Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մաշկաբանություն

Օնիխոմիկոզներ

Օնիխոմիկոզներ

Օնիխոմիկոզները եղունգների սնկային հիվանդություններ են, որոնք քաղաքակրթության հետևանքներից են. այսօր շատ-շատերի կյանքի անբաժանելի մասն են դարձել ջրավազանները, սպորտդահլիճները, սաունաները, հյուրանոցների լոգարաններն ու հասարակական բաղնիքները։ Վարակի փոխանցմանը նպաստում են մանիկյուրի ու պեդիկյուրի ժամանակ եղունգամաշկի ու եղունգաթերթիկների վնասումը, փակ կոշիկներ ու սինթետիկ թելերից գուլպաներ հագնելը, մաշկի եղջերային (պաշտպանիչ) շերտը փափկացնող ու դրանով իսկ մանրէային վարակի ներթափանցմանը նպաստող միջոցների (քսուքներ, լոսյոններ և այլն) լայնորեն օգտագործումը, աղիքների դիսբակտերիոզը, բնակչության լայն զանգվածների միգրացիան և այլն։


Փոքր չէ նաև այլ գործոնների դերը` ուղեկցող հիվանդություններ (շաքարային դիաբետ, ստորին վերջույթների անոթների լայնացում և բորբոքում, իմունային անբավարարություն, հյուսվածքների սնուցման խանգարումներ), բնական աղետներ, սանիտարական ոչ բավարար հսկողություն կոսմետիկական սրահների, հասարակական բաղնիքների, պահածոների գործարանների նկատմամբ, ոտքերի գերքրտնոտություն, ֆիզիկական լարվածություն և այլն։


Ժամանակին չհայտնաբերված ու չբուժված օնիխոմիկոզով հիվանդը տարբեր ուղիներով ու միջոցներով վարակի աղբյուր է դառնում շրջապատի մարդկանց համար։ Վարակի փոխանցմանը նպաստում են սնկերի մեծ կայունությունն օրգանիզմում ու արտաքին միջավայրում, հիվանդության երկարատև (տարիներ ու տասնյակ տարիներ) ընթացքը, այն բուժելու դժվարությունը։ Օնիխոմիկոզները, ինչպես նաև մաշկի սնկային այլ հիվանդություններ, հղի են բազմակողմանի վտանգներով իր` հիվանդի, նաև նրա շրջապատի համար (տես նկար 1)։

 

Եղունգների և մաշկի սնկային վարակ

 
Նկար 1. Եղունգների և մաշկի սնկային վարակ

 

Ըստ ծագման, օնիխոմիկոզները կարող են լինել առաջնային, երբ վարակի աղբյուրից սնկերը անցնում են առողջ մարդկանց եղունգների մեջ։ Ավելի հաճախ դրանց զարգացումը կրում է երկրորդային բնույթ, երբ ախտահարվում է տվյալ անհատի նախ մաշկը, ապա եղունգաթերթիկները։ Հայտնի է նաև, որ ավելի հաճախ ախտահարվում են ոտքերի, քան ձեռքերի եղունգները։ Վերջին դեպքում ախտահարման հաճախականությունը բարձր է կանանց շրջանում` կապված ձեռքի աշխատանքով նրանց զբաղվածության հետ։ Իսկ, ընդհանուր առմամբ, տղամարդիկ օնիխոմիկոզներով ավելի հաճախ են հիվանդանում, քան կանայք։


Ինչ վերաբերում է հիվանդության հարուցիչներին, ապա գրեթե 90% դեպքերում դրանք դերմատոֆիտ խմբի սնկերն են, 5,5%-ում` բորբոսասնկերը և 3,5%-ում` խմորասնկերը։ Այստեղից հասկանալի է, որ վարակի աղբյուր կարող են լինել ոչ միայն հիվանդ մարդիկ, այլև հողը, վնասված բանջարեղենը և միրգը։

 

Օնիխոմիկոզների կլինիկական պատկերը կապված է նրանց հարուցչի, ախտահարման տեղամասի (եղունգի ազատ եզր, կողմնային եզրեր, հիմային հատված), ծայրանդամի (ոտնաթաթեր, ձեռնաթաթեր), հիվանդի սեռի, տարիքի, ուղեկցող հիվանդությունների հետ։ Այսպես, օրինակ, խմորասնկերով պայմանավորված օնիխոմիկոզների դեպքում (նկար 2) շուրջեղունգային մաշկի գլանիկը կարմրում է, այտուցվում, նրա և եղունգաթերթիկի միջև եղած ծալքից ժամանակ առ ժամանակ արտադրվում է թարախի կաթիլ (սովորաբար արտաճնշելիս` սեղմելիս), եղունգամաշկ կոչվող և եղունգների կողմնային ու հետին սահմանում գոյացող բարակ եղջերային շերտը վերանում է, ինքը` եղունգը, եզրային մասերում հաստանում է, շերտավորվում, անհարթանում և գունափոխվում։

 

Դերմատոֆիտիաներով և բորբոսասնկերով պայմանավորված օնիխոմիկոզների կլինիկական պատկերն ունի շատ ընդհանուր կողմեր, այդ պատճառով ախտահարման ծագումը և կլինիկական ձևը ճշգրտվում են լաբորատոր հետազոտման միջոցով։ Այնուամենայնիվ, պետք է նշել, որ սկզբնական շրջանում եղած փոփոխությունները (եղունգների սահմանափակ գունափոխում, հաստացում կամ քայքայում, եղունգահունից անջատում և այլն) սովորաբար չեն գրավում հիվանդի ուշադրությունը, և նա բժշկի չի դիմում, իսկ ախտահարումը շարունակվում է` բերելով ավելի խորը փոփոխությունների, որոնք կարող են ընթանալ ցավերով, քայլելու կամ ձեռքի աշխատանքի դժվարությամբ (նկար 3, 4)։

 

Ոտքերի օնիխոմիկոզ  Եղունգների կանդիդոզ


Նկար 3. Ոտքերի օնիխոմիկոզ                               Նկար 4. Եղունգների կանդիդոզ


Պարզ է, որ նման հիվանդների մոտ զգալիորեն տուժում են կյանքի որակը, աշխատունակությունը, երբեմն էլ` օրգանիզմի ընդհանուր վիճակը։


Նման եղունգներից ազատվելու համար հիվանդներից ոմանք համաձայնվում են վիրաբույժների կողմից հեռացնելու առաջարկին, ուրիշները դիմում են ինքնաբուժման, ստանալով «համապատասխան» տեղեկատվություն ինչ-որ աղբյուրներից։ Վերջին դեպքում սովորաբար և ժամանակն է իզուր անցնում, և դեղերի վրա ծախսված գումարներն են կորչում։


Մեր փորձը ցույց է տալիս, որ օնիխոմիկոզով հիվանդը կարող է լիարժեք բուժում ստանալ միայն մասնագետ բժշկի մոտ։ Տարածված, խորացած օնիխոմիկոզների դեպքում մենք սովորաբար նշանակում ենք տերբիզիլ դեղը` ներքին ընդունման համար (նախապես համոզվելով հակացուցումների բացակայության մեջ), իսկ տեղային միջոցներից` միկոսպոր պատրաստուկը (միզանյութով), պարբերաբար հեռացնելով եղունգների ախտահարված հատվածները։ Մաշկի ախտահարման դեպքում նշանակում ենք տերբիզիլի քսուք։ Առողջացման երաշխիքը շատ բանով պայմանավորված է հիվանդի հետևողականությամբ և բժշկի նշանակումների ճիշտ կատարմամբ։ Իրականացվում են նաև հիվանդության կրկնումները կանխելու միջոցառումներ։

Հեղինակ. Էդուարդ ԴԱՆԻԵԼՅԱՆ, բ.գ.դ., պրոֆեսոր, РАЕН և МАНЭБ միջազգային ակադեմիաների ակադեմիկոս
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 02.2009
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

22.09.2015

Հարգելի Gajane, բարև Ձեզ: Տեխնիկական պատճառներով Ձեր հարցի պատասխանն ուշացել է, ինչի համար հայցում ենք Ձեր ներողամտությունը: Եթե խնդիրը դեռևս ակտուալ է, խնդրում եմ գրեք, հնարավորինս շուտ կարձագանքենք:

Gajane

01.08.2015

Barev dez:Im votqi 2 byt matern patvac en hexykov:vochinch ch ognym:ogneq inc xndrym wm

Մեդ-Պրակտիկ

07.09.2014

Հարգելի Լիլիթ, եղունգների նմանօրինակ ձևափոխությունները պայմանավորված են կալցիումի նյութափոխանակության տեղային խանգարումներով: Դիմեք մաշկաբանի: հարկավոր է եղունգների հատուկ խնամքով զբաղվել: 

Լիլիթ

30.08.2014

Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանեք իմ հետևյալ հարցին. հղիության շրջանում նկատեցի, որ ոտքերիս բթամամատերի եղունգները հաստանում են և սպիտակում ծայրերից, հետո էլ ձեռքերիս բթամատերի եղունգները սկսեցին սպիտակել և առանձնանալ մաշկիցս ընդհուպ մինչև հիմքը, բայց ոչ մի ցավի կամ քորի զգացողություն չունեի: Ծննդաբերությունից մի քանի ամիս անց երկու տարբեր լաբորատորիաներում հանձնեցի եղունգների անալիզ, բայց սունկ չհայտնաբերվեց, ըստ այդմ էլ ոչ մի բուժում չստացա, բայց արդեն մի քանի տարի է խնդիրն չի վերանում. Շատ եմ խնդրում օգնեք, ասեք ինչ անեմ, կանխավ շնորհակալ եմ.

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ