Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մաշկաբանություն

Արևային այրվածքներ: Ինչո՞վ է վտանգավոր արևային այրվածքը. Սալուտեմ ամսագիր №3

Արևային այրվածքներ: Ինչո՞վ է վտանգավոր արևային այրվածքը. Սալուտեմ ամսագիր №3

Արևային այրվածքներն առաջանում են մաշկի վրա ուլտրամանուշակագույն ճառագայթների ավելցուկային ազդեցության հետևանքով, ընդ որում, ուլտրամանուշակագույն-B ճառագայթների սպեկտրի ալիքները (280-320 նմ) առաջացնում են առավել արտահայտված ռեակցիա։


Արևային այրվածքների նկատմամբ հարկ է զգուշավոր լինել, քանի որ և՛ մաշկին, և՛ ամբողջ օրգանիզմին կարող են մեծ վնաս հասցնել։ Ժամանակին և ճիշտ բուժումը թույլ է տալիս արագ ձերբազատվել այրվածքի հետևանքներից, սակայն ավելի ուշ մաշկը կարող է ծածկվել պիգմենտային բծերով, խալերով, կնճիռներով, սեբորեային կերատոմաներով: Բազմակի արևային այրվածքների հետևանքով կարող են առաջանալ մաշկի քաղցկեղ և մելանոմա, իսկ ուլտրամանուշակագույն ճառագայթները կարող են քայքայիչ ազդեցություն ունենալ ԴՆԹ-ի կառուցվածքի վրա:


Փաստեր արևային այրվածքների մասին


Մելանոմայի առաջացման ռիսկը կրկնապատկվում է, եթե կյանքի ընթացքում մարդը արևային այրվածք է ստանում 5 և ավելի անգամ: Մանկության կամ դեռահասության շրջանում ուժեղ արևային այրվածքի նույնիսկ մեկ դրվագի դեպքում հետագա կյանքում մելանոմայի զարգացման ռիսկը մեծանում է ավելի քան 2 անգամ:


Մինչև 6 ամսական երեխաներին պետք է հեռու պահել արևային ճառագայթների ազդեցությունից: Ցանկացած արևային այրվածք, նույնիսկ թեթև աստիճանի, վնասում է մաշկը:


Կլինիկական դրսևորումները


Արևային այրվածքի ախտանիշները և նշանները դըր-սևորվում են 1-24 ժամ անց և, բացառությամբ ծանր ռեակցիաների, պիկին հասնում են 72 ժամվա ընթացքում (սովորաբար 12-24 ժամվա ընթացքում): Մաշկի փոփոխությունները տատանվում են թեփոտվող թեթև էրիթեմայից մինչև ցավ, այտուց, մաշկի բարձր զգայնություն և բշտերի առաջացում: Առաջին հերթին այրվում են մարմնի դուրս ցըցված մասերը՝ ճակատը, քիթը, ականջները, ուսերը, ծնկները: Լողի ժամանակ ռիսկի գոտում են հայտնվում կուրծքը և մեջքը: Մաշկային ծածկույթի մեծ մակերեսի ախտահարման դեպքում կարող են զարգանալ ընդհանուր ախտանիշներ (մարմնի ջերմաստիճանի բարձրացում, սարսուռ, թուլություն, շոկ), որոնք պայմանավորված են հակաբորբոքիչ ցիտոկինների արտադրությամբ, ինչպիսին է, օրինակ, ԻԼ-1-ը: Արտահայտված արևային այրվածքից մի քանի օր հետո մաշկը կարող է թեփոտվել:
Արևային այրվածքի ամենահաճախ դիտվող բարդություններ են երկրորդային վարակը, կայուն բծային պիգմենտացիան և մաշկի քաղցկեղի զարգացման ռիսկի զգալի բարձրացումը: Թեփոտումից մի քանի շաբաթ հետո մաշկը կարող է չափազանց զգայուն լինել արևային լույսի նկատմամբ։


Առաջին օգնությունն՝ արևային այրվածքների ժամանակ

 

  • Անմիջապես թաքնվել ստվերում։ Կարմրած մաշկը արևային այրվածքի ախտանիշ է, և արևի շարունակական ազդեցությունը միայն կուժեղացնի այրվածքը։
  • Ինչպես ցանկացած այրվածքի դեպքում, արևային այրվածքի ժամանակ նույնպես անհրաժեշտ է մաշկի տուժած հատվածը սառեցնել սառցի կտորներով։ Այդ նպատակով կարելի է կիրառել սառը ջուր կամ հակասեպտիկների ջրային լուծույթներ (օրինակ, ֆուրացիլին, քլորհեքսիդին)։ Բշտերի առաջացման դեպքում դրանք ինքնուրույն` սեղմելով պատռել չի կարելի, պետք է հակասեպտիկներով վիրակապ դնել և դիմել բուժօգնության։
  • Անհրաժեշտ է շատ ջուր կամ այլ հեղուկներ խմել։
  • Արևային այրվածքների մեծ մակերեսի դեպքում և ընդհանուր վիճակի վատթարացման ժամանակ պետք է դիմել բուժօգնության։
  • Հարկ է խոնավացնել «այրված» մաշկը դրա համար նախատեսված հատուկ միջոցներով։
  • Կրել ազատ, արևից առավելագույնս պաշտպանող բնական գործվածքից կարված հագուստ։ Կոպիտ հյուսվածքները և սինթետիկ նյութերը կարող են գրգռել մաշկը։
  • Խուսափել արևի ուղիղ ճառագայթներից՝ նույնիսկ արևապաշտպան քսուքների կիրառման դեպքում։
 

Դիմեք բժշկի հետևյալ դեպքերում.


  • արտահայտված ցավոտ այրվածք՝ մեծ քանակությամբ բշտերով,
  • մաշկի մեծ մասը ծածկող արևային այրվածք,
  • գլխացավեր կամ տենդ,
  • սրտխառնոց և փսխում,
  • ընդհանուր թուլություն, սարսուռ կամ հոգնածություն,
  • գլխապտույտ կամ գիտակցական վիճակի փոփոխություններ,
  • հաճախացած սրտխփոց,
  • արտահայտված ծարավի զգացում,
  • մեզի քանակի նվազում,
  • թարախ, այտուց և թմբիկավոր բշտեր։
 
 

Երեխաների արևային այրվածքների բուժումը


Արևային այրվածքի նշանները երեխաների մոտ դըր-սևորվում են արևի տակ 6-12 ժամ մնալուց հետո՝ առավելագույն անհարմարավետություն առաջացնելով առաջին 24 ժամվա ընթացքում։ Եթե այրված մասն ընդամենը կարմիր է, տաք և ցավոտ, ինքներդ կարող եք գլուխ հանել։ Կիրառեք սառը թրջոցներ կամ երեխային լողացրեք սառը ջրով։ Կարելի է տալ ցավազրկողներ անհարմարավետությունը նվազեցնելու նպատակով։ Անպայման համոզվեք, որ դեղը և չափաբաժինը երեխայի տարիքին և քաշին համապատասխան են։ Եթե այրվածքի ժամանակ բշտեր են առաջացել, տենդ է սկսվել, գլխացավ կամ հիվանդության ընդհանուր զգացողություններ, դիմեք բժշկի։


Լուրջ արևային այրվածքները պետք է անմիջապես մշակել այնպես, ինչպես ցանկացած այլ ծանր այրվածք, իսկ եթե դրանք շատ մեծ մակերես են ընդգրկում, հնարավոր է՝ ստացիոնար բուժման կարիք լինի։


Բշտերի միջոցով կարող է վարակ ներթափանցել, ինչը հակաբիոտիկներով բուժում կպահանջի։ Երբեմն ծանր արևային այրվածքները հանգեցնում են երեխայի ջրազրկման կամ ուշագնացության (ջերմային հարված)։ Այդ դեպքում պետք է անմիջապես շտապօգնություն կանչել։


Ժողովրդական միջոցներ` արևային այրվածքների ժամանակ


Այրոցը նվազեցնող և մաշկը վերականգնող հատկություն ունեն հալվեից պատրաստած լոսյոնները կամ քսուքները։
Օգտագործեք սառը տոպրակներ կամ թարմ եփված թեյ։ Սև թեյի մեջ պարունակվող նյութերը նպաստում են այրվածքի շրջանում ջերմության նվազեցմանը և pH-ի մակարդակի վերականգնմանը՝ արագացնելով ապաքինումը։


Համարվում է, որ վարունգն օժտված է բնական հակաօքսիդանտ հատկություններով` մաշկի սառեցման համար։ Կարող եք կտրտել այն և դնել մաշկի վրա կամ քերել և քերուկով պատել վնասված մաշկը։


Կանխարգելում


Նախազգուշական պարզ միջոցները (ճառագայթման բացառում` հատկապես կեսօրին, խիտ հյուսվածքով հագուստ, լայնեզր գլխարկ և արևապաշտպան ակնոց, արևապաշտպան միջոցների կիրառում) զգալիորեն նվազեցնում են արևային այրվածքի ռիսկը։


https://kubnews.ru
http://lebzdrav.ru
https://www.medkirov.ru
http://www.bsmp.by
https://medchannel.ru
https://fantasyclinic.ru
https://saltmag.ru
https://paramedic.ua
https://www.laroche-posay.ru
https://zdravcity.ru/

 

«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր
Պետական գրանցման համար․ 211․200․00969
[email protected]
+(374) 91 64 10 15
+(374) 98 79 15 15

Սկզբնաղբյուր. «Սալուտեմ» առողջ ապրելակերպի ամսագիր, N3
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ