Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սրտանոթաբանություն

Ստենտավորում. հարցերին պատասխանում է միջամտական սրտաբան Պողոս Սարգիսյանը. armeniamedicalcenter.am

Ստենտավորում. հարցերին պատասխանում է միջամտական սրտաբան Պողոս Սարգիսյանը. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է իրենից ներկայացնում սրտի անոթների ստենտավորումը:

– Ստենտավորումը միջամտություն է, որի ժամանակ սիրտը սնուցող պսակային անոթների նեղացած հատվածներում ստենտ է տեղադրվում:

Որո՞նք են ստենտավորման ցուցումները:

–  Կորոնարոգրաֆիայի կամ, ժողովրդի լեզվով ասած, զոնդավորման ժամանակ հայտնաբերված աջ կամ ձախ պսակային համակարգի անոթներից մեկի որոշակի հատվածի լուսանցքի 70 և ավելի տոկոսով նեղացումը ստենտավորում իրականացնելու ցուցում է։ Սրտի իշեմիկ հիվանդության, սուր կորոնար համախտանիշի, հաճախ նաև սրտամկանի սուր ինֆարկտի ժամանակ, երբ անոթն ամբողջովին խցանված է, ռեվասկուլյարիզացիայից (անոթի անցանելիության վերականգնումից) հետո նույնպես իրականացվում է ստենտավորում:

Ինչպե՞ս պատրաստվել ստենտավորման:

–  Ցավոք, շատերի մոտ ստենտավորումն ընկալվում է որպես վիրահատություն։ Իրականում այս միջամտությունը վիրահատություն չի համարվում և հատուկ նախապատրաստում չի պահանջում։

Ինչպիսի՞ ստենտեր են կիրառվում:

–  Ստենտը ցանցանման կառուցվածքով մետաղական ծածկույթ է։ Այժմ երեք տեսակի ստենտներ կան` ոչ դեղապատ ստենտ, դեղապատ ստենտ, որը ծածկված է դեղորայքով, և վերջերս, հատկապես Եվրոպայում լայն կիրառում ստացած երրորդ տեսակը ինքնալույծ ստենտն է։ Դա հատուկ ստենտ է, որը լուծվում է մեկ տարվա ընթացքում։

Ո՞ր ստենտերն են առավել նպատակահարմար սրտի անոթների ստենտավորման համար` դեղորայքային ծածկույթո՞վ, թե` առանց:

–  Յուրաքանչյուր դեպք առանձին քննարկվում է: Հաշվի է առնվում հիվանդի տարիքը, ախտահարված անոթի տրամագիծը, շաքարային դիաբետի առկայությունը, անոթի ախտահարված մասի երկարությունը:  Այժմ հիմնականում դեղապատ ստենտների տեղադրման միտում է նկատվում։

Ինչպե՞ս է ընթանում ստենտավորումը:

–  Միջամտությունը հիմնականում իրականացվում է տեղային անզգայացմամբ: Հիվանդը ոչ մի ցավ չի զգում։ Ստենտավորումը հնարավոր է իրականացնել երկու մուտքով՝ ֆեմորալ (ազդրային)՝ ոտքից, կամ ռադիալ (ճաճանչային)՝ ձեռքից։ Ներկայում հիմնականում իրականացվում է ձեռքից, ինչը շատ ավելի հարմարավետ է հիվանդների համար: Կաթետրով հասնում ենք մինչև սիրտը սնուցող անոթները, նկարում և կատարում ստենտավորում:

Որքա՞ն ժամանակ է տևում միջամտությունը:


–  Ժամանակը պայմանավորված է ստենտավորվող անոթների քանակով (մեկ, երկու կամ երեք)։ Մեկ ստենտավորումը 20-30 րոպե է տևում, ոչ ավելի։


Որքանո՞վ  է այն անվտանգ:

–  Ստենտավորումը, միանշանակ, անվտանգ միջամտություն է։ Ստենտը հատուկ տեխնոլոգիայով մշակված ցանցանման կառուցվածք է և ժամանակի ընթացքում անոթի պատի հետ սերտաճում է։

Ստենտի տեղադրումը խնդրի վերջնակա՞ն լուծում է:

–  Ցավոք, վերջնական լուծում չէ, քանի որ այն ընդամենը հիվանդության բուժման մեկ փուլ է։ Դրանից հետո անհրաժեշտ է դեղորայքային բուժում և առողջ ապրելակերպ։

Հիվանդը զգու՞մ է ստենտի առկայությունը:

–  Ժողովրդի մեջ տարածված կարծիք կա, որ շարժվելիս ստենտը կարելի է զգալ, սակայն նման բան չկա, քանի որ այն անոթի հետ սերտաճում է։

Որքա՞ն ժամանակ է ծառայում տեղադրված ստենտը:

–  Տեղադրված ստենտը երկար է ծառայում, եթե հիվանդը ժամանակին ստանում է դեղորայքը, չի չարաշահում ծխախոտը, խմիչքը և այլն։ Օրինակ, եթե հիվանդը 40 տարեկան է, 20-30 և ավելի տարիներ, նույնիսկ մինչև կյանքի վերջ ստենտը կարող է ծառայել։

Կարո՞ղ է ստենտը տեղաշարժվել:

–  Ո՛չ, չի կարող։

Հնարավո՞ր է անոթի նեղացում այնտեղ, որտեղ ստենտ է տեղադրված:

–  Ցավոք, այո։ Եթե հիվանդը դեղորայքը ժամանակին չի ստանում, կամ օրգանիզմում շեղումներ են լինում, հնարավոր է տվյալ հատվածի կրկին նեղացում։

Ինչպե՞ս իմանալ` որտեղ և քանի ստենտ է տեղադրված:

–  Ցավոք, մեր ժողովրդի մեջ երբեմն կասկածներ են առաջանում ստենտի տեղադրման վերաբերյալ: Այդ պատճառով, օրինակ, ես ստենտավորում  կատարելուց հետո անպայման նկարում եմ: Ստենտերը, բարեբախտաբար, ռենտգենով հստակ երևում են։

–  Հնարավո՞ր են նորից սրտի իշեմիկ հիվանդության ախտանիշների առաջացում ստենտավորումից հետո, օրինակ, ցավ կրծքավանդակում:
Իհարկե, որոշ դեպքերում հնարավոր է։ Եթե հիվանդի մոտ մի քանի անոթների հետ կապված խնդիր կա, և ինչ-ինչ պատճառներով, մասնավորապես` ֆինանսական, հիվանդը չի կարողանում ստենտավորումը լիարժեք կատարել, այսինքն տեղադրվում է մեկ ստենտ՝ երեքի կամ չորսի փոխարեն։ Բացի ոչ լիարժեք ստենտավորումից, դեղորայքը ոչ ճշգրիտ ձևով ընդունելու, ինչպես նաև շաքարային դիաբետի և զարկերակային գերճնշման  դեպքում նույնպես հնարավոր է ախտանիշների զարգացում։

Ի՞նչ է ռեստենոզը:

–  Ռեստենոզը ստենտի հատվածում 50% և ավելի նեղացումն է, որը հայտնաբերվում է կորոնարոգրաֆիայի ժամանակ։ Այն ավելի հաճախ լինում է ստենտավորումից մոտավորապես վեց ամիս անց:

Ռեստենոզի կապակցությամբ կրկնակի ստենտավորման ժամանակ հին ստենտը հանվո՞ւմ է:

–  Հիվանդներն այս հարցը հաճախակի են տալիս` չպատկերացնելով, որ ստենտը 16-18 մթնոլորտ ճնշմամբ սերտաճում է անոթի պատին և հանել հնարավոր չէ։

Որքա՞ն հաճախ է հանդիպում ռեստենոզը:

–  Ոչ դեղապատ ստենտի տեղադրման ժամանակ 20-25% դեպքերում հնարավոր է ռեստենոզ` կրկնակի նեղացում, իսկ դեղապատ ստենտի դեպքում ռեստենոզի հավանականությունը մոտավորապես 2-3% է. առավելագույնը` 5%։

Ի՞նչ միջոցներ պետք է ձեռնարկել ռեստենոզի դեպքում:

–  Ռեստենոզի դեպքում անպայման անհրաժեշտ է բալոն դիլատացիա անել: Դեղապատ բալոնից հետո, եթե ստենտի մեջ նեղացում կա, անպայման կրկնակի ստենտ է դրվում։


Հնարավո՞ր է կանխարգելել ռեստենոզը:

–  Եթե հիվանդը դեղորայքը ժամանակին է ընդունում, վերահսկում շաքարային դիաբետը, զարկերակային գերճնշման  դեպքում ընդունում հակագերճնշումային  դեղորայք, իհարկե, կարելի է կանխարգելել։

Ի՞նչ բարդություններ կարող են լինել ստենտավորումից հետո:

–  Հաշվի առնելով, որ հիմա ստենտավորումը ձեռքից ենք կատարում, գրեթե ոչ մի բարդություն   չի լինում։

Ստենտավորումից հետո դեղորայքային բուժում նշանակվո՞ւմ է:

–  Միանշանակ` այո՛, որովհետև, ինչպես նշեցինք, ստենտավորումը բուժման մեկ փուլ է։ Դրանից հետո նշանակվում են ստենտի հետ կապված հատուկ դեղեր , ինչպես նաև այլ դեղեր։

Որքա՞ն երկար պետք է բուժվել ստենտավորումից հետո:

–  Դա կախված է այն բանից, թե ինչ պատճառով է ստենտավորումն իրականացվել: Եթե հիվանդը սրտամկանի սուր ինֆարկտ է տարել, նվազագույնը մեկ տարի պետք է ընդունի Պլավիքս (Կլոպիդոգրել) դեղը, որը ստենտի համար է, իսկ ասպիրինը ցմահ պետք է ընդունի։

Անհրաժե՞շտ է վերանականգնողական բուժում ստենտավորումից հետո:

–  Հիմնականում՝ ոչ։ Վերականգնողական բուժում անհրաժեշտ է, եթե ստենտավորումը կատարվել է սրտամկանի սուր ինֆարկտից հետո:

Ինչպե՞ս է փոխվում մարդու կյանքը ստենտավորումից հետո:

–  Ստենտավորումից հետո հիվանդի ցավերը, տհաճ զգացողությունները վերանում են, կյանքի որակը փոխվում է։

Ի՞նչ արժե ստենտավորումը:

–  Ոչ դեղապատ ստենտն արժե յոթ հարյուր հազար, իսկ դեղապատը` միլիոն հարյուր հազար դրամ։

Սրտի անոթների ստենտավորման ի՞նչ այլընտրանքային միջոցներ կան:

–  Եթե մենք ստենտավորման չենք գնում, կարող ենք կատարել սրտի վիրահատություն, որը կոչվում է աորտակորոնար շունտավորում:

Ի՞նչ է կորոնար շունտավորումը:

–  Կորոնար շունտավորումը վիրահատություն է, որի ժամանակ նեղացած հատվածից ներքև շունտ է դրվում:

Անգիոպլաստիկայի ի՞նչ այլ մոտեցումներ կան ներկայում:

–  Ներկայում շաքարային դիաբետի դեպքում բավականին մեծ հաջողություններ են արձանագրվում փոքր անոթների դեղապատ բալոն դիլատացիայի շնորհիվ։

Որո՞նք են ստենտավորման առավելությունները:

–  Ստենտավորումն ավելի փոքր միջամտություն է, քան վիրահատությունը:  Վերջինս ընդհանուր անզգայացմամբ է իրականացվում, և բաց վերք է առաջանում, որը երկար ժամանակ է պահանջում վերականգնվելու համար։ Իսկ ստենտով հիվանդը հաջորդ օրն իսկ կարող է իրեն լավ զգալ։

Ստենտավորումից հետո անվտա՞նգ են ՄՌՏ-ն, մամոգրաֆիան, ՀՏ-ն, ռենտգեն հետազոտությունը:

–  Միանշանակ` այո։

Ստենտավորումից հետո օդանավակայաններում և խանութներում, անցակետերում կարո՞ղ են խնդիրներ լինել:

–  Ոչ մի խնդիր։

Ինտերվենցիոն  սրտաբան
Պողոս Հրայրի Սարգիսյան
+374 (96070669)
Email -  [email protected]

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ