Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սրտանոթաբանություն

Սրտի անոթների ստենտավորում․ հարցազրույց ինտերվենցիոն սրտաբան Պողոս Սարգիսյանի հետ. armeniamedicalcenter.am

Սրտի անոթների ստենտավորում․ հարցազրույց ինտերվենցիոն սրտաբան Պողոս Սարգիսյանի հետ. armeniamedicalcenter.am

Ինչո՞ւ է սրտամկանի անոթների ստենտավորումն արդիական։

Կորոնար անոթների ստենտավորումն արդիական խնդիր է, քանի որ սրտի անոթների խցանումը  թրոմբով, և դրա արդյունքում զարգացող սրտամկանի ինֆարկտն ամբողջ աշխարհում տարածված հիվանդություն է, դարի հիվանդություն: Սրտամկանի ինֆարկտը նախկինում տարեցների հիվանդություն էր համարվում, բայց այսօր արդեն 40, նույնիսկ 30 տարեկան ծանր բուժառուներ են ընդունվում այդ ախտորոշմամբ: Իսկ ստենտավորումը կյանքեր է փրկում։

Ե՞րբ պետք է անհանգստանալ և դիմել սրտաբանին։

Սրտի անոթների ստենտավորման հարցում կարևոր դեր է ունի հիվանդի տեղեկացվածության աստիճանը: Ցավոք, մեր բնակչության շրջանում ուշացած դեպքերը շատ են: Պատճառը ոչ գիտակից վերաբերմունքն է սեփական առողջությանը, որի պատճառով սրտամկանի ինֆարկտը ժամանակին չի ախտորոշվում:

Բուժառուները հիմնականում դիմում են ուշացած, մինչդեռ, որպեսզի կարողանանք բարձրացնել մարդու կյանքի որակը, փրկել նրան, անհրաժեշտ է վաղ դիմել բժշկի:

Ամբողջ աշխարհում ինֆարկտից մահվան տոկոսը հնարավոր չէ իջեցնել, բայց ժամանակին կատարվող արդիական ստենտավորումներից հետո հիվանդացության և մահացության ցուցանիշները բավականին իջել են:

Շատ կյանքեր են փրկվել, մանավանդ երիտասարդ տարիքում:  

Պետք է հետկրծոսկրային շրջանում ճնշող կամ սեղմող ցավի, շնչարգելության, օդի պակասի դեպքում անպայման դիմել բժշկի, շտապօգնություն կանչել: Առաջին հերթին ամենակարևորը էլեկտրասրտագրության իրականացումն է, որպեսզի շուտ հայտնաբերվի սրտամկանի սնուցման խանգարումը՝ սուր կորոնար համախտանիշը:

Սրտամկանի ինֆարկտը սուր կորոնար համախտանիշի հետևանք է՝ ST-սեգմենտի  էլևացիայով կամ առանց դրա: Բոլոր դեպքերում անհապաղ հետազոտվելը անհրաժեշտություն է սեփական կյանքը և առողջությունը պահպանելու համար:

Ե՞րբ է իրականացվում կորոնար անոթների ստենտավորում։

Ստենտավորման նպատակը ռեվասկուլարիզացիան է: Սրտամկանի սուր ինֆարկտի ժամանակ, բնականաբար, առկա է սուր թրոմբոզ, որի արդյունքում կորոնար անոթներից մեկը խցանվում է 100 տոկոսով: Երբ արդեն խցանում կա, անհրաժեշտ է շատ կարճ ժամանակահատվածում, մինչև գոնե 90, առավելագույնը՝ 120  րոպեների ընթացքում անոթը բացել՝ հյուսվածքի մեռուկացումից խուսափելու համար:

Այդ պատճառով շատ արագ կազմակերպվում են հետազոտություններ՝ էխոսրտագրություն, անհրաժեշտ այլ հետազոտություններ։ բուժառուի մոտ շտապ կերպով կատարվում է ախտորոշիչ կորոնարոգրաֆիա, հայտնաբերվում են «մեղավոր» անոթը կամ անոթները: Ապա անմիջապես իրականացվում է խցանման ռեկանալիզացիա և տեղադրվում է ստենտը:

Ի՞նչ ստենտներ են օգտագործվում։

Ընդհանրապես, օգտագործվում են տարբեր ընկերությունների դեղապատ ստենտներ։ Մեր կենտրոնում դրանք հիմնականում ամբողջ աշխարհում ճանաչված ամերիկյան և եվրոպական արտադրության բարձրորակ ստենտներ են, և ճիշտ ստենտավորման դեպքում կրկնակի նեղացման կամ խնդիրներ ունենալու հավանականությունը առավելագույնը կազմում է 3 տոկոս:

Ինչպե՞ս է իրականացվում ստենտավորումը։

Ստենտավորումը ոչ վիրահատական միջամտություն է: Այն միանգամայն անվնաս է, կատարվում է տեղային անզգայացմամբ, ինսուլինային ներարկիչով, բուժառուն միայն թեթև ծակոց է զգում:

Միջամտությունն իրականացվում է երկու մուտքով․ ռադիալ՝ ճաճանչային զարկերակից և ֆեմորալ՝ ազդրային զարկերակից:

Նախկինում, մի քանի տարի առաջ այն կատարվում էր ֆեմորալ  մուտքով: Սակայն ներկայում ամբողջ աշխարհում ընդունված է ճաճանչային մուտքը, որը բուժառուի համար շատ ավելի հարմար է, ստենտավորումից անմիջապես հետո նա կարող է շարժվել, նստել, քայլել: Իսկ ոտքից  մտնելու դեպքում բուժառուն պետք է 5-6 ժամ հորիզոնական դիրք ընդունի:

Ներկայում երբեմն նախընտրում են ֆեմորալը այն բժիշկների կողմից, ովքեր երկար տարիներ աշխատել են այդ եղանակով, փորձառություն ունեն, լավ տիրապետում են բոլոր հմտություններին։ Բոլոր դեպքերում, ցանկալի է 2 տարբերակին էլ տիրապետել, որովհետև երբեմն հնարավոր է ընտրության խնդիր առաջանալ, քանի որ եկուսն էլ ունեն առավելություններ և բացասական կողմեր:

Որո՞նք են այդ եղանակների տարբերությունները՝ դրական և բացասական կողմերը։

Ֆեմորալ մուտքի դեպքում ճանապարհն ուղիղ է, և ուրեմն հեշտ բժշկի համար, բայց հետո հարկ է լինում բուժառուի համար տհաճ ճնշակապ դնել, քանի որ ֆեմորալ մուտքն իրականացվում է ազդրային մեծ զարկերակով և կարող է բարդանալ արյունահոսությամբ և պունկցիոն շրջանում հեմատոմայի զարգացմամբ:

Ռադիալի մուտքի դեպքում բացասական է  այն, որ ճանապարհը զիգզագաձև է, ծռմռված, և երբեմն անոթի սպազմ է դիտվում: Այն նաև երբեմն բուժառուի համար ցավոտ է և տհաճ: Առավելությունն այն է, որ ձեռքից մտնելիս արյունահոսությունների վտանգը ցածր է: Այդ հարցում կարևոր է անոթների տրամագիծը. ձեռքի անոթի տրամագիծը 2,25-2,6 մմ է, իսկ ոտքինը՝ 5-6 մմ:

Որքա՞ն է ստենտավորման տևողությունը։

Ընդհանուր կորոնարոգրաֆիան տևում է 20 րոպեից կես ժամ: Եթե այն իրականացվում է ստենտավորումով, տևողությունը երկարում է մինչև 40 րոպե: Առանձին ստենտավորման տևողությունը մոտավորապես կես ժամ է:

Հսկողությունը ստենտավորման ժամանակ և հետո․․․

Ստենտավորվող բուժառուն պետք է հսկողության տակ լինի, քանի որ կարող է ունենալ ուղեկցող հիվանդություներ՝ դիաբետ, հիպերտենզիա։ Ստենտավորումից հետո բուժառուն պետք է երկարատև բուժում ստանա: Ստենտավորումն անհրաժեշտ է զուգակցել դեղորայքային բուժմամբ: Միայն այդ դեպքում է հնարավոր արդյունավետություն ապահովել:

Բուժառուն ստենտավորումից գոնե 1 ամիս անց, ապա 3 և 6 ամիս հետո պետք է այցելի սրտաբանին, իսկ հետո՝ տարին մեկ անգամ:

Ստենտավորումից հետո հնարավո՞ր է կրկին անոթի խցանում։

Ստենտավորումից հետո առաջին 6 ամսում կամ 1 տարում կարող է բուժառուի մոտ ստենտը նորից նեղանալ, և ստենոկարդիայի նոպաները կրկնվեն: Դա ամբողջ աշխարհում առկա խնդիր է։ Մեզ մոտ այն կազմում է ընդամենը 1-2 տոկոս:

Կորոնարոգրաֆիան որպես ախտորոշիչ միջամտություն։

Կորոնարոգրաֆիան ճշգրիտ ախտորոշում է, որի ժամանակ սրտի անոթները ծառի ճյուղերի պատկերով պարզ երևում են: Ցավոք, սրտագրության ժամանակ 20-30 տոկոս դեպքերում ինֆարկտը ախտորոշվում, նույնիսկ էխոսրտագրությունը, որի ժամանակ տեսանելի են փականները, սրտի կառուցվածքը, սակայն անոթները տեսանելի են միայն կորոնարոգրաֆիայով՝ ներանոթային զոնդավորմամբ:  Միայն կորոնարոգրաֆիայից հետո է իրականացվում թերապևտիկ միջամտությունը՝ ստենտավորումը:

Եթե բուժառուի մոտ արդեն զարգացել է սրտամկանի ինֆարկտ, միևնույն ժամանակ, անմիջապես կատարվում է և՛ զոնդավորում, և՛ ստենտավորում: Իսկ եթե ստենտավորման ենթակա նեղացումներ են՝ առանց ինֆարկտի, կարելի է միջամտությունը կատարել պլանային կերպով՝ հաջորդ օրը, կամ մեկ շաբաթից:

Ձեր խորհուրդը մեր ազգաբնակչությանը։

Ժողովրդի մեջ այն գիտակցությունը պետք է լինի, որ երբ ճնշող, սեղմող ցավեր են ունենում հետկրծոսկրային շրջանում, կամ շնչարգելություն, օդի պակաս, անպայման դիմեն բժշկի, կամ շտապօգնություն կանչեն: Խնդրում եմ այդ հարցում գիտակից լինեն և չուշացնեն անհրաժեշտ օգնություն ստանալը:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ