Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

HealthCare EXPO Armenia 2024

 

Ստոմատոլոգիա

Օրթոդոնտիկ բուժում ստացող հիվանդների մոտ բերանի խոռոչի անհատական հիգիենայի վերաբերյալ գիտելիքների և վարքագծի գնահատումը և այն փոփոխելու հնարավորությունները

Բանալի բառեր. կարիես, օրթոդոնտիկ բուժում, հիգիենա

Ի նկատի ունենալով, որ օրթոդոնտիկ անշարժ ապարատներով բուժման ժամանակ կարիեսի կանխարգելիչ միջոցառումների և, մասնավորապես, բերանի խոռոչի անհատական հիգիենայի պահպանությունը պահանջում է հիվանդի ակտիվ համագործակցությունը, հեղինակների կողմից որոշվել է հետազոտել հիվանդների մոտ հիգիենայի վերաբերյալ գիտելիքների առկայությունը և բժշկական խորհրդատվության միջոցով այդ գիտելիքը ավելացնելու հնարավորությունը: Բերանի խոռոչի անհատական հիգիենաի կիրառումը կարևորվում է նրանով, որ հիվանդը ամեն օր կարող է հետևել իր ատամներին` ի տարբերություն ստոմատոլոգ-մասնագետին կատարած այցելությունների: Սակայն նախ դժվար է հետևել, թե հիվանդներից քանիսն են հետևում բժշկի խորհուրդներին, ապա, թե որքանով ճշտորեն են նրանք կատարում բժշկի ցուցումները:

 

Այսպիսով, իմանալով հիվանդների կողմից բերանի խոռոչի անհատական հիգիենայի կանոնների պահպանման հիմնախնդիրները, կարելի է փորձել գտնել լուծումներ այն առավել արդյունավետ դարձնելու նպատակով: Սա, իր հերթին, կբերի օրթոդոնտիկ բուժում ստացողների ստոմատոլոգիական առողջության բարելավմանը:

 

Նյութը և մեթոդները


Մեր կողմից օրթոդոնտիկ բուժում ստացող 45 հիվանդների մոտ անցկացվել է նախնական հարցում բերանի խոռոչի հիգիենայի վերաբերյալ: Տրվել են հարցեր, որոնք վերաբերում են կարիեսի կանխարգելման նպատակով կիրառվող սննդակարգին, ատամների հիգիենայի նպատակով օգտագործվող նյութերի իմացությանը, անհատական հիգիենայի մեթոդների տեխնիկայի տիրապետմանը և կիրառմանը և այլն: Այնուհետև նրանք ստացել են բժշկական խորհրդատվություն ատամների խնամքի վերաբերյալ: Նրանց բոլորին տրվել է նախօրոք մշակված 10-15 րոպեանոց խորհրդատվություն, որտեղ, օգտագործելով համապատասխան նկարներ և այլ դիդակտիկ նյութեր, բացատրվել է բերանի խոռոչի ընդհանուր հիգիենայի կանոնները և օրթոդոնտիկ բուժման ժամանակ կիրառվող առանձնահատկությունները, որից հետո տրվել են համապատասխան ցուցումներ: Դրանից 12 ամիս անց բոլոր հիվանդների մոտ կատարվել է կրկնակի հարցում: Հավաքված տվյալները մուտքագրվել են համակարգիչ և ենթարկվել վիճակագրական վերլուծության SPSS ծրագրի օգնությամբ:

 

Արդյունքները և դրանց քննարկումը


Հիվանդների նախնական հարցումը ցույց է տվել, որ շատ դեպքերում կա կամ ճիշտ ինֆորմացիայի բացակայություն, կամ թյուր ինֆորմացիա: Այսպես, հիվանդների միայն 26%-ն է գտնում, որ շաքարի ամենօրյա կիրառումը բարձրացնում է կարիեսի զարգացման վտանգը, կամ միայն 16%-ն է ճիշտ նշել այն սննդամթերքը, որը նպաստում է ատամների առողջության պահպանմանը: Զարմանալի չէր այն տարածված մոլորության հայտնաբերումը, որ ծխելը թողնելը բերում է ատամների շարժունակության հետևանքով դրանց կորստին: Չնայած հարցվողների մեծ մասը (>85%) կարևորել էր ատամների խոզանակումը, միայն 24%-ը կարողացավ ցույց տալ խոզանակման ճիշտ մեթոդը: Պատասխանների 96%-ում ատամի մածուկը նշվել է որպես հիգիենայի միջոց: Սակայն անհամեմատ սակավ դեպքերում են նշվել հիգիենայի այնպիսի միջոցներ, ինչպիսիք են ողողման հեղուկները և ատամնաթելերը (38% և 24% համապատասխանաբար): Օրթոդոնտիկ բուժման ժամանակ բերանի խոռոչի հիգիենայի առանձնահատկությունների մասին գրեթե ոչ ոք տեղեկություն չուներ:

 

Մեծ հետաքրքրություն են ներկայացնում գիտելիքի և վարքագծի համադրման վերլուծության արդյունքները: Գրեթե բոլոր դեպքերում արձանագրվել է մեծ տարբերություն ատամների խնամքի վերաբերյալ գիտելիքի և իրականում ունեցած վարքագծի միջև: Օրինակ, հարցվողների ճնշող մեծամասնության (>90%) կողմից նշվել է, որ ատամի մածուկով ատամները ամեն օր երկու անգամ խոզանակելը թույլ է տալիս նվազեցնել կարիեսի զարգացումը, սակայն միայն 45%-ն է նշել, որ խոզանակում է ատամները նշված հաճախականությամբ: Նմանատիպ տարբերություն հայտնաբերվել է բոլոր կանխարգելման միջոցների ուսումնասիրության արդյունքում:

 

Տասներկու ամիս անց` կրկնակի հարցման ժամանակ, պարզվեց, որ գիտելիքի մակարդակը աճել է: Ընդհանուր առմամբ գրանցվել էր ճիշտ պատասխանների մոտ 35% աճ: Առավելագույն փոփոխություն նկատվել էր օրթոդոնտիկ առանձնահատկությունների վերաբերյալ գիտելիքների աճի մեջ (58%): Սա բացատրվում է ինչպես սկզբնական գիտելիքների բավականին ցածր մակարդակով, այնպես էլ հարցվողների հետաքրքրությամբ` կապված իրենց կողմից ստացվող բուժ. օգնության հետ: Դատելով պատասխաններից կարելի է եզրակացնել, որ նշված տասներկու ամիսների ընթացքում տեղի են ունեցել նաև դրական վարքագծային փոփոխություններ, սակայն այս տվյալների իսկությունը դժվար էր ստուգել, որովհետև հնարավոր է, որ հարցվողները ներկայացրել էին ցանկալի վարքագիծը որպես իրական: Այնուամենայնիվ, պետք է արձանագել, որ կտրուկ աճել էր խոզանակման ճիշտ եղանակի իմացությունը (24-ից 72%):

 

Հետազոտության սահմանափակումները. Այս հետազոտության միջոցով հնարավոր չէր ճշտորեն գնահատել հարցվողների վարքագիծը: Սակայն, այնուամենայնիվ, ստացված տվյալներից կարելի է դատողություններ անել այդ վարքագծի փոփոխության կամ առնվազն դրա շտկման վերաբերյալ:

 

Եզրակացություն. Ստացված տվյալները թույլ են տալիս եզրակացնել, որ առաջարկված մեթոդիկայով տրված բժշկական խորհրդատվության միջոցով կարելի է բարձրացնել ատամների խնամքի վերաբերյալ օրթոդոնտիկ հիվանդների գիտելիքների մակարդակը` դրանով նպաստելով նրանց մոտ կարիեսի առաջացման վտանգի նվազեցմանը: Վարքագծային փոփոխությունների և գիտելիք-վարքագիծ կապի գնահատման համար կարիք կա անցկացնել լրացուցիչ ուսումնասիրություն:

Հեղինակ. Մ.Մ. Մարգարյան, Տ.Բ. Ավետիսյան ԵրՊԲՀ, ստոմատոլոգիական հիվանդությունների կանխարգելման և մանկական ստոմատոլոգիայի ամբիոն
Սկզբնաղբյուր. Գիտա-գործնական Բժշկական Հանդես «Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի», 2.2006 (26), УДК 616.716.4-089.843
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Margar

26.03.2011

Uzum em imanal inchpes e bujvum lndaxt@ xndrum em hamarot nerkayacnel bujum@

Կարդացեք նաև

Բերանի խոռոչի հիգիենիկ ցուցանիշի կապը բերանային հեղուկի ֆիզիկա-քիմիական որոշ բնութագրերի հետ ծխող և չծխող անձանց մոտ

Բանալի բառեր. բերանի խոռոչ, հիգիենա

Բերանի խոռոչի անբավարար հիգիենայի հանգամանքը գտնվում է բազմաֆունկցիոնալ կապի մեջ պարոդոնտի հիվանդությունների պատճառահետևանքային գործոնների համակարգում [17]...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1.2011 (45)
Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)

Բերանի խոռոչի լորձաթաղանթի և շրթունքների կարմիր երիզի բշտային և էրոզիվ ախտահարումներ կարող են դիտվել, բացի սովորական բշտախտից, նաև մի շարք այլ հիվանդությունների (բազմաձև էքսուդատիվ էրիթեմա, աֆթոզ ստոմատիտ, սովորական...

Առողջապահություն 1.2011
Լնդային հեղուկի ֆիբրոնեկտինի պարունակությունը որպես գերաճական երևույթների զարգացման գործոն

Բանալի բառեր. էպիլեպսիա, լնդային հեղուկ, ֆիբրոնեկտին
Լնդային հյուսվածքում գերաճական պրոցեսի առաջացման մեջ ընդգրկված մի շարք մեխանիզմներ իրացվում են ցիտոկինների հատուկ խմբի` շարակցական և էպիթելային հյուսվածքների բջիջների աճի գործոնների միջնորդությամբ։ Սակայն դրանց իրականացման հետագա մեխանիզմները, այսինքն ֆիբրոբլաստների տեղային խթանման պրոցեսներն իրականացնող կոնկրետ գործոնները, գրեթե ուսումնասիրված չեն...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1.2007 (29)
Օրթոդոնտիկ հիվանդների մոտ կարիեսի կանխարգելման նպատակով Bifluorid 12 ֆտոր-լաքի ազդեցության կլինիկական դիտարկումների արդյունքները

Բանալի բառեր. օրթոդոնտիա, կարիես, Bifluorid 12 ֆտոր-լաք

Ներածություն. Օրթոդոնտիան ստոմատոլոգիայի համեմատաբար նոր ճյուղ է, որը բուռն զարգանում է վերջին մի քանի տասնամյակների ընթացքում: Այս զարգացումն իր հերթին առաջ է բերում բազմաթիվ հարցեր, որոնք պահանջում են համապատասխան լուծումներ: Այս հարցերը վերաբերում են ինչպես առանձին վերցված օրթոդոնտիային, այնպես էլ ընդհանուր ստոմատոլոգիայի պրոբլեմներին: Այսօր օրթոդոնտիայի առջև ծառացած լրջագույն հարցերից մեկը կարիեսի կանխարգելումն է...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1-4.2006 (25-28)
Ատամնածնոտային անոմալիաների տարածվածության ուսումնասիրման մեթոդաբանական ասպեկտները

Բանալի բառեր. ատամնածնոտային անոմալիաներ (ԱԾԱ), օրթոդոնտիկ ցուցանիշներ, առանձին ատամների անոմալիաներ (ԱԱԱ), ատամնաշարի անոմալիաներ (ԱԱ), կծվածքի անոմալիաներ (ԿԱ)­­

Ըստ ուսումնասիրված գրականության տվյալների, մինչև օրս չկան ԱԾԱ-ների բացահայտման և գրանցման միատիպ մեթոդական մոտեցումներ, հիմնված ԱԾ համակարգի կարգավիճակը գնահատող հանրաճանաչ և համընդհանուր չափանիշների վրա...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1-4.2005 (21-24)
Կարիեսի տարածվածությունը և ինտենսիվության աճը ՀՀ զորակոչ տարիքի պատանիների մոտ

Բանալի բառեր: զորակոչիկ, կարիես, պլոմբա, հեռացում

Վերջին տարիների գրականության մեջ, ինչպես նաև զանգվածային լրատվական միջոցների կողմից, շատ է քննարկվում այսօրվա զորակոչիկների սոմատիկ և ֆիզիկական առողջության ցածր մակարդակը...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1-4.2004 (17-20)
Սյունիքի մարզի խմելու ջրի մեջ ֆտորի ցածր քանակ պարունակող քաղաքներում բնակվող դպրոցականների ատամների կարիեսով ախտահարվածության գնահատականը

Բանալիբառեր. ատամներ, կարիեսի ուժգնություն, դպրոցականներ, Սյունիքի մարզ, ‎‎ֆտորի ցածր քանակ

Ներկայումս չափազանց մեծ ուշադրություն է դարձվում ստոմատոլոգիական հիվանդությունների (ՍՀ) կանխարգելմանը։ Կանխարգելման հիմնական խնդիրներից մեկն է հանդիսանում նախադպրոցական երեխաների մոտ ատամների կարիեսի կանխարգելումը, քանի որ երեխաների մեծ մասի մոտ այն սկսում է զարգանալ վաղ տարիքից սկսած և բացասական ազդեցություն է ունենում օրգանիզմի ընդհանուր վիճակի վրա...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3-4.2003 (15-16)
Արմավիրի մարզի բնակիչների ստոմատոլոգիական հիվանդացության դինամիկայի ուսումնասիրության սկզբունքները և մեթոդական առանձնահատկությունները

Բանալի բառեր. Տարածվածություն, ուժգնություն, կարիես, երեխաներ

Տարբեր մարզերում բնակվող մարդկանց ստոմատոլոգիական հիվանդացության ցուցանիշների և տեղային բիոգեոքիմիական առանձնահատկությունների ազդեցության գնահատման համար ուսումնասիրման ամենահուսալի մեթոդներից է հանդիսանում...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3-4.2003 (15-16)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ