Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Կլինիկական դեպքեր

Կլինիկական դեպք «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկայում. izmirlianmedicalcenter.com

Կլինիկական դեպք «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկայում. izmirlianmedicalcenter.com

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկա էր դիմել 42 տարեկան կին` հետևյալ գանգատներով.

  • հեշտոցի առաջային պատին` միզուկի մոտ, ուռուցիկ գոյացության առկայություն,
  • ժամանակ առ ժամանակ գոյացության բորբոքում, ցավ շոշափման ժամանակ, այտուցվածություն, չափերի մեծացում, սեղմելու ժամանակ` միզուկից մեզի, երբեմն նաև թարախաարյունային բնույթի արտադրություն, շոշափման ժամանակ` միզուկի գերզգայունություն,
  • ցավոտ միզարձակություն,
  • ցավ և անհարմարավետություն սեռական հարաբերության ժամանակ,
  • միզուկում ցավի, այրոցի զգացողություն,
  • մեզի մեջ պարբերաբար արյան առկայություն,
  • մեզի շիթի թուլացում, շիթի ցնցուղանման բնույթ։

Տաս ամիսների ընթացքում հիվանդը պարբերաբար այցելել է տարբեր հիվանդանոցներ, բազմակի անգամներ ստացել բուժումներ, որոնց արդյունքում դրական տեղաշարժ չի նկատվել։ Գոյացության չափերը ժամանակի ընթացքում մեծացել են, իսկ հիվանդի գանգատներն առավել ակնհայտ են դարձել։

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի Ուրոլոգիական կլինիկայում հիվանդը մանրամասն հետազոտվել է, կատարվել են մի շարք լաբորատոր և գործիքային հետազոտություններ, որոնց արդյունքում հիվանդի մոտ հայտնաբերվել է միզուկի դիվերտիկուլ` 2.5-3.0 սմ չափերով։

Միզուկի դիվերտիկուլը կանանց մոտ հանդիպող բարորակ գոյացություն է` լցված հեղուկով։ Այն առաջանում է միզուկի պատի արտափքումից, որի արդյունքում արտափքված մասը լցվում է մեզով։ Դիվերտիկուլի միզուկին միացնող վզիկը հաճախ լինում է փոքր տրամաչափի, ինչի արդյունքում այն կարող է խցանվել` առաջացնելով դիվերտիկուլի բորբոքում։ Այս դեպքում հիվանդի մոտ առկա մինչ այդ անցավ փափուկ գոյացությունը սկսում է իրեն զգացնել տալ, դառնում է ավելի զգայուն, ցավոտ, չափերով ավելի է մեծանում, լցվում է թարախային պարունակությամբ, և սեղմելիս միզուկից մեզի փոխարեն դիտվում է թարախաարյունային բնույթի արտադրություն։ Բարձրանում է հիվանդի մարմնի ջերմաստիճանը, առաջանում են միզարձակության հետ կապված գանգատներ, ցավ և անհարմարավետություն սեռական հարաբերության ժամանակ։

Միզուկի դիվերտիկուլի առկայությունը լի է մի շարք վտանգներով։ Այն քրոնիկական բորբոքային օջախ է, որը միայն հազվադեպ դեպքերում է հնարավոր բուժել դեղորայքային եղանակով։ Բուժման հիմնական և արմատական եղանակը վիրահատականն է։

 

Վիրահատությունը կատարվում է հեշտոցային մուտքով։ Նպատակը միզուկի արտափքված հատվածի հեռացումը և միզուկի ամբողջականության վերականգնումն է։ Վիրահատության ընթացքում հնարավոր են մի շարք բարդություններ։ Քանի որ գոյացությունն իր վզիկով կապվում է միզուկի լուսանցքի հետ, հնարավոր է միզուկի պատը հատելու անհրաժեշտություն առաջանա, որը վիրահատության ընթացքում կվերականգնվի։

Միզուկի դիվերտիկուլի հեռացման հետվիրահատական բարդություններից է միզուկ-հեշտոցային խուղակի առաջացումը, որի դեպքում մեզը կարող է միզուկից անցնել հեշտոցի լուսանցք։ Բոլոր բարդությունների հավանականությունը նվազագույնի հասցնելու համար վիրահատությունը պետք է կատարի միայն համապատասխան հմտությունների տիրապետող ուրոլոգը։

 

Կլինիկական դեպք «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկայում
Տվյալ դեպքում հիվանդին առաջարկվեց վիրահատություն, բացատրվեցին վիրահատության ընթացքում և հետո հնարավոր բոլոր բարդությունները։ Հիվանդը և հարազատները տվեցին իրենց համաձայնությունը։ Ողնուղեղային անզգայացմամբ, հեշտոցային մուտքով կատարվեց դիվերտիկուլի հեռացում։ Վիրահատությունից հետո տեղադրվեց միզային կաթետեր։ Մեկ օր անց հիվանդը դուրս գրվեց կլինիկայից` պահպանելով ամբուլատոր հսկողություն։ Տաս օր անց միզային կաթետերը հեռացվեց և բավարար վիճակում դուրս գրվեց։

Միզուկի դիվերտիկուլը բուժելի է։ «Իզմիրլյան» ԲԿ Ուրոլոգիական կլինիկան իրականացնում է անվճար խորհրդատվություն ուրոլոգիական հիվանդությունների ախտորոշման կապակցությամբ` հնարավորություն տալով ստանալ բարձրորակ բուժում։

Մանրամասների համար կարող եք դիմել «Իզմիրլյան» Բկ Ուրոլոգիական կլինիկա, կամ զանգահարել +374 94 33 41 99 հեռախոսահամարով` ծրագրի պատասխանատու Գոռ Գրիգորիի Շադյանին:

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ