Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մանկական հիվանդություններ

Սպազմոֆիլիա

Ռախիտի հետ ախտաբանորեն կապված համախտանիշ է, որը զարգանում է հիպոկալցիեմիայի հետևանքով։ Արյան մեջ կալցիումի պարունակությունը պակասում է, իսկ թթվահիմնային հավասարակշռությունը թեքվում է գերհիմնայնության (ալկալոզի) կող մը։ Պետք է նկատի ունենալ, որ սպազմոֆիլիայի ժամանակ կալցիումի քանակն արյան մեջ կարող է լինել նորմալ, բայց կարող է և պակասած լինել (իոնացված ֆրակցիաների քանակը)։

Հիպոկալցեմիա հաճախ առաջանում է ռախիտի ապաքինման շրջանում, երբ կալցիումն ինտենսիվ մասնակցում է ոսկրացման պրոցեսին։ Այդ իսկ պատճառով սպազմոֆիլիան հաճախ դիտվում է գարնանը, երբ սկսվում են արևոտ օրերը։

Սակայն սպազմոֆիլիան կարող է առաջանալ և կալցիումի փոխանակության խանգարման հետ կապված այլ պատճառներից, մասնավորապես հարվահանագեղձի առաջնային դիսֆունկցիայից։ Այդպիսի դեպքերում ճիշտ կլինի խոսել հիպոպարաթիրեոզի մասին։ Սպազմոֆիլիան պետք է դիտել որպես ռախիտի զարգացման փուլերից կամ արտահայտություններից մեկը։

Սպազմոֆիլիայի կլինիկական ախտանիշները կապված են հիպոկալցեմիայի հետ, որն, ինչպես հայտնի է, կարող է ցնցումների պատճառ լինել։

Տարբերում են ակնհայտ և թաքնված սպազմոֆիլիա։ Առաջին ձևի ամենահաճախ դրսևորումը լարինգոսպազմն է։ Վերջինս սովորաբար արտահայտվում է լացի ժամանակ ձայնալարերի սպազմով։ Երեխան ներշնչման ժամանակ սկսում է արձակել «աքլորային» ձայներ, առաջանում է կապտուկ։ Լարինգոսպազմի նոպան տևում է մի քանի վայրկյան և անցնում է։

Ավելի հազվադեպ է նկատվում կարպոպեդալ սպազմը, որն արտահայտվում է ծայրանդամների մկանների կարկամային վիճակով («մանկաբարձի ձեռք»)։ Երկարատև սպազմից ձեռքի և ոտքի թաթերի շրջանում կարող են առաջանալ այտուցներ։
Սպազմոֆիլիան կարող է արտահայտվել նաև ընդհանուր կլոնիկ ցնցումներով։ Նոպան սովորաբար սկսվում է դեմքի մկաններից և տարածվում է մարմնի ամբողջ մկանային համակարգի վրա։ Երեխան կապտում է, կորցնում գիտակցությունը, ջերմությունը բարձրանում է։ Հազվադեպ կարող է առաջանալ սրտամկանի կարկամում և հանկարծակի մահ։

Թաքնված սպազմոֆիլիան որոշվում է մկանների բարձրացած գրգռականությունը հայտնաբերող հատուկ փորձերով.
Խվոստեկի ախտանիշ՝ fossa canina -ի շրջանում մատով խփելիս առաջանում է նույն կողմի կոպերի, ռնգերի և բերանի անկյան մկանների վայրկյանական կծկում։

Տրուսոյի ախտանիշ՝ sulcus biciptalis-ի շրջանի սեղմումը առաջ է բերում ձեռքի թաթի մկանների կծկում՝ «մանկաբարձի ձեռքի» ձևով։

Էրբի ախտանիշ՝ մկանը թույլ է, էլեկտրական հոսանքով (5 մա-ից պակաս) գրգռելով առաջանում է կծկում, մինչդեռ առողջ երեխայի մոտ այդ ուժի հոսանքը նման ռեակցիա չի առաջացնում։

Մասլովի ախտանիշ՝ երեխայի մաշկի թեթև ծակումն առաջ է բերում շնչառության կարճատև կանգ, որը հատկապես լավ է երևում շնչական շարժումների գրառման ժամանակ։

Լարինգոսպազմի ժամանակ անհրաժեշտ է երեխայի լեզուն դուրս քաշել, դեմքին սառը ջուր ցանել, կատարել սրտի շրջանի մերսում։

Ցնցումների շրջանում անհրաժեշտ է սննդում սահմանափակել կովի կաթի քանակությունը։ Պետք է նշանակել բանջարեղենային խյուսեր և մրգահյութեր։

Հեղինակ. Վ.Ա. Աստածատրյան
Աղբյուր. Կլինիկական մանկաբուժություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ