Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Վարակաբանություն

Հեպատիտի դեմ պայքարը` առողջապահության գերակա հիմնախնդիր

Հեպատիտի դեմ պայքարը` առողջապահության գերակա հիմնախնդիր

Առողջապահության համաշխարհային 63-րդ վեհաժողովը 2010 թվականին ընդունեց վիրուսային հեպատիտների մասին որոշումը, որը ՀՀ առողջապահության նախարարությունը համարում է որպես ուղղորդող փաստաթուղթ` հետագա աշխատանքներն իրականացնելու համատեքստում:

 

Վերջինիս վկայությունը հուլիսի 28-ը որպես հեպատիտների դեմ պայքարի միջազգային օր ամեն տարի նշելու փաստն է:

 

Բնագավառի մասնագետները, առողջապահության գործի կազմակերպիչները ՀՀ առողջապահության նախարարությունում այս տարի ևս մամլո ասուլիսի էին հրավիրել հանրապետության ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, ովքեր իրենց հրապարակումներում, հաղորդումներում ևս մեկ անգամ ազգաբնակչությանը պետք է իրազեկեն այս դարանակալ հիվանդության կանխարգելման, ժամանակին հետազոտման և բուժման անհրաժեշտության մասին:

 

Պատահական չէ, որ վիրուսային հեպատիտները, իրենց A, B, C, D, E և այլ տարատեսակներով մեր մոլորակի բազմաթիվ երկրների առողջապահության գերակա խնդիրներից են:

 

Անդրադառնալով լրագրողների հնչեցրած հարցին` ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ-հակահամաճարակային վարչության պետ Արտավազդ Վանյանը ցավով արձանագրեց, որ աշխարհում, համաձայն վիճակագրության, գրանցվում է հեպատիտ A-ի մոտ 1,4 մլն դեպք:

 

Քրոնիկական հեպատիտ B-ն, որը չափազանց վտանգավոր հիվանդություն է և կարող է հանգեցնել ծանր բարդությունների ու անգամ մահվան, Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատմամբ` վիրուսակրությամբ ներառել է բնակչության 2-7 տոկոսը: Հեպատիտ B-ով հիվանդների թիվը 10 անգամ գերազանցում է ՄԻԱՎ վարակակիրների թիվը, ինչը տարեկան մեկ միլիոն մարդու մահվան պատճառ է հանդիսանում, քանզի 240 մլն մարդ հիվանդանում է հեպատիտ B-ի քրոնիկական ձևերով, որից 600 հազարը մահանում է քրոնիկական տարատեսակ հետևանքներից:

 

Բանախոսը փաստեց, որ լյարդի քաղցկեղը 85%-ով պայմանավորված է հեպատիտ B-ով: Ընդհանրապես, քաղցկեղի առաջացման տեսանկյունից հեպատիտ B-ի վիրուսը գրավում է 2-րդ տեղը` ծխելուց հետո:

 

Անդրադառնալով հեպատիտ C-ին, պարոն Վանյանը նշեց, որ մեր մոլորակի բնակչության 150 միլիոնից ավելին վարակված են այս հիվանդությամբ, ավելին, յուրաքանչյուր տարի հայտնաբերվում է վարակի 3-4 մլն նոր դեպք` երեք անգամ գերազանցելով ՄԻԱՎ վարակակիրների թիվը:

 

Դժբախտությունն այն է, որ հեպատիտ C-ի 80%-ի դեպքում այն ընթանում է առանց կլինիկական ընդգծված արտահայտությունների, ինչի հետևանքների արդյունքում ամեն տարի 350 հազար մարդ կնքում է իր մահկանացուն:

 

Վերլուծելով վիրուսային հեպատիտների համաճարակային իրավիճակը, նա բերեց մեր հանրապետության վարչական վիճակագրության տվյալները` համաձայն որոնց, հեպատիտներով հիվանդացության ընդհանուր կառուցվածքում շուրջ 90 տոկոսը բաժին է ընկնում հեպատիտ A-ին, թեպետ, առավելապես վերջին տարիներին առկա է հիվանդացության նվազման միտում (հիվանդացության ցուցանիշը 100 հազար բնակչի հաշվով վերջին չորս տարիների 25,7-ից, անցյալ տարվա վիճակագրությամբ նվազել է` հասնելով 9,1-ի: ՀՀ-ում ներկայումս դիտվում է նաև վիրուսային հեպատիտ B-ի հիվանդացության նվազման միտում (100 հազար բնակչի հաշվարկով 2008-ի 3,4-ից 2011-ին նվազել է 2,2-ի):

 

Վերջին տասնամյակում հեպատիտ B-ի հիվանդացության նվազումն ակնառու է: Մինչև 1999թ. պատվաստումների ներդրումը նկատվում էր համաչափ նվազում և մեծահասակների, և  մինչև 14 տարեկան երեխաների շրջանում`  2,5 %, ապա պատվաստումների ներդրումից հետո արձանագրվում է հիվանդացության կտրուկ նվազում, հատկապես մանկական ազգաբնակչության շրջանում` 98 անգամ (ցուցանիշը 9,8-ից նվազել է 0,1-ի): Նշվածը ապացուցում է պատվաստումների անհրաժեշտությունը, կարևորությունը և դրանց արդյունավետությունը  վիրուսային հեպատիտ B-ի կանխարգելման գործում:

 

Ինչ վերաբերում է հեպատիտ C-ին, ապա, համաձայն վարչական վիճակագրական տվյալների, վերջինիս հիվանդացության աճ չի արձանագրվել: Սակայն այն շարունակում է մնալ առողջապահության գերակա հիմնախնդիրներից մեկը:

 

Հանրապետության գլխավոր ինֆեկցիոնիստ,«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Արա Ասոյանը, Հակահամաճարակային ինստիտուտի տնօրեն Գայանե Մելիք-Անդրեասյանը, Հիգիենիկ հակահամաճարակային տեսչության բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանն անդրադառնալով «Մեր հանրապետությունում հիվանդացության ի՞նչ մակարդակի վրա են գտնվում հեպատիտները», «Որո՞նք են վարակի աղբյուրները»,«Ինչպե՞ս է ընթանում հիվանդությունը», «Ինչպե՞ս այն հայտնաբերել և բուժել», «Արդյո՞ք, գոյություն ունեն պատվաստանյութեր», «Ովքե՞ր են առավելապես վտանգված հիվանդանալու հեպատիտ B, և, հատկապես C տարատեսակներով», «Բուժելի՞ է, արդյոք, քրոնիկական հեպատիտ C-ն» լրագրողների հնչեցրած հարցերին, մասնավորապես նշեցին, որ վարակը կարող է անցնել անմիջականորեն վարակված արյան կամ արյան բաղադրամասերի փոխներարկմամբ, հիվանդի արյան հետ միջնորդավորված շփման ժամանակ, սեռական ճանապարհով, դաջվածքներ իրականացնելիս, վարակված մորից երեխային` 5% և 95% ծննդաբերության ընթացքում (հեպատիտ B-ի հարուցիչը 100 անգամ ավելի վարակիչ է, քան ՄԻԱՎ-ինը), հատկապես, հեպատիտ C-ն կարող է փոխանցվել չախտահանված ասեղների, ներարկիչների կամ բժշկական գործիքների միջոցով: Հիվանդությունն ախտորոշվում է արյան հատուկ հետազոտության միջոցով:

 

Բոլոր բանախոսներն էլ միանշանակ հաստատեցին, որ հեպատիտներով հնարավոր չէ վարակվել օդակաթիլային ճանապարհով, ինչպես նաև սննդամթերքի և կենցաղային շփման միջոցով:

 

Ինչ վերաբերում է բուժմանը, նրանք կարևորեցին հիվանդության ժամանակին հայտնաբերումը, քանի որ, հատկապես, հեպատիտ C-ի դեպքում, վարակվածների 80-85%-ի շրջանում հիվանդությունն ստանում է թաքնված ընթացք (հիվանդը տարիներ շարունակ մնում է անտեղյակ իր վարակի վերաբերյալ և հայտնաբերում այն պատահական հետազոտության ժամանակ, կամ, երբ հյուսվածքներում, անդարձելի փոփոխությունների արդյունքում, առաջ են գալիս լյարդի գործունեության խանգարման նշաններ):

 

Հեպատիտների բարդ տարատեսակների բուժումը երկարատև է և հիվանդից համբերություն ու կամք է պահանջում, ինչը պետք է իրականացվի մասնագետ բժշկի հսկողության ներքո: Պարոն Ասոյանն իր հերթին տեղեկացրեց, որպես բնագավառի մասնագետ, ինքն ամեն ինչ անում է, որ ԱՆ բյուջեում ֆինանսական մասնահանումներ արվեն հեպատիտների առանձին տարատեսակները պետպատվերի շրջանակներում բուժելու առնչությամբ:

 

Արձանագրվեց, որ A և B հեպատիտների համար առկա են ու մեր հանրապետությունն էլ ապահովված է պատվաստանյութերով, իսկ հեպատիտ C-ի պատվաստանյութի ստեղծմանն ուղղված աշխատանքներն աշխարհում դեռևս ընթացքի մեջ են:

 

Մի կարևոր հանգամանք ևս. դոնորական արյունը 100 տոկոսով հետազոտվում և վերահսկվում է վարակներից զերծ մնալու համար: Չմոռանանք, որ հեպատիտների կանխարգելումն ու բուժումը զգալի ներդրումներ են պահանջում և, այնուամենայնիվ, Առողջապահության նախարարությունը, համապատասխան միջոցառումներ է ձեռնարկում պատվաստանյութերի ձեռքբերման և ապահովման, հիվանդության դեմ պայքարն ու կանխարգելումն առավել նպատակասլաց ու համակարգված իրականացնելու ուղղությամբ:

 

Այս ամենին մեծապես կօգնի ազգաբնակչության իրազեկվածությունը, ինչի հարցում չափազանց մեծ է լրատվամիջոցների դերը և, իհարկե, համագործակցությունը հեպատիտների դեմ պայքարող բոլոր կառույցների հետ:

Հեղինակ. Սանդրո Ջուլհակյան
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 12.2012
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. xn--b1afkidmfaflnm6k.xn--p1ai
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ