Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Վարակաբանություն

ԿՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստման հուշաթերթիկ. Հայկական բժշկական ասոցիացիայի գործադիր վարչության անդամ Արտեմ Գրիգորյան

ԿՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստման հուշաթերթիկ. Հայկական բժշկական ասոցիացիայի  գործադիր վարչության անդամ Արտեմ Գրիգորյան

Ինչպե՞ս են մշակվում և փորձարկվում պատվաստանյութերը։


Ցանկացած պատվաստանյութ անցնում է բավականին երկար փորձաշրջան՝ խստագույն թեստավորում։ Բոլոր դեպերում, դրանք փորձարկվում են կենդանիների վրա։ Այնուհետև նրանց անվտանգությունը ստուգվում է առողջ կամավորների շրջանում, հաջորդիվ` արդյունավետությունը գնահատվում է առավել մեծ շրջանակում` տասնյակ հազարավոր մարդկանց շրջանում:

 

Ներկայում Հայաստանում հասանելի պատվաստանյութերն արդեն իսկ ապացուցել են իրենց անվտանգությունն ու արդյունավետությունը` նշյալ փուլերում:


Պատվաստանյութը պարունակո՞ւմ է կենդանի վիրուս:


Պատվաստանյութը պարունակում է վիրուսի մասնիկներ, որոնք ի վիճակի չեն բազմանալու։ Ուստիև, այն չի կարող վերարտադրել հիվանդությունն` ամբողջությամբ, սակայն բավարար է իմուն պատասխան մակածելու համար։ Պատվաստանյութի որևէ բաղադրյալ չի ներդրվում պատվաստվողի գենոմում (ԴՆԹ-ում):


Անվտա՞նգ է պատվաստումը երեխաների համար:


Մոտեցումները տարբեր են։ Պատվաստանյութին կից նշվում է թույլատրելի տարիքային սահմանը։ Հաշվի առնելով հիվանդության շատ ավելի ծանր  ընթացքը հասուն և տարեց բնակչության շրջանում, գործող պատվաստումները կիրառվում են 18+ տարիքային խմբում, որոշ պատվաստանյութեր՝ 16+։  


Որտե՞ղ պատվաստվել:


Անհատն ինքն է որոշում`որտեղ պատվաստվել․ տեղամասային բուժհաստատություն, շարժական ամբուլատորիա։  


Կարելի՞ է պատվաստման վայրն ընտրել ինքնություն:


Այո, կարելի է։ Ի դեպ, շարժական ամբուլատորիաներում պահպանված են բոլոր անհրաժեշտ սանիտարահիգիենիկ պայմանները։


Կարելի՞ է ընտրել պատվաստանյութը:


Այո, կարելի է:


Պե՞տք է հակամարմինների ստուգում` նախքան պատվաստումը:


Հակամարմինների տիտրը պատվաստումների համար էական նշանակություն չունի, ուստի ստուգելն իմաստ ունի միայն այն դեպքերում, եթե անհատը ներգրավված է գիտական հետազոտության մեջ։


Ինչպե՞ս պատրաստվել պատվաստման:


Առանձնահատուկ պատրաստվելու կարիք չկա: Մեկ-երկու օր հարկ է բացառել ալկոհոլը։


Ինչպե՞ս է անցնում պատվաստումը:


Երբ բուժառուն այցելում է տեղամաս, բժիշկը հավաքագրում է անամնեզը, իրականացնում մարմնի ջերմաստիճանի և արյան ճնշման չափում, և, եթե ցուցանիշները նորմայի  սահմաններում են, պատվաստում են։ Պատվաստանյութը ներարկում են դելտայաձև մկանի հատվածում (ուսի դրսային մակերեսի վերին երրորդական)։ Բուժառուն մոտավորապես 15 րոպե պետք է լինի բժիշկների հսկողության տակ և չլքի տարածքը։ Ալերգիկ դրսևորումները, սովորաբար, բավականին շուտ են դրսևորվում, և, անհրաժեշտության դեպքում, ցուցաբերվում է համապատասխան բուժօգնություն։     


Որքա՞ն կարելի է երկարաձգել պատվաստման 2-րդ փուլը:


Առավել արդյունավետ է 4-12 շաբաթվա ընթացքում, որոշ դեպքերում` 8-12 (Աստրա-Զենեկայի պատվաստանութը), ավելի ուշ ժամկետներում արդյունավետությունը, ամենայն հավանականությամբ, նվազում է։


Կարո՞ղ է պատվաստումը թուլացնել իմունիտետը:


Հիմնականում՝ հակառակը: Պատվաստումն, ինքնին, մարտահրավեր է օրգանիզմի իմուն համակարգին, և ներմուծման դեպքում օրգանիզմը պետք է պայքարի դրա դեմ։ Եթե անհատն ունի  իմունադեֆիցիտ, օրինակ, ՄԻԱՎ վարակ, պատվաստումը կարող է առաջացնել անցանկալի ազդեցություններ։


Եթե հիվանդացել են կորոնավիրուսով և առկա են հակամարմիններ, պե՞տք է/կարելի՞ է պատվաստվել:


Այո, կարելի է, և, ինչպես փաստում են մի շարք հետազոտություններ, պետք է՝ կրկին հիվանդանալու հավանականությունը նվազեցնելու համար:


Եթե առկա են հակամարմիններ, ինչո՞ւ պատվաստվել:


Ինչպես նշեցի, հակամարմինների տիտրը ստույգ չի արտացոլում իմունիտետի կարգավիճակը, իսկ պատվաստումը կարող է մեծացնել այդ հակամամինների արդյունավետությունը` լրացուցիչ խթանելով դրանց քանակը և որակը։


Վիրուսը մուտացվում է. պատվաստանյութն աշխատո՞ւմ է բոլոր տարբերակներում:


Պատվաստանյութն աշխատում է բոլոր դեպքերում: Կարող է տարբերվել, սակայն, պատվաստանյութի արդյունավետությունը:

 

Որոշ շտամների հանդեպ արդյունավետությունը կարող է լինել ավելի ցածր, քան ներկայում առավել տարածված շտամների հանդեպ:


Ի՞նչ հակացուցումներ կան:


Բացարձակ հակացուցում է տվյալ պատվաստանյութի հանդեպ լուրջ ալերգիկ ռեակցիան։ Պետք է չափազանց զգուշավոր լինել նաև ալերգիկ հիվանդություններից տառապող մարդկանց շրջանում: Այս դեպքում խորհուրդ չի տրվում պատվաստումն իրականացնել շարժական ամբուլատորիաներում։  Հարաբերական հակացուցումներն են` սուր հիվանդությունները և քրոնիկ հիվանդությունների սրացումները: Այս դեպքում պատվաստումը պետք է հետաձգել՝ մինչև լավացումը կամ վիճակի կայունացումը:


Ուռուցքային հիվանդներին կարելի՞ է:


Ընդհանուր առմամբ՝ այո: Սակայն այստեղ նույնպես պետք է զգուշավոր լինել, ռիսկերը պետք է գնահատի բուժող բժիշկը։


Անամնեզում ալերգիա ունեցողներին կարելի՞ է պատվաստվել:


Անամնեզում ալերգիայի առկայությունը դեռ չի նշանակում, որ տվյալ անհատը պարտադիր կունենա ալերգիկ դրսևորումներ այս կամ այն պատվաստանյութի հանդեպ։ Պետք է գնահատել ռիսկերը, որոշում կայացնում է ալերգոլոգը:


Հնարավո՞ր է ալերգիկ ռեակցիա կորոնավիրուսի պատվաստանյութից:


Այո, հնարավոր է։


Հղիներին և կերակրող մայրերին կարելի՞ է պատվաստվել:


Հղիները քովիդն ավելի ծանր են տանում, քան նույն տարիքի ոչ հղի կանայք, ուստի պատվաստումը հիմնավորված է: Որոշ դեպքերում անհատական մոտեցում է պահանջում։ Ռիսկերը գնահատում է մանկաբարձ-գինեկոլոգը։

Կարելի՞ է պատվաստման 2-րդ փուլը կատարել այլ վայրում, եթե եղել է տեղափոխման անհրաժեշտություն:


Այո, կարելի է։


ԿՈՎԻԴ-ի դեմ պատվաստվելուց հետո. ինչո՞ւ են հիվանդանում պատվաստվածները:


Այստեղ որևէ հակասություն հարկ է չփնտրել։ Պատվաստանյութի արդյունավետությունը 80-90 տոկոս է, այլ ոչ` 100։ Շատ բան կախված է նաև իմունիտետի տևականությունից. կան անհատական տարբերություններ:


Ավելի լավ է հիվանդանա՞լ, թե՞ պատվաստվել:


Ակնհայտ է՝ երկրորդը: Չկա երաշխիք, որ հիվանդությունը կունենա թեթև ընթացք։ Ցավոք, փորձը ցույց է տալիս, որ առողջ երիտասարդների մոտ նույնպես հիվանդությունը կարող է ծանր ընթացք ունենալ։


Եթե պատվաստման 1-ին փուլից հետո հիվանդացել է, ի՞նչ անել:


Նման դեպքերում պետք է հետաձգել երկրորդ դեղաչափի ներմուծումը` մինչև լիարժեք առողջացումը:


1-ին պատվաստումից անմիջապես հետո մարդը պաշտպանվա՞ծ է:


Եթե ստացել է միայն մեկ դեղաչափ, ապա խոսել պաշտպանվածության մասին` սխալ է։


Ի՞նչ անել, եթե պատվաստումից հետո բարձրացել է ջերմությունը:


Օգտագործել ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղեր և մեծ քանակով հեղուկ ընդունել, վարել պասիվ կենսակերպ։


Ինչպե՞ս է ազդում պատվաստված մարդն ընտանիքի անդամների վրա, կա՞ վարակման վտանգ:


Պատվաստումով պայմանավորված՝ զրոյական է։


Պե՞տք է ինքնամեկուսացում` պատվաստվելուց հետո:


Ոչ,  կարիք չկա։


Ի՞նչ կանոններ պահպանել պատվաստումից հետո:


Մեկ-երկու օր ներարկման տեղում խուսափել ջրային շփումներից։


Ե՞րբ է առաջանում իմունիտետ` պատվաստումից հետո:


Սկսում է զարգանալ նույն օրից, լիարժեք՝ 14 օրից։


Որքա՞ն երկար է մարդը պաշտպանված պատվաստումից հետո:


Այս հարցի պատասխանը կունենանք 1-2 տարի անց։ Հայտնի է, որ իմուն պաշտպանվածությունն այս վիրուսի հանդեպ ժամանակի ընթացքում նվազում է, բայց ավելի ստույգ ասել առայժմ հնարավոր չէ, գուցե կրկնապատվաստումների կարիք լինի:


Պատվաստումից որքա՞ն ժամանակ անց կարելի է հղիանալ:


Որևէ ապացուցողական տվյալ չկա վերարտադրողական առողջության վրա պատվաստման որևէ կողմնակի ազդեցության մասին:

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ