֆազիա։
Պայմանավորված է ձախ ստորին ճակատային գալարի հետին մասի (Բրոկայի կենտրոն) ախտահարմամբ։ Այն հարակից է շարժողական կեղևային գոտուն, որտեղ պրոյեկցվում են արտաբերման օրգանները` կոկորդը, ըմպանը, շրթունքները և լեզուն։ Շարժողական աֆազիայի ժամանակ խանգարվում է բանավոր խոսքը կամ խոսակցական լեզուն, գրելը, կարդալը։ Հիվանդը հասկանում է ուրիշի խոսքը, արտաբերման օրգաններն անվնաս են, սակայն չի կարողանում խոսել, քանի որ խոսքի շարժողական կենտրոնից չի ստանում հրամաններ; Հիվանդն արտաբերում է հիշողության մեջ պահպանված մի քանի բառերը, դրանցից կազմում է պարզ և միօրինակ նախադասություններ, որտեղ գերակշռում են գոյականները և բայերի անորոշ ձևերը (‚հեռագրային ոճե)։


Շարժողական աֆազիայի ոչ ծանր դեպքերում բանավոր խոսքը պահպանվում է, սակայն այն դժվար է հասկացվում։ Հիվանդը խոսում է դանդաղ, անարտահայտիչ, բառերն արտասանում է տառերի և վանկերի ոչ ճիշտ դասավորությամբ (տառային պարաֆազիա), անհրաժեշտ բառը փոխարինում է այլ բառով կամ նախադասության մեջ փոխում է բառերի տեղը (վերբալ պարաֆազիա), խախտում է նախադասության քերականական կառուցվածքը (ագրամատիզմ), բացակայում են հոլովումն ու խոնարհումը։ Խանգարվում է նաև գրավոր խոսքը։


Եթե ախտահարումը ծանր չէ, և մտածողությունը պահպանված է, հիվանդը գիտակցում է խոսելու ընթացքում թույլ տված սխալները։


Շարժողական աֆազիան պետք է տարբերել դիզարթրիայից, որի պատճառը կեղև-կորիզային ուղիների երկկողմանի ախտահարումն է։ Արտաբերմանը մասնակցող մկանների կենտրոնական պարեզի հետևանքով դժվարանում է միայն բառերի արտասանությունը։


Ամնեստիկ (անոմիկ, անվանական) աֆազիա։ Հիվանդը հեշտությամբ ճանաչում և բնութագրում է առարկաները, սակայն չի հիշում դրանց անունները։ Նույնը վերաբերվում է անձնական անուններին։ Օրինակ, երբ ցույց են տալիս գրիչը, հիվանդն այն բնութագրում է այսպես. ‚Դա այն է, որի օգնությամբ գրում ենե։ Երբ հետազոտողը հուշում է առաջին վանկը, հիվանդն անմիջապես տալիս է ճիշտ անվանումը։ Առարկան անմիջապես անվանելու փոխարեն հիվանդը ցուցադրաբար ընդգծում է առարկայի հատկանիշների և օգտագործման ձևի վերաբերյալ իր գիտելիքները։ Հիվանդը դժվար է արտաբերում այնպիսի նախադասություններ, որտեղ կան մեծ թվով առարկաների կամ մարդկանց անուններ, մանավանդ արագ կարդալիս։ Հիվանդի խոսքում գերակշռում են բայերը։


Ամնեստիկ աֆազիայի ժամանակ պահպանվում է բանավոր խոսքը, ուրիշի խոսքի ըմբռնումը, բառերի կրկնողությունը, կարդալը և գրելը։


Ամնեստիկ աֆազիան պայմանավորված է ձախ կիսագնդի այն զուգորդական թելերի վնասմամբ, որոնք Վեռնիկեի կենտրոնը կապում են ծովաձիու գալարի` հիշողության մեխանիզմների հետ կապ ունեցող լիմբիկ համակարգի կարևորագույն գոյացության հետ։ Ախտահարման օջախը (ուռուցք, ականջածին թարախակույտ) սովորաբար տեղակայվում է քունքային բլթի հետին մասի խորանիստ շերտերում։


Իմաստային (սեմանտիկ) աֆազիա։ պայմանավորված է ձախ կիսագնդի կողմնաքունքային շրջանի, մասնավորապես անկյունային գալարի ախտահարմամբ։ Հիվանդը չի հասկանում քերականական բարդ կառուցվածք ունեցող և տրամաբանական նախադասությունները, համեմատական կառույցները, չի ըմբռնում նախդիրների նշանակությունը։


Համընդհանուր (գլոբալ, տոտալ) աֆազիա։ Հիմքում ընկած է գերակշռող կիսագնդի տարածուն ախտահարումը, որն ընդգրկում է խոսքի և զգայական, և շարժողական կենտրոնները։ Խանգարվում է ինչպես զգայական, այնպես էլ շարժողական խոսքը։ Հիվանդը չի կարողանում կարդալ, գրել, կրկնել բառերը և անվանել առարկաները։ Խոսքի նման ծանր խանգարման պատճառը ձախակողմյան միջին ուղեղային զարկերակի հիմնական ցողունի կամ կարոտիսային ներքին զարկերակի խցանումն է, որի ավազանից սնվում են ճակատային, քունքային և կողմնային բլթերի` սիլվյան ճեղքին հարակից հատվածները։ Խոսքի խանգարումներին միանում են հեմիպլեգիան, հեմիանեսթեզիան և հոմոնիմ հեմիանոպսիան։


Գլխուղեղի կեղևի ախտահարմանը բնորոշ են խոսքի գործառնության հետ կապված ևս երկու համախտանիշներ` ալեքսիա և ագրաֆիա, որոնք հաճախ զուգակցվում են աֆազիայի հետ կամ հանդես են գալիս որպես առանձին խանգարումներ։


Ալեքսիա։ Տեսողական երկրորդային զուգորդական գոտիների երկկողմանի ախտահարումն առաջ է բերում ալեքսիա։ Համարվում է տեսողական ագնոզիայի ձևերից մեկը։ Ալեքսիան որպես աոանձին համախտանիշ հնարավոր է այն դեպքում, երբ ախտաբանական օջախը տեղակայվում է ձախ ծոծրակային բլթի խորքում` ընդհատելով երկու կիսագնդերից տեսողական ինֆորմացիայի հոսքը դեպի 39-րդ և 40-րդ դաշտերը։ Ծանր դեպքերում հիվանդը չի կարողանում կարդալ ինչպես բարձրաձայն, այնպես էլ մտքում; Թեթև ախտահարման ժամանակ հիվանդը կարդում է, սակայն բաց է թողնում առանձին տառեր կամ մի տառը փոխարինում է մյուսով (տառային պարալեքսիա)։ Նույնը կատարվում է բառերի հետ (բառային պարալեքսիա), կամ հիվանդը հասկանում է կարդացածի միայն մի մասը։ Տեսողական ալեքսիայի ժամանակ ձախ կիսագնդի մյուս կենտրոնները, որոնք կապված են խոսքի գործառնության հետ, մնում են անվնաս։ Պահպանվում է բանավոր խոսքը և գրելու ունակությունը; Ստեղծվում է այնպիսի մի վիճակ, երբ հիվանդը նամակ է գրում, սակայն հենց նոր գրվածից ոչ մի տող չի կարողանում կարդալ։


Ագրաֆիա։ Գերակշռող (ձախ) կիսագնդի ախտահարման ժամանակ պահպանվում է ձեռքի շարժողական ակտիվությունը, սակայն հիվանդը կորցնում է ըստ իմաստի և ձևի ճիշտ գրելու ունակությունը։ Գրավոր խոսքի խանգարում է, որի ժամանակ տուժում են շարահյուսությունը, ուղղագրությունը և բառերի ճիշտ ընտրությունը։ Ագրաֆիան կապ չունի գրելու գործողության այնպիսի խանգարումների հետ, որոնց հիմքում ընկած են աջ վերին վերջույթի թուլությունը, պարկինսոնիզմը կամ որևէ ֆիզիկական գործոն։


Որպես առանձին համախտանիշ ագրաֆիան հնարավոր է այն դեպքում, երբ ախտահարման օջախը տեղակայվում է միջին ճակատային գալարի հետին մասում` առջևից հարելով առաջկենտրոնական գալարի ձեռքի պրոյեկցիոն հատվածին։ Հաճախ զուգակցվում է աֆազիայի հետ։ Ըստ որում, ագրաֆիայի արտահայտվածությունն ուղիղ համեմատական է բանավոր խոսքի խանգարման ծանրությանը։


Ալալիա։ Գլխուղեղն ախտահարվում է մինչև խոսքի կենտրոնների զարգանալը` ներարգանդային շրջանից մինչև 3 տարեկան հասակը։ Երեխայի խոսքը չի զարգանում ընդհանրապես կամ կանգ է առնում։ Արդեն ձևավորված խոսքի կենտրոնների ախտահարման դեպքում կլինիկական պատկերը ոչնչով չի տարբերվում աֆազիայից (մանկական աֆազիա)։ Ալալիան լինում է շարժողական, զգայական և խառը։ Ախտաբանական փոփոխությունների տեղակայումը նույնն է, ինչ որ աֆազիայի համապատասխան տեսակների դեպքում։


Դիսլալիա։ Հնչյունային արտաբերման խանգարում է, նորմալ լսողության և արտաբերման ապարատի նորմալ նյարդավորման պայմաններում։ Բառապաշարը և խոսքի քերականական կաոուցվածքը լիարժեք են։ Երեխան խոսելու ընթացքում չի կարողանում ճիշտ արտասանել այս կամ այն հնչյունը (հնչյունախումբը), կամ հեշտությամբ արտասանում է որպես առանձին հնչյուն, սակայն դժվարանում է խոսելու ժամանակ։ Երբեմն որոշ հնչյուններ ընդհանրապես չի արտասանում կամ շփոթում է երկու նման հնչյուններ։ Դիսլալիայի պատճառներն են` լեզվական ոչ ճիշտ դաստիարակություն, օտարալեզու միջավայր, կծվածքի շեղումներ, լեզվի շարժումներ սահմանափակող կարճ և հաստացած սանձիկ։ Մինչև 4-5 տարեկան երեխաների դիսլալիան կարող է ֆիզիոլոգիական բնույթ կրել։ Դժվար են արտասանվում խոսքի զարգացման ուշ շրջանի հնչյունները (Շ, Ժ, Ջ, Ճ, Չ, Ս, Զ, Ձ, Ծ, Ց և այլն)։ Տարիքին զուգահեռ հնչյունների արտասանությունն աստիճանաբար կարգավորվում է։


Դիզարթրիա։
Խոսքի իրականացմանը մասնակցող կմախքային մկանների պարեզի (կենտրոնական, ծայրամասային), սպազմի, հիպերկինեզի կամ ատաքսիայի հետևանքով խանգարվում Է արտաբերումը և հնչյունների արտասանությունը։ Դիզարթրիայի կլինիկական տարատեսակները պայմանավորված են արտաբերական մկանների նյարդավորմանը մասնակցող կենտրոնական նյարդային համակարգի բաժինների ախտահարմամբ։ Գանգային 9-րդ, 10-րդ և 12-րդ նյարդերի և երկարավուն ուղեղում դրանց կորիզների ախտահարման ժամանակ առաջանում Է կոճղեզային կամ բուլբար դիզարթրիա։ Ըմպանի, լեզվի և կոկորդի արտաբերական մկանների ծայրամասային պարեզի հետևանքով խանգարվում Է ձայնահնչումը (ֆոնացիա) և կլման ակտը, թուլանում կամ անհետանում Է ըմպանային ռեֆլեքսը, ձայնը խլանում և շուտ նվաղում է։


Կեղև-կորիզային նյարդաթելերի երկկողմանի վնասման ժամանակ առաջանում Է կեղծկոճղեզային կամ պսևդոբուլբար դիզարթրիա։ Լեզվաըմպանային, թափառող և ենթալեզվային նյարդերի կորիզները զրկվում են կեղևի հսկողությունից և կարգավորիչ գրգիռներից, որի հետևանքով առաջանում Է համապատասխան մկանների կենտրոնական պարեզ։ Մկանային բարձր տոնուսի պատճառով խիստ սահմանափակվում Է լեզվի ակտիվությունը, ձայնը դաոնում Է թույլ և խռպոտ։ Նկատվում Է ռնգախոսություն և թքահոսություն։


Ենթակեղևային հանգույցների վնասման դեպքում առաջ Է գալիս ենթակեղևային կամ արտաբրգային դիզարթրիա, որի հիմքում ընկած Է մկանային դիստոնիան և արտաբերական մկանների տեղային սպազմը։ Առաջին հերթին տուժում Է արտաբերման կայունությունը։ Խանգարվում Է խոսքի ռիթմը, արագությունը և առոգանությունը։ Ձայնը ստանում Է տարբեր երանգներ։


Կեղևի շարժողական և զգացողական պրոյեկցիոն գոտիների ախտահարմանը հետևում Է կեղևային դիզարթրիան։ Ի տարբերություն կեղծկոճղեզային դիզարթրիայի` վերջինիս հիմքում ընկած Է միայն առանձին մկանների կենտրոնական պարեզը։ Հատկապես խանգարվում Է այն հնչյունների (ռ, լ, կ, գ, տ, դ) արտասանությունը, որոնք պայմանավորված են լեզվի առանձին մկանախրձերի նուրբ տարբերակված կծկումներով։


Ուղեղիկի վնասման հետևանքով առաջանում Է ուղեղիկային դիզարթրիա։ Խանգարվում Է շնչառության, արտասանության և արտաբերման միաժամանակյա (սինխրոն) աշխատանքը։ Արտաբերական մկանների ցածր տոնուսի պայմաններում խիստ դժվարանում է այն հնչյունների (մ, պ, բ, դ, լ, ռ, ս, զ, ն) արտասանությունը, որոնք պահանջում են մկանային ուժի մեծ ծախս։ Հիվանդի խոսքը դանդաղում Է, դառնում Է հրոցանման (վանկաշեշտված խոսք)։


Խոսելու ունակությունը լրիվ բացակայում Է (անարթրիա), երբ ենթալեզվային, եռարմատ և դիմային նյարդերի ախտահարման հետևանքով պարալիզվում են լեզվի, ստորին ծնոտի և շրթունքների մկանները։


Մուտիզմ։ Խոսքի գործառնական բնույթի ժամանակավոր խանգարում Է։ Հիվանդն ընդհանրապես չի խոսում, սակայն հասկանում Է ուրիշի խոսքը և կարող Է հաղորդակցվել գրելու կամ ժեստերի միջոցով։ Հաճախ նկատվում Է հիստերիայի ժամանակ։ Հեշտ ներշնչվող մարդկանց մոտ նկատվում Է այն դեպքում, երբ նրանք շփվում են շարժողական կամ ընդհանուր աֆազիայով տառապող հիվանդի հետ։ Բնածին կամ վաղ մանկական հասակում ձեռք բերած խլության պատճառով չի զարգանում նաև խոսքը։ Հայտնի Է որպես խուլուհամրություն։

Հեղինակ. Հ.Մ. Մանվելյան
Սկզբնաղբյուր. Նեյրոֆարմակոլոգիա
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. insylt.net
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ցավային համախտանիշը կրծքավանդակում նեյրոցիրկուլյատոր դիստոնիայի ժամանակ. armeniamedicalcenter.am
Ցավային համախտանիշը կրծքավանդակում նեյրոցիրկուլյատոր դիստոնիայի ժամանակ. armeniamedicalcenter.am

Ցավային համախտանիշը կրծքավանդակում նեյրոցիրկուլյատոր դիստոնիայի (ՆՑԴ) ժամանակ բավականին հաճախակի հանդիպող ախտանիշ է: Առանձնացնում են ցավային զգացողության 4 տեսակ...

Սրտանոթաբանություն Ցավ
Եռորյակ նյարդի նևրալգիա
Եռորյակ նյարդի նևրալգիա

Եռորյակ նյարդի նևրալգիան նոպայաձև ընթացքով քրոնիկական հիվանդություն է, բնորոշվում է եռվորյակ նյարդի մեկ կամ մի քանի ճյուղերի նյարդավորման շրջանում հանկարծակի առաջացող՝ կրակող, այրող, ծակող, էլեկտրական հոսանքի հարվածի...

Հարցրու բժշկին. գլխուղեղի ուռուցքը կարո՞ղ է տարածվել դեպի այլ օրգաններ. med.news.am
Հարցրու բժշկին. գլխուղեղի ուռուցքը կարո՞ղ է տարածվել դեպի այլ օրգաններ. med.news.am

Այսօրվա հաղորդման հյուրն է նեյրովիրաբույժ Լևոն Հարությունյանը ։ Նա պատասխանում է հետեւյալ հարցերին...

Ուռուցքաբանություն
Կոմա. armeniamedicalcenter.am
Կոմա. armeniamedicalcenter.am

Կոման կենտրոնական նյարդային համակարգի առավելագույն արտահայտված ախտաբանական արգելակումն է, որն արտահայտվում է գիտակցության խորը կորստով, արտաքին գրգռիչների նկատմամբ ռեֆլեքսների բացակայությամբ և օրգանիզմի կենսական կարևոր ֆունկցիաների խանգարմամբ...

Կակազում. armeniamedicalcenter.am
Կակազում. armeniamedicalcenter.am

Կակազումը խոսքի դեֆեկտներից է, որի ժամանակ մարդը դժվար է խոսում: Նա նույն վանկը կարող է կրկնել մի քանի անգամ, որը, բնականաբար, ստեղծում է շփման որոշակի դժվարություններ: Հուզվելիս կակազելու արտահայտվածությունը, որպես օրենք, ուժեղանում է...

Տարաբնույթ հիվանդությունների դեպքում ցավային համախտանիշի բուժումը Cosman RF-ի միջոցով. nairimed.com
Տարաբնույթ հիվանդությունների դեպքում ցավային համախտանիշի բուժումը Cosman RF-ի միջոցով. nairimed.com

Միջողային ճողվածքների աբլացիա

Փոքր չափի ճողվածքի դեպքում մենք առաջարկում ենք բուժում Cosman RF տեխնոլոգիայով` ոչ վիրահաատական եղանակով...

Վիրաբուժություն Ցավ
Ցավային համախտանիշ կրծքավանդակում՝ նյարդաբանական հիվանդությունների ժամանակ. armeniamedicalcenter.am
Ցավային համախտանիշ կրծքավանդակում՝ նյարդաբանական հիվանդությունների ժամանակ. armeniamedicalcenter.am

Ողնաշարի օստեոխոնդրոզ

Դա միջողային սկավառակի դեգեներատիվ-դեստրուկտիվ ախտահարում է, որի ժամանակ առավել հաճախ պուլպոզ կորիզում...

Ցավ
Նյարդային անոռեքսիա. armeniamedicalcenter.am
Նյարդային անոռեքսիա. armeniamedicalcenter.am

Նյարդային անոռեքսիան` կյանքին սպառնացող սննդային վարքագծի խանգարումն է, որի ընթացքում տեղի է ունենում մարմնի սխալ ընկալում, մարմնի զանգվածի զգալի կորուստ, սննդի ընդունման սահմանափակում: Վերջին տասնամյակներում սննդային...

Ուղեղի մաքրում. քուն և նարկոզ. armeniamedicalcenter.am
Ուղեղի մաքրում. քուն և նարկոզ. armeniamedicalcenter.am

Ինչ-որ ժամանակ գիտնականները չէին հասկանում, թե ինչպե՞ս է ուղեղը՝ պահպանելով իր փակ էկոհամակարգը, իրականացնում բջջային մնացորդների հեռացումը: Այդպես էր մինչև 2012 թ-ը, քանի դեռ Ռոչեստերյան համալսարանի հետազոտողները չէին...

Էլեկտրոէնցեֆալոգրաֆիկ հետազոտություն. հարցազրույց «Արմենիա» ԲԿ նեյրոֆիզիոլոգ Աննա Չախոյանի հետ. armeniamedicalcenter.am
Էլեկտրոէնցեֆալոգրաֆիկ հետազոտություն. հարցազրույց «Արմենիա» ԲԿ նեյրոֆիզիոլոգ Աննա Չախոյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է էլեկտրոէնցեֆալոգրաֆիկ (ԷԷԳ) հետազոտությունը:

Էլեկտրոէնցելոգրաֆիան գլխուղեղի ֆունկցիոնալ, ոչ ինվազիվ հետազոտություն է բիոէլեկտրական ակտիվության գրանցման միջոցով...

Ախտորոշում Բժշկի ընդունարանում
Ալցհեյմերի հիվանդություն. 10 ամենատարածված մոլորությունները. izmirlianmedicalcenter.com
Ալցհեյմերի հիվանդություն. 10 ամենատարածված մոլորությունները. izmirlianmedicalcenter.com

Ալցհեյմերի հիվանդությունը ամենատարածված նեյրոդեգեներատիվ հիվանդություններից մեկն է , որի կապակցությամբ բազմաթիվ մոլորություններ կան: Այս հոդվածում  Դուք կիմանաք Ալցհեյմերի հիվանդության մասին 10 ամենատարածված միֆերի մասին...

Նյարդաբանին հաճախ տրվող հարցերին պատասխանում է բժիշկ-նյարդաբան Վարդան Խաչիյանը. izmirlianmedicalcenter.com
Նյարդաբանին հաճախ տրվող հարցերին պատասխանում է բժիշկ-նյարդաբան Վարդան Խաչիյանը. izmirlianmedicalcenter.com

Ո՞վ է նյարդաբանը:
Նյարդաբանը բժիշկ է, ով զբաղվում է նյարդաբանական հիվանդությունների ախտորոշմամբ և բուժմամբ...

Ալցհեյմերի հիվանդություն. հաճախ տրվող հարցերին պատասխանում է բժիշկ-նյարդաբան Վարդան Խաչիյանը. izmirlianmedicalcenter.com
Ալցհեյմերի հիվանդություն. հաճախ տրվող հարցերին պատասխանում է բժիշկ-նյարդաբան Վարդան Խաչիյանը. izmirlianmedicalcenter.com

Ի՞նչ է Ալցհեյմերի հիվանդությունը:

Ալցհեյմերի հիվանդությունը դասվում է կենտրոնական նյարդային համակարգի նեյրոդեգեներատիվ հիվանդությունների...

Գլխապտույտ
Գլխապտույտ

Գլխապտույտը տարածության մեջ իրանի կողմնորոշման զգացման խանգարումն է: Մարդուն սկսում է թվալ, թե իրեն շրջապատող իրերը պտտվում են, կամ ինքն է պտտվում, տպավորություն է ստեղծվում, ասես հողը ոտքերի տակից հեռանում է...

Դիմային նյարդի բորբոքում
Դիմային նյարդի բորբոքում

Գանգուղեղային 12 զույգ նյարդերից եռորյակը թվով 5-րդն է: Եռորյակ նյարդի հիմնական ֆունկցիան դեմքի հատվածում զգայունության ապահովումն է: Դրանք տեղակայված են երկու կողմից: Եռորյակ նյարդը 3 ճյուղ ունի...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ