Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մաշկաբանություն

Երիտասարդների և դեռահասների մոտ հաճախ հանդիպող մաշկային հիվանդություններ. հարցազրույց Սամվել Գևորգյանի հետ. izmirlianmedicalcenter.com

Երիտասարդների և դեռահասների մոտ հաճախ հանդիպող մաշկային հիվանդություններ. հարցազրույց Սամվել Գևորգյանի հետ. izmirlianmedicalcenter.com

–   Որո՞նք են դեռահասների և երիտասարդների մոտ հաճախ հանդիպող մաշկային խնդիրները:

–   Դեռահասների, երիտասարդների մոտ առավել հաճախ հանդիպում են սնկային հիվանդություններ, անցումային շրջանին բնորոշ են նաև դեմքի, թիկունքի շրջանի ակնէները՝ թարախային պզուկները:

Սնկային հիվանդություններն ավելի հաճախ հանդիպում են ոտքերի շրջանում: Դրանցից շատերը տարածվում են կենդանիների միջոցով՝ տրիխոֆիթիա, միկրոսպորիա, իսկ հետո. մարդուց` մարդուն: Սնկային հիվանդություններին բնորոշ է տարածվել գլխի մազածածկ շրջանից մինչև ոտքերի ծայրերը: Իսկ էպիդերմոֆիթիա սնկերը հիմնականում ախտահարում են մաշկային ծալքերի շրջանները, ոտնաթաթերի շրջանը:

–   Որո՞նք են մաշկային խնդիրների պատճառները երիտասարդների մոտ:

–   Այդ տարիքային շրջանում մաշկային խնդիրների պատճառը տարիքային հասունացման հետ կապված փոփոխություններն են, հորմոնալ տեղաշարժերը, դիմադրողականության իջեցումը, դեմքի մաշկի ճարպոտությունը:

Ժառանգականությունը ևս դեր ունի մաշկային հիվանդությունների դեպքում, հատկապես փսորիազի և ատոպիկ դերմատիտի ժամանակ:

–   Ինչպե՞ս են ախտորոշվում մաշկային հիվանդությունները:

–   Ախտորոշումը բավականին դյուրին է, արդեն մաշկի արտաքին զննումից հիվանդության ախտորոշումը կարելի է որոշել:

Լաբորատոր հետազոտությունը մեծ դեր չունի, որովհետև նույն մանրէները, պարազիտները առողջ մաշկի վրա էլ կարող են հայտնաբերվել: Այստեղ կարևորը հիվանդության ակտիվ արտահայտումն է: Չնայած, եթե պարազիտի կամ տզի առկայությունը հայտնաբերվում է, նշանակվում է բուժում, ինչը, սովորաբար, լինում է արդյունավետ:

–   Ի՞նչ ախտանիշներով են արտահայտվում սնկային հիվանդություններն և ակնէն:

–   Ակնէի ժամանակ լինում է հիպերեմիկ կարմրություն, թարախային բշտիկ: Այդ մաշկային էլեմենտները կոսմետիկ տհաճություն են հատկապես աղջիկների համար, և եթե դրանք գնդաձև են, խոշոր և թարախային պարունակությամբ, կարող են հետագայում սպիների պատճառ դառնալ:
Սնկային հիվանդությունների ախտանիշները բազմազան են և, կախված սնկի տեսակից, կարող են առաջացնել մաշկի մակերեսային կամ խորանիստ շերտերի ախտահարում:

Սնկային հիվանդությունների ժամանակ լինում է քոր, կարմրություն, միջմատնային ծալքերի շրջանում` ճաքեր, մաշկի արտահայտված թեփոտում, քորելուց կարող է զարգանալ նաև երկրորդային ինֆեկցիա, բորբոքային վիճակ` զավի զուգակցմամբ:

–   Ի՞նչ հնարավոր բարդություններ կարող են լինել:

–   Սնկային հիվանդությունների մակերեսային ախտահարումների ժամանակ (գունափոփոխ որքին, էրիթրազմա) բարդություններ չեն առաջանում:


Ակնէի խոշոր, գնդաձև արտահայտման դեպքում բարդություն է մնայուն սպիների առաջացումը:

Ակնէի ժամանակ վտանգավոր բարդություն կարող է լինել շրթունքից վերև գտնվող բշտիկների սեղմելու հետևանքով ինֆեկցիայի զարգացումը և տարածումը դեպի գլխուղեղ, քանի որ դեմքի՝ շրթունքից վեր շրջանի անոթներն անմիջական կապ ունեն ուղեղի հետ: Ինֆեկցիան արյան միջոցով ուղեղին անցնելով` կարող է անգամ թարախային մենինգիտի պատճառ լինել, ուստի խստիվ արգելվում է այդ շրջանում բշտիկներին ձեռք տալ, կամ` սեղմել:

Դեռահասային տարիքում մաշկային խնդիրները կարող են առաջացնել նաև սթրեսային վիճակներ և հոգեբանական խնդիրներ:

–   Ինչպե՞ս են բուժում մաշկային խնդիրները երիտասարդ տարիքում:

–   Ակնէն, եթե անգամ չբուժվի, հիմնականում, տարիքի հետ անցնում է, պարզապես, գնդաձև, խոշոր պզուկների դեպքում հնարավոր է սպիներ մնան:

Ակնէի դեպքում կիրառվում է էտապային բուժում: Սկզբում նշանակվում է հակաբորբոքային բուժում, երկրորդ էտապում` վիտամինաթերապիա, օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնող պատրատուկներ, որպեսզի օրգանիզմն ինքը կարողանա պայքարել ինֆեկցիայի դեմ: Նշանակվում են նաև դեմքի ճարպազրկող դեղեր, ֆիզիոթերապիա՝ կվարց և այլն: Բուժումը պետք է լինի համակցված:

Սնկային հիվանդությունների մակերեսային ախտահարումները (գունափոփոխ որքին, էրիթրազմա) հեշտ են բուժման ենթարկվում, կենդանիներից վարակվելու արդյունքում առաջացած հիվանդությունները (տրիխոֆիթիա, միկրոսպորիա) ավելի լուրջ բուժում են պահանջում: Բուժումն իրականացվում է հակասնկային պատրաստուկների կիրառմամբ: Մաշկի վրա թաց մակերեսի առկայության դեպքում, նախ, պետք է այն չորացնել: Եթե առկա է թարախային մակերես, պետք է հակաբորբոքային բուժում իրականացնել և հետո միայն սկսել հակասնկային բուժումը:

–   Ինչպե՞ս կանխարգելել մաշկային հիվանդությունները:

–   Պարազիտար (քոս), սնկային, ստրեպտոկոկային վարակների դեպքում վարակը կարող է մեկից մյուսին անցնել: Միմյանց կարող են վարակել ընտանիքի անդամները, ընկերները:

Այդ պատճառով շատ կարևոր է ճիշտ անձնական հիգիենա պահպանել. միմյանց հողաթափեր չհագնել, ուրիշների անձնական իրեր չօգտագործել և այլն:

Այս հիվանդությունների կանխարգելման համար կարևոր է նաև օրգանիզմի դիմադրողականության բարձրացումը՝ հիմնականում առողջ ապրելակերպով: Իսկ եթե արդեն կան խնդիրներ, պետք է ժամանակին դիմել մաշկաբանին:

Սամվել Գևորգյան,
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի կոնսուլտացիոն-ախտորոշիչ բաժանմունքի մաշկաբան

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ