Ինտենսիվ թերապիա
Համակարգային բորբոքային ռեակցիայի համախտանիշի չափանիշների կանխատեսումային արժեքը վնասվածքների ժամանակ
Համակարգային բորբոքային ռեակցիայի համախտանիշն (ՀԲՌՀ) ու սեպսիսը կայուն բարձր մահաբերության (40–70%) [3,5-7,9,12,14,16] և հիվանդների թվի հարաճուն ավելացման պատճառով դասվում են ժամանակակից բժշկության ամենաարդիական խնդիրների շարքում [1,2]: Գոյություն ունեցող գերժամանակակից կլինիկալաբորատոր մեթոդների և միջոցների առկայության պարագայում ՀԲՌՀ-ի ախտորոշման հարցը, այնուհանդերձ, ներկայացնում է լուրջ դժվարություններ: Միայն կլինիկական ախտանիշները բավարար չեն ՀԲՌՀ ախտորոշումը հաստատելու համար, քանի որ սեպսիսին և ինֆեկցիոն պրոցեսներին բնորոշ կլինիկական պատկերը կարող է դիտվելնաև մի շարք այլ դեպքերում, օրինակ՝ պանկրեատիտի [13], ծանր վնասվածքների [8], այրվածքների [11], դեղորայքային ռեակցիաների [4], ծավալուն վիրաբուժական միջամտությունների և անգամ նաև՝ ծանր սրտային անբավարարության [4,15] ժամանակ:
Բացի այդ, համակարգային բորբոքային ռեակցիայի դասական կլինիկական ախտանիշներն ու լաբորատոր ցուցանիշները, մասնավորապես՝ տենդը, հաճախասրտությունը, հաճախաշնչությունը և լեյկոցիտոզը, կարող են ունենալ նաև ոչ ինֆեկցիոն ծագում [2]: Մանրէաբանական հետազոտության տվյալներն այս պարագայում բացարձակ չեն և կարող են լինել կեղծ դրական՝ կենսանյութի կոնտամինացիայի պատճառով: Մյուս կողմից՝ բացասական արդյունքներն ամենևին էլ չեն բացառում ինֆեկցիայի առկայությունը:
Բորբոքման ինֆեկցիոն և ոչինֆեկցիոն պատճառները տարբերակելու համար անհրաժեշտ է դիտարկել այնպիսի ցուցանիշներ, որոնք կունենան բավար աստիճանի զգայնություն և յուրահատկություն: Ավելին՝ պետք է հնարավոր լինի դրանք հայտնաբերել ոչ միայն սեպսիսի զարգացման սկզբում, այլև՝նախքան նրա դրսևորումը, և ունենան նաև կանխատեսումային նշանակություն [10]:
Սույն աշխատանքի նպատակն էր վնասվածքներով հիվանդների մոտ ուսումնասիրել և վեր հանել ՀԲՌՀ-ի վաղաժամ հայտնաբերման չափանիշները՝ հնարավոր բարդությունները ժամանակին բացահայտելու և կանխելու անհրաժեշտությունից ելնելով:
Նյութը և մեթոդները
Ուսումնասիրվել է պոլիտրավմայով և զուգակցված վնասվածքներով 52 հիվանդ, որոնք հոսպիտալացվել են Մ. Հերացու անվ. ԵՊԲՀ-ի անեսթեզիոլոգիայի, ինտենսիվ թերապիայի և ռեանիմատոլոգիայի ամբիոնի կլինիկական բազա հանդիսացող Էրեբունի բժշկական կենտրոնի ինտենսիվ թերապիայի բաժանմունք (ԻԹԲ) 2007–2008թթ. ժամանակաշրջանում:
Ընդունման պահին վերոհիշյալ հիվանդներից 47-ի մոտ առկա է եղել ՀԲՌՀ-ի 2 և ավելի կլինիկական չափանիշ՝ ըստ R. Bone-ի (1992).
- ջերմաստիճանը > 380C կամ < 360C,
- սրտի կծկումների հաճախությունը (ՍԿՀ) > 90 զարկ/րոպ.,
- շնչառության հաճախությունը (ՇՀ)> 20/րոպ. կամ PaCO2 < 32 մմ ս.ս.,
- լեյկոցիտները > 12000, < 4000 կամ տհաս ձևերի քանակը > 10%:
ԻԹԲ-ում գտնվելու ընթացքում հիվանդներից 26.9 %-ի (n=14) մոտ դիտվել է ՀԲՌՀ-ի երկու ախտանիշ, 42.3 %-ի (n=22) մոտ՝ երեք և 21.2 %-ի (n=11) մոտ չորս ախտանիշ:
Հիվանդների 32.7%-ը (n = 17) եղել են կանայք, 67.3%-ը (n=35)՝ տղամարդիկ, նրանց միջին տարիքը կազմել է 40.8(17.7 (18–85) տարեկան, ԻԹԲ-ում գտնվելու տևողությունը՝ 3–83 (20.4(17.8) oր: Ծանրության աստիճանն ըստ APACH II-ի կազմել է 17(6.1 (6-25) միավոր, ըստ ISS-ի՝ 34.6(11 (16-75) միավոր, ըստ SOFA-ի՝ 5.4(1.9 (2-10) միավոր:
Հետազոտվող բոլոր հիվանդներն, ըստ իմունաբանական վիճակի քննության, բաժանվել են երկու խմբի: Առաջին խմբում (n=20) ընդգրկվել են այն հիվանդները, որոնց մոտ հետազոտվել է իմունաբանական վիճակը և հետագա ինտենսիվ թերապիան կատարվել է ըստ այդմ, երկրորդ խմբի (n=32) մոտ իմունաբանական վիճակը չի հետազոտվել և բուժումը չի ընդգրկել իմունախթանիչ միջոցներ:
Թիվ 1 աղյուսակում տրված է վերոհիշյալ խմբերի բնութագրումն՝ ըստ նրանց ծանրության աստիճանի, ՀԲՌՀ-ի ախտանիշների առկայության և կլինիկական նշանների: Առաջին խմբում n=1 հիվանդի մոտ առկա է եղել ՀԲՌՀ-ի 1 ախտանիշ, երկրորդ խմբում 4 հիվանդիմոտ՝ ՀԲՌՀ( 1):
Ծանր վնասվածքներով հիվանդների մոտ ՀԲՌՀ-ի ցուցանիշների արժեքները մեր հետազոտության տվյալներով ներկայացված են թիվ 2 աղյուսակում:
Աղյուսակ 1. Հետազոտվող խմբերի բնութագիրն՝ ըստ նրանց ծանրության աստիճանի, ՀԲՌՀ-ի ախտանիշների առկայության և կլինիկական նշանների

Աղյուսակ 2. ՀԲՌՀ-ի չափանիշների առկայությունը հետազոտվող հիվանդների մոտ

Հետազոտվող հիվանդներից 46-ը եղել են արհեստական շնչառությամբ՝ IPPV, SIMV, BPAP ռեժիմներով, մյուսների մոտ շնչառության հաճախությունը կազմել է ( 20/րոպ. (միջինը՝ 20.8 (1.2/րոպեում):
Մարմնի ջերմաստիճանը եղել է 38.3(0.8oC (37.6-39.9 oC), ընդ որում՝ 36 հիվանդի մոտ այն համապատասխանել է ՀԲՌՀ-ի չափանիշին՝ կազմելով 38.6(0.5oC (n=35) և 34.8oC (n=1):
ՍԿՀ եղել է 110.8(25.9/րոպեում (45-177 /րոպեում), որից n=44 դեպքում համապատասխանել է ՀԲՌՀ-ի չափանիշին՝ կազմելով 118.7(18.5 / րոպ.:
Լեյկոցիտոզը եղել է 8.7(3.99(103 (4.4–22.2(103), որից n = 10 հիվանդի մոտ կազմել է > 15.1(3.8(103:
Bone-ի չափանիշներից այս քննությանը մեր կողմից չի ենթարկվել միայն շնչառության հաճախությունը, քանի որ հետազոտվող հիվանդների 88.5% (n=46) գտնվել է օժանդակ - ապարատային շնչառության տակ՝ մշտական ցավազրկման և սեդացիայի պայմաններում, որի պատճառով դժվար է գնահատել նրանց շնչառության հաճախության իրական արժեքը:
Ստացված հետազոտության արդյունքները գնահատելիս մեր կողմից կիրառվել է զգայնության և յուրահատկության հաշվարկի մեթոդը: Վիճակագրական մշակումների ժամանակ դիտարկվել են Պիրսոնի կորելյացիոն գործակիցը, միջին թվաբանականը (M) և միջինների սխալը (m): Տարբերությունների հավաստիությունը գնահատվել է Ստյուդենտի t-չափանիշով: Տարբերությունները հավաստի համարվել են p<0.05-ի դեպքում: Հաշվարկները կատարվել են վիճակագրական SPSS փաթեթով:
Հետազոտության արդյուքները և նրանց քննարկումը
Ակնհայտ է, որ ՀԲՌՀ-ի չափանիշները, ունենալով որոշակի ախտորոշիչ և կանխատեսումային արժեք, այնուհանդերձ, լավագույնը չեն՝ ելային օջախից հեռու տեղակայված օրգանային վնասման նախնական փուլերը հայտնաբերելու համար: Այդ իսկ պատճառով մեր կողմից ուսումնասիրվել է ՀԲՌՀ-ի առանձին չափանիշների զգայունությունն ու յուրահատկությունը՝ ծանր վնասվածքներով հիվանդների մոտ վնասվածք ստանալու առաջին օրերին ՀԲՌՀ-ի հավանական զարգացումը բացահայտելու տեսանկյունից: Միաժամանակ՝ ավելի հավաստի արդյունք ձեռք բերելու համար մեր կողմից զուգահեռ գնահատվել է նաև դիտարկվող չափանիշների օգտավետությունն այս հարցում, այսինքն՝ դիտարկվել է նաև ճշմարտամոտության հարաբերակցությունը: Տվյալները ներկայացված են թիվ 3 աղյուսակում:
Աղյուսակ 3. ՀԲՌՀ-ի առանձին ախտանիշների կանխատեսումային արժեքը

Թիվ 3 աղյուսակից հետևում է, որ հետազոտված ախտանիշներից ամենաբարձր զգայնությունն ունի ՍԿՀ-ը՝ 97.4% (լեյկոցիտները՝54.5%– 90.9%), այսինքն՝ հիվանդների 97.4% մոտ ՀԲՌՀ-ի կանխատեսման տեսանկյունից ՍԿՀ-ն տվել է դրական արդյունք: Ուստի՝կարելի է ենթադրել, որ ՀԲՌՀ-ի չափանիշներից ծանր վնասվածքներով հիվանդների մոտ վերոնշյալ համախտանիշի զարգացումը հայտնաբերելու հարցում առավել մեծ հավանականությամբ օժտված է ՍԿՀ-ն: Այս չափանիշի մեծ ախտորոշիչ արժեքի մասին է վկայումնաև ճշմարտամոտության հարաբերակցության ցուցանիշը (LR-), որը տվյալ դեպքում կազմել է 0.06:
Ամենաբարձր յուրահատկությունը գրանցվել է լեյկոցիտոզի համար՝ 90.2 % (to՝ 34.2%, ՍԿՀ՝ 42.9%): Հայտնի է, որ մեծ յուրահատկության պարագայում մեծանում է նաև այն բանի հավանականությունը, որ տվյալ հիվանդությունը չունեցող անձը չի ընդգրկվի այն մարդկանց շարքում, որոնց մոտ տվյալ ախտաբանական վիճակը կարող է հայտնաբերվել: Այստեղից հետևում է, որ 12000-ից պակաս լեյկոցիտոզի դեպքում մեծ հավանականությամբ ՀԲՌՀ չի զարգանա: Երբ գնահատվել է այս ցուցանիշի ճշմարտամոտության հարաբերակցությունը, պարզվել է, որ այն ամենաբարձրն է հետազոտվող ախտանիշների շրջանում (LR+ = 5.6, աղյուսակ թիվ 3): Իսկ որքան LR+ -ի արժեքը մեծ է, այնքան մեծ է նաև տվյալ թեստի դրական արդյունքի և հիվանդության միջև գոյություն ունեցող փոխկապակցվածությունը:
Б.Р. Гельфанд и др. [2] ՀԲՌՀ-ն ախտորոշելու տեսնակյունից նույնպես հետազոտել են մարմնի ջերմաստիճանի և լեյկոցիտների թվի կանխատեսումային նշանակությունը՝ ինֆեկցիոն պանկրեոնեկրոզով հիվանդների մոտ: Սակայն, ի տարբերություն մեր կողմից ստացված արդյունքների, նրանց տվյալներով մարմնի ջերմաստիճանի համար զգայունությունը կազմել 57.8%, յուրահատկությունը՝ 63.3% (վնասվածքների ժամանակ՝ Se - 90.9%, Sp - 34.2%), իսկ լեյկոցիտների թվի համար՝ համապատասխանաբար 44.5% և 75.1% (վնասվածքների ժամանակ՝ Se – 54.5%, Sp - 90.2%): Վերոհիշյալ հետազոտության ժամանակ ուսումնասիրվել է նաև պրոկալցիտոնինի ախտորոշիչ արժեքը և ցույց է տրվել, որ վերջինիս կանխատեսումային նշանակությունն ավելին է ինֆեկցիոն պանկրեոնեկրոզի ժամանակ, քան ՀԲՌՀ-ի դասական ախտանիշներինը (մարմնի ջերմաստիճան, լեյկոցիտոզ, լեյկոցիտային ինդեքս):
ՀԲՌՀ-ի առանձին ախտանիշների հիման վրա ծանր վնասվածքներով հիվանդների մոտ ՀԲՌՀ-ի առկայությունը կամ բացակայությունը որոշելու համար մենք դիտարկել ենք նաև դրական և բացասական պրեդիկտիվ գնահատումների արդյունքները:
ՀԲՌՀ-ի առկայության միջին հավանականությունը ծանր վնասվածքներով հիվանդների մոտ վիճակագրության քննության սկզբնական փուլում (a+c) կազմել է 11-ական հիվանդ կամ 21.2-ական %` ըստ լեյկոցիտոզի և մարմնի ջերմաստիճանի, 38 հիվանդ կամ 73.1%` ըստ ՍԿՀ-ի: Վիճակագրական վերջնական քննության արդյունքները ցույց են տալիս, որ այդ ցուցանիշները կրել են հետևյալ փոփոխությունները (աղյ. 4):
Աղյուսակ 4. Դրական կանխատեսումային ցուցանիշի մեկնաբանությունը

Դիտարկվող հիվանդների մոտ ՀԲՌՀ-ի առկայության հավանականությունն աճել է 38.8%-ով՝ լեյկոցիտոզի, 5.8%-ով՝ մարմնի ջերմաստիճանի և 9.1%-ով՝ ՍԿՀ-ի համար: Հետևաբար, կարելի է եզրակացնել, որ հիվանդների 60%-ի մոտ, որոնց լեյկոցիտոզը գերազանցում է 12.000-ին, մեծ հավանականությամբ կարող է զարգանալ ՀԲՌՀ:
Նախնական տվյալների համաձայն՝ ՀԲՌՀ-ի բացակայության հավանականությունը (b + d) կազմում էր 78.8-ական % (կամ 41-ականհիվանդ)՝ լեյկոցիտոզի և մարմնի ջերմաստիճանի համար, 26.9% (կամ 14 հիվանդ)՝ ՍԿՀ-ի համար: Մաթեմատիկական վերլուծության վերջնական տվյալները ներկայացված են թիվ 5 աղյուսակում:
Աղյուսակ 5. Բացասական կանխատեսումային ցուցանիշի մեկնաբանությունը

Թիվ 5 աղյուսակից երևում է, որ ՀԲՌՀ-ի բացակայության հավանականությունն աճել է 9.3%-ով (78.8%-ից մինչև 88.1%)՝ լեյկոցիտոզի համար, 14.5%-ով (78.8%-ից մինչև 93.3%)՝ մարմնի ջերմաստիճանի համար, 58.8%-ով (26.9%-ից մինչև 85.7%)՝ ՍԿՀ-ի համար: Այս տվյալներից կարելի է ենթադրել, որ ջերմաստիճանային ցուցանիշով (36oC< 38oC) կարելի է առաջնորդվել՝ ՀԲՌՀ չունեցող հիվանդներին համապատասխան խմբերից բացառելու համար:
Ստացված արդյունքների հավաստիությունը ևս մեկ անգամ ճշտելու և լեյկոցիտոզի՝ որպես վնասվածքներով հիվանդների մոտ ՀԲՌՀ-ի կանխատեսման լավագույն չափանիշի տեղեկատվական նշանակությունը հաստատելու նպատակով նրա օգտակարությունը ստուգվել է հիվանդների երկու համեմատական խմբերում (նկ. 1):

Նկ. 1. Լեյկոցիտոզի կանխատեսումային արժեքը` տարբեր ստանդարտների դեպքում
Առաջին խմբում (n=8) ընդգրկվել են այն հիվանդները, որոնց մոտ որոշվել է պրոկալցիտոնինի (PCT) քանակությունը և վերջինս ընդունվել է որպես ստանդարտ՝ այս հիվանդների համար ՀԲՌՀ-ի զարգացման տեսանկյունից լեյկոցիտոզի տեղեկատվական նշանակությունը բացահայտելու համար: Արդյունքները համեմատվել են երկրորդ խմբի (n=44) հիվանդների ցուցանիշների հետ, որոնց մոտ իմունաբանական քննություն ընդհանրապես չի անցկացվել և որպես ստանդարտ ընդունվել է ՀԲՀՌ-ի 4 ախտանիշների առկայությունը: Ստացված արդյունքները (նկ. 1, աղյ. 5) մեկ անգամ ևս հաստատում են այս թեստի միջոցով ստացված մեր մյուս տվյալների հավաստիությունը:
Աղյուսակ 5. Լեյկոցիտոզի կանխատեսումային արժեքը՝ տարբեր ստանդարտների դեպքում

Այսպիսով, ծանր վնասվածքներով հիվանդների մոտ ՀԲՌՀ-ի չափանիշներից այս համախտանիշի զարգացումը հայտնաբերելու հարցում առավել մեծ հավանականությամբ օժտված է ՍԿՀ-ը: Վերջինիս մեծ ախտորոշիչ արժեքի մասին է վկայում ինչպես նրա բարձր զգայնությունը (Se), այնպես էլ՝ ճշմարտամոտության հարաբերության ցուցանիշը (LR-): ՀԲՀՌ-ի առկայության հավանականությունն այս հիվանդների մոտ կարելի է բացառել՝ ելնելով ջերմաստիճանային ցուցանիշից:
ՀԲՌՀ-ի չափանիշներից առավել մեծ զգայնությամբ և յուրահատկությամբ օժտված է լեյկոցիտոզը, ուստի՝ նրա 12.000-ից բարձր արժեքների դեպքում կարելի է վստահ լինել, որ մեծ հավանականությամբ կարող է զարգանալ ՀԲՌՀ, իսկ 12000-ից պակասի դեպքում մեծ հավանականությամբ այն չի զարգանա: Բացի այդ, ճշմարտամոտության հարաբերակցությունից ելնելով կարելի է հավաստել, որ ի տարբերություն ՀԲՌՀ-ի մյուս ախտանիշների՝ լեյկոցիտոզի առկայությունը 5 անգամ մեծացնում է դիտարկվող համախտանիշի զարգացման հավանականությունը ծանր վնասվածքներով հիվանդների մոտ:
Այս հետազոտության ընթացքում որոշվել է նաև ՀԲՌՀ-ի ախտանիշների զգայնությունն ու յուրահատկությունը՝ որպես ստանդարտ ընդունելով ՀԲՌՀ-ի ավելի քան 3 ցուցանիշի առկայությունը և միաժամանակ հաշվի առնելով իմունաբանական բուժման ազդեցությունը՝ստացված տվյալների հավաստիության վրա (աղյ. 6):
Թիվ 6 աղյուսակից երևում է, որ ամենաբարձր զգայնությունը գրանցվել է մարմնի ջերմաստիճանի համար՝ երկրորդ խմբում (100 %), այսինքն՝ հիվանդների 100% մոտ ՀԲՌՀ-ի կանխատեսման տեսանկյունից վերոնշյալ չափանիշը տվել է դրական արդյունք:
Աղյուսակ 6. ՀԲՀՌ-ի ախտանիշների կանխատեսումային արժեքն առանձին խմբերում

Ամենաբարձր յուրահատկությունը գրանցվել է դարձյալ լեյկոցիտոզի համար՝ 93.3%: Այստեղից հետևում է, որ ծանր վնասվածքներով հիվանդների բուժման գործընթացը գնահատելիս առավել տեղեկատվական է մարմնի ջերմաստիճանի և լեյկոցիտոզի դինամիկան:
Իմունաբանական տվյալների շարքում պրոկալցիտոնինի մակարդակը որոշվել է ընդամենը 8 հիվանդի մոտ: Այդ տվյալները՝ կախված ՀԲՌՀ-ի ախտանիշների թվից, ներկայացված են թիվ 7 աղյուսակում: Հետազոտության նյութի սակավաթվության պատճառով մեր կողմից ստացված զգայնության և յուրահատկության ցուցանիշները (Se=42.9%, Sp=100%, PV+=100%, PV-=20%) չեն կարող լինել խիստ հավաստի, որի պատճառով դրանք չեն ենթարկվում մեկնաբանության:
Աղյուսակ 7. ՀԲՌՀ-ի ախտանիշների թիվը` պրոկալցիտոնի արժեքից կախված


Նկ. 2. Պրոկալցիտոնի և APACH II-ի արժեքը
Չնայած վիճակագրության քննության հավաստիությունը պահանջող հետազոտության նյութի թվականակի անբավարարությանը, ակնհայտ է նկ. 2), որ պրոկալցիտոնինը, լինելով ՀԲՌՀ-ի ախտորոշման լավագույն մարկերներից մեկն՝ ըստ ժամանակակից գրականության տվյալների, այնուհանդերձ չի կարող արտացոլել հիվանդների ծանրության աստիճանը: Ավելին, գոյություն չունի վիճակագրորեն հավաստի համահարաբերակցություն՝ պրոկալցիտոնինի մակարդակի և APACH II սանդղակի միջև (r=0.3, p=0.06, նկ. 3):

Նկ. 3. Պրոկալցիտոնինի և APACH II-ի համահարաբերակցությունը
Նույնը անվերապահորեն կարելի է ասել նաև պրոկալցիտոնինի և MOD սանդղակի մասին՝ թիվ 4 և 5 նկարներ (r = 0.2, p = 0.03):
Սակայն պետք է նկատել, որ մեր հետազոտության արդյունքներով զգայուն թեստ ճանաչված լեյկոցիտոզը նույնպես չունի հավաստի համահարաբերակցական կապ APACH II կամ MOD սանդղակների հետ (աղյ. 8, նկ. 6, 7): Հետևաբար, լինելով ՀԲՌՀ-ի կանխատեսման զգայուն ցուցանիշներից մեկը՝ լեյկոցիտոզն, այնուհանդերձ, մեկուսի չի կարող բնութագրել ՀԲՌՀ-ի ծանրության աստիճանը:
Աղյուսակ 8. Լեյկոցիտոզի և սանդղակներիի համահարաբերակցությունը


Նկ. 4. Պրոկալցիտոնինի և MOD-ի արժեքները



Այսպիսով, ծանր վնասվածքներով հիվանդների բուժման գործընթացը գնահատելիս կարելի է առաջնորդվել մարմնի ջերմաստիճանի ցուցանիշների և լեյկոցիտոզի դինամիկայով, որոնք ունեն վիճակագրորեն հավաստի տեղեկատվական արժեք: Սակայն լեյկոցիտոզը, լինելով զգայուն ցուցանիշ, մեկուսի չի կարող բնութագրել այս հիվանդների ծանրության աստիճանը:
Ամփոփելով ստացված արդյունքները՝ կարելի է հանգել հետևյալ եզրակացությունների.
- Ծանր վնասվածքներով հիվանդների մոտ ՀԲՌՀ-ի չափանիշներից առավել մեծ կանխատեսումային արժեք են ներկայացնում ՍԿՀ-նև լեյկոցիտոզը, իսկ բուժման գործընթացը գնահատելիս՝ մարմնի ջերմաստիճանի ցուցանիշների և լեյկոցիտոզի դինամիկան:
- ՀԲՌՀ-ի ախտորոշման ժամանակակից լավագույն մարկեր համարվող պրոկալցիտոնինի և/կամ ՀԲՌՀ-ի կանխատեսման առավելզգայուն ցուցանիշ հանդիսացող լեյկոցիտոզի արժեքների հիման վրա հնարավոր չէ գնահատել հիվանդների ծանրության աստիճանը:
Գրականություն
- Александрова И.В., Рей С.И., Хватов В.Б. и др. Уровень погибших лейкоцитов крови при сепсисе и значение их элиминации методами экстракорпоральной гемокоррекции Анестезиология и Реаниматология, №6, 2008, с. 57–60.
- Гельфанд Б.Р., Филимонов М.И., Бражник Т.Б., Сергеева Н.А., Бурневич С.З. Прокальцитонин: новый лабораторный диагностический Вестник интенсивной терапии, 2003, 1, с. 12 – 16.
- Мейер К. Омега-3 жирные кислоты при сепсисе: от эксперииментальных данных к возможным клиническим преимуществам. Новости анестезиологии и реаниматологии, 4, 2008, с.. 43 – 46.
- Cheval C., Timsit J.F., Garrouste-Oregas M., Assicot M. et al. Procalcitonin (PCT) is useful in predicting the bacterial origin of an acute circulatory failure in criticaly ill patients. Int. Care Med., 2000 26: S153-8.
- Docke W. D., Reinke P., Syrbe U., et al. Immunoparalysis in sepsis – from phenomenon to treatment strategies. Transplantation med., 1997; 9: 55-65.
- Engel C., Brunkhorst M., Bone H. G. et al. Epidemiology of sepsis in Germany: results from a national prospective multicenter study. Intensive Care Med., 2007, V. 33, 4, P. 606–618.
- Martin G.S., Mannino D.M., Eaton S., Moss M. The epidemiology of sepsis in the United States from 1979 through 2000. N. Engl. J. Med., 348:1546, 2003.
- Moore F.A. Postinjury multiple organ failure: a bimodal phenomenon. J. Trauma, 1996; 40: 501-510.
- Pittet D., Rangel-Frausto S., Li N. et al. SIRS, sepsis, severe sepsis and septic shock: incidence, morbidities and outcomes in surgical ICU patients. Ibid., 1995; 21: 302-309.
- Reinhart K., Karzai W., Meisner M. Procalcitonin as a marker of the systemic inflammatory respons to infection. Intensive Care Med. 2000; 26: 1193-1200.
- Saffle J.R., Sullivan J.J. et al. Multiple organ failure in patients with terminal injury. Crit. Care Med., 1993; .21: 1673-1683.
- Salvo J., de Cian W., Mussico M. et al. The Italian sepsis study: preliminary results on the incidence and evolutions of SIRS, sepsis, severe sepsis and septic shock. Intensive Care Med., 1995; 21: 244-249.
- Steinberg W., Tenner S. Acute pancreatitis. N. Engl. J. Med., 1994; 330: 1198-1205.
- Vincent J. L., Abraham E. The Last 100 Years of Sepsis. Am. J. of Respir. and Crit. Care Med., 2006, Vol. 173, p. 256–263.
- Vincent J.L., Mercan D. Dear Sirs, What is your PCT? Intensive Care Med., 2000; 26: 1170-1171.
- Zeni F., Freedman B.D., Natanson C. Antiinflamatory therapies to treat sepsis and septic shock. Crit. Care Med., 1997; 25: 1095-1100.
17.03.2009 Կարդացեք նաև
23.04.2008
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ