Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ

Ի՞նչ պատճառներից կարող է ականջաբորբ զարգանալ. պարզաբանում է Վասակ Մելիքսեթյանը. armeniamedicalcenter.am

Ի՞նչ պատճառներից կարող է ականջաբորբ զարգանալ. պարզաբանում է Վասակ Մելիքսեթյանը. armeniamedicalcenter.am

Ականջաբորբին վերաբերող հարցերին պատասխանում է քիթ-կոկորդ-ականջաբան, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի ՔԿԱ կլինիկայի ղեկավար Վասակ Մելիքսեթյանը.

—   Ե՞րբ է ցավում ականջը: Ի՞նչ պատճառներից կարող է ականջաբորբ զարգանալ:

—   Ականջի ցավը կարող է լինել տարբեր պատճառներից: Ամենահաճախ հանդիպող պատճառը վիրուսային վարակներն են, որոցից հետո հաճախ է ականջաբորբ զարգանում:
Ականջաբորբը կարող է ունենալ սուր, ենթասուր և քրոնիկական ընթացք: Կախված ականջաբորբի տեսակից  բուժական մոտեցումները տարբեր են: Բուժման  արդյունավետությունը կախված է նրանից, թե հիվանդը որ շրջանում է դիմում բժշկին:
Ականջաբորբի հիմնական պատճառը վերին շնչուղիների բորբոքային հիվանդություններն են, երբ քթում կամ քիթըմպանում ի հայտ եկած խնդիրները դժվարացնում են քթային շնչառությունը:

—   Ո՞ր նշաններն են խոսում ականջաբորբի մասին:

—   Սուր ականջաբորբի ժամանակ առաջանում է սուր ցավ, լսողության որոշակի իջեցում, աղմուկ ականջներում: Կարող են  լինել նաև գլխացավեր, գլխապտույտ, սրտխառնոց:


Ականջացավերի հիմնական պատճառը շճային կամ թարախային արտադրության կուտակումն է միջին ականջի խոռոչում, որի արդյունքում նյարդերի վերջույթները ենթարկվում են կոմպրեսիայի` առաջացնելով ցավային ախտանիշ:


Ինչ վերաբերում է քրոնիկ ականջաբորբին, ականջացավը կարող է նույնիսկ բացակայել, սակայն որպես կանոն ականջից լինում է լորձային կամ թարախային արտադրություն, և լսողության կայուն իջեցում:

—   Ե՞րբ դիմել բժշկի:

—   Պացիենտները նախքան բժշկին այցելելը դիմում են դեղատան աշխատողին, ինչն ընդունելի չէ: Ոչ բոլոր դեպքերում է, որ առանց բժշկի զննման ու նշանակման, օգտագործած դեղը կարող է արդյունավետ լինել:  Ցանկացած ցավի դեպքում անպայման պետք է դիմել բժշկի` հայտնաբերելու պատճառը: Առավել վտանգավոր են այն դեպքերը, երբ  արդեն առկա են ականջաբորբի արդյունքում առաջացած ներ և արտագանգային բարդություններ:

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի ՔԿԱ կլինիկայի ղեկավար Վասակ Մելիքսեթյանը, քիթ-կոկորդ-ականջաբան


—   Ո՞ր դեպքերում կարելի է ինքնաբուժմամբ զբաղվել: Ի՞նչ բարդություններով է հղի ինքնաբուժումը:


—   Փորձը ցույց է տալիս, որ մարդիկ ինչ-ինչ պատճառներից ելնելով բժշկի այցելել չեն սիրում: Կարող եմ վստահեցնել, որ ինքնաբուժումը սխալ է, քանի որ չի բացահայտվում ցավի օջախը: Օրինակ, միջին ականջի վնասվածքների  ժամանակ թմբկաթաղանթի վրա լինում են պատռվածքներ, որոնց պարագայում կաթիլներ օգտագործել չի կարելի: Բոլոր դեպքերում, հարկ է բուժման կուրս սկսել միայն բժշկի կողմից իրականացված զննումից հետո:

—   Ի՞նչ բուժման մեթոդներ կան:

—   Յուրաքանչյուր հիվանդություն ունի բուժման իր ռազմավարությունը: Նախ պետք է ճիշտ ախտորոշել, հետո միայն բուժել հիվանդությունը: Օրինակ, քրոնիկական միջին օտիտի բուժման ռազմավարությունն այլ է, սուր կամ ենթասուր միջին օտիտներինը` բոլորովին այլ: Սուր միջին օտիտների ժամանակ հիմնականում իրականացվում է կոնսերվատիվ բուժում: Վիրահատական միջամտությունների դիմում ենք, երբ կոնսերվատիվ բուժումն անարդյունավետ է, կամ հիվանդությունն արդեն քրոնիկ բնույթ է կրում: Երբեմն ներգանգային բարդություններից խուսափելու համար (մինինգիտ, սինուստրոմբոզ) կատարվում են լայնածավալ սանացիոն վիրահատություններ:


Իհարկե, լինում են դեպքեր, երբ կոնսերվատիվ բուժման մասին խոսք անգամ լինել չի կարող, անմիջապես դիմում ենք վիրահատական միջամտության:

—   Ո՞րն է առաջին օգնությունն ականջացավի դեպքում, երբ ուշանում է բժշկին այցելելը:

—   Բժշկի առաջնային այցի ժամանակ առաջին օգնությունը պետք է ունենա պաթոգենետիկ ուղղվածություն` ընդհանուր և տեղային հակաբորբոքային դեղամիջոցների, տեղային ներքթային դեկոնգեստանտների, հակահիստամինային դեղամիջոցների համակցված կիրառումով:

—   Ինչպե՞ս կանխարգելել:

—   Ինքնաբուժմամբ չզբաղվել, հարևանից կամ բարեկամից խորհուրդներ չխնդրել, պարզապես դիմել բժշկին: Մեզ համար ամենակարևորը հիվանդի առողջությունն է, որի համար պայքարում ենք:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ