Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և գինեկոլոգիա

Ալկոհոլային էմբրիոֆետոպաթիա կամ պտղի ալկոհոլային համախտանիշ

Ալկոհոլային էմբրիոֆետոպաթիաներն առաջանում են, եթե հղիության ընթացքում կինն օգտագործում է էթիլալկոհոլ (էթիլսպիրտ` C2H5OH): Պտղի ալկոհոլային համախտանիշն առաջին անգամ նկարագրել է Լեմոինը (Lemoine Portal, 1968թ.): Ընդ որում, պտուղն ավելի զգայուն է ալկոհոլի նկատմամբ հղիության առաջին 12 շաբաթներում, հենց այս ժամանակաշրջանն էլ ամենավտանգավորն է զանազան արատների ձևավորման համար:

 

Դեռևս վաղուց բժիշկ գիտնականներին հայտնի էր սերունդների վրա ալկոհոլային թունավորման, հատկապես խրոնիկական ալկոհոլամոլության ազդեցության մասին: Այդպիսի ծնողներից ծնված երեխաներին Ֆրանսիայում անվանում էին ՙկիրակնօրյա, տոնական երեխաներ՚ կամ ՙուրախ ընթրիքի երեխա՚: Այս ախտանշանախմբի առաջացումը կապում են ֆոլաթթվի քանակի պակասի հետ: Ծնված 2000 երեխաներից 1-4 դեպքերում նման համախտանիշի վտանգն ուղղակի կապ ունի յուրաքանչյուր օր ընդունած ալկոհոլի քանակի հետ: 30-60 գրամ ընդունածներից ծնվածների 10 տոկոսը լինում են այդպիսի երեխաներ, օրը 150 գրամ ընդունածների շրջանում այդ տոկոսը հասնում է 50-ի [2]:

 

Պտղի ալկոհոլային համախտանիշին բնորոշ են կլինիկաանատոմիական մի շարք ախտանիշներ. նախ նման երեխաները ծնվում են պրենատալ հիպոպլազիայով և չափավոր անհասությամբ (նորածնի միջին քաշը` 1959 գրամ, հղիության միջին տևողությունը` 37,2 շաբաթ), նրանք լինում են թուլակազմ, ունենում են նյարդային և հոգեկան խանգարումներ: Գլխուղեղի և ողնուղեղի ծավալը նկատելիորեն փոքր է, խանգարված է դրանց հյուսվածաբանական կառուցվածքը: Դիտվում են նաև միկրոցեֆալիա, կոպերի պտոզ և միկրոգիրիա (ուղեղի մանրագալարություն): Նման երեխաների մտավոր և ֆիզիկական զարգացումը նկատելիորեն հետ է մնում: Հաճախակի են լինում բնածին արատները, այլանդակ երեխաների ծնունդը, իսկ երբեմն էլ` մեռելածնությունը: Սրտի արատներից առավելապես հանդիպում է միջփորոքային միջնապատի դեֆեկտը: Ավելի սակավ են լինում ձագարաձև կրծքավանդակ` բրախիդակտիլիա, ճկույթների կլինոդակտիլիա, հոդերի սահմանափակ շարժումներ: Տղա երեխաների ամորձիները չեն իջնում փոշտի մեջ (կրիպտորխիզմ), աղջիկների կլիտորը լինում է մեծացած, սեռական շուրթերը` փոքր, առկա են տարբեր տեղակայման ճողվածքներ և երիկամների, միզածորանների և միզապարկի զարգացման արատներ (10-12%):

 

Առանձին դեպքերում ձեռքի ափերի գլխավոր գծերի ուղղությունը փոփոխված է, վերին շրթունքի և քիմքի ճեղքվածքը` կարճ, քիթը` ցից, կզակը` փոքր, շրթունքները` բարակ ու կարմիր և այլն: Ուշագրավ է ֆրանսիացի բժիշկ Դեմեի (1895) ուսումնասիրությունները, թե ինչպես է ալկոհոլային թունավորման մեկ դեպքը (ինտոքսիկացիա) ազդում աճող պտղի վրա: Նա հետազոտել է 10 ալկոհոլամոլների ընտանիքի 57 երեխաների, որոնցից միայն 10-ն են եղել առողջ, 25-ը մահացել են վաղ մանկական հասակում, 5-ը` տառապել էպիլեպսիայով, 5-ը` ծանր հիդրոցեֆալիայով, 12-ը` անօգնական ապուշ են եղել:

 

Ահա թե ինչու ալկոհոլամոլությամբ տառապող ծնողների երեխաների մի զգալի տոկոսը մահանում է հենց վաղ հասակում կամ լինում է թուլամիտ և անաշխատունակ, դառնալով սոցիալական չարիք ընտանիքի և պետության համար: Պարզել է նաև, որ ցնցումային նոպաներով տառապող 188 երեխաներից 117-ի ծնողները եղել են ալկոհոլամոլ:

 

Պետք է նկատի ունենալ, որ առողջ երեխայի ծնունդը պայմանավորված է մի շարք գործոններով, սկսած արական ու իգական բջիջների նորմալ, ճիշտ կազմավորումից, ներարգանդային կյանքի պայմաններից, ծննդաբերության ընթացքից և այն միջավայրից, որտեղ աճում ու զարգանում է երեխան (միկրոսոցիալական): Այնպիսի մի սխալ պատկերացում կա, թե իբր միայն խրոնիկական ալկոհոլամոլներից են ծնվում ալկոհոլային համախտանիշով երեխաներ: Սակայն բավական է, որպեսզի ամուսինները մեկ անգամ լինեն խմած վիճակում և այդպիսի պայմաններում տեղի ունենա բեղմնավորում, որպեսզի ծնվի արատներով երեխա: Նման օրինակները բավական շատ են և ապացուցված կլինիկաանատոմիական դիտարկումներով: Այնպես որ հարբած վիճակում հղիանալու հետևանքները բավական ծանր են և ոչ մի հարբեցողից նորմալ երեխա չի ծնվի: Եթե ծնողներից մեկն ու մեկը հարբած լինի և սեռական հարաբերություն ունենա, ապա դա կարող է հանգեցնել ֆիզիկական բազմաթիվ արատներով երեխայի ծնվելուն:

 

Ներարգանդային շրջանում զարգացող ախտաբանական պրոցեսների շարքում ալկոհոլային էմբրիոֆետոպաթիաները զբաղեցնում են առաջնակարգ տեղ: Վաղ մանկական տարիքում և կանանց շրջանում ալկոհոլային հիվանդությունն ավելի արագ է զարգանում, հաճախ առաջանում են հեպատիտ, ցիռոզ, նևրիտ, որը կապում են հորմոնային փոխանակության խանգարումների հետ: Այստեղ կարևոր դեր են խաղում մայրական աուտոիմունային գործընթացները: Փորձնական պայմաններում ցույց է տրված, որ հղիության առաջին 3-8-րդ շաբաթներին պտղի մոտ զարգանում է ցիտոտոքսիկ և մուտագեն էֆեկտ, որը բերում է նրա մահվան: Ալկոհոլամոլությամբ տառապող յուրաքանչյուր 3-րդ կնոջ մոտ զարգանում են նյարդահոգեկան խանգարումներ, պտղի ալկոհոլային համախտանիշ, խանգարվում է ներարգանդային զարգացումը, որը պահպանվում է նաև հետծննդյան շրջանում:

 

Ալկոհոլը կաթի միջոցով անցնում է նաև երեխային, այնպես որ կրծքով կերակրող մոր երեխայի մոտ կարող է առաջանալ ալկոհոլային թունավորում, ընդհուպ մինչև ցնցումների ու էպիլեպսիայի առաջացում:

 

Ներկայումս «ալկոհոլային հիվանդությունը» դիտվում է որպես համակարգային հիվանդություն, որի ժամանակ վնասվում են գրեթե բոլոր օրգան-համակարգերը: Իհարկե, նշանակություն ունի ալկոհոլի քանակը, օգտագործման տևողությունը, ինչպես նաև օրգանիզմի անհատական զգայունությունն ալկոհոլի հանդեպ: Եթե աճող էմբրիոնը և պտուղը դիտենք որպես կենսաբանական համակարգ, որն օրգանապես կապված է մայրական օրգանիզմի հետ արյան միջոցով, ապա հասկանալի կդառնա, թե ինչու առաջին հերթին տուժում են այն օրգանները, որոնք պարունակում են բավական հեղուկ, դրանք են արյունը, ուղեղը, որտեղից ալկոհոլը շատ արագ է ներծծվում: Չպետք է մոռանալ, որ ծննդաբերական վնասվածքները, մենինգիտը, էնցեֆալիտը ծանրացնում են ալկոհոլային համախտանիշով ծնված նորածինների վիճակը: Եվ, առհասարակ, նման երեխաները բավական ծանր են տանում վարակական հիվանդությունները և հաճախ են մահանում դրանցից: Այնպես որ, երբեք չպետք է մոռանալ Պլուտարքոսի բանաձևը` «Էբրիի էբրիոս գիգնունտ» (հարբեցողը հարբեցող է ծնում): Անհրաժեշտ է գիտենալ նաև թմրադեղային, նիկոտինային էմբրիոպաթիաների, ինչպես նաև թունավորված կենսոլորտի մասին, որն առանձին քննարկման նյութ է:

 

Գրականության ցանկ

 

  1. Lemoine P. et al., 1968.
  2. Sitzmann F. 1977
  3. Тимошенко Л.В.,Скакун Н.П., Скакун Г.К. Алкогольный синдром плода. Клев.здоровья, 1987.
  4. Шамасуров Ш.Ш. Поражение нервной системы у детей при алкогольных интоксикациях, Ташкент, Медицина 1987.
  5. Демме, 1895

Հեղինակ. Ջանիբեկ Գևորգյան, Տաթևիկ Գևորգյան Երևանի Մ.Հերացու անվան ՊԲՀ-ից
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 1.2010 (286)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ