Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մանկական հիվանդություններ

Ավտո-ճանապարհային պատահարների հետևանքով առաջացած գանգուղեղային վնասվածքներ առանձնահատկությունները երեխաների մոտ

Տրանսպորտային պատահարների հետևանքով առաջացած վնասվածքների աճը, ցավոք, չի շրջանցել մաև մանկահասակ բնակչությանը, և առավել հաճախ կրում է պոլիտրավմայի (բազմավնասվածքների) բնույթ:

 

Ըստ Առողջապահության Համաշխարհային կազ­մա­­կերպության տվյալների համակցված վնաս­վածքներով պայմանավորված մանկական մահա­ցու­թյունը զգալիորեն ետ է թողնում իր մրցակիցներին` գերա­զանցելով սիրտ-թոքային հիվանդություններից մահացությանը 10, ուռուցքային հիվանդություններից` 20 անգամ: Միևնույն ժամանակ, ծանր պոլի­տրավ­մաներից հետո վերապրող երեխաների ճնշող մեծամասնությունը դառնում են հաշմանդամներ, որը պայմանավորում է խնդրի ոչ միայն բժկական, այլև սոցիալական արդիականությունը:


Նյութը և հետազոտման մեթոդները


 Կատարվել է ԱՃՊ-ի հետևանքով ԳՈւՎ-երով Սուրբ Աստվածամայր ԲԿ-ում 2006-2007թթ. բուժված 118 տուժածների հիվանդության պատմագրերի վերլուծություն, որոնցից 81-ը տղա (68.6%), 37-ը աղջիկ (31.4%) երեխաներ: Տուժածներից 87-ը եղել են վրաերթի ենթարկվածներ (73.7%), 31-ը` ուղևորներ (26.3%): ԳՈւՎ-երի կլինիկական ձևերի մեջ գերակշռել է գլխուղեղի ցնցումը` 68 դեպք, այնուհետև գան­գու­ղեղի սալջարդը` 32 դեպք, գանգուղեղի ճնշումով եղել են 15 տուժած, դիֆուզ աքսոնալ վնասումով` 3 տուժած: Առանձնացված ԳՈւՎ դիտվել է 37 երեխայի մոտ, զուգակցված ԳՈւՎ` 81-ի մոտ: Տուժածներից 92 երեխայի մոտ (78%) ընդունվելիս ախտորոշվել է տրավմատիկ շոկ:


Հիվանդների մեծ մասը երթարկվել են համալիր հետազոտման ժամանակակից տեսապատկերման մեթոդների կիրառմամբ:


Արդյունքները և նրանց քննարկումը


Տղա երեխաները աղջիկների համեմատ տուժում են մոտ 3 անգամ ավելի հաճախակի: Ընդ որում, տրավ­մատիզմի հաճախականության սեռային տարբերությունները մինչև 3 տար. հասակը համեմա­տա­բար մեծ չէ: Նախադպրոցական և ցածր դպրոցա­կան հասակի երեխաների մոտ այդ տարբերությունը արտահայտվում է առավելագույն չափով և գրեթե նույն փոխհարաբերությամբ շարունակվում է ավագ դպրոցական տարիքային խմբում: Տարիքային խմբերի ուսումնասիրումից պարզվում է, որ վնաս­վածք­ների հաճախականությունը աճում է նախա­դպրո­ցական և ցածր դպրոցական տարիքում (միասին կազմում են 74.6%), երբ երեխաների գիտակցական կար­գա­պահությունը լիարժեք ձևավորված չէ, մյուս կողմից մանկապարտեզ, դպրոց հաճախելու հետ կապ­ված մեծանում է փողոցային վնասվածքների հաճա­խականությունը:


Ըստ սեզոնային հաճախականության նկատվում է դեպքերի ակնհայտ գերակշռում մայիս-հուլիս ամիսներին (52.8%), կապված ուսումնական տարվա ավարտի, օրերի տաքացման, երեխաների` դրսում երկարատև լինելու հանգամանքների հետ:


Պետք է նշել, որ ավտովթարների ժամանակ երեխաները մեծամասամբ ենթարկվել են վրաերթի, իսկ դեպքերի Զ-ում տուժել են մեքենաների մեջ` առանց ամրագոտիների և առջևի նստատեղում գտնվելու պարագայում:


ԱՃՊ-ից տուժածների մոտ առաջացած վնաս­վածք­ների վերլուծությունը ցույց է տալիս, որ վնաս­վածքների տեղադրությունը և կլինիկական-մորֆոլո­գի­ական առանձնահատկությունները որոշակիորեն պայ­մա­նավորված են ԱՃՊ-ի տեսակով և հանգա­մանք­ներով: Այսպես` տուժածների վրաերթի ենթարկ­վելու պարագայում առավել հաճախ առաջացել են զուգակցված ԳՈւՎ-եր, ընդ որում առավել հաճախ ստորին վերջույթների, կոնքի կոտրվածքների զու­գակցումը ԳՈւՎ-ի հետ:


ԱՃՊ-երի հետևանքով ուղևոր տուժածների մոտ վնասվածքները հիմնականում առաջացել են ավտո­մեքե­նային դիմային ապակուն, ցուցահարթակին (առջևի նստատեղում գտնվելու պարագայում), առա­ջին նստատեղի թիկնակներին ետևում նստողների պարագայում, ինչպես նաև մեքենայի կողային ամրամասերին հարվածելու հետևանքով: Այս դեպքում ԳՈւՎ-երը առավելապես եղել են առանձնացված բնույթի, կամ զուգակցվել են դիմային վնասվածքների հետ: Ծանր և զուգակցված ԳՈւՎ-եր առաջացել են, երբ տեղի է ունեցել ավտոմեքենայի շրջում և ուղևորների շպրտում մեքենայից դուրս:


Տրավմատիկ շոկի վիճակում ընդունվել է 92 (78%) հիվանդ: Տրավմատիկ շոկով բարդացել են գերա­զան­ցապես զուգակցված ԳՈւՎ-ը, հիմնականում վրաերթի հետևանքով տուժածների մոտ:


Ախտորոշման մեթոդների ընտրության և հաջորդա­կա­նության հարցում որոշիչ նշանակություն է ունեցել տու­ժածների ծանրության աստիճանը: Հետազոտման առաջին էտապում հիմնական խնդիր է եղել անհե­տա­ձգելի վիրաբուժական միջամտություն պահանջող վնաս­վածքի հայտնաբերումը (ներքին արյու­նա­հոսություն, հեմո-, պնևմոթորաքս, ներգանգային հե­մա­տոմաներ): Գանգուղեղի ճնշումը հանդիսանում է վիրա­բուժական միջամտություն պահանջող հիմնական ԳՈւՎ-ը: Զուգակցված ԳՈւՎ-ի պարա­գա­յում գանգուղեղի ճնշումը ընթացել է առավել սուր և քողարկված:


Ծանր և անգիտակից վիճակում գտնվող հիվանդ­ների մոտ ԳՈւՎ-երի հետազոտությունը մեծամասամբ սկսվել է նյարդատեսապատկերման (համա­կարգ­չա­յին շերտագրում, ուլտրաձայնային քննություն) մեթոդ­նե­րից, որը թույլ է տվել հաշված րոպեների ընթացքում պարզել ԳՈւՎ-ի բնույթը և վիրահատական միջա­մտություն պահանջող փոփոխությունների առկա­յությունը:


Եզրակացություններ


  1. Երեխաների մոտ ԱՃՊ-երի հաճախականությունը առավել աճում է մայիս-հուլիս ամիսներին, առավել հաճախ տուժում են ցածր և միջին դպրոցական տարիքի տղա երեխաները (74.6%)
  2. ԱՃՊ-երից տուժածների մոտ առաջացած վնաս­վածք­ների տեղադրությունը և կլինիկական-մորֆո­լո­գիական առանձնահատկությունները որոշա­կիորեն պայմանավորված են ԱՃՊ-ի տեսակով և հանգամանքներով (վրաերթի ենթարկված, ուղևոր): Գերակշռող մասի (68.6%) մոտ առաջանում են համակցված և բազմավնասվածքներ:
  3. Հետազոտման ժամանակակից տեսապատկերող մեթոդների (ՈւՁՀ, ԿՏ, ՄՌՏ) կիրառումը թույլ է տալիս բազմավնասվածքների բաղադրիչների լիար­ժեք և արագ ախտորոշում, օպտիմալ բու­ժա­կան տակտիկայի ընտրում:

 

Հեղինակ. Ն.Հ. Դալլաքյան, Սուրբ Աստվածամայր Բժշկական Կենտրոն
Սկզբնաղբյուր. Գիտա - գործնական Բժշկական Հանդես <<Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի>> - 3. 2008 (35) 50-51
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ