Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեղաբույսեր

Ավելուկ

Ավելուկ

Հայկական տարանունները` թրթնջուկ, շեփ, թռթշիկ, վուլուկ, վիլուկ: Մատիտեղազգիների ընտանիքին պատկանող բազմամյա խոտաբույս է` 60-150 սմ բարձրությամբ, խիստ ճյուղավորված ցողունով և հզոր արմատային համակարգով:

 

Տերևների ձևի շնորհիվ բույսը ստացել է լատինական «ռումեքս» անվանումը, որը նշանակում է նիզակ: Տարածված է ամենուրեք` որպես մարգագետնային մոլախոտ: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին:

 

Որպես սնունդ օգտագործվում է վաղ ժամանակներից: Այն շատ դյուրամարս ուտելիք է: Լայնորեն օգտագործում են երիտասարդ չորացրած տերևներից և կոթուններից պատրաստված աղցանները և ճաշատեսակները, որոնք բարենպաստ ազդեցություն են թողնում ստամոքսաաղիքային տրակտի գործունեության վրա: 

 

Բուժման նպատակով օգտագործում են ավելուկի տերևները, սերմերը, կոճղարմատը` արմատներով, որոնք հավաքում են վաղ գարնանը կամ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, չորացնում ստվերում: Կարելի է պահել 3 տարի:

 

Արմատի փոքր չափաբաժինն օժտված է լուծը դադարեցնող, իսկ մեծը` թուլացնող ազդեցությամբ: Բացի այդ, օգտագործում են որպես արյունահոսությունը դադարացնող, անոթների պատերի առաձգականությունը բարձրացնող միջոց:

 

Ըստ Ավիցեննայի,«ավելուկի արմատների գինով եփուկը թրջոցների ձևով օգտակար է որքինի և քոսի, իսկ ողողումների ձևով` ատամնացավի դեպքում»:

 

Ամիրդովլաթ Ամասիացին գտնում էր, որ բույսն օժտված է կազդուրող հատկությամբ: Կոճղարմատն արտաքին օգտագործման` եփուկի ձևով նպաստում է գեղձախտի, իսկ տերևները` պտկաձև ելունի բորբոքման բուժմանը: Սերմերի պատրաստուկները դադարեցնում են արյունախառն խորխի արտադրությունը, նողկանքն ու փսխումը, այրոցի զգացումը, արյունամիզությունն ու թարախամիզությունը: Մանրացրած կոճղարմատի եփուկը` քացախով, օգտակար է թրմաքոսի, որքինի և բորի դեպքում: Ըստ բժշկապետի, տերևների պատրաստուկով կարելի է բուժել լնդերի բորբոքումն ու դեղնախտը:

 

Բունիաթ Սեբաստացու տվյալներով, ականջի ցավերի վերացմանն ու բորբոքումների բուժմանն օգնում է ավելուկի արմատի փոշին, վարդի յուղի ու ձվի դեղնուցի խառնուրդը, որը պատրույգի ձևով դնում են ականջի մեջ:

 

Ավելուկի արմատներից պատրաստված եփուկը ժողովրդական բժշկության մեջ օգտագործվում է փորլուծության, դիզենտերիայի, ստամոքսի հիվանդությունների, մաշկային ալերգիկ ախտահարումների, ինչպես նաև թոքային, արգանդային և թութքային արյունահոսությունների ժամանակ: Ավելուկի տերևների ջրաթուրմը պարբերաբար ընդունում են սովորույթ դարձած փորկապության դեպքում:

 

Թարմ տերևները դնում են վերքերի, քերծվածքների, մաշկային խոցերի վրա:

 

Այրվածքների և թարախային վերքերի դեպքում պտուղների եփուկով թրջոցներ են դնում:

 

Գիտական բժշկության մեջ ավելուկի արմատների եփուկը առաջարկվում է կոլիտների, էնտերոկոլիտների և թութքի ժամանակ` որպես կապող, ամրացնող և արյունահոսությունը դադարացնող միջոց: 

 

Եփուկի պատրաստումը: 2գ մանրացրած և չորացրած արմատները 30 րոպե ջրաբաղնիքի վրա թրմել 200մլ եռացրած գոլ ջրում: Սենյակային ջերմաստիճանում 10 րոպե սառեցնելուց հետո քամել և ավելացնել եռացրած ջուր` մինչև ելքային ծավալը: Պահել սառնարանում` 2 օրից ոչ ավելի: Խմել 1/3 բաժակ, օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ: 

 

Հիշեցնենք, որ ավելուկի տերևների, արմատների և սերմերի պատրաստուկները հակացուցված են երիկամային հիվանդությունների, հատկապես` միզաքարային հիվանդության ժամանակ:

Հեղինակ. Վահե Հովհաննիսյան Երևանի Մխիթար Հերացու անվան ՊԲՀ-ի ֆարմակոգնոզիայի ամբիոն
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 1.2011 (290)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

05.02.2014

Հարգելի ԿԱՐԻՆԵ, բարև Ձեզ, Ձեր հարցին ավելի ուշ կպատասխանի մասնագետը:

ԿԱՐԻՆԵ

02.02.2014

ՄԱՅՐԻԿՍ ՄԻ ԱՄԻՍ ԱՌԱՋ ՈՂՆԱՇԱՐԻ ԲՈՐԲՈՔՈՒՄՈՎ, ԿԱՄ ՈՂՆԱՇԱՐԻ ԻՆՍՒԼՏՈՎ /ԲԺԻՇԿՆԵՐԻ ԴԻԱԳՆՈԶՆ ԵՐ ՄԻ ԱՄՍՎԱ @ՆԹԱՑՔՈՒՄ/ ՉԵՐ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՔԱՅԼԵԼ, ՀՄԻ ԴԺՎԱՐՈՒԹՅԱՄԲ ԲԱՅՑ ՔԱԸԼՈՒՄ Է, ՈՒՂՂԱԿԻ ՈՏՔԵՐՈՒՄ ՄՌՄՈՒՌ ՈՒ ՑԱՎ ԿԱ, ԱՍՈՒՄ ՈՆ ՆԵՐՎԻ ՎԵՐԱԿԱՆԴՆՈՒՄՆԱ ՊԱՏՃԱՌ. ԿԱ ԱՌԴՅՈՔ ՄԻ ԴԵՂԱԲՈՒՅՍ ՈՐ ԿՈԳՆԻ ՄԱԸՌԻԿԻՍ ԵՏ ՏՀԱՃ ԶԳԱՑՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏՎԵԼՈՒ.

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ