Ավանդական բժշկություն Կորնգան ցանքային - Эспарцет песчаный (Эспарцет посевной) - Onobrychis arenaria (Kit) L.
Կորնգան ցանքային - Эспарцет песчаный (Эспарцет посевной) - Onobrychis arenaria L.
Կորնգանը (Onobrychis Adans) բակլազգիների ընտանիքի բազմամյա, հազվադեպ՝ միամյա, խոտաբույս է կամ` թուփ: Լատիներեն գիտական անվանումը ծագում է հունարեն «onos»` ավանակ եւ «brich»` կրծոտել բառերից: Ռուսերեն անվանումն է «эспарцет», որը ֆրանսերեն բառ է՝ «սերմերը ցրող»: Կորնգանների ցեղն ընդգրկում է մոտ 130 վայրի ենթատեսակներ, որոնց դասակարգմամբ զբաղվել է նաեւ մեր հայրենակից Ա.Ա. Մաթեւոսյանը:
Մշակության մեջ կա 3 տեսակ. կորնգան ավազային՝ O.arenaria, որն առաջին անգամ սկսել են մշակել 19-րդ դարում` Ուկրաինայում: Կորնգան սովորական, նույնն է` ցանովի կամ միահար (O. viciaefolia), որը 16-րդ դարից մշակվում է Եվրոպայում: Կորնգան այսրկովկասյան, կամ երկհար, որը մշակվում է 11-րդ դարից: Ենթադրվում է, որ այս տեսակը ստացվել է Այսրկովկասում աճող երկու վայրի տեսակների` O.Transcaucasica ու O. Altisima (ամենաբարձր), խաչաձեւման եղանակով: Կա կարծիք, որ կորնգան ավազայինն առաջին անգամ սկսել են մշակել 14-րդ դարում` Ֆրանսիայում, սակայն, ըստ որոշ տվյալների, բույսը 10-րդ դարից մշակվել է Այսրկովկասում:
Ներկայում առավել լայն տարածում ունի կորնգան ավազայինը, որը մշակվում է Բայկալից մինչեւ Ատլանտյան օվկիանոս ու Միջերկրական ծովից մինչեւ Սկանդինավյան թերակղզի ընկած տարածքներում: Արտադրական ծավալներով առաջատար երկրներն են Իտալիան ու Կանադան: Կորնգանը մշակում են որպես սպիտակուցներով հարուստ անասնակեր ու մեղրատու բույս: Ի տարբերություն, օրինակ` առվույտի, կորնգանն ավելի դյուրամարս է ու չի առաջացնում գազեր: Խոտի բերքը հավաքում են ծաղկման փուլում, իսկ սերմինը՝ 70% հասունացման ժամանակ: Մշակվում է ՀՀ նախալեռնային ու լեռնային գոտիներում:
Կորնգանի բուսաբանական նկարագիրը
Առավել վաղահաս է կորնգան սովորականը, նույնն է՝ ցանովի, որի ուղղաձիգ ցողունի բարձրությունը հասնում է 90 սմ: Կորնգան այսրկովկասյանը ծաղկում է 6-7 օր ուշ, քան ցանովին, որի ցողունները հաճախ սնամեջ են` մինչեւ 150 սմ բարձրությամբ: Կանաչ զանգվածի բերքատվությամբ գերազանցում է կորնգան ավազայինին, աչքի է ընկնում բարձր երաշտադիմացկունությամբ: Կորնգան ավազայինը ծաղկում է 10-12 օր ուշ, քան` ցանովին, ցողունի բարձրությունը մինչեւ 125 սմ է: Կորնգանի բոլոր տեսակները ձմեռադիմացկուն, երաշտադիմացկուն, լուսասեր բույսեր են, որոնք դադարեցնում են ակտիվ աճը միայն ուշ աշնանը, երբ օրական միջին ջերմաստիճանը նվազում է մինչեւ 5°C: Առավել ցրտադիմացկուն են կորնգան ավազայինի տերեւները:
Կորնգանի բոլոր տեսակների արմատներն առանցքային են՝ 2-3 մ, իսկ առանձին դեպքերում մինչեւ 10 մ խորությամբ, որի շնորհիվ բույսն օգտագործում է բնահողի ստորին շերտերի խոնավությունն ու բուսաճական ընթացքը խթանող հանքանյութերը: Օգտակար նյութերը կուտակվում են արմատավզիկում եւ ընձյուղների ստորին մասում: Բույսի կյանքի առաջին տարում արմատավզիկը գտնվում է հողի մեջ՝ մակերեսից 3 սմ ցածր, որի շնորհիվ պաշտպանված է կլիմայական ու մեխանիկական անբարենպաստ ազդեցությունից:
Ըստ որոշ տվյալների, կորնգանի բուսաճական «ծրագիրն» այնպիսին է, որ արմատային համակարգը փխրեցնում է հողը, որպեսզի հեշտացնի օդի, ջրի եւ այլ անհրաժեշտ օգտակար նյութերի ներթափանցումը բնահողի խորքային շերտերը: Արմատային համակարգն առավել ակտիվ է զարգանում բույսի կյանքի առաջին ամսում: Ծիլերի դուրս գալուց 20 օր անց արմատի երկարությունը 3-4 անգամ ավելի է, քան բույսի բարձրությունը: Կորնգան ավազայինի ծիլերը ձեւավորվում են թփերին բնորոշ բուսաճական եղանակով: Բույսն ունի ծաղկակիր, վեգետատիվ կարճ ու վեգետատիվ երկար ցողուններ, որոնց վրա ձեւավորվում են ստորին տերեւավարդակն ու տերեւակիր ճյուղերը:
Տերեւները փետրաձեւ են, կոթունավոր, բարդ՝ յուրաքանչյուրը բաղկացած է 15-25 նույն կոթունից աճող հանդիպակաց տերեւիկներից: Յուրաքանչյուր տերեւի ծոցում կան «քնած» բողբոջներ ու, եթե ճյուղիկը կոտրվում է, ապա մյուսների բողբոջի վերին անկյուններից հաճախ աճում են նոր, ակտիվ զարգացող 1 կամ մի քանի ճյուղեր: Սակայն նման զարգացում կարող է տեղի ունենալ նաեւ չվնասված ցողունի տերեւածոցերից: Կորնգանը սկսում է ծաղկել առաջին ծիլերի դուրս գալուց 60-65 օր անց, իսկ սերմերը հասունանում են 110-120 օր հետո:
Ծաղիկները ծիրանագույն կամ կարմրավարդագույն են, ունեն թիթեռնածաղկավորների ենթաընտանիքին (Papilionaceae) բնորոշ կառուցվածք: Ծաղկաբույլը կոնաձեւ է, բաղկացած 60-70 ծաղիկներից, որի երկարությունը մինչեւ 20 սմ է: Մեկ բույսի վրա ձեւավորվում է մոտավորապես 30 ծաղկաբույլ՝ 1-3 հատ յուրաքանչյուր ծաղկակիր ցողունի վրա (տե՛ս В. Е. Сафронов., Эспарцет песчаный-ценная кормовая культура. Новосибирск, 1986): Սկզբում ծաղկում են ստորին ծաղկաբույլերն, ու դա տեղի է ունենում խիստ «ծրագրավորված»՝ յուրաքանչյուր օր բացվում են 1-2 հորիզոնական շարքերում գտնվող ծաղիկները: Դա տեղի է ունենում ամբողջ օրվա ընթացքում՝ ժամը 7:00- 8:00: Բացված ծաղիկն ապրում է 10-12 ժամ: Կորնգան ավազայինը սկսում է ծաղկել կյանքի 2-րդ տարում, ամռան սկզբում, պտղատու ծառերի ծաղկման շրջանից հետո:
Ծաղիկն ունի անզուգական թմրեցնող բուրմունք: Խաչաձեւ փոշոտվող բույսեր են, մեղուները 15-20 օր կարող են հավաքել ծաղկափոշին ու ծաղկահյութը: Ծաղկապսակի երկարությունը մոտավորապես 12 մմ է, այն վառ վարդագույն է: Ծաղկի մեջ կան 10 առէջքներ, որոնցից 9-ը խողովակաձեւ սերտաճած են, իսկ 1-ն ազատ է: Նեկտարաբեր օղակաձեւ գեղձը գտնվում է ծաղիկի հատակում՝ սերմնարանի շուրջը: Պտուղը պոճոկավոր է, շագանակագույն երանգի, կլորավուն, հաճախ` փշոտ, չի ճաքում, հասունանալուց հետո հեշտությամբ անջատվում ու տարածվում է («эспарцет»): Պտուղները շատ մանր են՝ 100 հատ պտղի քաշը 2-3 գ է, յուրաքանչյուրը պարունակում է 1-ական հարթ, լոբու նման, գորշ, դեղնականաչավուն սերմ: Կորնգանի բոլոր տեսակները կարող են մշակվել նույնիսկ քարքարոտ ու ցանկացած այլ տեսակի հողերում: Բույսը սիդերատ է՝ պարարտացնում է այն հողը, որտեղ աճում է:
Կորնգանի մեղրի բուժիչ հատկությունները
Կորնգանի մեղրը հարգի է ու մեծ պահանջարկ ունի ԱՄՆ-ում, Գերմանիայում, եվրոպական այլ երկրներում, վերջին տարիներին նաեւ` Չինաստանում: Հայ գիտնականների վերջերս կատարված հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հողահանդակային մեղրատու բույսերի 1 հա մոտավոր մեղրաբերքի քանակական տվյալները ՀՀ կլիմայական պայմաններում առավել բարձր են կորնգանի՝ 680, եղեսպակի` 650, առվույտի` 400, իշառվույտի` 250, երեքնուկ վարդագույնի` 150, սպիտակ երեքնուկի` 100 կգ (տե'ս, «Մեղուների կերակրաբազան եւ բույսերի փոշոտումը»): Կորնգանի մեղրը դասվում է ամենաորակյալների շարքին, ունի թույլ արտահայտված վարդի բուրմունք:
Նախնական շրջանում կորնգանի մեղրի տեսակարար կշիռը ցածր է, գույնը բաց կանաչավուն, թափանցիկ: Բյուրեղացման ընթացքը շատ դանդաղ է, բյուրեղանալուց հետո մեղրը ստանում է ճերմակ, կաթնագույն երանգ: Կորնգանի բնական մեղրն ունի յուրահատուկ բարերար ազդեցություն մարդու օրգանիզմի վրա: Այն հարուստ է վիտամիններով, միկրո- ու մակրոտարրերով, պարունակում է բազմաթիվ խմորիչներ, կենսաբանորեն ակտիվ նյութեր: Բարձր ֆերմենտատիվ ակտիվության շնորհիվ, որի հետեւանքով ակտիվանում են մարդու օրգանիզմի փոխանակման գործընթացները, կորնգանի մեղրը կիրառվում է մի շարք հիվանդությունների կանխարգելման ու բուժման ժամանակ:
Մեղրը հանգստացնում է նյարդային համակարգը, ամրացնում է արյունատար մազանոթները, ունի քրտնամուղ ու միզամուղ հատկություն, կիրառվում է գինեկոլոգիական հիվանդությունների բուժման համար: Կորնգանի մեղրն ունի եւս մեկ բացառիկ հատկություն. նպաստում է տղամարդկանց առնականության բարձրացմանը, որի շնորհիվ օգտագործվում է սեռական ֆունկցիայի խանգարումների կանխարգելման համար ու համալիր բուժման մեջ: Ընդհանուր առմամբ, կորնգանի մեղրը հրաշալի ամրացնում է մարդու օրգանիզմը: Մոտ 20 տարի առաջ Կանադայի ծերանոցների սննդակարգում ընդգրկվել է կորնգանի մեղրի ու դարչինի խառնուրդը:
Կորնգանի խոտը պարունակում է 9.6% ածխաջրեր, 4.4% սպիտակուցներ, 1.5% ճարպեր, 5.4% բջջանք, 4.6% ազոտային նյութեր, մի շարք խմորիչներ: Կորնգանի 100 գ խոտը պարունակում է մինչեւ 800 մգ ասկորբինաթթու, 20 մգ կարոտին, 300 մգ ռուտին, նաեւ K, E վիտամիններ, փրփրանյութեր, դաբաղանյութեր: Մինչեւ 1.5% ֆլավոնային նյութեր՝ կեմպֆերոլ, կվերցետին, աստրագալին, անտոցիաններ, դելֆինիդին եւ այլն, ինչպես նաեւ` տանին, կումարին: Հայտնաբերվել են նաեւ թվով 8 անփոխարինելի (չի արտադրվում մարդու օրգանիզմում) ամինաթթուներից 7-ը՝ լիզին, ֆենիլալանին, իզոլեյցին, լեյցին, վալին, մետիոնին ու տրեոնին: Բույսը պարունակում է զգալի քանակությամբ սիլիցիում, կալիում, կալցիում, ֆոսֆոր, մագնեզիում: Բույսի տերեւը պարունակում է սկոպոլետին, որը կումարինի ածանցյալ է: Սկոպոլետինը կենսաբանորեն ակտիվ նյութ է, նվազեցնում է կախվածությունը հոգեմետ դեղերից, ալկոհոլից ու ծխախոտից: Սերմը պարունակում է 6-16% ճարպայուղ ու ածխաջրեր: Ծանր մետաղների առկայությունը չնչին է:
Կորնգանի բուժիչ հատկությունները
Բուժիչ նպատակներով օգտագործելու համար ցողունն ու տերեւը հավաքեք ծաղկման շրջանում, իսկ արմատն` աշնանը: Չորացրեք օդափոխվող տարածքում, 25-30°C ջերմաստիճանի պայմաններում: Ժամանակակից գիտությունն ապացուցել է, որ կորնգանը խթանում է արական հորմոնների՝ տեստոստերոնի ու անդրոգենի արտադրությունը, ունի բարերար ազդեցություն տղամարդկանց սեքսուալ ֆունկցիայի վրա, իջեցնում է խոլեսթերինի ու գլյուկոզայի պարունակությունն արյան մեջ, ավելացնում է հեմոգլոբինի պարունակությունը, ունի արյունարգել ազդեցություն: Ըստ Ս.Ա. Վարդանյանի «Հայ միջնադարյան բժիշկներն ուռուցքների ու դրանց բուժման մասին» գրքում կատարված վերլուծության, կորնգանը, հավանաբար, կիրառվել է քաղցկեղի որոշ տեսակների բուժման համար:
Դեղատոմսեր
Տղամարդկանց սեռական ակտիվությունը վերականգնող.  կորնգանի չոր, մանրացրած խոտի 1 ճ.գ. լցրեք 200 մլ եռջրի մեջ, 30 րոպե եփեք թույլ կրակի վրա, 8 ժամ թրմեք սենյակային պայմաններում, լաթով փաթաթված փակ տարայի մեջ: Խմեք 60-ական մլ, օրը 3 անգամ, քամեք խմելուց առաջ: 
Շաքարային դիաբետ, տարբեր բնույթի արյունահոսություններ. կորնգանի չորացրած խոտի ու արմատի խառնուրդի (1:1) 1 ճ.գ.-ը 6 ժամ թրմեք ջերմապահում (կամ լաթով փաթաթված փակ տարայում) 400 մլ եռջրում: Խմեք 100-ական մլ, օրը 4 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ:
Դաշտանի պարբերության խանգարում. կորնգանի վերգետնյա մասը (առանց ծաղկի) կտրեք, լավ լվացեք, չորացրեք քամիչի վրա, աղացեք ու զտեք հյութը (կամ օգտագործեք հյութաքամիչ): Խմեք 1-ական ճ.գ., օրը 3-4 անգամ, ուտելուց առաջ: Շարունակեք 1 ամիս, անհրաժեշտության դեպքում կրկնեք 1 ամիս անց:
Ձվարանի ֆունկցիայի խանգարում. կորնգանի 1-ական ճ.գ. խոտի ու արմատի խառնուրդը լցրեք 200 մլ եռջրի մեջ, 15 րոպե եփեք, քամեք: Խմեք քնելուց առաջ, շարունակեք 1 ամիս:
Երիտասարդացնող թուրմ. 1թ.գ. չոր, մանրացրած խոտը 30 րոպե թրմեք 500 մլ եռջրում, քամեք: Խմեք 100-ական մլ, օրը 3-5 անգամ, ուտելուց առաջ: Շարունակեք 10 օր, կրկնեք 7 օրից:
Նյարդային խանգարումներ, ինֆեկցիոն հիվանդություններ. 2 ճ.գ. թարմ խոտը 1 ժամ թրմեք 400 մլ եռջրում, քամեք: Խմեք 100-ական մլ, օրը 3 անգամ, ուտելուց առաջ:
Նյարդերը հանգստացնող. բազուկի 200 մլ հյութը 3 ժամ պահեք սառնարանում, ավելացրեք 1 ճ.գ. կորնգանի (կամ ակացիայի) մեղր: Խմեք օրվա ընթացքում՝ փոքր չափաբաժիններով:
Տարեց տղամարդկանց սեռական ակտիվությունը վերականգնող. փորձառու մեղվաբույծները կարծում են, որ գազարի հյութի ու կորնգանի մեղրի խառնուրդն (1:1) արթնացնում է նույնիսկ 80 տարեկան տղամարդու մոտ երիտասարդ պատանուն հատուկ սիրային կիրքը: Պետք է խմել 50-ական մլ, օրը 3 անգամ: Սակայն մեղվապահները խորհուրդ են տալիս միաժամանակ ուտել օրը 2 թ.գ. ծաղկափոշի:
Ուժերը վերականգնող. դարչինի ու կորնգանի մեղրի խառնուրդը (1:4) խորհուրդ է տրվում ուտել տարեց մարդկանց նախաճաշին՝ կարագի հետ:
Արյունահոսություններ ստամոքսից, աղիներից, արգանդից. խառնեք հավասար քանակի կորնգանի, սամիթի, մեղրախոտ (Pulmonaria) բժշկականի, եղինջ այրողի գագաթային մասի խոտերը, մասուրի պտուղ: 4 ճ.գ. չոր հումքը լցրեք 400 մլ եռջրի մեջ, ավելացրեք տուղտ բժշկականի 1 ճ.գ. չոր մանրացրած արմատ, 4 ժամ թրմեք, քամեք: Խմեք 50-100-ական մլ, օրը 4 անգամ, ուտելուց 30 րոպե ու 4-րդը՝ քնելուց առաջ: Կամ՝
-Խառնեք կորնգանի խոտ, արյունխմիկ բժշկականի (Sanguisorba), եղինջ այրողի ու մեղրախոտի արմատները, մասուրի պտուղ, ավազուտի անմեռուկի ծաղկաբույլեր (2:2:3:2:2:1): Պատրաստման ու օգտագործման եղանակը` ինչպես նախորդ բաղադրատոմսում:
ԶԳՈւՇԱՑՈւՄ: Կորնգանը հարուստ է կենսաբանորեն ակտիվ նյութերով, պահպանեք բաղադրատոմսերում նշված չափաբաժինները:
        
    
        
		
        
        
	ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- 
            
                                
                                Ժողովրդական դեղամիջոցներ            
         - 
            
                                
                                Հղիություն. 4-րդ ամիս            
         - 
            
                                
                                Հղիություն. 7-րդ ամիս            
         - 
            
                                
                                Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale            
         - 
            
                                
                                «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց            
         - 
            
                                
                                Հղիություն. 6-րդ ամիս            
         - 
            
                                
                                Հղիություն. 2-րդ ամիս            
         - 
            
                                
                                Ամուսնական առաջին գիշերը            
         - 4-7 ամսական երեխաների սնուցումը
 - 
            
                                
                                Ընկերության մասին            
         - 
            
                                
                                Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում            
         - 
            
                                
                                Ինչպես ազատվել անցանկալի մազերից            
         - 
            
                                
                                Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից            
         - 
            
                                
                                Դդում            
         - 
            
                                
                                Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ            
         - 
            
                                
                                Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ)            
         - 
            
                                
                                Սեռական գրգռում            
         - 
            
                                
                                Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը            
         - 
            
                                
                                Հղիություն. 1-ին ամիս            
         - 
            
                                
                                Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.            
         - 
            
                                
Չիչխանի օգտակար հատկությունները
 - 
            
                                
                                Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)            
         - 
            
                                
                                Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց            
         - 
            
                                
                                Դիմակներ` մազերի համար            
         - 
            
                                
                                Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել            
         - 
            
                                
                                Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը            
         - 
            
                                
                                Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին            
         - Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
 - 
            
                                
                                Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք)            
         - 
            
                                
                                Ընտրություն ըստ հորոսկոպի            
         - Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
 - 
            
                                
                                Հղիությունը և նախապատրաստվելը դրան            
         - 
            
                                
                                Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն            
         - 
            
                                
                                Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները            
         - 
            
                                
                                Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am            
         - 
            
                                
                                Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)            
         - 
            
                                
                                Էկզեմայի տեսակները և բուժումը            
         - 
            
                                
                                Իրիդիոսքրինինգ            
         - 
            
                                
                                ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները            
         - 
            
                                
                                Գամմա-դանակը նշտարի փոխարեն            
         







            
            
            
            
        







Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ_DC_3_med-practic.com_Tatevik_Sahahyan.jpg)
_DC_9_med-practic.com_Tatevik_Sahahyan.jpg)
_DC_14_med-practic.com_Tatevik_Sahahyan.jpg)














