Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Վարակաբանություն

Հերպես (herpes simplex virus 1,2), igg հակամարմիններ. հետազոտության նկարագրությունը

Հերպես (herpes simplex virus 1,2),  igg հակամարմիններ. հետազոտության նկարագրությունը

1, 2 տիպ հերպեսի (Herpes simplex virus) IgG հակարմինների հետազոտությունն իրականացվում է արյան մեջ առաջին և երկրորդ տիպի հերպեսի վիրուսների նկատմամբ G իմունոգլոբուլինների (հակամարմինների) որոշման համար։


Սրանք մարդկանց մեջ հերպեսի ամենատարածված երկու տեսակներն են. առաջինն ախտահարում է հիմնականում բերանի խոռոչը և բերանի շուրջը, իսկ երկրորդը՝ սեռական օրգանները (սեռական հերպես)։


Հերպեսի առաջին տիպը  («բերանային կամ շրթունքային») ամենահաճախն է հանդիպում: Ըստ տարբեր գնահատակների՝ այն առկա է մարդկանց 50-80%-ի մոտ։


Սեռական հերպեսն ավելի քիչ է տարածված, սակայն առկա է յուրաքանչյուր հինգերորդի մոտ։ Հիվանդության ախտանիշները քիչ նկատելի են, այդ պատճառով վիրուսակիրների մեծամասնությունը նույնիսկ չի էլ կասկածում վարակի առկայության մասին։


Վարակման պահից հերպեսի վիրուսը քողարկված մնում է օրգանիզմում ամբողջ կյանքի ընթացքում, սակայն օրգանիզմի պաշտպանական ուժերի նվազագույն թուլացումը բերում է վիրուսի ակտիվացման և վարակի ախտանիշների դրսևորման։


Վիրուսին օրգանիզմն արձագանքում է հակամարմինների (իմունոգլոբուլինների) արտադրությամբ, որոնք չեզոքացնում են վիրուսի ազդեցությունը։ Տարբերում են մի քանի խմբի իմունոգլոբուլիններ, սակայն լաբորատոր ախտորոշման մեջ առավել կարևոր են.

 

  • IgM՝ արյան մեջ հայտնվում է վարակումից 4-6 օր անց և շրջանառում է 1-2 ամիս,
  • IgG՝ սկսում է արտադրվել վարակումից 1,5-2 շաբաթ անց և արյան մեջ պահպանվում է ամբողջ կյանքի ընթացքում։
 

IgG հակամարմինները մշտապես շրջանառում են արյան մեջ, արձագանքում են կրկնակի վարակմանը կամ լատենտ վիճակում գտնվող վիրուսի ակտիվացմանը։ Դա օրգանիզմի պաշտպանական համակարգերին հնարավորություն է տալիս ավելի արագ միանալ՝ վարակը հնարավորին արագ ընկճելու համար։


Եթե արյան մեջ հայտնաբերվում է իմունոգլոբուլին G, նշանակում է խոսքը ընթացքի մեջ գտնվող կամ քրոնիկական վարակի մասին է։


I, II տիպի հերպեսի IgG հակամարմինների հետազոտության իրականացման ցուցումներն են.


Ըստ հետազոտության տվյալների՝ 1 և 2 տիպի վիրուսները կապված են արգանդի վզիկի և հեշտոցի քաղցկեղի հետ, բարձրացնում են ՄԻԱՎ-ի նկատմամբ ընկալունակությունը և նպաստում մարդու իմունային անբավարարության զարգացմանն արդեն ՄԻԱՎ դրական հիվանդների մոտ։


Այնուամենայնիվ, վիրուսի հիմնական վտանգը պտղի վրա բացասական ազդեցությունն է հղիության ընթացքում։ Այդ պատճառով հետազոտության հիմնական ցուցումը հղիությունն է, ինչը հիմնականում նշանակվում է մանկաբարձ-գինեկոլոգների կողմից.


հղիության պլանավորման ժամանակ (հաշվի առնելով, որ վիրուսը կարող է չդրսևորվել՝ հետազոտությունը նշանակվում է հղիություն պլանավորող յուրաքանչյուր կնոջը, նույնիսկ, եթե նրա մոտ երբեք հերպեսի դրսևորում չի եղել ),
ներարգանդային վարակի ախտանիշների դեպքում, պտուղ-ընկերքային (ֆետոպլացենտար) անբավարարության ժամանակ։


Վարակաբանների կողմից հետազոտությունը կարող է նշանակվել հետևյալ դեպքերում.
իմունային անբավարարության վիճակներ, ՄԻԱՎ-ի կասկած, հերպեսին բնորոշ բշտիկային ցանավորում։


Ուրոլոգների և գինեկոլոգների կողմից հետազոտությունը նշանակվում է միզասեռական վարակների ախտորոշման դեպքում։


Առաջին և երկրորդ տիպի հերպեսի վիրուսների հետազոտությունն ընդգրկվում է TORCH-վարակների (տոքսոպլազմա, կարմրախտ, ցիտոմեգալովիրուս, հերպես և այլն) հետազոտության համալիրում, որոնք առավել վտանգավոր են պտղի համար` ներարգանդային զարգացման ընթացքում։ Դրանք կարող են բերել վիժումների, վաղաժամ ծննդաբերության և երեխայի մոտ արատների զարգացման։


1 և 2 տիպի հերպեսների  IgG հակամարմինների նորման արյան մեջ


Այս հետազոտության չափման միավորը պոզիտիվության ինդեքսն է, եթե նրա արժեքը հետազոտության արդյունքում 0,8–ից ցածր է, նշանակում է արդյունքը բացասական է, այսինքն, 1 և 2 տիպի հերպեսի վիրուսների նկատմամբ  G հակամարմին չի հայտնաբերվել։

 

0,8-1,0 սահմաններում արժեքը խոսում է կասկածելի արդյունքի մասին, այս դեպքում ցանկալի է հետազոտությունը կրկնել որոշ ժամանակ անց։  


1,01 և բարձր արժեքները խոսում են դրական արդյունքի, G հակամարմինների առկայության և ընթացող վարակի կամ օրգանիզմում վիրուսի գաղտնի առկայության մասին:


Հետազոտության նախապատրաստում. հատուկ նախապատրաստում չի պահանջում։
Հետազոտության նյութը. երակային կամ մազանոթային արյուն։
Հետազոտության եղանակը. իմունաֆերմենտային (ԻՖ)։
Պատրաստ լինելու ժամկետը. 2 աշխատանքային օր։

Սկզբնաղբյուր. «Ա.Բ.ՄԵԴ» Լաբորատորիա
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ