Ավանդական բժշկություն Գայլահատ մահացու — Волчеягодник смертельный — Daphne mezereum L.
![]() |
![]() |
|
Գայլահատ մահացու (gaylahat) - Волчеягодник смертельный- Daphne mezereum L.
Հայկական տարանունները - անտառի յասաման, դափնյակ, կակղենիկ, կատվենիկ, մազարիոն, տերևատ
Դեղաբույսի նկարագրությունը
Գոճմակազգիների ընտանիքին պատկանող, 03-1,5 մ բարձրության թուփ է: Աճում է ենթալպյան գոտու սաղարթավոր անտառներում, հիմնականում ստվերոտ, հումուսային խոնավ հողերում, ցաքուցրիվ, ոչ մեծ բուսուտներով: Վաղ գարնանը, երբ ձորակներում ու հեղեղատներում դեռևս նստած է ձյունը, բոլորովին տերևազուրկ բույսի ճյուղերը (այստեղից էլ տերևատ անունը) ծածկվում են նուրբ, վարդայասամանագույն ծաղիկներով, որոնք ունեն վանիլի կամ հակինթի բուրմունք: Տերևները նշտարաձև են, ծաղիկներիը` փնջաձև: Պտուղը վառ կարմրավուն կորիզապտուղ է, գնդաձև, փայլուն կորիզներով, որոնք պարունակում են հեշտ ցնդող յուղ, հասունանում է ամռան վերջերին: Ամբողջ բույսը, բացի ծաղիկներից, ունի բնորոշ տհաճ հոտ: Գայլահատի բազմաթիվ տեսակներից միայն 5-ն են, որ աճում են մեր հանրապետությունում:
Քիմիական բաղադրությունը
Բույսի կեղևը պարունակում է դաֆնին, իսկ պտուղները` կոկկոգնին գլիկոզիդներ: Բույսի տարբեր մասերում հայտնաբերված են գորշադեղնավուն կուպր (մեզերին), ճարպայուղ (որով էլ պայմանավորված է տհաճ հոտը), դեղին ներկ, շաքար, տանիդ, ստերոիդ սապոնիններ, տրիտերպեններ: Գայլահատը խիստ թունավոր է: Թունավոր է ամբողջ բույսը` ծաղիկները, տերևները, կեղևը, պտուղները և արմատը:
Բուժական նշանակությունը
Բուժման նպատակով օգտագործում են հիմնականում կեղևը և պտուղները: Կեղևը մթերում են վաղ գարնանը կամ ձմռանը, իսկ պտուղները` հասունանալուց անմիջապես հետո: Կեղևը մանր կտրտված վիճակում չորացնում են ստվերում` միջանցուկ քամու տակ, իսկ պտուղներն` անմիջապես արևի տակ ու պահում տուփերի մեջ: Հումքի պիտանելիությունը 2 տարի է:
![]() |
|
|
Դեղաբույսն ունի բուժական կիրառման հին պատմություն` գլխավորապես ժողովրդական բժշկության մեջ և հոմեոպաթիայում: Կեղևը օֆիցինալ է միայն սակավաթիվ երկրներում: Կեղևի և պտուղների ոգեթուրմն օգտագործվում է արտաքին` ռևմատիզմի, պոդագրայի, նևրալգիայի, պարալիզների, այտուցների, տարբեր բնույթի դիաթեզների և մաշկային որոշ հիվանդությունների ժամանակ, ինչպես նաև թարախակույտերի շուտ հասունացման նպատակով: Տարբեր ժողովուրդներ պտուղներն օգտագործում են թրոմբոֆլեբիտի դեպքում որպես հակամակարդող միջոց: Պարզված է, որ հակամակարդիչ հատկությամբ օժտված է դաֆնետինը, որն առաջանում է դաֆնին գլյուկոզիդի ճեղքվելուց: Պտուղներն այս նպատակով օգտագործելու դեպքում պահանջվում է դրանց միջից հատուկ եղանակով հեռացնել գրգռիչ, թունավոր մասը: Կեղևը թրջում են ջրում կամ քացախում, մանանեխի ծեփուկների նման դնում են բորբոքված հոդերի կամ նյարդերի շրջանում: Կեղևը նույն նպատակով օգտագործվում է նաև քսուքի ձևով: Կեղևի ոգեթուրմը մի քանի րոպե պահում են բերանում և թափում` լեզվի մկանների պարեզի ժամանակ, իսկ մզվածքն օգտագործում են գեղձախտի և ջրգողության դեպքերում` ներքին ընդունման ձևով: Պտուղները Հունաստանում օգտագործում են որպես լուծողական, իսկ կեղևը` որպես տեղական գրգռիչ միջոց: Հայկական ժողովրդական բժշկության մեջ բույսն օգտագործվում է կոլիտների և ստամոքսային որոշ հիվանդությունների ժամանակ, իսկ քսուքի ձևով` ռևմատիկ և պոդագրիկ հոդաբորբերի դեպքերում:
Գայլահատի մասին ուշագրավ տվյալներ է նշում Ամիրդովլաթը: Նա գրում է, որ բույսի տերևները` գինու մեջ կամ խաղողի հյութով օգտագործելիս, բուժում է ժանտախտը կամ առաջացնում անընկալունակ վիճակ այս հիվանդության նկատմամբ: Միաժամանակ նշվում է, որ գայլահատը օգնում է ջրգողության, ատամի ցավի, գլխացավի, պիսակի, մաշկի «չոր խոցերու» ժամանակ, նպաստում աղիներից կլոր որդերի դուրս գալուն: Ըստ Կ. Գաբիկյանի, բույսի տերևները մեղրով օգտագործելով, դրական արդյունք է ստացվում ջրգողության ժամանակ, իսկ կառապանները գայլահատն օգտագործում են ձիերի մաշկի վրա եղած վերքերը բուժելու նպատակով:
![]() |
![]() |
![]() |
Գայլահատն օժտված է հակամիկրոբային և նախակենդանիները ոչնչացնող հատկությամբ:
Կիրառման եղանակները
Կեղևից կամ պտուղներից եփուկ պատրաստելու համար վերցնում են 20 գ հումք, 20 րոպե եռացնում 200 մլ ջրում, ապա այն ըմպում 1-ական ճաշի գդալ` օրական 3 անգամ: Նույն հումքերից մզվածք պատրաստելու համար վերոհիշյալ եփուկը եռացնում են մինչև նրա կես բաժին մնալը, ապա ընդունում ջրով, 1-2 կաթիլ` օրական 3 անգամ: Ոգեթուրմ պատրաստելու համար 1 գ չոր կեղևահումքը թրմում են մի քանի օր 64 գ 70° սպիրտի մեջ, ապա ընդունում 1-2-ական կաթիլ` օրական 3-4 անգամ: Քսուք պատրաստելու համար 5 մաս ոգեթուրմը խառնում են 10 մաս վազելինի կամ կարագի հետ, ապա օգտագործում արտաքին ձևով:
Բույսի այլ հատկանիշները
Գայլահատը խիստ թունավոր է: Հյութի մի կաթիլն` ընկնելով մաշկի վրա, առաջ է բերում արտահայտված գրգռում, իսկ շրթունքների վրա` ցավոտ այտուցներ: Ավելի վտանգավոր է, երբ հյութն ընկնում է աչքերի մեջ: Պտուղները բավականաչափ քաղցր են: Թունավորումը առաջ է գալից բույսի հետ շփվելուց, անգամ սենյակում դրված ծաղիկների հոտից: Պրակտիկայում մեզ հանդիպել են գայլահատով թունավորված հիվանդներ, որոնց թունավորման պատկերն արտահայտվել է ընդհանուր թուլությամբ, քնկոտությամբ, ապաթիայով, նողկանքով: Պտուղներով թունավորվելը հիշեցնում է ատրոպինային թունավորումը, բնորոշ` փսխումով, լուծով, կոկորդի քերծմամբ, բերանի չորության զգացումով, ստամոքսացավով, գլխապտույտով, վախով, տեսողության խանգարումով, վերջույթների դողով, սրտային առիթմիայով, շնչարգելությամբ: Նման դեպքերում կատարվում են ստամոքսային լվացումներ, ներարկվում նարկոտիկներ, սրտային միջոցներ և այլն:
Ուշագրավ է այն, որ մարդու համար խիստ թունավոր այս պտուղները հաճույքով ուտում են որոշ թռչուններ և դրանով իսկ տարածում բույսի սերմերը: Ի դեպ, գայլահատի թփերին անասունները խուսափում են մոտենալ:
Գայլահատը դեկորատիվ և մեղրատու բույս է և կարիք ունի պաշտպանության, քանի որ նրա արեալները այնքան էլ մեծ չեն: Եվրոպական մի շարք երկրներում այն վաղուց համարվում է անհետացող բուսատեսակ և վերցված է հատուկ հսկողության տակ:
Հեղինակ. Ա. ԹՈՐՈՍՅԱՆ
Սկզբնաղբյուր. «Հայաստանի դեղաբույսերը»
Տեղեկատվություն. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYBIJC1I' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/view_avand.php(243): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







