Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մանկական հիվանդություններ

Թրոմբոցիտոպենիկ ծիրանացան (թրոմբոտիկ, մոշկովիչի համախտանիշ, միկրոանգիոպաթիկ հեմոլիզային սակավարյունություն, թրոմբոտիկ միկրոանգիոթրոմբոզ)

Համեմատաբար հազվադեպ հանդիպող հիվանդություն է։ Ծագման պատճառը դեռևս պարզ չէ։ Հիվանդության բնորոշ ախտանիշներն են տենդը, հեմոլիզային սակավարյունությունը, թրոմբոցիտոպենիկ ծիրանացանը, երիկամների և կենտրոնական նյարդային համակարգի ախտահարումները։

Հիվանդությունը կարող է զարգանալ ամեն տարիքում։ Այն դասվում է միկրոանգիոպաթիաների շարքին։ Ներկայումս ենթադրվում է, որ արյան ձևավոր տարրերի առաջնային վնասումները (թրոմբոցիտների և էրիթրոցիտների), ինչպես նաև մակարդման առաջնային խանգարումները ախտածնական նշանակություն ունեն։

Հիվանդության ախտաբանական անատոմիան բնորոշվում է անոթային խանգարումներով պայմանավորված տարբեր օրգանների միկրոանգիոպաթիաներով, դիստրոֆիկ և նեկրոզային փոփոխություններով և, որպես հետևանք, էրիթրոցիտների հեմոզիլի՝ ընդհանուր հեմոսիդերոզով։ Նկատվում են բազմաթիվ արյունազեղումներ և ինֆարկտներ։

Մանրադիտական հետազոտություններով հայտնաբերվում են մազանոթների, զարկերակիկների և մանր զարկերակների ախտահարումներ, որոնք առավել արտահայտված են երիկամներում և կապված են հիվանդության երկարատև ընթացքի հետ։
Հիվանդությունը մեծ մասամբ ընթանում է սուր։ Երբեմն նախորդում են կատառային երևույթներ, ընդհանուր թուլություն, հոդացավեր։ Սովորաբար առաջին նշաններն են որովայնի ցավերը, փսխումը, գլխացավը, տենդը։ Նշված երևույթների ֆոնի վրա զարգանում է թրոմբոցիտոպենիկ ծիրանացան, հեմոլիզային սակավարյունություն։ Նկատվում է խիստ գունատություն և մաշկային ծածկույթների չափավոր դեղնություն։ Կարող է լինել մելենա, արյունամիզություն, արգանդային արյունահոսություն։ Կենտրոնական նյարդային համակարգի ախտահարման նշաններից են ուժեղ գլխացավերը, գրգռվածությունը, զառանցանքը, հալուցինացիան, ցնցումները։ Արյան քննությամբ հայտնաբերվում է ռետիկուլոցիտոզով ուղեկցվող հարաճող սակավարյունություն, թրոմբոցիտոպենիա։ Էրիթրոցիտների օսմոսային դիմադրունակությունը սովորաբար փոփոխված չէ։ Կումբսի նմուշը բացասական է։ Լեյկոցիտների քանակը հաճախ ավելացած է։ Որպես կանոն, դիտվում է հիպերբիլիռուբինեմիա (հիմնականում անուղղակի ֆրակցիայի հաշվին), հաճախ՝ հիպերգամագլոբուլինեմիա։ Երիկամային համախտանիշն արտահայտվում է հիպերտոնիայով, պրոտեինամիզությամբ, արյունամիզությամբ, գլանակամիզությամբ։ Հատկանշական է երիկամային սուր անբավարարության զարգացումը, որն ուղեկցվում է սակավամիզությամբ կամ նույնիսկ անմիզությամբ (անուրիա), ազոտեմիայով, ջրաէլեկտրոլիտային հավասարակաշռության խանգարումներով։

 

Բուժումը։ Նպատակահարմար է հակամակարդիչային բուժման վաղ նշանակումը, քանի որ հիվանդության ախտածագման մեջ առաջնակարգ դեր է հատկացվում ներանոթային տարածված մակարդումներին։ Բուժման կոմպլեքսում օգտագործվում են թրոմբոցիտների միացքավորման հատկությունները արգելակող դեղամիջոցներ։ Արյան փոխներարկում կատարվում է միայն կենսական ցուցումներով։ Երիկամային սուր անբավարարության դեպքում արյան փոխներարկումը կատարվում է հեմոդիալիզի կամ որովայնամզային դիալիզի հետ։ Փայծաղի հեռացումը վիճելի է։ Հիվանդության կանխագուշակումը անբարենպաստ է։

Հեղինակ. Վ.Ա. Աստածատրյան
Աղբյուր. Կլինիկական մանկաբուժություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ