Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մանկական հիվանդություններ

Ծուռթաթություն

Ծուռթաթություն

Հաճախ հանդիպող բնածին ձևախախտումներից մեկն է, որոք տղաների մոտ ավելի հաճախ է նկատվում, քան աղջիկների։ Ախտահարումը կարող է լինել միակողմանի և երկկողմանի։ Երբեմն բնածին Ծուռթաթությունը զուգակցվում է այլ բնածին արատներով։

 

Հիվանդության պատճառագիտությունը վերջնականապես պարզաբանված չէ։ Գոյություն ունեն տարբեր տեսակետներ մեխանիկական գործոնի ազդեցության, նյարդային խանգարումների, արգանդում պտղի ոչ ճիշտ դիրքի, սաղմնային զարգացման արատների վերաբերյալև այլ։

 

«Բնածին ծուռթաթություն» հասկացողության տակ միավորվում են ոտնաթաթի բնածին ձևախախտման տարբեր ձևերը, որոնք բաժանվում են երկու խմբի՝

 

  1. տիպիկ
  2. ոչ տիպիկ։

Ծռաթաթության տիպիկ ձևը արտահայտվում է ձևախախտման երեք բաղադրամասերի պարտադիր առկայությամբ.

 

  1. ոտնաթաթի առաջնային հատվածի առբերում (adductio), երբ ոտնաթաթի երկայնակի առանցքը և ծայրային հատվածը աղեղնաձև կորացած են դեպի ներս,

  2. ոտնաթաթի վերհակում (supinatio), երբ ներբանային մակերեսը շրջված է դեպի ներս, իսկ թիկնայինը՝ դեպի դուրս,

  3. ներբանային ծալում (aquinus), երբ ոտնաթաթի առաջնային մատնային հատվածը կախված է, իսկ կրունկը բարձրացած, աքիլլեսյան ջիլը լարված է ու կարճացած։

 

Ծուռթաթության ոչ տիպիկ ձևերն առաջանում են ջրաթաղանթային (ամնիոնային) ձգվածության, արթրոգրիպոզի, ոսկրերի բնածին արատների, բնածին կծկումնային պարալիզների հետևանքով։

 

Ձևախախտման աստիճանը տատանվում է լայն սահմաններում՝ հազիվ նկատելիից մինչև խիստ արտահայտված ձևը։ Ըստ ծանրության աստիճանի տարբերում են.

 

  1. թեթև,
  2. միջին
  3. ծանր։

 

Ծծկեր տարիքի երեխաների բնածին ծուռթաթությունների բուժումը սկսում են հետծննդյան շրջանի 7-10-րդ օրվանից։ Միայն ամենաթեթև դեպքերում կարելի է արդյունքի հասնել փափուկ վիրակապային փաթաթաններով անշարժացնելու, ձևախախտումն ուղղող մարզումների և մերսումների օգնությամբ։ Արտահայտված ձևերի դեպքում կիրառվում են փուլային գիպսակապեր։ Սկզբում գիպսակապը փոխում են յուրաքանչյուր 7-րդ օրը, իսկ 3-5 ամիս բուժելուց հետո՝ 9-12-րդ օրը, երբ ոտնաթաթերը միջին դիրք են ընդունում։ Գիպսակապը դնելիս անհրաժեշտ է սրունքի և ոտնաթաթի ցցուն կետերում ու փոսացման շրջաններում այն ձևավորել ուշադիր և խնամքով։ Ոտնաթաթի մատների ծայրերը պետք է թողնել ազատ, որպեսզի հնարավոր լինի հետևել արյան շրջանառության վիճակին։ Բուժման ընթացքում անհրաժեշտ են հատուկ մարզումներ՝ ձևախախտման ուղղման և սրունքի մկանների ամրացման համար։ Ծուռթաթության կոնսերվատիվ բուժման ոչ լիարժեք արդյունքների կամ ձևախախտման սրացումների դեպքում փափուկ հյուսվածքների և ջլակապանային ապարատի վիրահատական միջամտություն է կատարվում։

Հեղինակ. Վ.Ա. Աստածատրյան
Աղբյուր. Կլինիկական մանկաբուժություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ